Առաջնահերթ է երկրի, պետության շահը

0
15

Դաշինք

Առաջնորդվելով ժողովրդի ձգտումներով ու ցանկություններով

-<<Ծառուկյան դաշինքի>> կողմից վարկանիշային ընտրակարգով առաջադրվել եմ Արարատի մարզում,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանը:- Բնական է, որ հաշվի են առնվել կատարածս աշխատանքը և ժողովրդի շրջանում ունեցածս հարգանքն ու վստահությունը: Մեր գլխավոր, առաջնահերթ խնդիրը դաշինքի առաջադրած ծրագրերի լիարժեք ու անվերապահ կատարմանը նպաստելն է: Ինչ խոսք, ուրախ եմ, որ նման բարձր վստահության եմ արժանացել, ինչը բազմապատկում է պատասխանատվությանս աստիճանը…

Շուրջ 5 տարի ղեկավարելով համայնքը, պարոն Թադևոսյանը բազում աշխատանքներ է ձեռնարկել, և նկատելի զարգացումներ կան գրեթե բոլոր ոլորտներում: Հովտաշատը, ի տարբերություն շատ համայնքների, բավականին առաջադիմել է: Համայնքապետը բոլոր առումներով կանգնած է իր համագյուղացու, բնակչի կողքին և սատարում է հնարավոր ու անհնարին միջոցներով: Եթե, ասենք, որևէ հարցում էլ շատ է դժվարացել, ապա օգնության են հասել ընկերները: Ահա նաև այդ իմաստով մեծապես գնահատում է ընկերության դերն ու նշանակությունը:

-Շատ մեծ ու պատասխանատու խնդրի առաջ ենք այսօր կանգնած,- շարունակեց համայնքի ղեկավարը:- Մեր երկրի, պետության առաջընթացը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչ որակի ընտրություններ կանցկացնենք և արդյունքում ինչպիսի օրենսդիր մարմին կունենանք: Ահա թե ինչու շատ կարևոր է, որ Ազգային ժողով գնան այնպիսի անձինք, ովքեր իրապես արտահայտում են ժողովրդի ձգտումներն ու ցանկությունները և առաջնահերթ առաջնորդվում են երկրի, պետության շահերով: Ես միանշանակ լինելու եմ, իհարկե` ընտրվելու դեպքում, ժողովրդի, այսպես ասած, մարդը, նրա ներկայացուցիչը երկրի բարձրագույն մարմնում: Իր ձայնը քեզ տալով և ընտրելով, ժողովուրդն իր պատվիրաններն է թելադրում և պատգամները փոխանցում, ինչը պարտավոր ես սրբորեն կատարել: Ես դա շատ լավ պատկերացնում եմ, ուստի վստահորեն կարող եմ ասել, որ արդարացնելու եմ մարդկանց ակնկալիքները և ամեն ինչ ներդնելու եմ բարգավաճ երկիր կառուցելու գործում:

Հովիկ Թադևոսյանին ընկեր կարող են լինել իր բնավորության, իր տեսակի մարդիկ, նրանք, ովքեր ընկեր, ժողովուրդ ու ընտանիք են սիրում, հայրենիք. <<Ընկերության մեջ առաջին հերթին ազնվություն է պետք, անկեղծություն: Եթե բոլոր հարցերին ազնվությամբ ես մոտենում, ուրեմն ընկերությունն ու մնացած լավ բաները հաստատ կստացվեն քեզ մոտ: Ձեռքբերում եմ համարում այն, որ լավ համայնք ունենք այսօր, որտեղ լավ ընտանիքներ են համերաշխ ապրում, նրանց թվում` և իմը: Ունեմ լավ ընկերներ, լավ շրջապատ…>>:

-Միասին մեծացել ենք,- ասաց Հովիկ Թադևոսյանի մանկության ընկեր Սամվել Մինասյանը,- միասին ծառայել բանակում: Իր հորդորով այսօր վերադարձել եմ արտերկրից, ինչի համար բնավ չեմ ափսոսում: Ժամանակը չփոխեց ընկերոջս: Առաջնահերթ նվիրված է ընտանիքին, ունի 4 երեխա: Հարուստ է և ավելի շատ` ոչ նյութական, այլ հոգու, բարոյական առումներով: Նվիրված է իր երկրին և ամեն ինչ զրոյից է ստեղծել: Նույնը` նաև համայնքում: Բոլոր կարիքավորներին հասել է, գիշեր-ցերեկ գյուղի հոգսերով է: Նվիրված, հարգված ընկեր է: Դրսի ընկերները պատրաստ են իրենց հնարավորությունները ծառայեցնելու համայնքի շահերին: Վատը, սուտն ու կեղծիքը չի հանդուրժի: Ի վիճակի չէ, պարզապես, մարդկանց վատություն անելու, նեղացնելու կամ վիրավորելու: Բոլորն էլ իր համար հավասար են, չափազանց արդարացի ու օբյեկտիվ է բոլոր հարցերում: Պարզ է, որ ավելի մեծ հնարավորության և իրավասության դեպքում նա, անկասկած, կանի էլ ավելին: Էլ ավելին կանեն նաև թե՛ ներսում և թե՛ դրսում գտնվող մեր ընկերները` վստահելով ու հարգելով Հովիկին…

Շատ խնդիրներ են լուծվել համայնքում, բայց և մտահոգություններ ու անհանգստացնող հարցեր էլ կան: Դպրոցի 2-րդ մասնաշենքը վթարային է, և այն արդեն ներառված է համապատասխան ծրագրում, լուծված է անհրաժեշտ գումարի հատկացման խնդիրը: Ունեն մանկապարտեզ, բուժամբուլատորիա, նախորդ տարի մարզահրապարակ են կառուցել, և՛ մշակույթի, և՛ սպորտի զարգացման պայմաններ ստեղծել: Ջանքերի նպատակաուղղումն այնպիսին է, որ Հովտաշատը դառնա լավագույն համայնքներից մեկը: Մինչև համայնքապետ ընտրվելն էլ Հովիկ Թադևոսյանը համայնքի կողքին է եղել, օգնել ու աջակցել մարդկանց: Հիմա` առավել ևս: Ակնահաճո են գյուղի մաքրությունը, բարեկարգ վիճակը, ասֆալտապատ ճանապարհները…

Հովիկ Թադևոսյանը հանդիպման ավարտին ցանկացավ խաղաղ, թափանցիկ ու արդար ընտրություններ` մաղթելով, որ մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն, քվեատուփին մոտենան առանց խղճի խայթ զգալու և գիտակցաբար:

SHARE