Առաջնահերթ` մարդկանց մտածելակերպը

0
73

Եթե այն չփոխվի, ապա ոչ մի հաջողության էլ չենք կարողանա հասնել…

Բարեփոխում
     Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նորընտիր ղեկավար Զարզանդ Բաբայանը, խոսելով իր ընտրության շուրջ, ասաց. <<Ես իմ մեջ ուժ ու ջիղ եմ գտնում, որ կարող եմ գյուղի համար անել օգտակար բաներ, լավ բաներ` ի շահ ժողովրդի: Լինելով երիտասարդ, ավելի լավ կհասկանամ նոր սերնդին,  երիտասարդությանը: Տարիքը փոխում է մտածելակերպը, իսկ մենք քայլում ենք ժամանակի հետ` միաժամանակ պահպանելով ավանդույթները: Ժողովրդի պահանջով եմ եկել, գրեթե պարտադրանքով: Որպեսզի արդարացվի այդ պահանջը, առաջին իսկ օրից լծվել ենք աշխատանքի: Մոտ 90 ուսանող ունենք, օժանդակում ենք նրանց ճանապարհածախսի 50 տոկոս զեղչով: Իմ անձնական միջոցներից: Մյուս 50 տոկոսն էլ ավտոբուսների վարորդների, այսպես ասած, հաշվին է: Գյուղապետարանը, ընդհանրապես, աղբահանությամբ չի զբաղվել: Արդեն աղբահանություն ենք իրականացնում` շաբաթը 3 օր: Ընկերներս համապատասխան ավտոմեքենա են տրամադրել, իսկ վարորդին մեր անձնական միջոցներից վարձատրում ենք: Բնակչության վստահության քվեն առավել քան պարտավորեցնող է, այո, առավել, քան կարող էի պատկերացնել: Ե՛վ խնդիրներն են շատ, և՛ անելիքներն ու ծրագրերը: Անկախ ունեցածդ իրավասությունից ու հնարավորություններից, պարտավոր ես լուծել գյուղացու ցանկացած խնդիր` ինչ բնույթի էլ այն լինի: Ես էլ պատրաստ եմ ամեն ինչի գնալու, ամեն ինչ անելու` հօգուտ բնակչի, հանուն այն բանի, որ գյուղացու վիճակը կարգավորվի: Գյուղն ունի մոտ 6 հազար բնակիչ, նրանց վերաբերվելու եմ այնպես, ինչպես ընտանիքիս յուրաքանչյուր անդամին կվերաբերվեի: Այո, համայնքն էլ մի ընտանիք է, իմ ընտանիքը: Նպատակս գյուղի զարգացումն է, նրա առաջխաղացումը: Բուհեր ավարտած երիտասարդ շատ կադրեր ունենք, ում ընդգրկել եմ գյուղապետարանի աշխատակազմում` նախկինը գրեթե ամբողջությամբ փոխելով: Աշխատանքում պարզություն է մտցվել, առանց անհարկի քաշքշուկների գյուղացին շատ արագ ստանում է իր հարցի պատասխանը, իսկ ամենակարևորը` բարեհամբույր վերաբերմունքի է արժանանում: Կան հարցեր, որոնց լուծումը միայն ճիշտ կազմակերպչական աշխատանք է պահանջում: Մնում է միայն նվիրված աշխատել ու աշխատել: Ռուսաստանում /Վոլգոգրադ, Ռոստով, Մոսկվա, Սոչի/ ապրող 50-ից ավելի բյուրականցիներն էլ են պատրաստակամ օգնելու` միայն թե համոզված լինեն, որ իրենց օգնությունը նպատակին կծառայի: Արդեն դրամական օգնություն են տրամադրում` գյուղում ավտոկանգառներ տեղադրելու նպատակով: Կգան, կտեսնեն բարեփոխումները` էլ ավելի ոգևորված կշարունակեն իրենց աջակցությունը: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Բյուրականը վերագտնի իրեն, այնպիսին, ինչպիսին նախկին տարիներին էր` որպես աշխարհահռչակ գյուղ, բնակավայր: Առաջնահերթ ուզում եմ գյուղացիների մտածելակերպը, համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխել: Երիտասարդության, ժամանակակից սերնդի ինտելեկտուալ մակարդակը պիտի բարձրացնել, մարդկանց զբաղմունքը միայն անասնապահությունը չպետք է լինի: Առաջնահերթ ծրագրերում մշակույթի տան վերանորոգումն է, մշակութային կյանքի աշխուժացումը` բոլոր ուղղություններով: Գյուղացին համայնքապետարանից դժգոհ չպետք է հեռանա, եթե չենք կարողանալու նրա խնդիրը բավարարել, ապա այնպես պիտի անենք, որ նա հասկացված հեռանա… Մեր ուժերով պիտի ոռոգման համակարգի ներքին ցանցը փոխենք, ավելի շուտ` վերանորոգենք: Բայց մինչ այդ, կփորձենք նախ ոռոգման ջրի մատակարարման աշխատանքները ճիշտ կազմակերպել, կարգ ու կանոն հաստատել` ջուրն արդարացի բաշխելով: Խմելու ջրի հետ կապված նույնպես շատ խնդիրներ ունենք, ցանցը շատ հին է: Ներկայումս, մեր կազմակերպված ջանքերի արդյունքում, բնակիչները խմելու ջրի խնդիր չունեն: Ջրի քանակն ակունքներից շատացրել ենք` նոր աղբյուրներ միացնելով մայր ջրատարին: Այնպես ենք արել, որ բնակիչը մի քանիսի փոխարեն մեկ գծից օգտվի: Փորձել ենք եղած ջուրը հավասարաչափ բաշխել: Մանկապարտեզը գործում է, չնայած հիմնանորոգման խնդիր ունի, ինչը կջանանք առաջին իսկ հնարավորության դեպքում լուծել: Մինչ այդ` մանկապարտեզն ապահովել ենք խաղալիքներով, հոգացել ենք, որ ձմռանն էլ գործի: 90 երեխա է հաճախում այնտեղ: Ճանապարհների ասֆալտապատման խնդրում անելիքներ ունենք: Ուզում ենք մեր վարչական տարածքում աղբավայր հիմնել…>>:

     Գյուղապետարանի քարտուղար Ասատուր Գևորգյանը, ով ներկա էր մեր զրույցին, իր հերթին նշեց, որ ճիշտ աշխատանքներ տանելու միջոցով համայնքի բյուջեն կբավականացնի նրա բնականոն կենսագործունեության ապահովման համար: Այո, բյուջեն պետք է ծառայի իր բուն նպատակին:Համայնքապետարանի աշխատանքներն, ըստ նրա, այսուհետ բաց են լինելու, պարզ ու թափանցիկ: Այդպիսին է նորընտիր համայնքապետի աշխատաոճը. <<Գյուղացիները վաղուց էին ուզում, որ Բաբայանն առաջադրվի` հրաժարվում էր: Այս անգամ պարտադրանքն այնքան մեծ էր, որ հրաժարվել չէր կարող: Նախկինում էլ, համայնքի ղեկավար չլինելով, գյուղացու համար ամեն ինչ անում էր: Հիմա, պարզապես, ի պաշտոնե հնարավորություն է ստեղծվել ավելին անելու և ավելի լավ անելու: Գյուղացիներն այն ժամանակ համայնքապետարան գնալու փոխարեն, շատ հարցերով Բաբայանին էին դիմում: Ֆուտբոլի խաղադաշտ է կառուցել, հուշաղբյուր տեղադրել: Շատ բան է արել մինչև գյուղապետ ընտրվելը: Ձայների ահռելի տարբերությամբ հաղթեց. 2500 ընտրողից` 1800 կողմ… Զարզանդ Բաբայանն իմ հին ընկերն է: Մեծ մարդ է` իր մտածելակերպով, աշխարհայացքով: Նրան կարելի է վստահել ամեն առումով, նրա հետ ուր ասես` կարելի է գնալ: Միասին շատ փորձությունների միջով ենք անցել, և մեր ընկերությունը պահպանվել ու շարունակվում է: Այսօր միասին ենք աշխատում, ինչն ինձ համար առավել  պարտավորեցնող է, կարելի է ասել` պատվի խնդիր է: Նա շատ մեծահոգի, կամեցող, ձեռք մեկնող մարդ է: Վերին աստիճանի` բարի մարդ: Անհանգիստ է բնավորությամբ, ողջ օրը գյուղում կարող է պտտվել, իր աչքով տեսնել ամենը: Բոլորին հավասար աչքով է նայում, քինախնդիր չէ… Առջևում նախագահական ընտրություններ են: ՀՀԿ անդամներ լինելով, ջանալու ենք այնպես անել, որ մեր աշխատանքի արդյունքում մարդկանց կողմնորոշումը հստակ ուղղված լինի դեպի գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Մեզ հավատալով ու վստահելով, ընտրողները, հավատացած ենք, իրենց ձայնը կտան ներկայիս իշխանությանը…>>:  
      Զարզանդ Բաբայանի համար ընկերությունը սուրբ խորհուրդ ունի: Պարտավորված պահում է այն բոլոր նորմերը, որոնք պահանջում է ընկերությունը. <<Օրվա մեծ մասն անցկացնում եմ ընկերներիս հետ: Ընկերության մեջ կարևոր են ճիշտ խոսելը, ազնվությունը, հավատարմությունը, անդավաճան լինելը: Ընկերներիդ հետ կարող ես մեծ բարձունքների հասնել: Ես ընկերության արդյունք եմ: Ինչի որ հասել եմ` դրա արդյունք է: Ընկերության մեջ անընդունելի են շահամոլությունը, եսասիրությունը: Ընկերներիս օգնությամբ արդեն գործեր արվել ու արվում են: Ընկերոջս` Ասատուր Գևորգյանին եմ բերել այստեղ, որովհետև, համայնքի բնակիչ չլինելով, գրեթե ոչ ոքի չի ճանաչում, ուստի կողմնակալ մոտեցում, կարծում եմ, չի լինի: Ասատուրի մեջ գնահատում եմ ազնվությունը, ցանկացած հարցի նկատմամբ կառուցողական մոտեցում դրսևորելու ունակությունը: Մինչ գյուղապետ ընտրվելս ընկերական հարաբերություններ եմ ունեցել Սասունիկի, Ոսկեվազի, Օշականի, Ագարակի, Ուջանի, Պռոշյանի և Ձորափի գյուղապետերի հետ: Նրանք երկարամյա փորձ ունեն, ինչն ինձ օգտակար է: Ինձ համար ամենաթանկն այն է, որ ժողովուրդն ինձ հավատա ու անվերապահորեն վստահի: Հավատացած եմ, որ լավ է լինելու մեր գյուղի, մեր գյուղացու վիճակը, դրա համար ամեն ինչ արվելու է, անգամ` անհնարինը: Համայնքի ղեկավարն, ըստ էության, յուրօրինակ միջնորդ է, միջանկյալ օղակ  ժողովրդի և կառավարության միջև: Կաշխատեմ այդ պարտականությունն, ավելի շատ` առաքելությունն ազնվորեն ու նվիրումով կատարել…>>:
SHARE