Արվածն ակնհայտ է,

0
19

իսկ արվելիքի հաջողության հարցում կասկածներ չունեն…

Համայնք

   -Համայնքը ղեկավարում եմ 2000 թվականից,- ասաց Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի ղեկավար Արտաշես Գալստյանը,- և այդ ընթացքում բավականին աշխատանք է կատարվել: Վերանորոգել ենք դպրոցի նախ ուսումնական մասը, իսկ նախորդ տարի` մարզադահլիճը, միջանցքները, սանհանգույցը, ապահովել ենք գույքով: Բացի այդ, բացվել է նախակրթարան, որտեղ 15 երեխա է հաճախում: Նիգավանում ամենացավոտը մինչև օրս շարունակում է դեռևս մնալ խմելու ջրի հարցը: Սոցներդրումների հիմնադրամի կողմից 2003-ին կատարվեց խմելու ջրի արտաքին ցանցի վերանորոգում, բայց, թերևս, միայն կենցաղային /խմելու համար ոչ պիտանի/ ջրերի մասով: Մի շարք այլ աշխատանքներ կատարվել են <<Վորլդ Վիժն>> կազմակերպության կողմից: Համաֆինանսավորմամբ խաղահրապարակ ենք կառուցել, միաժամանակ` նաև տարեցների համար զբաղմունքի կենտրոն: Չնայած ջրահեռացման համակարգերի առկայությանը, ամեն տարի ճանապարհների խճապատում ենք կատարում, քանի որ հորդառատ անձրևներից, սելավներից եղած խիճը <<մաքրվում, գնում>> է: Ջրահեռացման առուներ կառուցելու անհրաժեշտություն է առաջանում: Անելիքներ, արվելիք գործեր դեռ շատ ունենք: Մայիսի վերջին <<Վորլդ Վիժն>>-ի կողմից խորքային հոր է հորատվելու /150 մ/: Ընդհանուր գումարի /26 մլն դրամ/ 15 տոկոսը /շուրջ 3 մլն/ համայնքն է ներդնելու: Այդ հորի միջոցով կփորձենք լուծել համայնքի խմելու ջրի հարցը:

Համայնքապետն այնուհետև տեղեկացրեց, որ Նիգավանն անասնապահական գյուղ կարելի է համարել: Մոտ 1400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, մանր եղջերավորի քանակը փոքր է` մոտ 100: Տվյալ ճյուղը զարգացնելու համար հեռագնա արոտների ջրարբիացման հարցն առաջին հերթին պետք է լուծեն: Պայմաններ պետք է ապահովվեն, որպեսզի մարդը ստիպված չլինի թողնել հայրենի գյուղը և արտագնա աշխատանքի մեկնել: Այսօր այդ տենդենցը, ցավոք, կա:
 -Ջանում ենք,- շարունակեց պարոն Գալստյանը,- առկա խնդիրները մեր հնարավորությունների սահմաններում լուծել: Շատ խնդիրներ, այնուամենայնիվ, մեր ուժերից վեր են: Խնդրել ենք կառավարությունից, դիմել հանրապետության նախագահին, որպեսզի լուծվի գյուղ մտնող ճանապարհի ասֆալտապատման խնդիրը: Մոտ 4 կմ-ի հասնող այդ ճանապարհահատվածը գրեթե անանցանելի է: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին առաջադրել եմ թեկնածությունս, որպեսզի ավարտի հասցնեմ դեռևս կիսատ գործերը և, մասնավորապես, վերջնականապես լուծեմ խմելու ջրի հարցը…
    Հարկ է նշել, որ գյուղի գազաֆիկացումն իրականացվել է երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անմիջական աջակցության շնորհիվ: Ի պատասխան մեր հարցի, Արտաշես Գալստյանը նշեց, որ հասկացող մարդը պետք է ընկերներ ունենա, առանց ընկերության չի պատկերացնում կյանքը, աշխատանքը.
  -Պետք է ընկերներ ունենալ տարբեր տարիքներում և բոլոր ասպարեզներում: Ահա այդ առումով ես հարուստ մարդ եմ և շնորհակալ եմ, որ նման ընկերներ ունեմ: Ընկերներս փորձել են գյուղի համար ինչ-որ բան անել: Իմ համագյուղացի ընկերներ` հայր և որդի Վահրամ, Վարուժան Ադամյաններն իրենց վրա վերցրեցին եկեղեցու վերանորոգման գործը, և այսօր Նիգավանը գործող եկեղեցի ունի: Ընկերներիցս Վարիչ Գևորգյանը խաչքար է տեղադրել` ի պատիվ գյուղի հիմնադրման 180-ամյակի: Իմ շատ ընկերներ միշտ կողքիս կանգնած են և օգնում են մի շարք հարցերում…
   Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Գարեգին Հովհաննիսյանը նշեց, որ շուրջ 15 տարի աշխատում է գյուղապետի հետ: Ըստ նրա, պարոն Գալստյանի համար առաջնահերթ է մարդկանց հասանելի լինելու և նրանց օգտակար լինելու մեծ ձգտումը: Համայնքի բնակիչների հանդեպ շատ սրտացավ է, բոլորի խնդիրներն էլ իրենն է համարում: Շատ ընկերական է, աշխատանքային կոլեկտիվում ավելի շատ ընկեր է, քան ղեկավար: Օժտված է մարդկային լավագույն արժանիքներով, ծագած խնդիրները ընկերական միջավայրում էլ լուծվում են: Զրուցակցիս հավաստմամբ,  ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ գործող գյուղապետը ձայների  մեծամասնությամբ վերընտրվելու է: 
   Իսկ առաջատար մասնագետ Հայկազ Գալստյանը, ով 2000 թվականից է աշխատում, նշեց, որ բացի լավից, երբևէ վատը չեն տեսել գյուղապետի գործունեության մեջ: Միշտ աշխատանքի մեջ է, անում է ամեն ինչ, որպեսզի համայնքի խնդիրները լուծվեն: Արված գործերը շատ են, արվելիքի հաջողության հարցում էլ չեն կասկածում: Մարդկային հատկանիշները գերակշռում են համայնքապետի վարքագծում, ընկերական է ու արդարամիտ…         
SHARE