Առաջնահերթ` մարդկային մոտեցումը

0
26

Վերաբերմունք

Ինչն առավել կարևոր է գյուղացու, հողի վրա տքնող աշխատավորի համար

Արարատի մարզի Գինեվետ համայնքը Միսակ Սանթոյանը ղեկավարում է 2008 թվականից և, ինչպես նա անկեղծացավ <<Ընկեր>>-ի հետ զրույցում, առաջիկա սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությանը կրկին առաջադրելու է իր թեկնածությունը, քանի որ դեռևս շատ ու շատ ծրագրեր ունի կյանքի կոչելու: Այս տարիների ընթացքում, ինչ խոսք, աշխատանքներ տարվել են, գործ արվել է, բայց և շատ են նաև խնդիրներն ու անելիքները: 720 բնակչությամբ համայնքի բյուջեն փոքր է` մեծ գործեր անհնարին է անել, սակայն եղած միջոցներով ջանացել են փոքրիշատե բարելավել գյուղի կենսագործունեությունը, տանելի պայմաններ ստեղծել մարդկանց համար:

-Ծրագրով առաջնահերթ,- ասաց պարոն Սանթոյանը,- խմելու ջրի ջրագիծն է փոխվել: Մնացել է երկու փողոց: 2011-ին <<Հազարամյակի մարտահրավերներ>> ծրագրով, 15 տոկոս համատեղ ներդրմամբ, ոռոգման ցանցն ենք փոխել ամբողջությամբ /շուրջ 1200 մ/: 18 մլն դրամ ներդրմանը մեր կողմից ավելացրել ենք մեր բաժինը` 2 մլն 600 հազար դրամ: Գյուղի սկզբից, որտեղ ջրանցքն է, ջուրը փակ խողովակով հասնում է գյուղի վերջնամաս: Կրկին հիշյալ ծրագրով, ջրանցքից վերև գտնվող սեփականաշնորհված հողատարածքները, որոնք չէին ոռոգվում, 2009 թ. կառավարության միջամտությամբ կառուցված 8 կմ երկարությամբ ինքնահոս ջրանցքի շնորհիվ դարձել են մշակովի, արդեն 20-30 հեկտար ծիրանի այգիներ են հիմնվել: Այս գործում ևս բոլոր առումներով կանգնած ենք եղել շինարարների կողքին: Քառամյա ծրագրեր ունենք, որոնք ծախսատար են և մեր բյուջեի հնարավորություններով չենք կարող իրագործել: Համայնքին պետք են փակ դրենաժներ, քանի որ մակերևութային ջրերի պատճառով տների մեծ մասի 1-ին հարկերը խոնավության մեջ են: Այդպիսի կառույցներ ունենալու համար 50-60 մլն դրամի ծախս է անհրաժեշտ, ինչը մեր ուժերից, պարզ է, վեր է: Այս տարի հրատապ ծրագրով բազմաբնակարան շենքի տանիքը պետք է փոխենք: Երկու բնակելիների տանիքները ևս պետք է փոխվեն: Կենտրոնական փողոցը գիշերային լուսավորություն ունի, հիմա ջանում ենք, գումար տնտեսելու միջոցով, մնացած փողոցները ևս ապահովել լուսավորությամբ: Սա առաջնային խնդիրների շարքում է, ինչը ևս վերընտրվելու դեպքում կաշխատեմ լուծել: Մշակույթի տունն անմխիթար վիճակում է, վերակառուցում է պահանջում: Վերանորոգված մանկապարտեզ ունենք, բայց բյուջեի սղությունը թույլ չի տալիս այն շահագործել: Մեր երեխաներն ստիպված Տափերականի մանկապարտեզ են հաճախում: Այս հարցում ապավինում ենք բարերարների աջակցությանը: Գյուղապետարանի շենքը նույնպես վերանորոգման կարիք ունի: Մեր գյուղի կոմունալ-կենցաղային հարմարություններից ոչ մի գյուղ չունի: Կոյուղի ունենք, աղբամաններ են տեղադրված, աղբը ժամանակին հեռացվում է: Ջրամատակարարումը 8-ժամյա է, ավելի քան 90 տոկոս գազաֆիկացում կա…

Համայնքապետի համոզմամբ, բնակչի հանդեպ առաջին հերթին պետք է հարգալից լինել: Շատ ցանկալի է` այնքան մեծ հնարավորություններ ունենալ, որպեսզի հնարավոր լինի բոլորին հավասարապես, առավելագույնս օգտակար լինել. <<Փորձեցինք բարերարների օգնությամբ այգին բարեկարգել, հանգստի հաճելի վայր ստեղծել մարդկանց համար, բայց աննպաստ ժամանակներ եկան, և այդ գործը կիսատ մնաց: Նախատեսել էինք հուշաքար տեղադրել, խաղահրապարակ կառուցել, նստարաններ հարմարեցնել և այլն: Զրուցարան կա… Բնակիչներն իմ մշտական ուշադրության կենտրոնում են, ես նրանց կողքին եմ բոլոր հարցերում: Ջանում եմ անգամ անհնարինն անել, որպեսզի իմ գյուղացին դժգոհ կամ չբավարարված չմնա: Թեպետ, պիտի ասեմ, որ մինչև գյուղապետ ընտրվելս էլ օգնել եմ գյուղացուս` մասնագիտությամբ բժիշկ լինելով: Գյուղի և բնակիչների խնդրով հաճախ դիմում եմ նաև ընկերական շրջապատիս օգնությանը: Ընկերներս շատ են, ընկերներով հարուստ եմ: Վերադասի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ, զուտ մարդկայինը նկատի ունեմ: Ցանկացած նոր ծանոթություն հանգեցնում է ընկերության: Երկար տարիների ընկերություն ունեմ, կարելի է ասել` մի ամբողջ կյանքի չափ, 50 տարուց ավելի: Մանկության ընկերներից Բենիկը, Մհերն իմ եղբայրներն են: Մենք, այսպես ասած, իրար տուն ենք մեծացել: Մեր ընկերությունն անկեղծությունն է պահել, մեկ էլ` ամենօրյա շփումը: Նրանք երկուսն էլ այսօր Ռուսաստանում են, Հայաստան գալուց առաջինը ես եմ նրանց հանդիպում: Շատ մտերիմ ենք: Ընտանիքներով էլ ենք, բնականաբար, ընկերություն անում, մեր կանայք իրենց հերթին են նպաստում այդ ընկերության ամրապնդմանը: Հեռավորությունը ոչինչ չի փոխել, միայն կարոտն է անտանելի շատացել…>>:

Միսակ Սանթոյանի ցանկությունն է, որ մեր ժողովուրդը լավ ապրի, լավ ու բարեկեցիկ կյանքով ապրեն նաև իր համայնքի բնակիչները: Հնարավորինս բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվի, համայնքի հնարավորությունները մեծանան, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն ապրուստի միջոցներ փնտրել հայրենիքից դուրս:

Համայնքապետարանի հաշվապահ Գայանե Պապիկյանը, ով այստեղ աշխատում է 1991 թվականից, նշեց, որ Սանթոյանը շատ լավ անձնավորություն է: Անգամ այն դեպքում, երբ ստիպված է բնակչին <<չէ>> ասելու, այնպես է դա անում, որ դիմողը հաճույքով դուրս գա նրա կաբինետից: Բյուջեի սղության պայմաններում կարողացել է նշանակալի աշխատանքներ կատարել. <<Այսօր այնպես է, ըստ իս, որ համայնքի ղեկավարն առավել գերադասելի է լավ մարդ լինի, առաջին հերթին մարդկային հատկանիշներ դրսևորի, քան հակառակը` մեծ հնարավորություններ ունենա, բայց մարդկային մոտեցում չցուցաբերի: Մեզ համար հատուկ կարգախոս կա` <<Գյուղապետարանը բնակչինն է, ոչ թե մերը>>, այսինքն, այն պատկանում է բնակիչներին, իսկ մենք, պարզապես, նրա աշխատողներն ենք: Ահա, այս կարգախոսով էլ առաջնորդվում ենք մեր ամենօրյա աշխատանքում` մեկս մյուսի կողքին կանգնելով: Այդպես համախմբված է նաև մեր համայնքը` մեկ ընտանիքի պես: Շատ լավ երիտասարդություն ունենք: Կրթությունը մեզանում շատ հարգի է…>>:

SHARE