Ավտոլվացման կետ կամ ինչպես մեր կյանքը մեկ օրում վերածվեց դժոխքի

0
0

Մի գեղեցիկ օր Մանթաշյան 53 շենքի հնաբնակներից մեկը որոշեց իր հարևանների լուսամուտի տակ կառուցել ավտոտնակ, որը շուտով դարձավ ավտոլվացման կետ. «կարչերի» դղրդոցը, իրենց հերթին սպասող մեքենաների անվերջ ձայնային ազդանշանները, տաքսիների ռացիաները, ջրի խշշոցի տակ իրար հետ բարձր խոսացող մարդիկ – մենք հայտնվեցինք մի «կատարյալ» դժոխքում։ Մենք մեր տներում զրկվեցինք հանգստից ու անդորրից, իրար հետ շփվելու-զրուցելու հնարավորությունից, հեռուստացույց դիտելուց, երեխաները՝ դաս սովորելուց։

Եվ ամենակարևորն ու ամենավտանգավորը

Բազմիցս բնակիչների կանչով եկած  ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ մեքենան չէր կարողանում մտնել բակ և ժամանակին ցույց տալ բուժ.օգնություն։

Ուշ երեկո էր։ Ամուսինս իրեն վատ զգաց։ Գետնի վրա, գրեթե անգիտակից վիճակում թողնելով ամուսնուս իջա բակ դիմավորելու շտապ օգնության մեքենան։ Ազդանշանները միացրած շատ արագ մոտեցավ շենքին ու կտրուկ արգելակեց.բակի սպասարկման ու անվտանգության գոտին, որը բնակիչների, շտապ օգնության, հրշեջ մեքենայի համար է լցված էր «մոյկի» մեքենաներով։

Ստացանք Առողջապահական տեսչության փորձագիտական եզրա­կա­­ցու­թյունը, որի համաձայն ավտոլվացման կետի աղմուկը գերազանցում է նորմայից։

Դիմեցինք «ՀԵՑ» ՓԲ ընկերությանը, նշելով, որ Արամ Գևորգյանը էլեկտրական ենթակայանի հետին պատին կառուցել է ավտոտնակ, որն այժմ գործում է որպես ավտոլվացման կետ։

Մեզ հայտնի է, որ բարձր լարման այդ ենթակայանն ունի անվտանգության գոտի, որը նրա շրջակա տարածքն է, որն ապահովում է այդ օբյեկտի բնականոն գործունեությունը, քաղաքացիների և շահագործող անձանց անվտանգությունն ու գույքի պաշտպանությունը։ Մեզ հայտնի է նաև, որ էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում առանց այն տնօրինող ձեռնարկության թույլտվության արգելվում է իրականացնել ցանկացած շենքի և կառույցի շինարարություն։

«ՀԵՑ» ՓԲ ընկերությանը խնդրեցինք հայտնել. ումից է սեփականատեր Արամ Գևորգյանը համաձայնություն ու թույտվություն ստացել էլեկտրական ենթակայանի անվտանգության գոտում իրականացնել ավտոլվացում։

«ՀԵՑ» ՓԲ ընկերությունը գրավոր դիմեց «մոյկի» սեփականատեր Արամ Գևորգյանին, պահանջելով դադարացնել այդ հանցավոր գործունեությունը։

Դիմեցինք թաղապետարան, քաղաքապետարան «քաղաքաշինության, ճարտարապետության բաժինները» և խնդրեցինք պարզաբանել.

  1. Ով է տրամադրել Ա.Գևորգյանին նրա շինության թույլտվությունը և ինչ նորմերի համաձայն, առանց հաշվի առնելու տարածքային առանձնահատկությունները և այլ անձանց իրավունքների խախտումները։
  2. Ով է թույլատրել Ա.Գևորգյանին վարձակալել հողը հատկապես այդ հատվածում (ենթակայանի անվտանգության գոտում, բնակելի շենքի սպասարկման գոտում), նաև թույտվության հիմքերը։
  3. Ով է թույլատրել Ա.Գևորգյանին այդ շինության կառուցապատումը հատկապես այդ հատվածում (ենթակայանի անվտանգության գոտում, ենթակայանի պատին կպած, բնակելի շենքի սպասարկման և անվտանգության գոտում), նաև թույտվության հիմքերը։

Առայժմ «ձեռնարկատեր» ու սեփականատեր Արամ Գևորգյանի «մոյկեն» աշխատում է։

Իսկ մինչ այդ շենքի բնակիչներս՝ երեխաներ, վատառողջ մարդիկ, աշխատողներ, թոշակառու մայրս՝ 50 տարի դպրոցում աշխատած կինը, մեր տներում նստած լսում ենք Արամ Գևորգյանի այլանդակ «մոյկի»  դժոխքի ձայները։

Աննա Արաբյան

SHARE