Առօրյա գործեր, հոգսեր

0
54

Իրավիճակ

Դաշտավան համայնքի ղեկավար Սերյոժա Խաչատրյանի տեղեկացմամբ, իրենց ուժերով սննդամթերք, հագուստ և այլ պարագաներ են ուղարկել մարտական դիրքերում գտնվող մեր զինծառայողների համար: Գյուղում Արցախի սահմանային գոտուց տարհանված ընտանիք կա, որին և՛ ֆինանսական,  և՛ այլ կարգի օգնություն է ցուցաբերվում: Դրամական օգնություն է փոխանցվել նաև Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին: Դաշտավանից կամավորներ կան լարվածության գոտում, կան նաև մեկնելու պատրաստ շատ երիտասարդներ…

Այս ամենի հետ մեկտեղ, չեն անտեսվում համայնքի առօրյա հոգսերն ու խնդիրները, որոնք անպակաս են: Գյուղացու վիճակը, գաղտնիք չէ, այնքան էլ բարվոք չէ: Այս անգամ ևս ցրտահարությունն իր <<սև գործն>> արեց` պտուղ գրեթե չի մնացել: Պարոն Խաչատրյանի խոսքով, առավելապես տուժած տնտեսություններին ազատում են հողի հարկ վճարելուց, ինչն այնքան էլ մեծ գումար չի կազմում և չնչին <<փոխհատուցում>> է պատճառված վնասի դիմաց: Առհասարակ, կարիքավորներին օգնում են, բայց ողջ գյուղին հնարավոր չէ օգնել:

Սերյոժա Խաչատրյանի հետ զրուցեցինք նաև հաճելի թեմայի` ընկերության շուրջ: Նրա խոսքով, առավել ևս համայնքի ղեկավար լինել և ընկերներ չունենալ` անհնարին է. <<Հարևան` Դարակերտի, Ղուկասավանի և Զորակի գյուղապետերը ընկերներս են: Առանց ընկեր մարդն ո՜ւմ է պետք: Որքան էլ հարազատ-բարեկամ ունենաս, միևնույն է, ընկերներն իրենց տեղն ունեն: Ընկերության մեջ ամենակարևորն ազնվությունն է` որպես ընկերության պահպանման ու հարատևման գլխավոր երաշխիք: Ընկերական լինելը, ընկերավարի վերաբերվելը շատ կարևոր են: Բնակիչը դա լավ տեսնում է և դրան համարժեք էլ վերաբերմունք դրսևորում: Համայնքապետը պիտի ամեն ինչից տեղյակ լինի, ամեն ինչ տեսնի` մարդկանց վարքուբարքը, ապրելակերպը, նիստուկացը և այլն: Հասկանալով մարդուն, նրան ավելի շատ կարող ես օգտակար լինել…>>:

Խոսելով խնդիրների մասին, պարոն Խաչատրյանը համայնքի համար ցավոտ համարեց մանկապարտեզի բացակայությունը: Խմելու ջրով ամբողջությամբ բավարարված են, ճանապարհները բարեկարգ են, հանդիսությունների սրահ են կառուցել, գազաֆիկացում ունեն և այլն: Տասնամյակներ ի վեր սպասում են պետական աջակցությանը, որպեսզի լուծված տեսնեն երեխաների համար այդ կարևոր հարցը:

Այդուհանդերձ, հարցերի հարցը մնում է մեր երկրի, Արցախի վիճակը: Զոհեր, կորուստներ, լարված ու անորոշ վիճակ, ինչը խոչընդոտում է երկրի զարգացումը: Միայն խաղաղության ու կայունության դեպքում մենք կյանքի բոլոր ասպարեզներում լավատեսություն ներշնչող արդյունքներ ու ցուցանիշներ կունենանք…

SHARE