Արժանանալ ժողովրդի գնահատականին

0
25
Վայելել նրա հարգանքը և առաջնորդվել նրան առավելագույնս օգտակար լինելու ձգտումով…

Վստահություն

  Վայոց ձորի Մալիշկա համայնքը 6000 բնակիչ ունի: Մհեր Մովսիսյանը համայնքապետի պաշտոնում է 2002 թվականից:
  -Ընկերության արդյունք է,- անկեղծացավ նա,- որ ես այստեղ եմ: Մարդն իր գիտակցական կյանքի ընթացքում է ձեռք բերում հարազատ մարդիկ, ընկերներ: Կամեցող մարդն անպայման ընկերներ կունենա: Եթե հաշվի առնենք, որ իմ կամեցողության շրջանակում ողջ գյուղն է ընդգրկված, ուրեմն այստեղ բոլորն էլ իմ ընկերներն են: Բոլորին շատ սիրում և հարգում եմ, ինչը կվկայի ցանկացած բնակիչ: Ժողովուրդն է գնահատում գյուղապետի աշխատանքը: Դա ամենաբարձր, ամենապատվավոր գնահատականն է: Ահա թե ինչու մեր առաջին խնդիրը պիտի լինի ժողովրդի հետ, ժողովրդի համար աշխատելը: Բավարարվեմ փաստերը նշելով: 2011-ին ամբողջությամբ փոխել ենք շարքից դուրս եկած խմելու ջրի 48 կմ ներքին ցանցը: Լիարժեք ապահովված ենք խմելու ջրով: Կառավարության աջակցությամբ վերանորոգվել է մի դպրոցը, իսկ մյուսի վերանորոգումն իրականացվել է հանրահայտ Արա Աբրահամյանի բարերարությամբ: Վերանորոգվել է մշակույթի տան տանիքը: Կառուցվել է բուժամբուլատորիա: Ճանապարհների վերանորոգման հերթական ծրագիրն ենք իրականացնում: Գազաֆիկացում է անցկացվել: Ե՛վ Աբրահամյան եղբայրների, և՛ պետական աջակցությամբ: Այն շարունակվելու է նաև ԻՖԱԴ-ի ծրագրով, որպեսզի բնական գազով ապահովվածությունը հասնի 100 տոկոսի: Ներկայումս ընթանում են գյուղի երկրորդ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները: Համայնքի բյուջեից այդ նպատակով 4,5 մլն դրամ հատկացում է արվել, ինչպես նաև 2 մլն` Գագիկ Աբրահամյանի, իսկ մնացածը` Սոցներդրումների հիմնադրամի կողմից: Սա համայնքի համար կարևոր նշանակության խնդիր է: Վերանորոգումից հետո հնարավորություն կունենանք ավելացնելու մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Առայժմ յուրաքանչյուրն ունի մոտ 60 սան: Մեր վերանորոգված մարզադահլիճում այսօր 60-70 երեխա պարապում է ֆուտբոլ, ըմբշամարտ: Մարզի ֆուտբոլի առաջնությունում 1-ին տեղն ենք գրավել և արժանացել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պատվոգրին: Սպորտին մեծ կարևորություն ենք տալիս` ելնելով մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նրա մեծ նշանակությունից: Ինքս մարզիկ եմ և առավել եմ գնահատում դա: Պատահական չէ, որ Մալիշկան ճանաչվել է հանրապետության մարզական համայնք. գրավել ենք երկրորդ տեղը և արժանացել ՀՀ նախագահի 500 հազար դրամ պարգևին: Մշակույթի տան վերանորոգման խնդրով դիմել ենք նախագահին, նախագծային աշխատանքները կատարվել են, և, կարծում ենք, համայնքի համար այս անչափ կարևոր ծրագիրը կյանքի կկոչվի: Շատ կարևոր է նաև ճանապարհների ասֆալտապատումը, 3 կմ ճանապարհահատվածի նախագիծն արվել է: Գյուղապետարանը վթարային շենքում է, ուստի հիմնանորոգման անհրաժեշտություն ունի: Նախագիծն արել ենք, ինչի արժեքը կազմել է 2 մլն 170 հազար դրամ: Հիմնանորոգման համար կպահանջվի 64 մլն դրամ: Եթե դրսից աջակցություն չլինի, ապա կփորձենք մեր ուժերով, մաս-մաս իրականացնել այդ աշխատանքները… 

  Պարոն Մովսիսյանի տեղեկացմամբ, Մալիշկայում մարդկանց պատկանող սեփական  հողատարածքները փոքր են, ուստի անհնար է այդ ճանապարհով` հողագործությամբ կամ անասնապահությամբ զբաղվելով, հոգալ ապրուստի կարիքները: Ստիպված այլ տեղերում են աշխատանք փնտրում, շինարարությամբ են զբաղվում: Այստեղից արտագաղթն այնքան էլ նկատելի չէ. ժամանակավոր` արտագնա աշխատանքի մեկնողները վերադառնում են: Ամենակարևորը` աշխատասեր են, նախաձեռնող, ստեղծող: Նաև հյուրասեր են, հյուրամեծար: 
  Լավ պատկերացնելով համայնքային իշխանության հնարավորությունները, մարդիկ այստեղ դիմում են այնպիսի խնդիրներով, որոնց լուծումն իրատեսական է: Համայնքի ղեկավարը, անկախ այդ ամենից, ջանում է լուծումներ գտնել բարձրացված հարցերի համար, ամեն կերպ օգնական լինել իր բնակչին: Սոցիալական օգնության ծրագրեր ունեն, որոնք նպատակաուղղվում են անապահովների նվազագույն կարիքները բավարարելուն: Գյուղապետն օգնում է, ընդառաջում իր բնակչին անգամ այն դեպքերում, երբ տվյալ խնդիրն իր իրավասության շրջանակից դուրս է: Այս հարցում նրան օգնության է գալիս նաև ընկերական շրջապատը: Ունեցած ընկերական մեծ շրջապատի ուժերն ու հնարավորությունները ծառայեցնում է ի շահ համայնքի, ի շահ բնակչի: Որքան ամուր ընկերություն, լավ ընկերներ, այնքան ավելի շատ օգուտ, ավելի մեծ հաջողություն: 
  -Ես հարգում եմ այն մարդկանց,- նշեց Մհեր Մովսիսյանը,- ովքեր հարգում են ընկերությունը: Գյուղում ունենք ավագ տարիքի մարդիկ, ովքեր օրինակելի ընկերության տեր են և այդ կերպ երիտասարդությանը ոգեշնչում են: Ես ամեն կերպ քաջալերում եմ այդ մարդկանց: Անգամ եթե նրանք ինձ չեն էլ ընտրում, միևնույն է, ես նրանց նկատմամբ ունեցածս հարգանքը պահում, պահպանում եմ: Նրանց բարի օրինակը շատ կարևոր է երիտասարդության համար: Ընկերությունը փողի հետ համեմատության եզրեր չպիտի ունենա: Դոլարի կուրսը կարող է իջնել-բարձրանալ, ինչը մեզանից կախված չէ, իսկ ընկերության <<կուրսը>> մեր ձեռքերում է. որքան մեզ մաքուր պահենք, այնքան մեր պատիվը բարձր կլինի, մեր հեղինակությունն արժանի բարձրության վրա կլինի: Ընկերությունը մաքրություն է սիրում, փոխադարձ հարգանք ու վստահություն: Լավ ընկերությունը բերում է նաև լավ ապրելակերպի, բարձրացնում է մարդու կեցության մակարդակը: Մարդ կա, որ փողով հարուստ չէ, բայց հարուստ է ունեցած ընկերությունով: Վերջինս ավելի գերադասելի ու ավելի մեծ հարստություն է: Այո, ես շատ հարուստ եմ, քանի որ շատ ընկերներ ունեմ: Ամեն ընտրությանը ձայների ավելի քան 80-85 տոկոս ստանալով, հերթական անգամ համոզվում եմ դրանում, քանի որ այդ գործում շատ մեծ է ունեցածս ընկերության դերակատարումը: Ընկերությունս շատ մեծ է նաև համայնքապետերի շրջանում: Ընկերություն եմ անում Ռինդի Հուսիկի, Սարավանի Սիմոնի, Վայքի և Եղեգնաձորի քաղաքապետերի հետ: Առհասարակ, բոլոր այդ կարգի շփումները, վերջնական արդյունքում, համայնքի զարգացմանն են նպաստում: Ընկերությունն անշահախնդիր պիտի լինի, մաքուր, հիմնական: Ցանկությունս է նաև, որ <<Ընկեր>> թերթը հնարավորինս ավելի շատ օգտակար լինի մեր ժողովրդին, իր վեհ գաղափարների իրականացմանն արժանիորեն ծառայի: Մեր ազգի համար ընկերությունն ընդունված սրբությունների շարքում է, այնպես որ <<Ընկեր>> թերթը շատ մեծ առաքելություն ունի…  
SHARE