Արվածը, թեև, ծանրակշիռ, բայց դեռևս քիչ է, և ավելին պիտի արվի գյուղացու համար…

0
17

Համախմբում

-Արդեն 15 տարի է,- նշեց Սերոբ Միքայելյանը,- որ ղեկավարում եմ Կապուտան համայնքը: Աշխատանքներն սկսել ենք գազաֆիկացումից: Այս գործում մեզ մեծ  օգնություն ցուցաբերեց Գագիկ Ծառուկյանը, ում միջոցներով մեկուկես տարվա ընթացքում շուրջ 70 տոկոսով գազաֆիկացում կատարեցինք: Դա խթանեց գյուղի հանդեպ մարդկանց հավատի վերականգնմանը: Հաջորդ կարևոր խնդիրը խմելու ջրինն էր: Ինչպես կառավարության, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի հատկացրած միջոցներով կարողացանք 10 հազար գմ ներքին ցանցի խողովակ փոխել, ինչի արդյունքում բարելավվեց իրավիճակը: Երկու գլոբալ խնդիր դեռևս սպասում են իրենց լուծմանը` կոյուղի և ոռոգման համակարգ: Առանց ոռոգման ջրի, ինքներդ էլ լավ հասկանում եք, հողագործությունն անիմաստ է դառնում: Այս խնդրում մեզ օգնելու խնդրանքով դիմել ենք համապատասխան մարմիններին: Նախորդ տարի բացեցինք նախակրթարան` մարզպետի անմիջական աջակցությամբ, ԾԻԳ-ով և գյուղապետարանի 3-4 մլն դրամ ներդրումով հիմնանորոգելով շենքը: Ուրախալին այն է, որ գյուղում աճ, զարգացում ունենք` առաջին հերթին ծնունդների հետ կապված: Գյուղմթեքների` կաթի, մսի իրացման հարցում խնդիրները դեռևս մնում են: Չնայած այդ և մյուս դժվարություններին, մեր ժողովուրդն աշխատասեր է, հավատը չի կորցնում լավ ապագայի հանդեպ, ինչն էլ ինձ առավել է պարտավորեցնում: Կապուտանցին առանձնանում է իր հյուրասիրությամբ, քանի որ արարող է, իսկ արարող մարդը չի կարող հյուրասեր չլինել: Եթե ժամանակին հողատարածքները 40-50 տոկոսով էին մշակվում, ապա այսօր այդ թիվը գրեթե կրկնապատկվել է: Պետությունն այսօր օգնում է այդ հարցում: Համոզված եմ, որ ինչ արվել է, դեռևս քիչ է, պիտի ավելին արվի, ինչի հնարավորությունը կա, ի վիճակի ենք մեր ժողովրդին օգտակար լինել, նրա մատից փուշ հանել…

Ընթացիկ տարում, պարոն Միքայելյանի խոսքերով, համայնքի միջոցներով վերանորոգելու են մշակույթի տան առաջին հարկը, ինչի արդյունքում մշակութային կյանքն էապես կաշխուժանա: Գյուղապետ-բնակիչ փոխհարաբերությունների սերտացման առումով շատ կարևոր է հավատի, վստահության առկայությունը միմյանց հանդեպ, հանդուրժողականությունը, փոխըմբռնումն ու օգնության պատրաստակամությունը:  Գյուղացին երբևէ խտրական վերաբերմունք չպիտի զգա, գյուղապետը բոլորին հավասար աչքով պիտի նայի: Գյուղապետարանի աշխատակազմից ևս շատ բան է կախված: Միմյանց հարգանքով ու սիրալիր պետք է վերաբերվել, որպեսզի ընդհանուր` համայնքային կյանքը բնականոն հունով ընթանա:

Գյուղապետ Սերոբ Միքայելյանը, կարելի է առանց սխալվելու ասել, ընկեր է իր  բնակչի, համագյուղացու հետ: Հոգատար է հատկապես նրանց նկատմամբ, ովքեր առավել անապահով ու սոցիալապես կարիքի մեջ են: Պատրաստակամորեն առաջարկում է իր օգնությունը` առանց սպասելու, որ գան, դիմեն կամ խնդրեն: Այսինքն, լավ գիտի յուրաքանչյուրի հոգսերն ու խնդիրները, լավագույնս տեղեկացված է համայնքի բոլոր անցուդարձերին: Ահա թե ինչու, արժանի վստահություն ու հարգանք է ձեռք բերել, սիրված ու գնահատված է համայնքում: Կապուտանն ունի իր գլխավոր հատակագիծը, ինչը ևս վկայում է գյուղի զարգացած լինելու մասին: Ի դեպ, մշակույթի տունը կառուցվել է Ալ. Թամանյանի որդու` Գևորգ Թամանյանի նախագծով, և հետևաբար, որպես պատմական արժեքավոր հուշարձան, իրավամբ գյուղի խորհրդանիշներից մեկն է համարվում:

Սերոբ Միքայելյանի խոսքերով, ընկերությունը մարդու կյանքի ճիշտ անցած ճանապարհն է: Ասա` ով է ընկերդ, ասեմ ով ես դու. սա ճիշտ մոտեցում է: Նրա համար ընկերությունը սրբություն է, պարտավորեցնող: Անշահախնդիր պիտի լինել: Առանց վարանելու` դիմացինիդ օգնության ձեռք մեկնել, եթե նա ծանր վիճակում է հայտնվել: Ընկերական մտերիմ հարաբերություններ ունի մարզի Զովաշեն, Զառ, Կոտայք, Կաթնաղբյուր, Նոր Գեղի և Ակունք համայնքների ղեկավարների հետ: Աբովյանի քաղաքապետի հետ ընկերությունը վաղուց է:

Մարզպետ Կարո Գուլոյանի հետ ևս ընկերական հարաբերություններ կան, ինչն առավել է պարտավորեցնում, որպեսզի տարվող աշխատանքներն անթերի ու ժամանակին կատարվեն. <<Նրա մարզպետ լինելն ավելի է պարտավորեցնում, քանի որ մեր ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել: Առավել ուրախ ենք, որ նա է ղեկավարում մարզը…>>:

Կապուտանի համայնքապետը նշեց, որ իրենց ընկերն է նաև Գագիկ Ծառուկյանը, քանի որ ընկերաբար կանգնած է իրենց կողքին, օգնում ու աջակցում է: