Արած գործով, ապրած կյանքով…

0
29
Համոզմունք

Նորաբաց համայնքի ղեկավար Գալուստ Գալստյանի հետ հարցազրույց ունենալուս նպատակը ընկերոջ տեսակը, ընկերական շրջապատը ներկայացնելն էր: Զրույցն սկսեցինք մեր ավանդական հարցով:
-Ո՞վ կարող է լինել Գալուստ Գալստյանի ընկերը և ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունը նրա համար:
-Ըստ իս, ընկերը նա է, ով պատրաստ է ինչ-որ մի բան տալու, այլ ոչ երբեք ակնկալելու: Սա ընկերոջ թիվ 1 ցուցանիշն ու որակն է, ինչով մարդը կարող է ասել, որ ես ընկեր կարող եմ լինել: Եթե մարդը փորձի ասել, որ ունի բազմաթիվ ընկերներ, ապա այստեղ ինչ-որ բան արդեն կասկածելի է: Մարդը կարող է ունենալ մեծ շրջապատ, շատ ծանոթներ, բայց ընկերներ պիտի որ ունենա եզակի թվով, մեկ կամ երկուսը, առավելագույնը` երեքը, որովհետև նա իր օրվա ժամանակով ունի ընտանիքի հոգսեր, երեխաների դաստիարակության, տունը պահելու, փող աշխատելու խնդիրներ և այդ ամենի մեջ պիտի կարողանա տեղավորել նաև այդ ընկերների հետ իր շփումը: Այդ բոլորը 24 ժամում հազիվ ես կարողանում տեղավորել, և եթե ունես բազում ընկերներ, ապա չես հասցնի, պարզապես, բոլորի հետ շփվել: Շատ կարևոր է, որ մարդը զանազանի ընկերոջը գործընկերոջից, ծառայակցից, աշխատանքի բերումով ստեղծված ծանոթությունից: Դրանք տարբեր երևույթներ են: Աշխատավայրում իմ բոլոր աշխատակիցներն ինձ համար ընկերներ են, և ես այս հանգամանքը նվաստացնելու որևէ միտում չունենալով, պիտի ասեմ, որ մենք ավելի շատ գործընկերներ ենք: Ես ունեմ ընկերներ, ում հետ կյանքի երկար ճանապարհ եմ անցել` մանկական տարիներից մինչև այս 50 տարիները: Ապրել ենք իրար հետ, անցել ենք շատ տարբեր ուղիներով, բարդություններով և մնացել ընկերներ: Արդեն այն տարիքում ենք, որ ամեն ինչին նայում ենք ավելի իրական հայացքով, գույները տեսնում ենք ավելի ճիշտ: Տարիներ հետո մնում են այն մարդիկ, ովքեր ընկերությանը տալու բան ունեն: Ես պիտի մի բան կարողանամ տալ և ընկերս ինձ համար պատրաստ լինի ինչ-որ անձնազոհության: Եթե ես, ասենք, փորձում եմ ընկերոջս ֆինանսական կամ այլ օգնություն ցույց տալ, ապա պիտի ինձնից ինչ-որ <<բան կտրեմ>>, իմ ժամանակը տրամադրեմ կամ, առհասարակ, անձիս նեղություն տամ: Եվ դիմացինդ էլ քո հանդեպ պիտի պատրաստ լինի դրան: Երբ մնում է մարդկանց փոքր խումբ, ապա այդ մարդիկ արդեն կյանքի փորձով անցած են լինում: Իմ կարծիքով, չեմ սխալվել ընկերներիս ընտրության հարցում: Ընկեր ընտրելիս և առհասարակ` մարդու մեջ, գնահատում եմ անդավաճան լինելու հատկանիշը: Փոքր, անմեղ սուտը կարելի է ինչ-որ կերպ արդարացնել, տանել, բայց դավաճանությունն աններելի է: Շատ եմ գնահատում նաև նվիրվածությունը, ինքնազոհությունը, ազնվությունը: Իմ ղեկավարման այս 12 տարիներին էլ եմ փորձել մարդկանց հասկանալ, ճանաչել: Տվյալ անձին ճանաչելով, նաև նրա ընտանիքն ես ճանաչում: Մեր շրջապատը դրանով ավելի է մեծացել: Ինչ է տվել ինձ իմ ղեկավար աշխատելը… Նախ, զբաղվածությանս առումով ժամանակը չի հերիքում, որպեսզի բոլորին և հատկապես ընկերներիս ամեն տեղ կարողանամ հասնել, բայց և դրա հետ մեկտեղ` ինքնաբավարարվածության զգացում: Օրվա ավարտից հետո մարդը թե՛ իրենից, թե՛ իր արածից պիտի գոհ մնա: Երբ ջանում ես ինչ-որ մեկին օգնել և դա ստացվում է, ապա այդ օրն ինքնաբավարարվածության առումով առավել իմաստավորվում է: Ինձ համար մարդու սոցիալական դիրքը, ընտանեկան կազմը, ազգությունը և այլն կապ չունեն նրան գնահատելու հարցում: Ցուցանիշը պիտի լինեն նրա արած գործը,  ապրած կյանքը, որոնք էլ պետք է հարաբերությունների հիմքը դառնան:

-Խոսենք համայնքում կառուցվող եկեղեցու մասին: Ովքե՞ր և ինչպիսի՞  մասնակցություն են ունենում այդ աստվածահաճո գործում:
-Շատերն են մասնակցում, իսկ ընկերներիս մասնակցությունը լիարժեք է: Նրանք, ովքեր ֆինանսական հնարավորություն չունեն, սրտացավություն են ցուցաբերում, իրենց ազատ ժամանակը տրամադրում որևէ գործ կատարելուն: Գումար ունեցողներն էլ, ով ինչքան կարողացել է, օգնել են: Շատերն են ի սրտե ուրախանում և փորձում թեկուզ փոքր չափով թեթևացնել իմ բեռը: Այստեղ ամենակարևորն այն է, որ համախմբվելու մթնոլորտ է ստեղծվում: Եթե մարդը պատրաստ չէ դիմացինին գոնե մի փոքր հարցով օգնելու, ապա պիտի մտածել, որ ընկեր էլ չունի: Ընկերությունը, պարտավորություն լինելով հանդերձ, առավելություններ էլ ունի: Չի կարող միակողմանի լինել: Այս առումով էլ մեր ընկերությունը, կարելի է ասել, օրինակելի է: Եկեղեցի կառուցելն, ինչ խոսք, մեկ մարդու ուժերից վեր գործ է: Այն գրեթե ավարտական փուլում է:
-Ձեր հայրիկը` Գուրգեն Գալստյանը, շատ պատկառելի, հարգանք ունեցող, աշխատող, մարդկանց ձեռք մեկնող և իր տեսակով առանձնահատուկ անձնավորություն էր: Որդիական Ձեր խոսքը…
-Եթե ես հորս գովեմ, ապա ճիշտ չի լինի: Չի գտնվի մեկը, ով կընդունի, որ իր հայրը, ասենք, վատ մարդ է, բոլորի համար էլ ծնողը լավն է: Ես իմ ապրելով կփորձեմ ապացուցել, որ ծնողներս իրոք լավ մարդիկ են: Եթե հարազատիդ հողին ես հանձնում և եթե վատն ես, ապա անպայման պիտի փոխվես: Եթե ես ճիշտ ապրեմ, դրանով կփորձեմ ապացուցել, որ իմ ծնողները ճիշտ մարդիկ են: Նման հայր ունենալն ինձ համար անչափ պարտավորեցնող է: Քանի որ հայրս ապրել է ճիշտ, փորձել է մարդկանց օգնել, ուստի հիմա մեր ապրելու <<պլանկան>> այնքան է բարձրացրած, որ դրա պահելն էլ է շատ դժվար, ինչը պարտավոր ենք անել: Ես իրավունք չունեմ ինձ ճիշտ մարդ համարել, եթե այդ ստեղծածն իմ ապրելակերպով  հանկարծ ցածրացնեմ: Ընդհակառակը, ավելի պիտի բարձրացնեմ և սրբորեն փոխանցեմ երեխաներիս:
-Ո՞րն եք համարում Ձեր ձեռքբերումը:
-12 տարվա ընթացքում բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվել: Բնակիչներս տարեցտարի, գնալով ավելի են համոզվում, որ իրենց մարդն եմ ես: Կարող են ցանկացած հարցով ինձ դիմել, կարող են հանգիստ մեր տուն գալ` որ ժամին ուզում է լինի: Սա ես մեծ ձեռքբերում եմ համարում: Մարդը համայնքի ղեկավարի մեջ պիտի տեսնի իր ավագ ընկերոջը, այն մարդուն, ում կարող է վստահել իր գաղտնիքը: Էլ ինչու ենք այստեղ նստել, եթե բնակչին չպիտի օգնենք: Ջանում եմ ամեն հնարավորն ու անգամ անհնարինն անել, որ մարդը մենակ չմնա դժվար պահին: Սա է իմ ձեռքբերումը, երբ մարդիկ գիտեն, վստահ են, որ իրենց կողքին եմ: Հպարտ եմ, որ բնակիչներիս վստահությունն եմ ձեռք բերել: Մեր երկրի հետ մենք էլ ենք զարգանում: 12 տարվա մեջ մարդկանց պահանջներն էլ են փոխվել, ճիշտ է, այսօր էլ ենք կյանքից բողոքում, բայց առաջընթացը չի կարելի չնկատել: Այո, մեր համայնքում էլ ձեռքբերումների հետ նաև անելիքներ ունենք, և մեր հիմնական խնդիրը պիտի լինի այն, որ ունեցած հնարավորություններս արդյունավետ օգտագործենք առկա խնդիրները լուծելու, մարդկանց հոգսերը թեթևացնելու համար: Պիտի ջանանք, որ մարդիկ չլքեն հայրենի երկիրը, ապրեն իրենց հողի վրա: Եվ եթե անգամ մեկ ընտանիք հայրենիք վերադարձնեմ, ապա կհամարեմ, որ անելիքս կատարել եմ… 
SHARE