Արժանի որդին, արժանի փոխարինողը

0
57

Ժառանգություն

Որ եղածին իրենն ավելացնում և իր ներդրումն է վստահորեն բերում

Վարշամ Հովհաննիսյանն Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքը ղեկավարում է 2012 թվականից: Մինչ այդ, ավելի քան 20 տարի, համայնքապետը հայրն էր` Բագրատ Հովհաննիսյանը:

Այո՛, որդին եկել է հոր գործը շարունակելու և կիսատ մնացած ծրագրերը կյանքի կոչելու. <<Կիսատ գործեր շատ կան համայնքում, և արդեն ձեռնամուխ ենք եղել դրանց իրականացմանը: Հիմա նորոգվում է մանկապարտեզը: Հին շենքն արդեն պիտանի չէր, ուստի նոր շենք ձեռք բերեցինք և այսօր նորոգում ենք` հուսալով, որ մինչև տարեվերջ կավարտենք: Ընթացքի մեջ է համայնքի գազաֆիկացման գործընթացը: Հնարավոր է, այս տարի էլ սկսենք աշխատանքները, համայնքի ներդրման չափը 20 տոկոս է: Հիմնական խնդիրներից է նաև մշակույթի տան վերանորոգումը: Ոռոգման ջուրը նորմալ է: Խմելու ջուրն ինքնաբուխ արտեզյան հորերից է, հիմա պակասել է` պոմպերով է մղվում: Գլխավոր ճանապարհն ասֆալտապատ է, իսկ երկրորդայինները` խճապատ: Առայժմ միայն գլխավոր փողոցը գիշերային լուսավորություն ունի: Ահա, այսպես, արվածի կողքին շատ են նաև խնդիրները, որոնց լուծմանը ձեռնամուխ կլինեմ` առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունում վերընտրվելուց հետո: Կիսատն ավարտի հասցնելու հետ մեկտեղ կանցնեմ նոր ծրագրերի իրագործմանը…>>: ԾԻԳ-ի հետ պայմանավորվածության համաձայն, նախակրթարան է բացվելու, 20 տոկոս պարտավորությունը համայնքապետարանն է ստանձնել: Սեպտեմբերից պիտի գործի նախակրթարանը:Armavir Haykashen Varsham Hovhannisyan (1)

Բագրատ Հովհաննիսյանն, անշուշտ, այդքան տարվա աշխատանքից հետո չէր կարող, պարզապես, տանը նստել, քանի որ թեև որդին է այսօր ղեկավարում համայնքը, ինչը վերջինիս ցանկությունն է եղել, այնուամենայնիվ, իր կարիքը դեռևս կա: Այնպես որ, համայնքապետի խորհրդականն է, ինչը, պարզ է, առավել պարտավորեցնող ու պատասխանատվությունն առավել բարձրացնող աշխատանք է: Նա փորձառու, բանիմաց ղեկավարի համբավ ունի, ուստի պատահական չէ, որ այն հատուկենտ համայնքապետերի շարքում է, ով պարգևատրվել է ԱԺ նախագահի մեդալով: Նրա մյուս կարևոր արժանիքներից մեկն էլ այն է, որ ընկերական մեծ շրջապատի տեր է: Նման հարաբերություններ են ձևավորվել Արմավիրի մարզպետի հետ, ինչն էլ իր հերթին է մեծապես նպաստել նրա աշխատանքին.

-Բոլորի հետ լավ հարաբերություններ եմ պահպանել, մարդկային մոտեցում ցուցաբերել: Այդ ամենը, բնականաբար, դրականորեն է անդրադարձել առաջին հերթին աշխատանքի արդյունավետության վրա: Մարդն իր էությամբ ընկերասեր, մարդասեր պիտի լինի, ժողովրդասեր: Դա մարդու տեսակի հարց է: Ես շատ լավ ընկերներ ունեմ, որ ինձ համար շատ կարևոր են: Ցանկացած մարդկային փոխհարաբերություն պիտի ընկերական մակարդակի վրա լինի: Թեկուզ հայր ու որդի, էլի ընկերություն պիտի լինի մեջները` բայց որոշակի սահմանափակումներով: Բոլոր դեպքերում ընկերությունը պետք է նպաստի աշխատանքը լավ անելուն, ընդհանուր գործերի հաջողությանը: Ընկերության մեջ առկա խոչընդոտները վերանում են, ինչն ազատություն է տալիս, ազատ ու անկաշկանդ շփվելու հնարավորություն: Իմ արածը տղաս պիտի տեսնի` սովորի: Ամենակարևորը գիտակցի` առաջին հերթին ժողովրդի ձայնին լինել ականջալուր, նրա շահերը պաշտպանել, բոլորին հավասար աչքով նայել: Մեր գյուղն առանձնահատուկ է այն բանով, որ բոլորը գրեթե բարեկամ ու հարազատ են իրար: Եվ այդ բարեկամությունն ու հարազատությունը պիտի պահել: Բոլորին լավ ճանաչելով հանդերձ, պիտի անհատական մոտեցում ցուցաբերես, յուրաքանչյուրի հետ, այսպես ասած, իր լեզվով խոսես: Իմանալով յուրաքանչյուրի գաղտնիքը, այն պահպանել կարողանաս: Գյուղապետի հիմնական գործը մարդկանց ճանաչելն է, նրանց դարդ ու ցավն իմանալը և հնարավորության սահմաններում այն թեթևացնելը…

Ընկերության մեջ, Բ. Հովհաննիսյանի համոզմամբ, կարևորը մաքրությունն ու անշահախնդրությունն են: Ընկերդ, ասենք, կարիքի մեջ է, ձեռք մեկնիր` առանց սպասելու, որ նա դիմի քեզ: Ընկերության պարագայում լիովին արդարացի է ամեն հնարավորություն մինչև վերջ օգտագործելը: Վարշամ Հովհաննիսյանը հորից շատ բան է ժառանգել, այդ թվում` ընկերասիրությունը. <<Ինչ տեսել, այն էլ սովորել եմ: Այո, ընկերությունը մեծ արժեք է, շատ կարևոր: Հորս ընկերները շատ հաճախ նաև իմ ընկերներն են դառնում: Առհասարակ, շատ ընկերներ ունեմ, ընկերներ, որ տարբեր բնագավառներում են իրենց մարդկային, մասնագիտական որակները դրսևորում: Պարզ, մաքուր ու զուլալ պետք է լինի ընկերությունը: Ընկերությունը քո աշխատանքին ոչ թե պետք է խանգարի, այլ ընդհակառակը` օգնի, նպաստ բերի: Իմ պարագայում հենց այդպես է…>>:

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիշա Եղշատյանը, խոսելով համայնքի ղեկավարի աշխատանքի մասին, հետևյալն ասաց.

-Երիտասարդ լինելն արդեն իսկ արժանիք է` դրան գումարած այն որակները, որոնք ժառանգել է ծնողներից, իր շրջապատից: Սիրված ու հարգված է համայնքում: Պոտենցիալը մեծ է, ահա թե ինչու համայնքի մեծամասնությունը ցանկացավ, որ հենց Վարշամը փոխարինի հորը: Գյուղում առաջընթաց կա, ակնհայտ է, և դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ նոր ժամանակակից տեխնոլոգիաներ են մուտք գործում մեր կյանք, որոնց պետք է պարտադրաբար տիրապետել և որոնք ներդնել աշխատանքում: Բագրատ Հովհաննիսյանն իր ժամանակին շատ լավ գործեր է արել գյուղի համար, ամենակարևորը` ժողովրդական մարդ էր և է, հասնում էր բոլորին: Մի խոսքով, լավ ղեկավարի լավ օրինակ է եղել, որ այսօր էլ շարունակում է իր նպաստը բերել համայնքին: Ժամանակի պահանջով այսօր էստաֆետը պատվով կրում ու տանում է որդին: Արժանի փոխարինում է…

Բագրատ Հովհաննիսյանի մտահոգությունների թվում ամենահիմնականն ու ամենացավոտը Ղարաբաղի խնդիրն է. <<Ղարաբաղի հարցը որքան շուտ լուծվի, այնքան շուտ կլուծվեն մնացած բոլոր հարցերը: Մեր ժողովուրդը շատ խելացի է, աշխատող ու ստեղծող: Հենց այդ խնդիրը լուծվի, հաջորդ օրն իսկ Հայաստանը կսկսի ծաղկել: 140 կամավորական ենք ունեցել: Ապրիլյան պատերազմին մեկ օրում 40 կամավոր զինվորագրվեց: Շատ հայրենասեր է հայկաշենցին: Անգամ նրանք, որ դրսում էին, արտասահմանում, պատերազմի լուրն առնելով` շտապեցին այստեղ, սահման: Մենք մեր ունեցածը, կարեցածն ու գիտեցածը ներդրեցինք, որ անարգ թշնամին իր դավադրությունը չիրականացնի…>>:

Նույն մտահոգությունը հավասարապես կիսում է նաև Վարշամ Հովհաննիսյանը` ցանկանալով, որ խաղաղություն լինի հայոց աշխարհում, որ մեր ժողովուրդը խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրի: Հայաստանի վիճակը բարեկեցիկ ու ապահով լինի, որպեսզի այստեղից ոչ թե գնան, այլ ընդհակառակը` ժամանակին գնացածները վերադառնան… Ի դեպ, գյուղում Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում տեղադրվել է Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար:

SHARE