Արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ

0
3

Ոլոտի կայուն զարգացումն ու առաջընթացն ապահովելու համար

Առողջապահություն

Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը, պատասխանելով <<Ընկեր>>-ի հետևյալ հարցադրմանը` վերջին տարիներին բուժհաստատություն դիմող հիվանդների շրջանում ինչպիսի՞ տենդենց է նկատվում, ինչպիսի՞ զարգացումներ կան և, առհասարակ, տվյալ տարածաշրջանում հիվանդացությունների փոփոխություններ նկատվո՞ւմ են արդյոք, այսպես ասաց.

-Վերջին տարիների ընթացքում լուրջ փոփոխություններ չկան հիվանդությունների այն ցանկում, որը հիմնականում հանդիպում և որի բուժմամբ զբաղվում է մեր կենտրոնը: Ներկայումս ավելի շատ են չարորակ նորագոյացությունները, որոնք արդեն իսկ բավականին տոկոս են կազմում եղած հիվանդությունների շարքում: Այդուհանդերձ, առաջնայինը սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն են, որոնցով էլ պայմանավորված է մահվան դեպքերի աճը: Եթե հիվանդությունների երիտասարդացման մասին խոսելու լինենք, ապա պիտի էլի ուռուցքային, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունները նշենք: Զգալի պակասել են աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, որոնք ժամանակին ահագին տոկոս էին կազմում: Իսկ դա հիմնականում կապված է սննդի հետ: Առաջ շատ էին մեծ քանակի սնունդ օգտագործում, ինչը բերում էր աղեստամոքսային տրակտի խանգարումների և տարբեր հիվանդությունների` սկսած ստամոքսի բորբոքումներից և վերջացրած խոցային հիվանդություններով: Հիմա, բոլորս էլ լավ գիտենք, ֆիզիկական ծանր աշխատանքը համարյա վերացել է, ինչի պատճառով մեծ քանակի սննդի անհրաժեշտություն չկա: Մարդիկ օրվա ընթացքում մի քանի անգամ քիչ քանակի սնունդ են ընդունում, և դա էլ նպաստել է տվյալ հիվանդության նվազեցմանը: Հայաստանում, ընդհանրապես, եղած հիվանդությունները բոլոր մարզերում էլ գրեթե նույնությամբ կրկնվում են, տարբերությունը չնչին` 1-2 տոկոս է կազմում: Ես չնշեցի, որ նաև էնդոկրին հիվանդություններն են ավելացել, ինչի հիմնական պատճառը սթրեսային գործոններն են, այն սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակը, որում այսօր հայտնվել են մարդիկ: Մի կարևոր հանգամանք ևս չմոռանամ նշել` այսօր ախտորոշման միջոցով հիվանդությունների բացահայտման հնարավորությունն է մեծացել: Ներկայումս հնարավոր է մարդուն անգամ մոլեկուլյար մակարդակով հետազոտել և ստանալ պատասխանը, թե ինչ է կատարվում տվյալ անձի ներսում: Մեր կենտրոնի հնարավորությունները, ճիշտ է, այդքան էլ մեծ չեն, բայց մարզային մակարդակով բավականին բարձր աստիճանի վրա ենք` լինելով հանրապետությունում առաջին հիմնանորոգված ու արդիականացված բուժհաստատությունը: Մենք ստացել ենք այն անհրաժեշտ բուժտեխնիկան և միջոցները, ինչը հնարավոր է մեր պարագայում: Այսինքն, ունենք այն ամենը, ինչը բավարարում է մեր բնականոն կենսագործունեության ապահովմանը: Մեր պայմանները բավականին լավ են, բոլոր ծառայությունները /ծնունդ օգնություն, գինեկոլոգիա, վիրաբուժություն` իր բոլոր ճյուղերով, թերապևտիկ, մանկական բաժիններ և այլն/ պատշաճ գործում են, բժիշկ-մասնագետների պակաս չունենք: Լուրջ առաջընթաց կարելի է համարել այն, որ վերակենդանացման բաժանմունքը 24 ժամ հերթապահ բժիշկ ունի: Մեր բժիշկները բարձր որակավորում ունեն: Բուժծառայությունների մատուցման ընդհանուր քանակով ու մակարդակով մարզային առաջնակարգ կենտրոններից մեկն ենք:

-Պարոն Սահակյան, որպես երկարամյա փորձառություն ունեցող բժիշկ և ղեկավար, ի՞նչ խնդիրներ կմատնանշեք Ձեր ոլորտում և ինչպիսի՞ բարեփոխումների անհրաժեշտություն եք տեսնում:

-Առողջապահության ոլորտը բավականին լուրջ խնդիրներ ունի: Առաջինը` ֆինանսավորման առումով: Պետության կողմից երաշխավորված ֆինանսական հատկացումն այսօր բավականին քիչ է և իր նպատակին չի ծառայում, քանի որ այդ գումարը ոչ այնքան կոնկրետ հիվանդի բուժմանն է ծառայեցվում, որքան այլ կարիքների ծախսերը հոգալուն: Երկրորդը, ինչից էլ հենց պետք է սկսել ոլորտի ընդհանուր բարեփոխումները և ինչն էլ այսօր արվում է, համակարգային արմատական փոփոխություններ կատարելն է: Աշխարհում չկա, ըստ իս, այդպիսի երկիր, ինչպիսին մերն է, որտեղ, ասենք, ամեն 20 կմ-ի վրա բժշկական կենտրոն լինի` իր հիվանդանոցային մահճակալներով: Դա իրեն չի արդարացնում: Այդ մահճակալային ֆոնդը, կարելի է ասել, կիսով չափ է ծանրաբեռնված, և դա պահելը շատ թանկ հաճույք է: Այսինքն, պետք է կրճատել հիվանդանոցների քանակը, որովհետև միայն մահճակալ ունենալ-դնելը դեռ չի նշանակում լիարժեք բուժում կամ բուժծառայություն իրականացնել: Դրա հետ մեկտեղ պետք է լինեն համապատասխան սարքավորումներ, բուժտեխնիկա, ինչպես նաև բարձրակարգ ու լուրջ մասնագետներ, ինչի պակաս մենք այսօր շատ ենք զգում: Չունենք, քանի որ բժիշկների վարձատրությունը շատ ցածր է: Եթե նախկինում բժշկությունը համարվում էր, այսպես ասած, էլիտար մասնագիտություն, ապա այսօր արդեն երկրորդական-երրորդական պլան է մղվել: Այն առումով, որ բժիշկը քրտնաջան աշխատում և հնարավոր ամեն ինչ ներդնում է` դրա դիմաց չնչին վարձատրություն ստանալով կամ ոչինչ չստանալով: Հուսով եմ, իհարկե, որ սա էլ ժամանակավոր է, անցողիկ խնդիր, քանի որ նման կերպ հնարավոր չէ առաջ շարժվել, առավել ևս` հաջողության հասնել:

-Առողջապահական ապահովագրության ներդրման անհրաժեշտության մասին ինչպիսի՞ նկատառումներ ունեք:

-Այսօր արդեն ստացել ենք առողջապահության ապահովագրության նոր փաթեթը, սա սոցիալական այն խմբերի մասին օրենքն է, որոնք ունեն այդ հնարավորությունը սոցփաթեթի շրջանակներում: Այն օգտագործելուց հետո արդեն կանցնենք այլ խմբերի ապահովագրություններին: Առհասարակ, առողջապահական ապահովագրությունը կարելի է համարել բավականին որակյալ համակարգի երաշխիք: Բայց ես այն համոզմանն եմ, որ ապահովագրական բժշկությունն ավելի շատ կարող է լինել հարուստ երկրներում: Մեր պայմաններում` գործազրկություն, ցածր աշխատավարձ և այլն, այնքան էլ իրատեսական ու խելամիտ չէ: Անկախ ամեն ինչից, առիթն օգտագործելով, դիմում եմ մեր բնակչությանը` երբևէ չխուսափել բուժհիմնարկներ դիմելուց, ժամանակին այցելել բժշկի: Այդպես հնարավոր կլինի ավելի քիչ ծախսումներով վերականգնել առողջությունը: Միշտ ասել և այսօր էլ ասում եմ` բժշկից վախենալ պետք չէ, նրան ընդամենը հարգել է հարկավոր: Ես նշեցի խնդիրների ու դժվարությունների մասին, և, այդուհանդերձ, չպետք է անտեսել նաև առկա հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք, իրոք, ծանրակշիռ ու արժանահիշատակ են: Ամենակարևորը` մենք մեր խնդիրը ցանկացած պարագայում կատարում ենք մեծ պատասխանատվությամբ ու բարեխղճորեն, հիվանդի կողքին ենք և միշտ պատրաստակամ` նրան ծառայելու, օգնություն ցուցաբերելու: Պետք է լավատեսությունը չկորցնել և խելամիտ լինել բոլոր հարցերում, առողջության պահպանման առումով` առավել ևս…

SHARE