Արվածը ծանրակշիռ է

0
18
Ոչ պակաս ծանրակշիռ աշխատանքն առջևում է…

Համայնք

      Հրաչ Մուրադյանը, 2005 թվականից ղեկավարելով 5800 բնակիչ ունեցող Պռոշյան համայնքը /Կոտայքի մարզ/, այդ ընթացքում բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել: Մասնավորապես, 80 մլն դրամի ասֆալտապատման և 65 մլն դրամի գազաֆիկացման աշխատանքներ են կատարվել: Բացի այդ, ամբողջովին հիմնանորոգվել ու կահավորվել են մանկապարտեզը, բուժամբուլատորիան և համայնքապետարանը: Կառուցվել է մարզադահլիճ, Երևան-Աշտարակ մայրուղու աջակողմյան բարձունքին վեր է խոյացել զոհված ազատամարտիկների պանթեոնը, իսկ գյուղի կենտրոնական հրապարակում տեղադրվել են նրանց կիսանդրիները: Նոր կոյուղագծեր են անցկացվել, այս ոլորտում ներդրված գումարի չափը հասնում է 14 մլն դրամի: 
       Տեղեկացնելով այս մասին, գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Լուսինե Պետոյանը նշեց նաև, որ կենտրոնական փողոցում գիշերային լուսավորություն է անցկացվել: Այս ուղղությամբ դեռևս 8 մլն դրամի աշխատանքներ էլ պետք է կատարվեն: Բացառապես բարերարների աջակցությամբ է իրականացվել բուժամբուլատորիայի, մարզադահլիճի և մանկապարտեզի վերանորոգումը, իսկ դպրոցի գազաֆիկացումն ու առանձին ջեռուցմամբ ապահովումը` համայնքապետարանի միջոցներով: Գյուղում խմելու ջրի մատակարարումը շուրջօրյա է, այստեղ խնդիրներ առաջանում են միայն հաճախակի պատահող վթարների դեպքում: Վթարավերականգնողական աշխատանքները ժամանակին են իրականացվում: Առհասարակ, համայնքի բյուջեի միջոցներից մշտապես դրամական օգնություն է հատկացվում սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքներին և ուսանողներին: 
      Խոսելով Հրաչ Մուրադյանի մարդկային տեսակի ու նկարագրի մասին, տիկին Պետոյանը նախ նշեց, որ նա մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմական գործողություններին: Բնավորությամբ շատ բարի անձնավորություն է, մարդկային հատկանիշներով օժտված ղեկավար.

    -Ըստ էության, մարտական ուղի անցած անձը չէր էլ կարող բարի ու մեծահոգի չլինել: Չի եղել դեպք, որ գյուղացին ինչ-որ հարցով /անկախ դրա բնույթից/ դիմի նրան և անպատասխան մնա կամ չբավարարված հեռանա: Անպայման կընդառաջի և աջակցություն կցուցաբերի: Շատ հետևողական ու սկզբունքային ղեկավար է: Ինչ գնով ուզում է լինի` տված խոստումները մինչև վերջ կատարում է: Չափից ավելի սրտացավ է գյուղին ու գյուղացուն վերաբերող ցանկացած խնդրում, մեծապես կարևորում է մատաղ սերնդի հայեցի դաստիարակության անհրաժեշտությունը…
      Առաջիկայում կայանալիք ՏԻՄ ղեկավարի ընտրությանը կրկին առաջադրվելն, ինչ խոսք, բնավ ինքնանպատակ չէ Հրաչ Մուրադյանի համար: Կան կիսատ մնացած գործեր, ծրագրեր ու նախատեսումներ, որոնք իրենց հերթին են սպասում: Պարոն Մուրադյանի հավաստիացմամբ, գյուղում պետք է մեծ զբոսայգի և խաղահրապարակ կառուցվի: Առաջիկա երկու տարում Պռոշյանն ամբողջությամբ պետք է ասֆալտապատվի և լուսավորվի: Գազաֆիկացման, ջրամատակարարման խնդիր ունեն միայն նորակառույց թաղամասերը: Համայնքի ղեկավարի խոսքերով, այսօր առաջնահերթ կարևոր ու առանցքային է մատաղ սերնդի կրթության, դաստիարակության խնդիրը: Համայնքի միակ դպրոցը գործում է խիստ ծանրաբեռնված` այնտեղ  հաճախում է 800 երեխա /350 տեղանոց, 3 հերթ/: Երկրորդ դպրոցի կառուցման անհրաժեշտությունը կա, իսկ դրա համար, հասկանալի է, դրամական մեծ ներդրումներ են հարկավոր, ինչի հնարավորություն համայնքը չունի: 
        -Մեր շվեյցարահայ բարերարը,-ասաց պարոն Մուրադյանը,-ով նաև իմ ընկերն է և օգնել է մեզ ժամանակին վերանորոգելու մանկապարտեզը, պատրաստակամ է նոր դպրոցի կառուցման հարցում էլ մեզ աջակցել: Սակայն տվյալ հարցը պետական միջամտությամբ միայն կարող է իրականանալ, ուստի քանիցս բարձրաձայնել ենք, դիմել կառավարություն: Միհրանի նախաձեռնությամբ 200-300 տոննա տարողությամբ սառնարան կկառուցվի, որը մեր գյուղացուն հնարավորություն կտա ապահով պահելու աճեցրած բերքը և վաճառելու իրեն ձեռնտու գնով: Ունեմ ընկերական մեծ շրջապատ, որի միջոցով շատ ու շատ հարցեր են լուծվել և լուծվում համայնքի համար: Ընկերությունն, առհասարակ, ամեն ինչ է ինձ համար…
         Նրա համար լավ ու վատ ընկեր չկա: Ընկերն ընկեր է: Իր ընկերներն ազնիվ են ու շատ հայրենասեր.
      -Չկա մի տեղ, որ ընկերոջ կարիքը չզգաս: Կյանքի և՛ ուրախությունները, և՛ դժվարությունները կիսում ես ընկերոջդ հետ: Ընկերությունն, անշուշտ, մեր կյանքի հիմնաքարերից մեկն է: Այն միաժամանակ մեծ պատասխանատվություն է, որը կրելուն պիտի պատրաստ լինես: Արցախյան պատերազմում կռված Պռոշյանի ջոկատի զինվորներից մեկն եմ: Մեր գյուղից 100-ից ավելի մարդ է մասնակցել պատերազմին` փառապանծ ճանապարհ անցնելով: Մարտական մեր ընկերներից շատերը զոհվեցին հանուն իրենց ընկերների: Հայրենիքը սրբություն է, սրբություն է նաև ընկերությունը: Հանուն այդ սրբությունների յուրաքանչյուրս պետք է զոհաբերության պատրաստ լինի: Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսևորենք և լավ հայ լինելու պատվին արժանանանք: Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել: Ես պետականամետ ու պետական մտածելակերպ ունեցող մարդ եմ: Երկրիս նախագահն աշխարհի ամենահզոր նախագահն է…
     Հրաչ Մուրադյանը չմոռացավ նշել, որ իր ղեկավարած համայնքի համագործակցությունը սերտ է նաև ԼՂՀ-ի մի շարք բնակավայրերի,  համայնքների հետ: Մշտական կապը պահպանվում է: Ամեն տարի այցելելով Լեռնային Ղարաբաղ, գրենական պիտույքներ և այլ օգնություն են բաժանում տեղի դպրոցներին: Մի խոսքով, տարիների ընթացքում ստեղծված փոխհարաբերությունները ջերմ են ու ընկերական…
SHARE