Ավելի շատ` տալ, ավելի շատ` նվիրվել

0
26

Արդյունքում առաջին հերթին բնակիչը պիտի շահի և իրապես գոհանա կատարված աշխատանքով…

Առաջադրում

   Ջերմուկ քաղաքում ևս հունիսի 8-ին համայնքապետի ընտրություններ են: Այդ առթիվ հանդիպեցինք քաղաքապետի թեկնածու առաջադրված ԿՈՐՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, ով, մասնավորապես, ասաց.
 -Իմ ցանկությամբ եմ առաջադրվել, այսպես ասած` ինքնառաջադրվել եմ, որովհետև ինձ համարում եմ հայրենասեր, հնարավորություն ունեմ աշխատելու, արարելու: Իմ երկրի, Հայաստան աշխարհի և Ջերմուկ քաղաքի համար ուզում եմ լավ գործ անել, հնարավորություններիս սահմաններում օգտակար լինել ժողովրդիս: Ջերմուկը փոքր է, բնակիչները թվով քիչ են, բայց լավ ժողովուրդ է այստեղ ապրում, մարդիկ լավն են` մաքուր հոգով ու սրտով, բաց, ազնիվ: Դա էլ ամենաշատն է ինձ մղում ծառայելու նրան, թեկուզ նվազագույն չափով նպաստելու քաղաքի առաջընթացին: Կյանքը պիտի առավել աշխուժացնել քաղաքում, պայմաններ ստեղծել, որպեսզի նրա բնակիչն ստիպված չլինի արտագնա աշխատանքի մեկնել: Դա չի կարող ինձ ցավ չպատճառել: Եթե ժողովուրդը հավատա, վստահի և իր քվեն տա ինձ, ապա ես էլ ոչինչ չեմ խնայի և ներդնելու եմ բոլոր ուժերս ու հնարավորություններս` նրա ապրելակերպը փոքրիշատե բարեկեցիկ դարձնելու համար: Ջերմուկն, իհարկե, առաջին հերթին առողջարանային քաղաք է, մարդիկ զբաղված են այս ոլորտում, բայց ոչ բոլոր առողջարաններն են ողջ տարին գործում: Այսինքն, բնակչության մի մասի եկամտի աղբյուրը խիստ սահմանափակ է, ապրուստի հնարավորությունը` սուղ: Նշանակում է, գործնական քայլեր պիտի ձեռնարկել, որպեսզի մարդիկ գոնե հացի փող վաստակելու միջոց ու պայմաններ ունենան: Դրա համար աշխատատեղեր պիտի ստեղծել: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի համապատասխան ներդրումներ արվեն քաղաքի թե՛ առողջարանային, թե՛ հանքային ջրերի արտադրության և թե՛ մյուս ոլորտներում: Ամեն ընտանիքից գոնե մեկը կամ երկուսն աշխատելու հնարավորություն պիտի ունենան:        
 -Պարոն Ստեփանյան, աշխատանքից զատ մարդիկ նաև ժամանցի հնարավորություն պիտի ունենան, առավել ևս` երեխաները, երիտասարդները, որպեսզի բնակավայրի բնականոն կյանքն ապահովված լինի: Ի՞նչ ծրագրեր ունեք այդ առումով:

   -Ծրագրեր, անշուշտ, կան նաև այդ առումով: Հանրապետության նախագահի Ջերմուկ այցի ժամանակ քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, տարածքից ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը քաղաքի ձախափնյա թաղամասում  մարզահամալիր կառուցելու ծրագիր ներկայացրին: Հուսանք, որ այն նաև իր ակտիվ մասնակցությամբ կկառուցվի և այդ կերպ կլուծվի երիտասարդների զբաղվածության, ակտիվ հանգստի կազմակերպման խնդիրը: Ջերմուկում այսօր, իրոք, չկան այդպիսի հնարավորություններ: Ընդամենը մեկ-երկու սրճարան և ուրիշ ոչինչ: Ես այդ ուղղությամբ ծրագրեր նախանշել եմ և աշխատելու եմ, որ անպայման իրականանան: 
 -Հիմնարկություն և համայնք ղեկավարելն, անշուշտ, որոշակի առանձնահատկություններ ունեն, մասնավորապես` վերջինս ավելի ջանք ու եռանդ է պահանջում, մարդկային գործոնն ավելի մեծ դերակատարում ունի: Քաղաքը ղեկավարելու գործում Դուք ինչպիսի՞ որակներ կմատնանշեիք:
  -Աշխատասիրություն, մարդկանց հետ շփվելու ունակություն, ինչն իմ պարագայում, կարծում եմ, խնդիր չէ: Այո, յուրաքանչյուր բնակիչ յուրովի մոտեցում է պահանջում: Բոլորի հարցերին, հոգսերին, ցավերին միանշանակ տեղյակ լինելու եմ և ինձ թվում է, որ հաջողության հասնելու եմ: Ուրախություններին նաև պիտի անպայման տեղյակ լինել: Բնակչի հետ շփվելու, հարաբերվելու կարևորությունն առաջնային է լինելու: Քաղաքապետը յուրաքանչյուր բնակչի հոգսով պիտի ապրի, որպեսզի հաջողությունների հասնի: Որքան տեղեկացված, այնքան օգտակար: Որևէ մեկը չպիտի անտեսվի, ինչն իմ համոզմունքն է, և դրանով էլ առաջ եմ շարժվելու: 
   -Հաճախ պատահում է այնպես, որ ղեկավարն սկսում է մեկուսանալ մարդկանցից, կաբինետային աշխատաոճ է որդեգրում` այդպիսով անտեսելով բնակչին, նրան տված խոստումները: Այն ղեկավարն, ով մնում է բնակչի հետ և ապրում նրա հոգսերով, արժանի հարգանք ու հեղինակություն է վայելում` նաև պաշտոնավարելուց հետո: Համոզվա՞ծ եք, որ Դուք էլ այդպիսին եք լինելու:
-Ես հենց այդպիսին եմ: Միանշանակ կարող եմ ասել, որ իմ շրջապատի ընդլայնվելուց էությունս երբեք չի փոխվի: Ավելին, դա կօգտագործեմ ի շահ համայնքի, ի շահ բնակչի: Ես դրանից միմիայն կուրախանամ: Ժողովրդին մոռանալ, բնակչին անտեսել` դա իմ բնույթից շատ հեռու է, անհնարին: Ժողովրդին չպետք է երբևէ մենակ թողնել, նրան պետք է մշտապես ծառայել: Դա ինձ համար գերագույն նպատակ է: Այնպես պետք է աշխատել, որպեսզի պաշտոնավարությունից հետո էլ մարդիկ շարունակեն քեզ գրկաբաց ընդունել:
 -Համայնքը ղեկավարելիս, ինչպես ցույց է տալիս փորձը, զգալի դերակատում է վերապահվում ընկերության, ընկերական շրջապատի գործոնին: Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը և ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունը Ձեզ համար:
 -Ունեմ, իհարկե, ընկերական մեծ շրջապատ և կարծում եմ, որ բոլորը կողքիս կանգնած կլինեն, կօգնեն ինձ իրականություն դարձնելու առաջադրածս ծրագրերը: Յուրաքանչյուր ընկեր, բնակիչ, հարազատ կամ բարեկամ գիտի` եթե Կորյունն է ասել, որ անեմ, ուրեմն անպայման պիտի անեմ: Եթե գտնում եմ, որ չեմ կարողանա անել տվյալ գործը, ապա երբեք չեմ խոստանա կամ ձեռք չեմ զարկի դրան: Ես խոսքիս տերն եմ, իսկ խոսքի տեր մարդը կարող է լինել լավ ընկեր, ղեկավար և այլն: Եթե ամեն ինչի հիմքում ընկերությունը լինի, ապա շատ ավելի գործ կարվի: Ընկերության շնորհիվ հնարավոր է իրագործել ցանկացած լավ ծրագիր, կյանքի կոչել ցանկացած գաղափար: Ունենք լավ ընկերներ և հարազատ քաղաքի բնակիչների հետ մեր ընդհանուր ուժերը համատեղելով` կյանքի կկոչենք բոլոր ծրագրերը: Ընկերությունն ինձ համար մեծ նշանակություն ունի, ընկերը պիտի ազնիվ լինի, ամենակարևորը` երբեք չդավաճանի ընկերոջը: Ընկեր հասկացողությունը, ցավոք, ոչ բոլորն են խորությամբ ընկալում, ոչ բոլորին է հասու նրա իմաստն ու խորհուրդը: Առանց ընկեր, ըստ էության, մարդը չի կարող ապրել այս կյանքում: Ընկերությունն առաջընթացի հիմքն է, շարժիչ ուժը:
  -Չէինք կարող չնկատել, որ, Ձեր խոսքի տերը լինելու հետ մեկտեղ, նաև բարի եք, և Ձեր ընտրվելու դեպքում ավելի շատ բնակիչն է շահելու, քան Դուք, քանզի նրա համար պատրաստակամ եք զոհելու ամեն ինչ: Այդպես չէ՞:
 -Ես դա շատ լավ հասկանում եմ, գիտակցում: Գիտակցված էլ գնում եմ այդ քայլին, որովհետև միանշանակ այն համոզմանն եմ, որ առաջին հերթին պիտի շահի բնակիչը: Ես պետք է աշխատեմ քաղաքիս, բնակչիս համար: Այսօր էլ աշխատում եմ ի շահ քաղաքի, բայց ընտրվելու պարագայում այլևս ազատ ժամանակ չեմ ունենալու: Ես շինարար եմ: Ալ. Թամանյանի անվան տեխնիկումը, պոլիտեխնիկական ինստիտուտն եմ ավարտել, զուգահեռաբար ուսանել եմ պոլիտեխնիկի արհմիութենական դպրոցում: Աշխատել եմ <<Ջերմուկ-տրեստ>>-ում, աշխղեկից սկսելով` մինչև տրեստի կառավարիչ եմ դարձել: 1995 թ. տրեստը սեփականաշնորհվել է: Բաժնետերերից մեկն էլ ես եմ: Այն ծանր տարիներին, շատ մեծ դժվարությամբ, արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր աշխատողներն ի վիճակի լինեն գոնե իրենց ընտանիքները պահել: Աշխատել ենք հանրապետության տարբեր մարզերում, շինարարություն իրականացրել: Ջերմուկում, բնականաբար, ավելի շատ ենք իրականացրել և, հուսով եմ, դեռ էլի ենք կառուցելու: Շինարարությունը չպետք է երբևէ կանգ առնի. և՛ երկիրը պիտի կառուցվի, և՛ մարդիկ պիտի աշխատանք ունենան: Ես միայն կուրախանամ և կողջունեմ ցանկացած նման քայլ: Շինարարը չի կարող լավ մարդ չլինել, բարի չլինել, հաց տվող չլինել: Մարդկային բոլոր լավ հատկանիշներով էլ օժտված են շինարարները, այսպես ասած, ինժեներական ուղղությամբ են մտածում, ինչը լավ արդյունքի է հանգեցնում: Այնպես որ, եթե իմ ժողովուրդն ինձ ընտրի, ապա ես այդ  ամեն լավն անմնացորդ կներդնեմ իմ քաղաքի զարգացման համար:
 -Ո՞ր խնդիրներն եք առաջնահերթ կարևորում, որոնք այսօր ավելի շատ են մտահոգում քաղաքի բնակիչներին:
 -Ինձ մտահոգում են բոլոր բակային խնդիրները: Գլխավոր փողոցներն ասֆալտապատված են: Քաղաքապետն աշխատանքներ տարել է, և ես երբեք դա չեմ հերքում: Աշխատել է, իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել քաղաքի ու նրա բնակչի համար, բայց, այդուհանդերձ, բակային խնդիրները դեռևս մտահոգող են: Կան բակեր, որ անանցանելի են, խաղահրապարակներ են անհրաժեշտ երեխաների համար, մանկապարտեզների հնարավորությունները հարկ է ընդլայնել և այլն: Շատ ծրագրեր կան, որոնք պետք է իրականություն դարձնել: Մարզամշակութային կյանքին պետք է նոր թափ հաղորդել: Հիվանդանոց ունենք, բայց բժիշկներ չունենք. խնդիր է, որ հրատապ լուծում է պահանջում: Մի խոսքով, լինելով մեր բնակիչների կողքին, նրանց օգնությամբ ու աջակցությամբ շատ ու շատ ծրագրեր եմ կյանքի կոչելու… 
  -Ավելացնելու ի՞նչ ունեք:
 -Հավելեմ, որ թեև Հանրապետական կուսակցության անդամ չեմ, բայց 20 տարի շարունակ այդ կուսակցության կողքին եմ, աշխատել եմ նրա համար: Կարելի է ասել, որ հանրապետական եմ միանշանակ, քանի որ բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի կողքին եմ եղել և նրա շահերը պաշտպանել: Այսօր իշխող կուսակցությունն է` երկրի նախագահի գլխավորությամբ, և բոլորս պարտավոր ենք հարգել ու հաշվի նստել նրա հետ: Հաջողություններ եմ ցանկանում Ձեր թերթին, <<Ընկեր>>-ին` ընկերական բարեմաղթանքներ ու բարձր նվաճումներ: Եթե, ասենք, ժողովուրդն ինձ չընտրի, ապա ես առանց վարանելու առաջիններից մեկը կլինեմ, որ կսեղմեմ նրա ընտրյալի ձեռքը և նրան հաջողություններ կմաղթեմ իր այդ ծանր ու անչափ պատասխանատու աշխատանքում…
   Մեր զրույցը շարունակվեց Կորյուն Ստեփանյանի նախընտրական շտաբի պետ Առուշան Այվազյանի հետ: Ինչպես քաղաքապետի թեկնածուն նշեց իր խոսքում, Այվազյանը շատ հարազատ, սրտացավ մարդ է Ջերմուկի համար, մեծ հայրենասեր է, պատերազմի մասնակից /վիրավորվել է մի քանի անգամ/, հարգված է ժողովրդի կողմից: Մեր հարցին, թե ինչո՞ւ շտաբի պետի հարցում ընտրությունը կանգ առավ հենց իր վրա, պարոն Այվազյանից հետևյալ պատասխանը ստացանք.
  -Ես նաև համայնքի ավագանու անդամ եմ, շատ բարձր ձայներ եմ հավաքել: Միգուցե, հենց դա էլ հաշվի է առնվել, քանի որ կարևոր է, թե ով է կողքդ կանգնած: Ես ընդունում եմ, որ փոփոխությունը ճիշտ է, փոփոխությունների կողմնակից եմ, ուստի և Կորյուն Ստեփանյանի կողքին եմ: Չեմ ասում, թե գործող քաղաքապետը փոփոխություն չի անում: Մարդու փոփոխությունից էլ շատ մեծ բան է կախված: Ցանկացած փոփոխություն մարդկանց մեջ նոր հույսեր է արթնացնում: Դա կարող է դրական ազդակ հաղորդել շատ գործընթացների, թեկուզ` մարդկանց տրամադրությունների փոփոխության առումով: Պարոն Ստեփանյանը, ճիշտ է, ինքնառաջադրվել է, բայց փաստ է, որ դա նաև շատ ու շատ բնակիչների կամքն ու ցանկությունն է եղել, անգամ ստիպել են, որ գնա նման քայլի: Մարդիկ հույսեր են կապում նրա հետ: Շատ մեծ է ցանկությունը, որ նոր աշխատատեղեր բացվեն, արտաքին ներդրումների բավարար հոսք ապահովվի, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվի և այլն: Մարդը պիտի աշխատանք ունենա և այդ աշխատանքով իր ու ընտանիքի արժանապատիվ գոյությունը կարողանա ապահովել: Նրա զբաղմունքի, ժամանցի բավարար պայմաններ պետք է լինեն, որպեսզի բնակիչն իրեն օտարված, արհամարհված չզգա, իրեն հայրենի քաղաքի լիարժեք տեր ու ծառա զգա: Նա պիտի ուժեղ լինի,  և որքան ուժեղ, այնքան էլ` բարի… Կորյուն Ստեփանյանը շինարար է, կառուցող, ստեղծող, արարող: Մեր քաղաքում, շրջապատում նրան առաջին հերթին որպես տղամարդու են ընդունում ու գնահատում: Տղամարդ լինելը շատ դրական հատկանիշներ է պարունակում, շատ կարևոր նախադրյալ է` բարի գործեր, նախաձեռնություններ ու ծրագրեր կյանքի կոչելու գործում: Եթե խոստանում է, ապա մինչև վերջ տեր է դրան: Մեզանից խստորեն պահանջում է, որ ընտրական գործընթացը բնականոն հունով տանենք, ոչ մեկի նեղացնելու առիթ չտանք, հանկարծ հարազատությունը, բարեկամությունը ոտնատակ չանենք: Քաղաքում այսօր որևէ լարվածություն չկա, մթնոլորտը շատ հանգիստ է: Շատ-շատերը Կորյունին են ուզում տեսնել քաղաքապետ: Գալիս են անընդհատ, տարբեր բնագավառների մարդիկ և անկեղծորեն ասում, որ գործող քաղաքապետի հետ խնդիրներ չունեն, պարզապես, փոփոխություն են ուզում տեսնել: Այդ առումով հույսները կապում են Կորյունի հետ: Շատ կարգին մարդ է մեր թեկնածուն: Ունի ընկերական մեծ շրջապատ, շատ պատկառելի մարդիկ են: Նա բոլորի հետ էլ ընկերություն է անում: Ընկերներն այսօր նրա կողքին են: Հաղթելու մեծ շանսեր ունի: Շիտակ, ուղիղ բնավորության տեր է, մարդկայնորեն բարի, խղճմտանքով: Միաժամանակ, խստապահանջ ու անհանդուրժող է: Նրա ծրագրերը հիմնականում նպատակամիտված են քաղաքում զբոսաշրջության, առողջարանային ոլորտների զարգացմանը նոր թափ հաղորդելուն, դրսի ներդրողների համար գրավիչ պայմաններ ապահովելուն: Վստահում, հավատում են նրան, որ կկարողանա այդ և մյուս բոլոր ծրագրերը կյանքի կոչել, պատվով տանել համայնքի ղեկավարի ծանր բեռն ու պարտականությունը… 
Ռուզաննա Մանուկյան
SHARE