Արդարությունը հաղթելու է

0
19
Հույս


           Նոր Արտամետի /Կոտայքի մարզ/ գյուղապետի թեկնածու Արայիկ Թամամյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ ներկայացնում է ԲՀԿ-ն. <<Այս տարի եմ ընդունվել ԲՀԿ շարքերը` հաշվի առնելով կուսակցության մոտեցումը թե՛ ժողովրդի խնդիրների, թե՛ նրա նիստուկացի նկատմամբ: Ընդ որում, ժողովուրդն է խնդրել, որ առաջադրեմ թեկնածությունս: Վերջնական առաջադրումն, իհարկե, կուսակցությանն է: Պարոն Ծառուկյանն այդ առթիվ ընդունել է ինձ, և վստահ եմ, որ մեր գյուղին մեծ աջակցություն է լինելու նրա կողմից: Նորաստեղծ գյուղ է, բռնագաղթվածներով /գետաշենցիներ/ բնակեցված, հիմնականում 5-6 թաղամաս ունի: Յուրաքանչյուրս ընդամենը 800 քմ տնամերձ հողամաս ունի, սեփականաշնորհված հողատարածքներ չունենք: Այդ 800-ից էլ 400-ն է մշակովի, և ստացվում է, որ առանց հողի գյուղացիներ ենք: Տարիներ շարունակ դիմել ենք կառավարություն` վերաբնակիչներիս հողատարածք հատկացնելու խնդրանքով: Այսքան գյուղապետ ենք ընտրել, և, փաստորեն, ստացվում է, որ մեր գյուղացիները միայն ընտրության համար են: Ընտրվելուս դեպքում առաջնահերթ պայքարելու եմ այդ խնդրի լուծման համար: Առանց հողի անհնար է պատկերացնել գյուղացու վաղվա օրը, նրա ապագան… Գետաշենում եմ /Խանլարի շրջան/ ծնվել, ժամանակին կոմունիստ եղել, իմ արդար քրտինքով, աշխատանքով վաստակել իմ հացը և որևէ տարբերություն չեմ դնելու տեղացիների ու վերաբնակիչների միջև: Այսքան տարի այստեղ ենք ապրում և տեսել ենք, որ գյուղապետը միայն խանգարում է իր գյուղացիներին: Լուսակերտի թռչնաֆաբրիկայում ձվի արտադրամասի վարիչ եմ աշխատել, 150 բանվոր ունեցել, և մինչև հիմա էլ նրանք շարունակում են ինձ ջերմ վերաբերվել, քանզի հավասար ու արդար եմ վերաբերվել բոլորին: Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտն եմ ավարտել, գյուղում զոոտեխնիկ, ապա գլխավոր զոոտեխնիկ եմ աշխատել:

Մասնակցել եմ ծննդավայրիս ինքնապաշտպանության մարտերին: 1991-ին բռնագաղթել ենք Հայաստան: Աշխատել եմ նաև Արզնու թռչնաֆաբրիկայում: 2 որդի և 2 դուստր ունեմ: Հասկանում եմ, որ ծանր բեռի տակ եմ մտնելու: Մտածում եմ ոչ այնքան ընտվելու, որքան ինձ արդարացնելու մասին, քանզի միշտ բողոքավոր եմ եղել այս կառավարությունից, կառավարման ձևից: Պիտի ժողովրդի կարիքները կարողանամ բավարարել, նրա վիճակը բարելավել: Վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ դա ինձ կհաջողվի: Հայրենիք կորցնելը շատ վատ բան է, այնպես պիտի անենք, որ այստեղից էլ ստիպված չլինենք գնալ: Հավատում եմ, որ արդարությունը հաղթելու է…>>:    

SHARE