Արաբկիրում եկեղեցին առայժմ կիսակառույց է …

0
31
Հոգևոր

     Վերջին շրջանում  անդրադարձ  է կատարվում  առ այն, որ Արաբկիրում <<Լամբադա>> կամուրջի հարևանությամբ տարիներ շարունակ կառուցապատման մեջ գտնվող հոգևոր կառույցը  ինչ-ինչ պատճառներով չի շահագործվում: Թեև այն վերջերս օծվեց հավուր պատշաճի` եկեղեցական ծիսականությամբ, բայց…, Թե ինչն է շինարարության  ձգձգման պատճառը, ոչ վարչական շրջանի ղեկավարությունն է տեղյակ, ոչ էլ` մերձակայքում ապրող արաբկիրցիները: <<Ահավասիկ, շենքի ցուցանակի վրա գրվում է`այսինչ թվին կշահագործվի, բայց ցավոք ամեն տարի մի նոր ցուցանակ այլ <<տեղեկանք>>  է ներկայացնում,-ասում է  մանկավարժ Ալիսա Հակոբյանը և ավելացնում,- հիմա  Երևանի բոլոր շրջաններն ունեն իրենց եկեղեցին, մինչդեռ Արաբկիրը,որ հայտնի է իր  մտավորականների բազմաքանակով, ուսանողական  թաղամաս է,  երիտասարդական նոր ընտանիքներն առավել շատ են, չունի  եկեղեցի, ուր կարողանա տարբեր   ծիսակատարություններ կազմակերպել…>>: Այսօր արաբկիրցիների ցանկությունն է` ունենալ համայնքում եկեղեցի, որտեղ ազգային ավանդական ծիսակարգեր/ կնունքի, հարսանեկան, թաղման արարողություններ/ կարողանան անցկացնել: Շատերը տարակուսում են`ովքեր են շինարարությունն իրացնող կազմակերպությունները, որ տարիներ շարունակ չեն կարողանում  շահագործել  տարածքի բնակչության համար այնքան կարևորություն ներկայացնող Արաբկիրի հոգևոր կենտրոնը: Եվ ,չէ որ զայրացնող է նաև այն հանգամանքը, որ կիսակառույցի շրջակայքում այնքան  շատ են  հապճեպ խոյացող այլևայլ կառույցները: 

     Հարցադրումներ են առաջանում. միթե  այսօր շտապել պետք չէ`հավատացյալ մարդկանց հավաքելու մի կտուրի շուրջ … Եվ ,չէ որ այլ  հիմնահարց կա հայ հասարակության շերտերում. վերջին տարիներին սնկի պես աճեցին աղանդավորական խմբերը, որոնք այնքան պառակտման գործընթացներ են զարգացնում  երկրի ներսում, այնքան ազգակործան քարոզարշավներ են իրագործում… Մտնում են ամենուր, բակեր ու տներ ներխուժում,կրթական, մշակութային համալիրներ: Նրանք իրենց  հակաեկեղեցական գործընթացները, ցավոք, անարգել իրագործում են, ոտնահարելով Հայ Առաքելական եկեղեցու կանոնակարգն  ու  առանց խորանալու,լուրջ չվերաբերվելու  ազգի ճակատագրական կարևոր հանգամանքներին,  ընդլայնում են իրենց տիրույթները: Թե ինչ  կսպասվի հեռանկարում` անհայտ է բոլորիս: Այս և նմանատիպ այլ դժգոհություններ հավատավոր  հայ քրիստոնյաների մեջ առաջացնում է ինչ խոսք զայրույթ, ափսոսանք, որ հայ երիտասարդն աղանդավորի ընտանիքում Հայոց Բանակին <<պիտանի>> չի լինելու այսօր և վաղը, նա հակահայրենասիրական գաղափարներով է կյանքը պատկերացնում…իսկ դա մեր ազգին ուր կտանի, սա  արդեն խորհելու տեղիք  պիտի տա բոլորիս: 
   …Այսօր, իրավացի են արաբկիրցիները.<<Մենք ցանկանում ենք մեր թոռների, երեխաների կնունքները, հարսանիքներն  ու ավանդական ծեսերն ավելի մոտիկ տեղ անցկացնել, որը բոլորիս համար ցանկալի հիմնահարց է: Իհարկե, թող մեր քաղաքապետարանը կամ  խնդրո առարկա վերադաս հոգևոր օղակները զբաղվեն եկեղեցու կառուցման հրատապ խնդրով>>: Նման բազմազան խնդիրներով շրջանի մարդիկ օրերս հավաքված օծված խաչքարի մոտ մտորում էին` ինչպես լուծելի դարձնել, պարզաբանել, թե երբ կավարտվեն կիսակառույց եկեղեցու շինարարական աշխատանքները և կջնջվեն մոտակայքում աղանդավորների կողմից խզբզած հավատացյալ քրիստոնյաներին ուղղված անողորմ ու անպատշաճ  բառերը, միթե ժամանակը չի գալու, որ աղանդավորներին կարողանա մեր Հայ Առաքելական եկեղեցին ուսանելի դասեր տա, թե ոչ` կաճեն   հասարակության շերտերում ամենաթողությունը, հոգևորի դեմ մեղմ ասած վնասակար, ազգաքանդ անկարգությունները…

Լուսինե Թոփուզյան
SHARE