Առողջ ապրելակերպ վարել

0
1

Ինչի դեպքում առողջական լուրջ խնդիրներ չեն առաջանա

Համակարգ

<<Նաիրի>> բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Նազարյանի հետ մեր զրույցն սկսեցինք ընկերությունից, քանի որ այն շատ մեծ տեղ ու դեր ունի նրա կյանքում:

-Խորհրդային ժամանակաշրջանում,- անկեղծացավ նա,- ընկերությունն իր բուն նշանակությամբ ու իմաստով էր ընկալվում և այդպիսին էլ կար` որպես իսկական ընկերություն: Այսօր դեռևս դրանից պահպանվել է, բայց գնալով պակասում և այլ որակներով, այլ դրսևորումներով է ի հայտ գալիս: Նյութականը, շահը դարձել են գերիշխող ու առաջնային` գրեթե տեղ չթողնելով մաքուր ու անկեղծ ընկերության համար: Չգիտես էլ ինչ կոչես այդ ընկերությունը… Իսկական ընկերներ ունեցել եմ` մանկությանս ընկերները, որ եզակի են: Այսօր արդեն, այս տարիքում ընկեր ընտրելու հնարավորությունները բավականին սահմանափակ են: Ընկերության հիմքն, ըստ իս, վստահությունը պիտի լինի, փոխադարձ վստահությունը: Իսկ դրա համար ժամանակ է հարկավոր, երկար տարիներ են պետք: Իրար բարև տալը, իրար հետ նստել-վեր կենալը դեռևս բավարար չեն, որպեսզի խոսես ընկերության կամ մտերմության մասին: Դա ընդամենը մարդկային պարզ փոխհարաբերություն է` շփման միջոցով: Ընկերությունը մեծագույն, բացառիկ ձեռքբերում է, կոչում, արժանիք, պարգև… Թվացյալ, խաբուսիկ ընկերությունը որքան վաղանցուկ ու այսրոպեական է, նույնքան էլ վտանգավոր ու կործանարար: Ընկերության քողի, անվան տակ որքա՜ն դժբախտություններ ու փորձանքներ են պատահում, ինչպիսի՜ ողբերգություններ տեղի ունենում մեր կյանքում: Ուստի և, ընկերության հարցում ևս լավ կլինի հետևել ժողովրդական իմաստության հետևյալ խորհրդին` հազար չափիր, մեկ կտրիր… Այնպես որ, ընկեր ընտրելիս առաջին հերթին պետք է կարևորել դիմացինի մաքրությունը, հոգու անկեղծությունն ու ազնվությունը, ինչն այսօր այնքան էլ հեշտ չէ գտնել մեր շրջապատում: Ընկերությունը գաղափարների, մոտեցումների ու հայացքների ընդհանրություն է, միմյանց փոխլրացնող անքակտելի միություն: Փառք Աստծո, ես ունեմ այդպիսի ընկերներ, նաև` կանանց շրջանում: Պատահում է, որ կանանց ավելի ես վստահում, քան որոշ տղամարդկանց: Ընկերությանը շատ լուրջ պետք է մոտենալ, ըմբռնել նրա բոլոր նրբերանգները: Մարդու կյանքն առանց ընկերոջ ինքս, օրինակ, դժվարանում եմ պատկերացնել: Ինչպես հացն ու ջուրն են հարկավոր մարդուն, այնպես էլ ընկերությունը: Դա հոգու պահանջ ու անհրաժեշտություն է, վայելք ու պատասխանատվություն… Ինչպես նշեցի արդեն, խորհրդային տարիներին բոլորովին այլ էր, քանի որ մարդու մտածելակերպն այդ շրջանում ուրիշ էր, մարդկային փոխհարաբերություններն առողջ հիմքի վրա էին և, առհասարակ, մարդկայնությունը շատ բարձր աստիճան ուներ: Մարդն արժեք ուներ, բա՛րձր արժեք, անշահախնդիր իրար օգնում ու հասնում էին, միմյանց ուրախությամբ սրտանց ուրախանում, անկեղծ վշտակցում դժբախտության դեպքում: Ընկերությունն էլ առանց հետին մտքերի էր, այսօրվա պես վախ ու անվստահություն չկար, մարդիկ շիտակ ու պարզ էին, միասին էին հաղթահարում դժվարությունները… Ինքս իմ բնույթով շատ մարդասեր եմ, եթե այդպես չլինեմ, ապա չեմ կարող մարդուն օգնել: Իսկ բժիշկ լինելով` մարդուն մոտենում եմ որպես Աստծո ստեղծածի, և շնորհակալ եմ Բարձրյալին, որ ինձ թույլ է տալիս <<ձեռք բարձրացնելու>> նրա վրա, անհրաժեշտ միջամտություն կատարելու հիվանդի օրգանիզմում: 20 տարի է` զբաղվում եմ բժշկությամբ, և պիտի անվերապահորեն ընդունեմ, որ դա Աստծո ամենազոր թույլտվությամբ է, ինչի արդյունք են ունեցածս մասնագիտական հաջողությունները:

-Անդրադառնանք, ի վերջո, բժշկությանը և խոսենք այսօր այս ոլորտում նկատվող միտումների, հիվանդացությունների մակարդակի և բուժման պայմանների մասին:

-Նախ, պիտի նշեմ, որ ներկայումս հիվանդությունների երեք կատեգորիա ունենք, որոնք նկատելի աճ են գրանցել: Դրանք են` ուռուցքային, սիրտ-անոթային և շաքարային դիաբետ: Ահա այս երեք ուղղությամբ է ավելացել հիվանդացությունների մակարդակը, մնացածների պարագայում կտրուկ փոփոխություններ չկան: Նշածս հիվանդությունները, աճելու հետ մեկտեղ, նաև երիտասարդանում են: Պատճառները բազմազան են: Չնայած բարձրացել է նաև դրանց հայտնաբերման մակարդակը, այդուհանդերձ, մահացածության ներկայիս աստիճանը գերազանցում է նախկին ցուցանիշին: Ինչ վերաբերում է մեր կենտրոնի պայմաններին, ապա պիտի խոստովանեմ, որ դրանք առայժմ այնքան էլ բարվոք չեն: Ի տարբերություն դրա, ունենք մասնագիտական լավ ներուժ, լավ բժիշկներ: Եթե պայմանները փոքրիշատե բարելավվեն, ապա հնարավորություն կունենանք բավականին լավ բուժսպասարկում իրականացնելու: Բուժսարքավորումների նորացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել ենք, բայց դեռևս աշխատանք կա անելու: Համենայնդեպս, անգամ այս պայմաններում մարդկային կյանքեր ենք փրկում և շատ լուրջ բժշկական միջամտություններ բարեհաջող կատարում: Հավելեմ, որ սպասարկում ենք Եղվարդ քաղաքը և Նաիրիի տարածաշրջանը` մոտ 57,5 հազար բնակչության:

-Չե՞ք կարծում, որ ապահովագրական առողջապահության անցնելու պահանջն այսօր մեզանում ևս հրատապ ու օրակարգային է դարձել:

-Անշուշտ: Դա ամբողջ աշխարհում ընդունված է, և եթե մեզանում էլ ներդրվի, ապա առողջապահության համակարգը շատ կշահի, կշահի նաև բնակչությունը: Անցումային փուլում, ինչ խոսք, դժվարություններ ու խնդիրներ կառաջանան, բայց վերջնարդյունքում դրա օգուտն անհամեմատ մեծ կլինի: Անկախ ամեն ինչից, կուզենայի, որ մեր ժողովուրդն առողջ լիներ: Առողջությունն ի վերուստ տրված պարգև է մարդ արարածին, և պետք է ամեն կերպ ջանալ չկորցնել այն: Առաջին հերթին մարդը պետք է առողջ ապրելակերպ վարի, ինչի դեպքում առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չեն առաջանա: Եվ, իհարկե, իսկական ընկերություն ունենա, քանի որ ընկերը մարդու հոգու բուժիչ բալասանն է…

SHARE