Արվածն ակնհայտ է, տեղաշարժը` զգալի…

0
18

Առաջընթաց

      Սերյոժա Առաքելյանը 3160 բնակիչ ունեցող Գեղակերտ համայնքը ղեկավարում է 2004 թվականից: Այդ տարիներին այստեղ մեծ փոփոխություններ են տեղ գտել կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: 
     Գյուղապետարանի հաշվապահ Սուսաննա Գալստյանը տեղեկացրեց, որ 2004-ից սկսած միայն բյուջեի կատարողականը հասցրել են 100 տոկոսի: Սերյոժա Առաքելյանը, ընտրվելուց հետո, սեփական միջոցներն է ներդրել գյուղապետարանի շենքի վերանորոգման համար, այնուհետև, ինչ խոսք, այդ միջոցները հավաքագրված գումարների հաշվին հետ են վերադարձվել: Ապա գազաֆիկացում անցկացվեց այնտեղ: Համայնքը գրեթե ամբողջությամբ գազաֆիկացված է, մնացել է նորակառույց թաղամասերի 1-2 փողոց: Վերանորոգվել է մանկապարտեզի շենքը, կառուցվել է առանձին խաղահրապարակ: Այստեղ 2 խումբ է գործում: Մշակույթի տան 1-ին հարկի մի մասն է վերանորոգվել: Համատեղ ֆինանսավորմամբ /համայնքի ներդրումը` 15 տոկոս/  բուժամբուլատորիան է վերանորոգվել: Համայնքապետարանն անհրաժեշտությոան դեպքում դպրոցին է ֆինանսապես աջակցել: Կարիքավոր ընտանիքներին է սոցիալական օգնություն տրամադրվել: Խրախուսվում են նորաստեղծ ընտանիքները, Տյառնընդառաջի տոնի առթիվ նրանք նվերների են արժանանում, նորածիններին 50-հազարական դրամի չափով օգնություն է հատկացվում: Ամանորի առթիվ նվերներ են բաժանվում: Մշտապես օգնություն է ցուցաբերվում զոհվածների ընտանիքներին: Կառուցել են զբոսայգի` բարեկարգելով տարածքը, աշխատանքները դեռևս շարունակվում են: Ասֆալտապատվել են կենտրոնական փողոցները, ինչում համայնքը 15 տոկոս ներդրում է արել: Մյուս փողոցները խճապատվել են: Խմելու ջրի ներքին ցանցում ջրագծեր են փոխվել: 

Գեղակերտն այսօր շուրջօրյա ջրամատակարարում ունի: <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով 10 մլն դրամից ավելի գումար է ներդրվել ոռոգման համակարգում, մեծածավալ աշխատանքների իրականացման արդյունքում կիսախողովակներ են տեղադրվել, ինչով և լուծվել է համայնքի ոռոգման խնդիրը: Առաջիկայում ավարտի կհասցվեն մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Մանկապարտեզում նախատեսված է առանձին ջեռուցում անցկացնել: Վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն խմելու ջրի ներքին ցանցում: 
    Տիկին Սուսաննայի ներկայացմամբ, գյուղը շատ է զարգացել` շնորհիվ Սերյոժա Առաքելյանի ջանքերի ու հետևողական, նվիրյալ աշխատանքի: Դա, անշուշտ, աննկատ չի մնում գյուղացիների աչքից, ահա թե ինչու մեծապես հարգում ու գնահատում են իրենց գյուղապետին: Համայնքի ղեկավարն ընդառաջում է բոլորին, ցանկացած իրավիճակում որևէ ելք գտնում. <<Շատ խիստ, պահանջկոտ ու աշխատասեր մարդ է պարոն Առաքելյանը, հետևողական է, ոչինչ անտարբերության չի մատնի: Միաժամանակ, մեծահոգի ու սրտացավ է, անչափ մեծ պատասխանատվություն ունի: Երբ ընդունեց գյուղապետարանը, աշխատավարձերի գծով միան 15 մլն դրամի չափով պարտք ունեինք: Ժամանակին մարեց այդ պարտքերը: Նրա օրոք համայնքը գիշերային լուսավորմամբ ապահովվեց: Ընդ որում, կենտրոնական փողոցն ամբողջությամբ է լուսավորված` գյուղապետարանի միջոցներով: Համայնքապետարանի կողմից շաբաթական 2 անգամ աղբահանություն է կատարվում: Գյուղում պատշաճորեն նշվում են բոլոր տոները: Գյուղապետի մյուս կարևոր ծառայությունն էլ այն է, որ համայնքը նրա շնորհիվ համախմբվել է: Մի խոսքով, մեր գյուղապետը սիրված ու հարգված անձնավորություն է: Ունի ընկերական մեծ շրջապատ, ճանաչված է մարզում և նրա սահմաններից դուրս: Բարի ու կամեցող ընկեր է: Եթե մի աշխատանք ձեռնարկեց, ապա այն անպայման բարեհաջող ավարտի կհասցնի: Անձնական օրինակով խրախուսում է մնացածներին, լավ ու բարի գործերի մղում…>>:
      Համայնքի ավագանու անդամ Գեղամ Ենոքյանի խոսքերով, գյուղում արված ամեն լավ գործ ու ձեռնարկում կապված է Սերյոժա Առաքելյանի անվան հետ: Նրա պաշտոնավարման շրջանում է գյուղն առաջընթաց ապրել ու զարգացել: Շատ ընկերական է, շատ լավ ընկեր, լավ մարդ: Ձեռք է մեկնում, աջակցում բոլորին: Նույն կարծիքը լսեցինք նաև գեղակերտցի հասարակ մարդկանցից…
SHARE