Ավելի շատ` շահել, օգուտ քաղել

0
1

Քան նոր ու անցանկալի խնդիրների առաջ հայտնվել

Գործընթաց

-1991 թ. ընտրվել եմ գյուղխորհրդի նախագահ,- <<Ընկեր>>-ին ասաց Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանը,- իսկ 1996-ից արդեն համայնքապետ եմ: Սկսել եմ համայնքի ընդամենը 6 մլն դրամ բյուջեով` այսօր այն հասցնելով 80 մլն-ի: Կարողացել ենք բազում աշխատանքներ կատարել: Պետական ծրագրեր քիչ են եղել, առանձին ծրագրերի և համայնքի բյուջեի միջոցով ահագին գործ է արվել: Գյուղի փողոցները հիմնականում ասֆալտապատ են, նոր թաղամասերում ևս գազաֆիկացում է անցկացվել: Խմելու և ոռոգման ջրի խնդիր չունենք: Արտաքին լուսավորությունն ամբողջացնելու համար մնացել է մեկ-երկու թաղամաս: Դպրոցը բնականոն գործում է: Ճիշտ է, լավ մանկապարտեզ ունենք, բայց 2015 թ. խոշորացման արդյունքում մեր վարչական տարածքից 75 հեկտար տարածք վերցնելու հետևանքով ֆինանսական նեղության մեջ ենք հայտնվել: Պատկերացրեք` մի ամբողջ արդյունաբերական գոտի վերցրին և տվեցին Աբովյան քաղաքին, ինչի հետևանքով մեր բյուջեն մոտ 40 մլն-ի չափով պակասեց: Պետության դոտացիան քիչ է: 2015 թ. նոր` ժամանակակից բուժամբուլատորիա ունեցանք: Ընդհանուր ծախսի կեսը հատկացվեց համայնքի բյուջեից, իսկ մնացած կեսը` մոտ 100 մլն դրամ, տրամադրեց ընկերս` Արամ Պետրոսյանը: Բուժսարքավորումները Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ ենք ձեռք բերել: Ռուսաստանաբնակ մեր համագյուղացի Արմեն Հակոբյանի բարերարությամբ վերանորոգվում, բարեկարգվում է գյուղի 1828 թ. եկեղեցին: Առաջիկայում կավարտվեն վերակառուցման աշխատանքները, և եկեղեցին կվերաբացվի…

Ակամայից անդրադառնալով ընկերության թեմային, Վահագն Բարսեղյանն ընդգծեց. <<Հպարտ եմ, որ ընկերներս պատրաստակամ օգնում են ինձ համայնքի զարգացման, առկա խնդիրների լուծման գործում: Փառք Աստծո, ընկերներ շատ ունեմ: Ընկեր հասկացողությունը մեծ իմաստ ու խորհուրդ ունի: Հեշտ է ընկեր ձեռք բերելը, պահպանելը, բայց կորցնելը նույնքան դժվար է: Իսկ չկորցնելու համար պետք է մաքուր լինել, ազնիվ, հարգալից: Մարդկային ճիշտ հարաբերությունները պետք է մշտապես պահել-պահպանել, ինչից միմիայն կշահենք …>>:

Նրա խոսքերով, երբ բնակչի հետ նորմալ հարաբերություններ ես ձևավորում, նա լավ հասկանում և գնահատում է դա, անգամ մերժվելու դեպքում ըմբռնումով է վերաբերվում ամեն հարցի: Այնպես որ, առաջին տեղում պետք է մարդկային գործոնը, մոտեցումը լինեն, ապա միայն աշխատանքային ու պաշտոնեական հարաբերությունները. <<Մարդկային ճիշտ հարաբերությունները պահպանելու արդյունքում է, որ այսքան տարի ղեկավարում եմ համայնքը: Այդ ընթացքում ավելի շատ գտել եմ, քան կորցրել: Ընկերներ, հարգանք, պատիվ ու հեղինակություն… Մարդկանց հետ անկեղծ, անմիջական շփումը շատ կարևոր է: Որքան շատ ես շփվում, այնքան ավելի ճանաչում ես մարդուն, գնահատում ու արժևորում կյանքը…>>:

Խոսելով հիմնախնդիրներից, համայնքի ղեկավարը նախ մատնանշեց Գետիկ գետին առնչվող մտահոգությունը: Իսկ դա կապված է գետի մաքրության հետ` տարիներ շարունակ տիղմը կուտակվել և անցանկալի խնդիրներ է առաջ բերում: Ճիշտ է, իրենց ուժերով հաճախակի մաքրում են, բայց դա բավարար չէ` գարնանը հեղեղումներ են լինում և վնասներ պատճառում գյուղացիական տնտեսություններին: Մեկընդմիշտ պետք է լուծում տալ այդ հարցին, ինչը համայնքի ուժերից վեր է, քանի որ ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում: Հույսը պետության միջամտության, կառավարության օգնության վրա են դրել, ինչի դեպքում կազատվեին այդ մեծ գլխացավանքից:

-Իմ փորձից ելնելով,- համայնքների խոշորացման թեմային անդրադառնալիս նշեց պարոն Բարսեղյանը,- կարող եմ վստահաբար ասել, որ ճիշտ է փոքր համայնքների միավորումը` այդ ճանապարհով նրանց վրա պատշաճ ուշադրություն հրավիրելու իմաստով: Սակայն արդեն խոշոր համայնքների դեպքում մի փոքր այլ է` հաշվի առնելով, որ նրանք առանց այդ էլ այնքան խնդիրներ ունեն, որ հազիվ են կարողանում <<աչք բացել>> դրանցից: Թեկուզ և տեղերում նշանակվելու են վարչական ղեկավարներ, բայց նրանք հազիվ թե կարողանան հարց լուծել, քանի որ ում ձեռքում ֆինանսական միջոցներն են, նա էլ ի զորու է դա անելու: Համենայնդեպս, այսօր մի քիչ դժվար է ասել, թե վաղն ինչ կլինի: ժամանակի ընթացքում կերևան լավն ու վատը: Անկախ ամեն ինչից, մտահոգությունը տվյալ գործընթացի հետ կապված մնում է, եթե նկատի ունենանք, որ անգամ իրար հարևանությամբ գտնվող գյուղերը տարբեր սովորություններ ու բարքեր ունեն: Այդ ամենը շատ խիստ պետք է հաշվի առնի խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարը: Ամեն դեպքում, գնալով խոշորացման, պետք է ամեն ինչ անել, որ ժողովուրդը զգա դրա օգուտները, այլ ոչ թե նոր խնդիրների առաջ կանգնի: ժամանակին նման` գյուղերի միավորման փորձ եղել է, և զգացվել են մարդկանց դժգոհությունն ու միմյանց միջև առկա լարվածությունը: Այս ամենը և շատ այլ հանգամանքներ պետք է անպայման հաշվի առնվեն, որպեսզի հնարավոր լինի դրական արդյունքներ ակնկալել…

Հաճելի էր, անշուշտ, որ անսպասելի մեր զրույցին միացավ Վահագն Բարսեղյանի ընկերներից Աշոտ Սարգսյանը: Նրա խոսքով, ընկերը պիտի հավատարիմ, նվիրված լինի, ընկերոջ հոգսը կիսող, իսկ Վահագն ընկերոջ մասին առանձնահատուկ ջերմ արտահայտվեց. <<Մարդկային ճիշտ վերաբերմունք ցուցաբերող ընկեր է: Ընկերոջ կողքին կանգնող, նրա ցավը կիսող, մինչև վերջ ճանապարհն անցնող, ընկերոջը մենակ չթողնող անձնավորություն: Մարդկային մեծություն է: Մարդկային վերաբերմունքի առումով էլ հենց սկսվել է մեր ընկերությունը: Երկուսս էլ ընկերության ջատագով ենք: Որտեղ էլ լինենք` կհասնենք մեր ընկերներին, միասին կանցկացնենք թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերը…>>: Նա Երևանից հատուկ գալիս է ընկերոջը տեսության, հետաքրքրվում նրա գործերով, պատրաստակամ իր աջակցությունն առաջարկում այս կամ այն խնդիրը լուծելու հարցում: Աշոտ Սարգսյանն ընկերության վերաբերյալ իր թևավոր խոսքերն ունի` <<Ընկերն ընկերոջը պետք է լինի հարմար, որ ժամանակին չմնա շիվար>>, <<Ընկերը պետք է օգնի, որ միաժամանակ նա չհոգնի>>

Հավելենք, որ երկու ընկերն էլ շատ հյուրասեր, կամեցող, հաց տվող անձնավորություններ են: Մարդուն հյուրընկալելու, գնահատելու, հացի սեղանի շուրջ պատշաճ վարք ու մոտեցում ցուցաբերելու լավագույն հատկանիշներով օժտված…

SHARE