Արվել է ամեն հնարավորը

0
25

Համայնքի ողջ բյուջեն օգտագործվել է տեղին ու նպատակային

Կառուցողական

Հրաչիկ Սալնազարյանը, մինչև Փանիկ համայնքը ղեկավարելը /2008 թ./, եղել է համայնքապետի տեղակալը: Պաշտոնավարման ժամանակաշրջանում բազմաթիվ աշխատանքներ ու ծրագրեր է կյանքի կոչել:

Առաջին իսկ օրից կազմակերպել է աղբահանությունը` աղբը հատկացված վայր տեղափոխելով: Մաքրել են սելավատարները կենցաղային աղբից: Կենտրոնական փողոցների ասֆալտապատման, վերանորոգման, փոսալցման, ջրահեռացման, իսկ ձմռան ամիսներին մաքրման աշխատանքներ են կատարվել: Արտաքին լուսավորության ցանցն են ընդլայնել: Ոռոգման ցանցի 1050 մ խողովակաշար է կառուցվել: Խմելու ջրի ներքին ցանցի քայքայված, վնասված հատվածներն են վերանորոգվել: Դաշտամիջյան ճանապարհներն են հարթեցվել ու փոսալցվել: Արոտավայրերում անասուններին խմելու ջրով ապահովող պոմպակայանի, տրանսֆորմատորային ենթակայանի, խողովակաշարի վերանորոգման, նոր խմոցների տեղադրման աշխատանքներ են կատարվել: Երկու հակակարկտային կայանքներ են տեղադրվել: Վերանորոգվել է մշակույթի տան 120 քմ տարածք` ծառայելով որպես խաղասենյակ:

Ի դեպ, մշակույթի տունը փայտե ծածկով է և անմխիթար վիճակում: Այն ամբողջովին հիմնանորոգելու նպատակով համայնքապետը դիմել է պատկան մարմիններին, քանզի համայնքի բյուջեով հնարավոր չէ նման ծավալի ներդրում անել: Վերանորոգում է կատարվել արվեստի դպրոցում, մանկապարտեզում և գյուղապետարանի շենքում: Կառուցվել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Հոսանքագիծ է /350 մ/ անցկացվել գերեզմանատանը:

Պարոն Սալնազարյանի խոսքերով, միջնակարգ դպրոցին տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին կառուցվել է կաթսայատուն, սպորտհրապարակ, խաղահրապարակ, ինչպես նաև փոխհատուցվել են անապահով ընտանիքների երեխաներին տրամադրվող դասագրքերի վճարները: Այս ապրիլին կազմակերպվել է հագուստի, սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների տեսքով օգնություն Արցախում քառօրյա պատերազմից հետո սահմանները պաշտպանող կամավորական ջոկատների ու ժամկետային զինծառայողների համար: Ֆինանսական օգնություն է հատկացվում անապահով ընտանիքներին և բուհերում սովորող ուսանողներին: <<Հայ ասպետին>> մասնակցել են դպրոցի աշակերտները, ամբողջ ծախսը գյուղապետարանը վերցրել է իր վրա: Դրամական օգնություն է ցուցաբերվել Արցախյան պատերազմի մասնակիցներին, զոհված, ինչպես նաև հետագայում մահացած ազատամարտիկների ընտանիքներին: Ֆինանսական օգնություն է տրվել եկեղեցուն` հարակից տարածքի մաքրման ու բարեկարգման նպատակով: Հրդեհներից, քամուց և բնական այլ աղետներից տուժածներն են դրամական օգնություն ստացել: Օգնել են նաև էքսկուրսիաների կազմակերպմանը, ֆուտբոլի և այլ մարզական խմբակներին: Կազմակերպվել են ամենամյա մշակութային միջոցառումներ, երեխաներին Ամանորի նվերներ են հանձնվել և այլն: Մի խոսքով, եղածի սահմաններում, այն, ինչ հնարավոր էր անել, արվել է: Համայնքի ողջ բյուջեն օգտագործվել է նպատակային:

Առաջիկա ընտրությանը Հրաչիկ Սալնազարյանն առաջադրել է թեկնածությունը: Ոռոգման խնդիրը գերխնդիր է մնում գյուղի համար: Վերընտրվելուց հետո համայնքի ղեկավարի նպատակն է լինելու հարակից համայնքների հետ միասին գործն ավարտի հասցնել, այսինքն, Մանթաշի ջրամբարից 7 կմ փակ խողովակաշարով ջուր բերել: Գյուղնախարարությունը զբաղվում է այդ խնդրով, և կաշխատեն միասին իրականացնել այդ ծրագիրը: Գլոբալ այդ ծրագրով կլուծվի ոռոգման ջրի խնդիրը: Մշակույթի տան խնդիրը մտադիր են լուծել` դիմելով արտերկրում գտնվող համագյուղացիների օգնությանը, ինչպես նաև արտասահմանյան դոնոր կազմակերպություններին: Հավելենք, որ ներկայումս 250 մլն դոլար արժողության ծրագրով կատարվում է խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում:

Ինչպես այնուհետև տեղեկացանք, գործող համայնքապետն ունի 3 մրցակից: Գյուղում մթնոլորտը հանգիստ է, մարդիկ գիտակցաբար են մոտենում ընտրական գործընթացներին:

-Ես ամեն կերպ նպաստում եմ,- ընդգծեց պարոն Սալնազարյանը,- որ ամեն ինչ խաղաղ, օրենքի սահմաններում անցնի: Գյուղացուն միշտ էլ պատշաճորեն եմ ընդունել, բաց ու անկեղծ ներկայացրել եմ առկա խնդիրները, այնպես արել, որ մարդը գոհ ու բավարարված հեռանա գյուղապետարանից: Ինձ մոտ մտնողն անպայման բավարարված է հեռանում, իր հարցի պատասխանն ստացած: Կանգնած եմ գյուղացու կողքին, պարտավորված եմ, գիշեր լինի, թե ցերեկ, լուծելու նրանց խնդիրները: Ցանկանում եմ, որ գյուղացիները զգոն լինեն իրենց ընտրության հարցում: Ընտրեն ամենալավին` անկախ այն բանից` ես կլինեմ, թե մեկ ուրիշը…

SHARE