Արժանապատվությամբ ապրած կյանք, կենսագրության գրված ու չգրված էջեր

0
150

Մտերիմներն ու ընկերները` ՎԱՀԱԳՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ մասին
      Վլադիմիր Մովսիսյանի որդու` Վահագնի ընկերները մշտապես հիշում են նրան: Վահագնը ընկերների հիշողության մեջ միշտ վառ է մնում` լուսավոր, մարդկային, պայծառ ընկերոջ իր տեսակով: Ընկեր, որ կյանքով լեցուն էր, որ իր ներկայությամբ ուրախություն ու բարձր տրամադրություն կսփռեր, կյանք կհաղորդեր ընկերներին ու շրջապատին, այդ ուրախությունն ու տրամադրությունը կհամեմեր հումորով ու սրախոսությամբ, ինչը և մեծ վարպետությամբ կաներ: Նրա հետ կապված բոլոր հուշերը երկար են մնալու ընկերների հոգիներում: Հատկապես` Կառլեն Լևոնիչի, ով երբեք չի մոռանա իր ամենամտերիմ ընկերոջը, ում հետ շատ հետաքրքիր ու լավ օրեր են անցկացրել: Օրեր, որ ապրեցնող էին ու իմաստալից: Գրեթե միշտ միասին են եղել, և Վահագնին առանձնահատուկ է վերաբերվել…
      Հիշողությունները, կարոտը, ափսոսանքի զգացումը հանգիստ չեն տալիս: Ընկերոջ կորստի ցավը հոգու անհաշտ խռովք է առաջացնում: Ինչո՞ւ իր ընկերը… Կարիքը նրա շատ է զգում: Դատարկ է նրա տեղը, և այն ոչնչով լցնել հնարավոր չէ: Սփոփանքը շիրմին այցելելն է: Կարոտը մեղմելու համար հաճախ է առիթներ ստեղծում` ընկերներով հավաքվելու, վերհիշելու Վահագնի ապրած կյանքն ու միասին անցկացրած անմոռանալի ժամանակները, մեկ անգամ ևս բարձրաձայնելու, թե ինչպիսի հրաշալի ընկեր են ունեցել: Նման հանդիպումներից մեկի մասնակիցը լինելու բախտն ունեցանք: Վահագնի հասցեին հնչած խոսքերը, նրա մասին պատմությունները մեր մեջ միմիայն հիացմունք առաջացրին: Ցանկությունը մեծ էր  <<Ընկեր>> -ի էջերում ներկայացնելու ևս մի փառավոր ընկերոջ, ում մասին ընկերներն անվերջ խոսում ու խոսում էին, քանզի ասելու ու պատմելու շատ բան կար: Պատմություններ, որ ավելի շատ ուրախություն ու ժպիտ էին տարածում շրջապատում, ջերմացնում հավաքվածների սրտերը:

Ծիծաղն ու հումորը խնկի պես սփռվել էին սենյակում, իսկ խնկի բույրը, կարծես, Վահագնի հոգուց ճառագած ուրախություն լիներ: Ասես, նա էլ է այստեղ և իր ներկայությամբ զարդարում է ընկերական հերթական հավաքույթը: Անգամ մահն ի զորու չէր կոտրելու այն ուրախությունը, որը Վահագնից անբաժան էր: Անցել են տարիներ, և ֆիզիկապես բացակա լինելով, նա շարունակում է ընկերներին համախմբել վեհ ու սքանչելի գաղափարների շուրջ: Ընկերությունը նրա համար առանձնահատուկ էր, ինքը` մեծատառով ընկեր: Ընկերոջ այն տեսակն էր, ում մոռանալ չես կարող: Ավելին, նրա անձը` իր հոգևոր գոյությամբ, երկար կշարունակի ապրեցնելու լիցքեր հաղորդել հարազատներին ու մտերիմներին: Բացական նրա համար չէ…

   <<Շնորհակալ եմ իմ որդիներից, որ երբեք իրենց համար չեմ կարմրել>> .-այս խոսքերը Վլադիմիր Մովսիսյանինն են` ուղղված Վահագն ու Վարդան զավակներին: Դրանում, ինչ խոսք, մեծ դեր է խաղացել ընտանեկան դաստիարակությունը, և Վլադիմիր Միհրանիչի որդիներ լինելն արդեն իսկ մեծ պատասխանատվություն էր: Որդիների համար հայրը կուռք է եղել` հեղինակություն և մեծություն: Չէին կարող այլ կերպ լինել, ինչը, խոստովանենք, այնքան էլ հեշտ չէ: Ստիպված են եղել շատ բաներից զրկել իրենց` գիտակցելով, որ ցանկացած  <<շեղում>> կարող է այլ մեկնաբանություն ստանալ: Ավելի զգաստ, զգոն ու չափած-ձևած են իրենց պահել անգամ առօրյա, կենցաղային խնդիրներում: Հոր ցանկությունն էր, որ որդիներից մեկը ինժեներ, մյուսը բժիշկ լինի: Այդպես էլ, կարելի է ասել, եղավ: Վահագնը ինժեներական կրթություն ստացավ` ավարտելով գյուղինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետը, այնուհետև` Մոսկվայի Ա. Աղանբեկյանի միջազգային ակադեմիան: Աշխատեց  <<Արդշինբանկի>> մասնաճյուղի տնօրեն, ապա` գլխավոր տնօրենի տեղակալ: Պաշտոնավարեց Զարգացման հայկական գործակալությունում` տնօրեն: Կյանքի վերջին մեկ տարում Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր: Վարդանը բժիշկ է, շուրջ երկու տասնամյակի է հասնում նրա առողջապահական գործունեությունը: Ներկայումս ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետն է:
  <<Հայրս,-ասաց Վարդանը,-մեծ խելքի, ունակությունների և ինտելեկտի տեր մարդ է: Ղեկավարի բարձր վարկանիշ ունենալով հանդերձ, փայլուն հիշողություն ունի: Բաց ու անկեղծ է, ինչի համար նաև մեծ ժողովրդականություն է վայելում: Նրա հայրենասիրությունը չափ ու սահման չունի, ժովովրդասեր է, պարզ, հասարակ ու բարի: Այդ շնորհների արդյունքում նա եղել է ընդհանուրի սիրելին, կա և կմնա: Չի հանդուրժում սուտը, հատկապես` տղամարդու պարագայում: Չի սիրում, երբ մարդը, պաշտոնի հասնելով, այն ի չարս է գործադրում, փոխում վարքագիծն ու մարդկային նկարագիրը: Նրա խոսքերը հիշենք.  <<Պաշտոնը լավ բան է: Պետք է կարողանաս և օգտվել, և միշտ հիշել, որ այն մշտական չէ: Այսօր կարող է լինել, վաղը` ոչ: Իսկ ընկերների, շրջապատի նկատմամբ հարգանքը մնայուն հարստություն է: Ավելի շատ դրան պետք է ուշադրություն դարձնել>> : Մեզանից դա է պահանջել: Պահանջել է, որ լուրջ ու պատասխանատու լինենք մեր աշխատանքում, առավել լուրջ ու պատասխանատու` պետական պաշտոնի նկատմամբ: Հասկանալի է, մայրս է հիմնականում զբաղվել մեր դաստիարակությամբ, այդ հոգսը նրա ուսերին է եղել: Ընդ որում, 2 բուհ է ավարտել: Շատ կազմակերպված, բարի, արիստոկրատ կին է: Հայրս խոստովանում է` եթե ձեր մայրը չլիներ, ապա այդքան բարձր դիրքի, պաշտոնների չէի հասնի: Կատակով նրան իր աջ ձեռքն է համարում: Ահա, ծնողներիս այդ հատկանիշներն են ժառանգաբար անցել մեզ…>> :
    Խոսելով կյանքից վաղաժամ հեռացած /47-ը դեռ չբոլորած/ եղբոր` Վահագնի մասին, Վարդանը հոգու խոր ցավով ասաց.<<Նա բազմակողմանի զարգացած ու կարդացած էր, հանրագիտարան էր` ոտքի վրա: Բացի գեղարվեստական գրականությունից, նաև այլ` տեղեկատու, գիտական գրքեր էր կարդում: Սպորտի մեծ սիրահար էր, հատկապես` ֆուտբոլի:  <<Արարատի>> հետ  <<շրջագայում>> էր: Շատ եռանդուն էր: Մի տեղ երկար չէր մնում, անընդհատ վազքի մեջ էր: Սիրում էր ճամփորդել: Թեև սրտի հետ կապված խնդիրներ ուներ` դեռևս 2000-ից, բայց լիովին առողջ մարդու պես էր իրեն պահում: Ընդհանրապես, առողջությանն այդքան էլ ուշադրություն չէր դարձնում: Եղբայրներով նաև ընկերներ էինք: Մեր ընկերները միևնույն մարդիկ էին: Ընդհանուր ընկերություն ենք արել բոլորի հետ: Այսօր էլ այդ կապն ու մտերմությունը պահպանվում են: Շատ ընկերասեր էր, մաքուր ու անկեղծ, առանց ձևականությունների: Նաև շատ պարզ էր, այնքան, որ միամիտ մարդու տպավորություն կարող էր թողնել անծանոթի վրա: Դրա համար հաճախ էի դիտողություն անում, ինչին ի պատասխան ասում էր.  <<Ես այսպիսին եմ, ապրում եմ` ոնց ուզում եմ, ձևեր չեմ անում: Թե մարդիկ ոնց կհասկանան, դա արդեն իրենց խնդիրն է: Ով կհասկանա` լավ, ով էլ չի հասկանա` Աստված իր հետ…>> : Բայց, փառք Աստծո, գրեթե բոլորն էլ հասկանում էին: Կարող էր անգամ անծանոթ շրջապատում իր անկեղծությամբ, անմիջականությամբ ու հումորով այնպես անել, որ շրջապատի մարդիկ սիրահարվեին իրեն: Այնպիսի մարդկանց հետ կարող էր ընկերություն անել, որ առաջին հայացքից կարելի էր անկեղծ զարմանալ: Նրա համար տարբերություն չկար` մարդը մնում է մարդ… Բոլորն էլ, անկախ դիրքից ու վիճակից, իր համար ընկեր էին ու բարեկամ: Փոխադարձաբար, նրան էին նույն կերպ վերաբերվում: Սիրում էր ակտիվ հանգիստ, հատկապես` ծովափնյա հանգիստը: Ամեն ինչ տեսնելու ձգտումը անասելի մեծ էր: Մարդասեր էր, շուտ մտերմացող, անծանոթին անգամ կարող էր վստահել: Կանանց միջավայրում նույնպես իրեն շատ լավ էր զգում, սրախոսում էր, կատակներ անում: Շուտ աչքի ընկնող էր, շրջապատի համակ ուշադրությունը գրավող: Չնայած ծանրաբեռնվածությանը, ժամանակ գտնում էր ընկերական շփումների ու հանդիպումների համար: Ապրում էր իր ընկերներով: Ցավալիորեն կարճ կյանք ունեցավ, սակայն այդ կյանքը շատ բեղմնավոր ու հարուստ էր: Աշխարհ տեսավ ու ընկերական մեծ շրջապատ ստեղծեց: Թե ինչպես էր ամեն ինչ հասցնում, միայն զարմանալ կարելի է: Պետական աշխատանքը նրա համար պատասխանատվության ամենաբարձր աստիճանի վրա էր: Զարգացման հայկական գործակալությունը նրա շնորհիվ կայացավ, ինչի վկայությունը կառավարության բարձր գնահատականն էր: Բանիմաց էր ու բազմակողմանի զարգացած: Ծնողասեր էր, ակնածանքով լցված նրանց նկատմամբ: Նրա բացակայությունը դժվար է ինչ-որ կերպ լրացնել: Պարզապես, այնքան է դրսում եղել, որ թվում է, դեռ այնտեղ է և մի օր … վերադառնալու է: Ընկերների մինչև օրս շարունակվող վերաբերմունքը շատ թանկ ու աննկարագրելի հարգանքի, պաշտամունքի զգացմունք է առաջացնում: Ընկերների շարքում առաջինը Կառլեն Լևոնիչն է: Նրանց սերը շատ մեծ էր ու փոխադարձ: Հայրս միշտ ասում է.  <<Աշխարհում լավ մարդիկ շատ կան, ավելի շատ, քան վատերը: Բայց լավ մարդ լինելը դեռ քիչ է: Լավ մարդը պետք է շնորհք ունենա, այլապես նրա լավ լինելը ո՞ւմ է պետք>> : Կառլեն Լևոնիչը լավ մարդ լինելու հետ մեկտեղ շնորհալի է: Ընկերության համար պատրաստ է ամեն ինչի, հանուն ընկերության չի խնայի ոչինչ: Ընկերության մերանն է: Հպարտ ենք, որ նրա նման մեծ ընկեր ունենք: Միայն նա է ընդունակ ընկերական նման բացառիկ հանդիպումներ ու հավաքներ կազմակերպելու: Կորստի ցավը վերստին ապրելու հետ նաև հոգեպես թեթևանում ու կյանքի նոր լիցքեր ենք ստանում: Այո, Վահագնը կա, մեր կողքին է, ընկերների հոգում…>> : 
    <<Ղեկավարի տղա էր,-Վարդանի խոսքն ընդմիջեց Կառլեն Լևոնիչը,-բայց երբեք ավելորդ բան թույլ չէր տա: Առիթից չէր օգտվի, որ հայրը բարձր պաշտոնյա է: Շատ կարգապահ էր, իր շրջապատի մարդկանց երբեք չէր նեղացնի: Ընտանեկան հրաշալի դաստիարակություն էր ստացել: Մեծ գործերի ընդունակ անհատ էր, դրա բոլոր հնարավորություններն ուներ: Ունիկալ հիշողության տեր էր: Մարդամոտ էր, մաքուր ու անմիջական: Նրա հետ լինելիս երբևէ ձանձրանալու առիթ չէիր ունենա: Տրամադրություն, մթնոլորտ էր ստեղծում: Տաքարյուն էր, բարկության պահերին սահմանը երբեմն անցնում էր, ինչը գալիս էր նախանձելի պատվախնդրություն ունենալու զգացումից: Նրա հետ կապված հիշողությունները միայն լավ ապրումներ են պարգևում: Հումորի մեծ զգացում ուներ, ինչով և գրավում էր մարդկանց: Աշխարհի որ ծայրում ասես` ընկեր, ծանոթ ուներ…>> :
    Ընկերներից Սերգեյ Հովհաննիսյանը, ում հետ արտասահմանյան շատ երկրներում են եղել, մասնավորապես ասաց.  <<Վահագնը շատ բանիմաց ու պատվախնդիր այր էր, մեծ հայրենասեր: Արտերկրում պաշտոնական հանդիպումներին վարժ անգլերենով հայրենի երկրի մասին հանպատրաստից այնպիսի ճառ կարտասաներ, որ չէր կարելի հիացմունք ու հպարտություն չապրել: Ապշեցուցիչ էր: Կյանքով լի, կենսուրախ անձնավորություն էր: Անեկդոտն այնպիսի ոգեշնչվածությամբ էր հրամցնում դիմացինին, որ չէր կարելի ծիծաղից  <<չպայթել>> : Ընկերների, շրջապատի ուրախությունն էր: Կատակը, հումորն` իր հերթին, բայց երբ խոսքը Հայաստանին, հայ ժողովրդին էր վերաբերում, ամենալուրջ ու պատասխանատու վերաբերմունքով էր արձագանքում դրան: Վերլուծելու, համոզելու հրաշալի ունակության տեր էր…>> :
      Վահագնի ուսանողական ընկեր Արամ Քոչարյանը նույնպես շատ բան ուներ պատմելու: Նրա խոսքերով, Վահագնը ընկերների սրտում աննվաճ տեղ ունի: Միասին շատ են շրջագայել, գործնական հարաբերություններում եղել, միասին հրաշալի ժամանակներ ապրել: Նա, կարելի է ասել, աշխարհի քաղաքացի էր, չնայած ուր էլ գնար, Հայաստանը սրտում ու հոգում էր: Հետաքրքրասիրությունը, կենսուրախությունը նրան կտաներ ու կհասցներ աշխարհի ցանկացած վայր: Հայ լինելը նրա համար մեծ պատիվ ու բարձր պատասխանատվություն էր: Եռանդուն էր, պարզ ու անմիջական, մշտապես հումորից անբաժան: Ցանկացած իրավիճակից կարող էր  <<չոր դուրս գալ>> : Անլուծելի խնդիրներ չկային նրա համար…
***
    Ինչպես Ալեքսան Կիրակոսյանի և Վլադիմիր Մովսիսյանի միջև է հրաշալի ընկերություն ձևավորվել, այնպես էլ` նրանց որդիների: Այսպիսով, այդ հրաշալի զգացումը ժառանգաբար է փոխանցվել նրանց և որդիներն, ըստ էության, դարձել են իրենց հայրերի ընկերականության շարունակողն ու ամրապնդողը: Այս երկու հանրահայտ անձնավորությունները ոչ միայն աշխատանքի, այլև մարդկային ու ընտանեկան հանգամանքների բերումով են կապված եղել: Ահա, մեր այս զրույցը Ա. Կիրակոսյանի որդու` Գագիկ Կիրակոսյանի հետ է, որ հիմնականում ծավալվեց Վահագն Մովսիսյան անհատի շուրջ:
  – Մեր հայրերը մեզ` որդիներիս, համար,-ասաց պարոն Կիրակոսյանը,-կյանքի լավագույն օրինակ են եղել: Հայրս ասում էր.  <<Մարդը պետք է քնի ու արթնանա` իր ընկերներին սիրահարված>> : Ընկերությունը հոգեկան կանչ է, պահանջ: Ընկերոջը չես ընտրում, մարդուն տեսնում ես, և ընկերությունը ինքնին գալիս է` ինչպես սերը: Միանգամից սիրահարվում ես: Վլադիմիր Միհրանիչի և հորս` Ալեքսան Մատվեյիչի միջև գործընկերային հարաբերություններ վաղուց են սկիզբ առել, այդ կապը շատ մեծ էր: Մտերմիկ, ընկերական հարաբերությունները ձևավորվել են ավելի ուշ` 1970-ականների կեսերից: Եվ այդ մտերմությունն էլ միանգամից վերածվեց ընտանեկան մեծ բարեկամության: Մատվեյիչի և Միհրանիչի նման մարդիկ ընկերներ ընտրում են իրենց գենոտիպով, նման` իրենց ճակատագրին, հողի սկզբունքով, հետևաբար, այդ ընկերությունն ավելի ամուր հիմքերի վրա է լինում: Նրանց ընկերությունը մշակութային էր, պատմական ու ավանդական: Նրանց կապը հոգեկան հարազատություն ուներ: Բավականին հաճախ էին շփվում: Այդ ընկերության մեջ ակնհայտ, հայտնի, ճանաչված ու թաքնված իրողություններ կային: Որքան այդ մտերմությունը կայացած էր, այնքան վստահության աստիճանը բարձր էր…
  – Մատվեյիչի և Միհրանիչի ընկերության մեջ ի՞նչն էր գնահատելի:
 – Ընկերոջը տեսնելու պահանջը, ինչն ամեն օր յուրահատուկ կերպով էր արտահայտվում:  Ընկերության այդ, այսպես ասած, ձևաչափը հետևյալն էր` մի օր ընկերական հավաք մշակույթի մարդկանց, ասենք` գրողներիհետ, մի այլ օր այցելություն հանրապետության որևէ բնակավայր կամ իրենց ծննդավայր: Նման հանդիպումներում, ինչպես ասում են, հաճելին զուգակցվում էր օգտակարի հետ: Անտոն Քոչինյանից հետո նրանք էին մնացել, որ  հանրագիտարանային մակարդակով Հայաստանը գիտեին, և ոչ պակաս կարևոր էր միմյանց հետ շփվելու նրանց յուրօրինակությունը: Միմյանց տեսնելու, ինչ-որ հարցի շուրջ վերլուծություն անելու պատրվակ էին փնտրում` ամեն ինչի հանդեպ լուրջ վերաբերմունք ցուցաբերելով: Արդյունքում և ընկերական պահանջն էր բավարարվում, և գործնական առումով տեղաշարժ էր արձանագրվում: Հզոր էր այդ մտերմությունը, բայց և միաժամանակ պարզ, անկեղծ: Հայրենասիրությունն առանց ամպագոռգոռ խոսքերի էր, ազգային ավանդականությունը` բարձր մակարդակով պահպանված: Ահա այդ ամենը, կամա թե ակամա, փոխանցվել է նրանց զավակներին: Մեր ծնողների ընկերության տեսակը մեզ համար մեծ խթան ու ազդակ է: Պիտի կարողանանք նրանցից ժառանգածը պահպանել, շարունակել, ճիշտ ու նպատակային օգտագործել: Բավականին դժվար է այդ ընկերությունը, մանավանդ մեր օրերում, երբ հասարկությունն ավելի շատ դեպի նյութականն է գնում: Այդուհանդերձ, մեր բարեկամության ժառանգականությունը կայացավ` շնորհիվ մերծնողների, և մենք դարձանք նրանց ընկերության շարունակողը: Ստեղծված բարեկամությունը փոխանցվեց երեխաներիս: Շատ մոտ էինք և Վարդանի, և Վահագնի հետ: Վահագնը, ցավոք, այսօր չկա: Նրա դերը մեծ է եղել բոլոր այն ոլորտներում, որտեղ աշխատել է: Երկու եղբայրն էլ մեր հասարակության մեջ հարգված ու ճանաչված են եղել, Վարդանն այսօր էլ իր ոլորտում արժանի հեղինակություն է վայելում: 
  –  Գիտենք, որ ձեր ծնողները բավականին լուրջ ու պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, բայց ինչպես իրենք են զուսպ ապրել, այնպես էլ այսօր` նույնը նրանց երեխաների վարքագծում է: Այդպես էլ պիտի լիներ, այնպես չէ՞:
 – Բավականին բարդ ու հետաքրքրական հարց է: Նրանց պաշտոնեական հնարավորություններին այնքան էլ համարժեք չէին կենսական այն պայմանները, որոնցում ապրում էին: Կարելի է ասել, որ նրաց ընտանիքները չափավոր և անգամ նվազագույն կենսապայմաններ ունեին: Առաջնորդվում էին հասարակությունում ընդունված ընդհանուր վարքի կանոններով, օրենքի, կարգ ու կանոնի պահպանմանը հավատարիմ էին` ինչպես սովորական քաղաքացի: Մեր ծնողների պատիվը միշտ և ամենուր պետք է բարձր պահեինք: Կյանքի վերջին տարիներին հայրս սիրում էր կրկնել.  <<Մարդը պետք է ներքին ազատություն ունենա>> : Մեծ կենսափորձով այդ մարդը հասկացել էր, որ մարդ անհատը ազատ պիտի լինի ամեն ինչից, կախված չլինի նյութականից, պաշտոնից: Ամեն ինչ ընթանում է, փոխվում անընդհատ: Նրա ասածի մեջ, իրոք, մեծ խորհուրդ ու ճշմարտություն կա: Կյանքը որքան էլ բարիքներով լեցուն լինի, միևնույն է, աղբն անպակաս է, այսինքն, նյութականի մեջ է ավելի շատ հոգևոր ու բարոյական աղքատությունը… Մեր ծնողների պատվիրանը եղել է` ապրել զուսպ, չափի մեջ: Սրանք սոսկ բառեր չէին, սեփական օրինակով ու վարքագծով էին հաստատում դրանց իմաստն ու կարևորությունը: Կյանքի լավ դաստիարակություն էին ստացել, պատասխանատվություն ունեին ամեն ինչի հանդեպ և ամեն ինչից վերը նրանց համար բարոյականությունն էր:  
 – Ի՞նչ կասեք, մասնավորապես, Վահագնի հետ ունեցած մտերմության, ընկերության մասին: 
  –  Չնայած տարիքային տարբրությանը, ես ավելի մտերիմ էի Վարդանի հետ: Վահագնի հետ մեր մտերմությունը միշտ եղել է, բայց շփումը քիչ էր, նրա զբաղվածության և իմ աշխատանքի բնույթի պատճառով, առավել ևս երբ նա աշխատելու ընդունվեց մեր գերատեսչություն: Նրան շատ էի սիրում, մեր համակրանքը միմյանց նկատմամբ բավականին մեծ էր, բայց մարդկային տեսակի առումով ավելի շատ Վարդանի հետ էր այդ ընկերությունը: Վահագնի հետ ավելի շատ աշխատանքի բերումով ենք շփվել: Մեր հարաբերությունները նաև սերտացան, երբ ես Կալիֆոռնիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսն էի, իսկ Վահագնը Զարգացման հայկական գործակալության ղեկավարն էր: Դա 2003-06 թվականներին էր: Գործակալությունը, ինչպես գիտենք, զբաղվում է ներդրումների համակարգմամբ ու խրախուսմամբ: Վահագնը կարողացավ նրա գործունեությունը բարձր մակարդակի և բավարար արդյունավետության հասցնել: Այդ հիմնարկությունը կայացավ ի շնորհիվ Վահագն Մովսիսյանի: Շատ հեշտ էր գրավում մարդկանց` անկեղծ բնավորությամբ ու պահվածքով, ազդեցություն գործելու յուրահատուկ ունակությամբ: Մարդկանց սրտերը գրավելու ճամփան լավ գիտեր և ամենակարճ ժամանակում վստահության մթնոլորտ էր ստեղծում շուրջը: Իսկ գործընկերության մեջ և, մասնավորապես, գործարար ոլորտում առաջնային ու կարևոր գործոնը վստահության ապահովումն է: Վահագնը կարողանում էր դա անել և դեպի Հայաստան ներդրումների հոսք ապահովելու իրական երաշխիքներ ստեղծել: Պատահական չէ, որ պետական մակարդակով պաշտոնական այցելությունների ժամանակ պատվիրակության կազմում հաճախ էր ընդգրկվում և երբ, ցավոք, նա այլևս չկար, մեր երկրի նախագահը նման մի առիթով խոր ափսոսանքով հիշեց Վահագնին, մանավանդ նրա հումորն ու ժպիտը: Այո, առանց նրա ճանապարհ գնալն էլ դժվար էր… Նա կյանքում էլ, կարելի է ասել, դիվանագետ էր: Իսկ դիվանագիտությունը, գաղտնիք չէ, մեծ կուլտուրա է: Ունենալով իմացության անհրաժեշտ պաշար և բնավորության հրաշալի հատկանիշներ, մեծ առաջընթաց կարող էր ունենալ այդ ասպարեզում: Ցավոք, շատ շուտ ավարտվեց նրա փայլուն կարիերան: Մենք կորցրեցինք ոչ միայն լավ ընկերոջը, այլև լավ դիվանագետին… Նա ապրելու իր տեսակն ու կյանքի մոդելն ուներ: Բնավորությամբ տաքարյուն էր, շուտ բռնկվող: Շատ շուտ էր հաջողության հասնում, բայց դա նրան այնքան էլ չէր գոհացնում: Միաժամանակ մի քանի նախագծի ձեռք կզարկեր, ինչը տաղանդ է պահանջում: Մարդը պիտի կարողանա ունեցած ռեսուրսներով ամբողջությամբ ղեկավարել տվյալ գործընթացը: Վահագնը ստանդարտներից հեռու մարդ էր, էներգետիկ պաշարներով` անսպառ, բայց շռայլաբար էր վերաբերվում այդ ամենին: Չէր խնայում իրեն: Պիտի ջանար սեփական բնավորության զոհը չդառնալ: Ասում են, չէ, ամեն ինչ սկսվում է բնավորությունից, և ձևավորվում է մարդու ճակատագիրը…Վահագնին տեղում բռնացնելը շատ դժվար էր: Ընկերական մեծ շրջապատ ուներ և կարողանում էր բոլորին հասնել: Շատ ուշադիր էր ընկերների հանդեպ: Խղճով էր, ամեն ինչ ծանր էր տանում, սրտով էր ապրում: Շատ ջերմ անձնավորություն էր և ամեն ինչ վերցնում էր իրենից: Դա մարդու հանճարեղ ունակություն է: Կարճ ապրեց, բայց` բովանդակալից: Բազմաշերտ էր թե կյանքը, թե գործունեությունը: Հավատարիմ էր և աշխատանքին, և վստահված պաշտոնին, և ընկերությանը: Մարդկայինն էլ մի քանի շերտ էր պարունակում. կարող էր տարբեր մարդկանց հետ ընկերություն անել` բոլորին հավասարապես վերաբերվելով: Իր մեծությունը հենց իր պարզության մեջ էր: Մենք պարտավոր էինք պահպանել ու պաշտպանել նրան… 
 – Ձեր` եղբայրների ընդհանուր ընկերությունն ինչպիսի՞ դրսևորումներ ուներ:
 – Վարդանը բնավորությամբ ավելի խիստ է, ավելի զուսպ ու չափավոր, ավելի շատ հոր բնավորության կրողն ու շարունակողն է: Խիստ լինելով, շատ ջերմ էր եղբոր` Վահագնի նկատմամբ: Բնավորության տարբեր գծեր ունենալը երբևէ չէր խանգարում այն մտերմությանն ու հարազատությանը, որ կար նրանց մեջ:  Կարելի է ասել, մեկը մյուսին փոխլրացնում էր: Եղբայրներով ընկերներ էին և իրենց ընկերները երկուսինն էլ էին: Մենք էլ եղբայրներով` Աշոտի հետ, ընկերներ ենք: Իմ ընկերները նաև Աշոտի ընկերներն են: Բայց ես Աշոտի ընկերական շրջապատից ավելին եմ վերցրել, ինչի առումով նա ուղղակի հրաշալի օրինակ է: Մեր ընդհանուր ընկերներն էլ միասին են ընկերություն անում: Վահագնի ու Վարդանի պարագայում էլ այդպես էր: Ամեն ոք այս աշխարհում իր յուրահատուկ տեղն ու դերն ունի: Յուրաքանչյուր հեռացածի տեղը պարապ ու դատարկ է մնում, նրա կարիքը միշտ զգացվում է: Վահագնի, մեր մյուս վաղաժամ հեռացած ընկերների կարիքը զգում եմ: Նրանք նաև մեր երկրին ու մեր հասարակությանն էին պետք: Ուստի պահպանենք մեր ընկերներին, քանի դեռ նրանք կան…
    Գագիկ Կիրակոսյանի համար ընկերությունը լուրջ փորձություն է` ամբողջ կյանքի համար տրված: Ընկերոջ հետ նաև պիտի կռիվ տաս, նրանից բաժանվես, բայց նորից գաս ու միանաս: Դարձ ի շրջանս յուր…Հոգիդ ու կյանքդ հարուստ են ընկերով: Եթե հանկարծ աշխարհում վերանա ընկերությունը, ապա մարդիկ կվերածվեն ռոբոտների…
***
ՀՀ վաստակավոր արտիստ, հումորի վարպետ Աշոտ Ղազարյանի խոսքերով, հազվագյուտ մարդիկ կան, ում հումորն ընդունում է, անեկդոտ պատմելը` հավանում: Այդ մարդկանցից մեկն իր ընկեր Վահագն էր, ով կարող էր ոչ միայն անեկդոտը հրաշալի մատուցել, բարձր հումոր անել, այլև պատմել այնպիսի անեկդոտներ, որոնք երբևէ լսած չէիր լինի:
  <<Վահագնի հետ,-ասաց Աշոտ Ղազարյանը,-առիթից առիթ էինք հանդիպում, բայց նրան միշտ էլ ամենամտերիմ ընկերս եմ համարել: Վահագնի մասին խոսելիս միայն լավ բաներ են լեզվիդ գալիս: Եթե ուզենաս, ասենք, վատն ասել, չես կարողանա: Ինչո՞ւ… Որովհետև գեներով, ծագումով, ընտանիքով և, վերջապես, կեցվածքով արդեն իսկ լավն էր ու լավը: Հրաշք ընտանիքի զավակ, հրաշք եղբոր եղբայր: Նա մաքուր, պարզ ու հրաշալի մարդ էր: Մեծամտություն թող չլինի, եթե ասեմ, որ անեկդոտների 98 տոկոսը գիտեմ: Բայց Վահագնը ինձ զարմացնում էր` ոչ միայն հրաշալի պատմում էր, լավ ներկայացնում, այլև կարողանում էր այնպիսի անեկդոտներ պատմել, որ լսած չէիր լինի: Շատ բարձր էր նրա հումորը: Հումոր, որ բարձրացնում էր մարդկանց տրամադրությունը և դրական էներգիա հաղորդում շրջապատին: Բարի էր, ծիծաղը դեմքին: Արժե, թերևս, մեկ անգամ ևս ասել, որ այդպիսի ծնողներ ունեցող, այդպիսի ընտանիքի զավակը չէր կարող, պարզապես, վատը լինել: Բավական էր նրա ներկայությունը, որպեսզի շրջապատը յուրահատուկ համ ու հոտ ստանա: Եթե նա կար, ապա ես կարող էի հանգիստ նստել ու լսել` հումորը կար: Հաճույք պարգևող այդ պահերին ես ինձ գոհ ու բավարարված էի զգում: Վահագնի մեջ հումորի զգացումը մեծ էր, անասելի ու անպատմելի մեծ: Պատմելու իսկական վարպետ էր, մոտավորապես այնպիսին, ինչպիսին Մհեր Մկրտչյանն ու Յուրի Նիկուլինն էին ժամանակին: Բոլորին հասնում էր, կամեցող ու մեծահոգի էր: Նրան չսիրել չէր կարելի: Ինձ համար նա միշտ այդպիսին էլ կմնա` պայծառ, ժպտերես, բարեհոգի, ուրախ, անկեղծ… Իսկական ընկեր, որ աշխարհի որ ծերն ասես կգնար` ընկերոջը հանդիպելու, լավ մարդու հետ կիսվել-հաղորդակցվելու համար: Ահա թե ինչու տխուր է, երբ չկա սիրելի ու հարազատ ընկերդ…>> :
   Ապա, պատեհ առիթից օգտվելով` անդրադառնալով ընդհանուր ընկերության թեմային և մեծապես կարևորելով այն, հանրաճանաչ արտիստն ասաց. <<Ընկերները, առհասարակ, հարստություն են: Կարոտում եմ նրանց բոլորին: Նրանց պահանջը յուրաքանչյուր պահի զգում եմ: Հացի սեղանի շուրջ անպայման պետք է ընկերներովս շրջապատված լինեմ: Իմ ընկերը պետք է բարի, կամեցող, հասնող լինի, առանց ձևականության ու շահախնդրության: Երբեմն տարիներով մտերմություն ես անում և պարզվում է հանկարծ, որ այն չէ: Բացահայտվում է քեզ ընկեր համարածի իրական դեմքը: Շատ դաժան դեպք է: Ասես, տարիներիդ ստեղծածը մեկ վայրկյանում ջուրն ընկավ: Այնինչ, պետք է դողաս ընկերոջդ համար, որպեսզի չկորցնես: Նույնը` ընտանիքիդ դեպքում… Մարդն ամեն ինչի համար պետք է պատասխանատու լինի: Ամենամոտ ընկերս Հրանտ Թոխաթյանն է: Ունեմ մանկության` 40 տարվա ընկեր. Վարդանն է, որ Արագածոտնի մարզպետի խորհրդականն է: Մտերիմ ընկերներիցս է Աշոտը` վնասվածքաբան: Ընդ որում, ընտանիքներով ենք ընկերություն անում: Լավ մարդիկ, ցավոք, քիչ են: Ջանում եմ ճանաչածս լավերին միմյանց ծանոթացնել, իրար կապել: Որքան` շատ, այնքան լավ բոլորիս համար: Այդպիսի լավ մարդկանց շրջանակից իմ երկար տարիների հարազատ ընկերն է Կառլեն Լևոնիչը: Ընկերության մասին անգամ մտաբերելիս ակամայից առաջինը նրա կերպարն է դեմդ հառնում: Նրան կարելի է անվարան ընկերության էտալոն համարել: Ընկեր բառի համարժեքը, թող չափազանց չթվա, Կառլեն Լևոնիչ հասկացությունն է: Բառիս բուն իմաստով` իսկական ընկեր: Բոլորին նվիրված, հասնող ու բարյացակամ: Դիմացինին օգնելու համար, ինչպես ժողովուրդն է ասում, խելքն իրենը չէ: Բոլորիս մեջքին կանգնած է, ընկերական հավաքույթների  <<գլխավերևում>> … Ընկերներս որդուս` Արմանի հետ էլ են ընկերություն անում: Ընդհանրապես, ընտանիքներով ընկերությունն ավելի քաղցր ու համով է, սրբություն…>> :
   Աշոտ Ղազարյանի հետ զրույցն, անկասկած, առանց հումորի թեման  <<մի լավ տնտղելու>> անհնար է: Նրա համոզմամբ, հումորը պետք է բարի, ազնիվ լինի, ուսուցողական ու դաստիարակչական առաքելությամբ: Այս ոլորտում, ըստ մեր զրուցակցի, կան շնորհալի երիտասարդներ: Միայն թե ցանկալի է, որ ցենզուրան, այսպես ասած, մնա չափի մեջ: Պրոֆեսիոնալի առանձնահատկություններից մեկը հենց չափի զգացումն է, սահմանագիծը պահպանելը: Հանդիսականի ճաշակին հարմարվելուց առավել է նրա ճաշակը բարձրացնելը.ՙԱստված ինձ շնորհք է տվել, ուրեմն իմ պարտքն է այն ժողովրդիս տալը, մատուցելը: Մարդկանց ուրախացնելը, ժպիտ պարգևելը բարձր առաքելություն է: Արվեստի ամենամեծ խնդիրն ազգի մշակութային ճաշակը կրթելն է, մատաղ սերնդի ճիշտ դաստիարակության ապահովումը: Ահա այդ առաջնահերթության պահանջով հիմնեցի  <<Հումորի, խոսքի և ծիծաղի>> դպրոց-ստուդիան: Պարտադիր չէ, որ այն ավարտած երեխան այդ մասնագիտությամբ շարունակի, դրանով առաջ ընթանա: Կարևոր է, որ մշակութային կրթությունը նպաստի վաղվա քաղաքացու լիարժեք դաստիարակությանը, ազգային ժառանգության նկատմամբ հավատարմության պահպանմանը և, ընդհանրապես, արժեքային համակարգի ամրապնդմանը…>> :
   Դպրոց-ստուդիայի շուրջ մեր զրույցը շարունակվեց նրա տնօրենի, Աշոտ Ղազարյանի տիկնոջ` Մելանյա Ղազարյանի հետ: Տիկին Ղազարյանի տեղեկացմամբ, իրենց կրթօջախը եզակի է նաև այն առումով, որ այստեղ, դերասանական հմտություններից բացի, սաներին էստրադային ժանրի անհրաժեշտ գիտելիքներ են տրվում: Հաճախողների տարիքը 9-16 է, ուսման տևողությունը` 3 տարի: Դերասանական օժտվածությամբ երեխաներն ընդգրկվում են այստեղ բեմադրվող ներկայացումներում: Դասավանդվող առարկաներն են` երգ, պար, բեմական խոսք, դերասանի վարպետություն, արվեստի պատմություն: Ընդգրկել են բարձրակարգ մասնագետների, ովքեր տարբերի բուհերի դասախոսներ են: Մասնագիտական բուհ դիմած իրենց շրջանավարտների հաջողությունը 100 տոկոս է: Դպրոցը յուրօրինակ ընտանիք է հիշեցնում` փոխադարձ սիրով ու ջերմությամբ լցված: 
   Ի դեպ, Աշոտի և Մելանյայի ամուսնության հիմքում ընկերության գործոնն է: Լավ ընկերներ են եղել, հետո արդեն միմյանց սեր խոստովանել ու ամուսնական դաշինք կնքել: Ընկերությունն առաջին նախապայմանն է եղել, որ հետո ավելի մտերմանան ու սիրով լցվեն: Գնահատել են միմյանց արժեքը, իրար թև ու թիկունք եղել: Հատկապես` Մելանյան, որ խոստովանում է. <<Զգացել եմ, որ Աշոտն օգնության կարիք ունի, քանի որ բնավորությամբ մեղմ, բարի ու համեստ է, ինչը շատ դեպքերում հեշտ խոցելի է: Ազնիվ ու ընկերասեր է, եթե մեկին սիրեց, ապա նրան կնվիրվի ամբողջությամբ: Դրանով հանդերձ, եթե հանկարծ դիմացինի մեջ վատ բան նկատեց, ապա մեկեն կհիասթափվի, անգամ դերասանական մեծ վարպետությունը չի  կարողանա դա թաքցնել: Ընկերական մեծ շրջապատ ունի: 
     Շրջագայել է շատ և աշխարհի տարբեր ծեգերում ընկերներ ունի: Ամուսնական մեր ընկերությունն էլ տարիների հետ շարունակվում է, ինչն էլ նպաստել է, որ միմյանց առավել հասկանանք: Այնպես որ, միանշանակ այն կարծիքին եմ մնում, որ ամուսնությունից առաջ ընկերությունը շատ կարևոր նախադրյալ ու պայման է: Ընտանիքը մի ամբողջություն է, որ խաղաղ ու ջերմ մթնոլորտ է պահանջում: Մերն այդպիսին է…>> :
***
 <<Գրանթ Թորնթոն>> միջազգային կազմակեր-պությունը /Grant Thornton international CJSC/, որպես աուդիտորական ընկերություն, ամենամեծերից մեկն է Հայաստանում: Գործում է ԱՊՀ ողջ տարածաշրջանում: Ունի Հայաստանի ընկերությանը պատկանող մասնաճյուղեր Տաջիկստանում և Վրաստանում: Հիմնական գործունեությունը աուդիտորական ծառայություն մատուցելն է, ինչպես նաև հարկային և բիզնես խորհրդատվությունը: Ընդ որում, ծառայությունը ներառում է համակարգչային անվտանգության աուդիտ, կադրերի կառավարում և այլն: Աուդիտի իրականացումն ու ֆինանսական հաշվետվության հաստատումը կատարվում են միջազգային ստանդարտներին համապատասխան: Օգնում են մարդկանց և կազմակերպություններին, որպեսզի ֆինանսական հաշվետվությունը ճշգրիտ ներկայացնեն, կարողանան ճիշտ գնահատականներ ունենալ և, հետևաբար, անսխալ որոշումներ կայացնել: Ծառայություններ են մատուցում մեծամասամբ բանկային համակարգի, տեղական ու միջազգային կառույցների, ընդ որում` արտադրական, գործարար ոլորտների կազմակերպություններին ու ձեռնարկություններին: Եթե ոչ հեռու անցյալում մարդկանց պետք է բացատրվեր աուդիտորական ծառայության արժեքն ու կարևորությունը, ապա այսօր արդեն պատկերը բոլորովին այլ է: Գիտակցված վերաբերմունք կա այս կառույցի նկատմամբ և շահագրգռության փոխադարձ դրսևորում: Հարկ է նշել, որ հատուկ մեթոդոլոգիայով պարտադիր վերապատրաստում են բոլոր կադրերին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց  <<Գրանթ Թորնթոն>> -ի անդամ ընկերությունների զարգացման գծով գործադիր տնօրեն Արմանդ Փինարբասին` ընդգծելով, որ արդեն 15 տարի Հայաստանում է, այստեղ է ամուսնացել և երեխաներ ունեցել: 
    Բնականաբար, այդ տարիներին ընկերներ ու բարեկամներ է ձեռք բերել: Ապագա կնոջը հանդիպել է ընկերական շրջապատում: Երջանիկ է, որ նման կին, կյանքի ընկեր ունի: Մեր հանդիպման նպատակը ոչ միայն ընկերության գործունեության շուրջ զրույց ծավալելն էր, այլև Ա. Փինարբասիի ամենամտերիմ ընկերոջ` Վահագն Մովսիսյանի մասին զրուցելը: Մեր զրուցակիցը նշեց, որ իրեն ընկեր կարող է լինել ցանկացած ոք, ով պարզ է, ազնիվ, մաքուր, խելացի, բացսիրտ է, միևնույն աշխարհայացքն ունի և միևնույն արժեքների կրողն ու գնահատողն է: Մասնագիտական գրեթե բոլոր ոլորտներում էլ ընկերներ ունի: Շատ բարձր է իր համար ընկերության գիտակցումը: Այնքան բարձր, որ պատրաստ է իր հնարավորությունները ներդնել հանուն այդ գաղափարի և ի բարօրություն ընկերների: Վահագնի հետ ծանոթությունն սկսվել է վերջինիս` Զարգացման հայկական գործակալության տնօրեն աշխատելու ժամանակաընթացքում. <<Նոր էինք ծանոթացել, բայց կարողացանք հասկանալ, որ աշխատանքի բերումով մեր հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ցանկություն ունենք: Զգացվեց, որ երկուսս էլ նույն մոտեցումներն ու տեսակետներն ունենք շատ հարցերի շուրջ, որ բնավորության գծերով շատ հեշտ կարող ենք համատեղվել: Սկսեցինք ընկերություն անել, ընդ որում` մտերմաբար: Ընկերությունը` ընկերություն, իսկ աշխատանքի առումով երկուսս էլ պարտքի ու պատասխանատվության մեր բաժինը պահպանում և երբևէ գործնական հարաբերություններում մեկը մյուսով չէինք փոխարինում: Համատեղ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն զգացինք: Միասին ճանապարհ գնալու շատ առիթներ ունեցանք, ինչը մտերմության, ընկերության լավ հնարավորություններ է ստեղծում: Վահագնը բոլոր հարաբերություններում էլ բարձր մակարդակ էր ապահովում: Ինտելեկտուալ էր, բանիմաց ու պատրաստված: Լեզուների իմացության, տնտեսագիտության և շատ այլ հարցերում իրեն վստահ ու հանգիստ էր զգում, միաժամանակ շփվող ու ընկերական էր: Թվում էր, նրա համար անծանոթ մարդ գոյություն չունի, բոլորին ճանաչում էր, բոլորին ընդառաջում: Հյուրասիրելու ցանկությունն ու պատրաստակամությունը մեծ էր: Անասելի մեծ էներգիայի տեր էր, անընդհատ շարժման մեջ: Լավատես էր ու ժպտերես, ամեն ինչում միայն դրականն էր տեսնում: Շատ աշխատասեր էր և նորանոր գաղափարներից անպակաս: Մտածում էր հնարավորինս շատ արտասահմանցի ներդրողների ներգրավել Հայաստանի տնտեսության և գործարար ոլորտի զարգացման մեջ: Կատակասեր էր և այդ առումով ևս բարձր մակարդակ էր ապահովում: Ընդհանրապես, կենսասիրության ահռելի ձգտում ու ապրած յուրաքանչյուր րոպեն լեցուն դարձնելու մեծ ցանկություն ուներ: Նրա ներկայությունն արդեն իսկ բավական էր ուրախ մթնոլորտի ու բարձր տրամադրության ապահովման համար: Հնարավոր չէր ձանձրանալ` ժամանակն այնքան աննկատ էր թռնում Վահագնի հետ: Մագնիսի պես ձգում էր դեպի իրեն: Փնտրվող էր և, ընդ որում, միշտ հասանելի անձնավորություն: Շատ բան կար նրա մեջ, շատ բան էր համատեղված մեկ մարմնի ու հոգու մեջ… Վահագնի միջոցով ծանոթացա Կառլեն Լևոնիչի հետ, մարդու, ում հետ կիսելու շատ բան կարող ես ունենալ: Խոսքս, բնականաբար, հոգևոր ու բարոյական արժեքների մասին է: Երբ նրանք, առավել ևս` երկուսով, ներկա էին մեր ընկերական  հանդիպումներին, ապա հոգեկան հանգստությունն ու բավարարվածությունը լիարժեք էին դառնում: Հետաքրքրող ամեն ինչից կարելի էր խոսել և լավ ժամանակ անցկացնել: Միասին շատ լավ ընկերություն էինք անում…>> :   
   Շարունակելով զրույցը, պարոն Փինարբասին հավելեց, որ ուրախ է Վահագնի մասին խոսակցություն ծավալելու առիթով.<<Նրա կորստյան ցավը շատ մեծ էր, ժամանակ է պետք կատարվածի հետ հաշտվելու համար: Երբեմն հեռախոսն առնում եմ նրան զանգելու համար, բայց… Դժվար պահ է: Հարուստ էի նրանով, նրա հետ շփվելով, նրա փոխանցած էներգիան կլանելով` ուժեղանում էի: Նրա տեղը շատ է երևում: Սփոփանքը միայն այն է մնում, որ կարծես դեռ Չինաստանում լինի: Գոնե ինձ համար այդպես է… Բազում հիշողություններ են գալիս, մտովի կիսվում եմ նրա հետ, խորհուրդ հարցնում: Անգամ ֆիզիկապես եմ զգում նրա ներկայությունը, կարծես, կողքիս լինի: Ով ընկեր ունի, թող վայելի այդ քաղցրությունը: Կյանքը, ցավոք, նաև դաժան է` ունեցածդ տանում է անվերադարձ…>> :
     Ընկերների համար, ըստ մեր զրուցակցի, միշտ ժամանակ գտնում է, չնայած զբաղվածությունը մեծ է: Սիրում է ընկերների հետ լինել, իր ուրախությունն ու ցավը կիսել նրանց հետ: Փոխադարձը զգում է ընկերների կողմից: Ապրել է Ֆրանսիայում, այնտեղ մարդիկ միմյանց հետ շփվելու ժամանակ քիչ են ունենում, առանձնացված են ապրում: Անկեղծությունն ու միմյանց հոգսը կիսելը, հասկանալը պակասում են: Հայաստանում այդ ամենը հրաշալիորեն է ստացվում: Հայաստանն այդ առումով, Ա. Փինարբասիի համոզմամբ, հարուստ ու առանձնահատուկ երկիր է: Ըստ նրա, ամեն ինչ այստեղ փոխադարձ է, ստանում ես այն, ինչ տալիս ես>> …   
   Վահագնը չկա և, կարծես, հերթական այս հավաքում տխուր մթնոլորտ պիտի տիրեր, տխուր տրամադրություն պիտի ունենային նրա ընկերները, սակայն ճիշտ հակառակն էր: Հիշում ու ապրում էին նրանով և ջանում այնպես անել, որ Վահագնի բացակայությունը չզգացվի: Ընկերական սեղանի շուրջ անկեղծ, բաց ու հարազատ խոսքուզրույց էր տարածվել, և օրվա հերոսը ընդամենը ֆիզիկապես բացակա, բայց հոգեպես ու բոլորի սրտերի հիշողություններում թև առնող Վահագն Մովսիսյանն էր: Իր մշտահմա ներկայությամբ, առինքնող ժպիտով ու անսահման բարությամբ…
SHARE