Արվել է հնարավորը

0
33
ժողովրդի վստահությանն արժանանալու և այն պահպանելու համար

Բնակավայր

 -2003 թվականից ղեկավարում եմ համայնքը, – ասաց Կոտայքի մարզի Հացավանի գյուղապետ Շավարշ Սարգսյանը:- Մարտի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել եմ թեկնածությունս: Թեև այս ընթացքում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, բայց կան գործեր, որոնք վերընտրվելուցս հետո պետք է իրականացվեն: Գյուղում գազ չի եղել, և իմ ղեկավարման տարիներին է ամբողջովին  գազաֆիկացվել: Նոր դպրոց ենք կառուցել. ՀՀ նախագահի ֆինանսավորմամբ, մյուս աշխատանքներն իրականացվել են գյուղապետարանի միջոցներով: Գյուղամիջի, դաշտամիջյան ճանապարհներն ենք վերանորոգել: Խմելու ջրի ջրագծեր են փոխվել` 2 կմ-անոց երկու տարբեր հատվածներ: Մասնակի վերանորոգվել է գյուղապետարանի շենքը: Մանկապարտեզ ունենք, բայց երեխաների անհրաժեշտ թվաքանակ չապահովելու պատճառով չի գործում: Ասեմ, որ դպրոցում ունենք ընդամենը 42 աշակերտ: Գրեթե 70 տոկոսով ապահովված ենք խմելու ջրով: Ոռոգման ջուր գյուղը չունի, իսկ գյուղնշանակության հողատարածքներում ոռոգման ջուր ունենք: Ոռոգման ջրի հարցը ներառված է համապատասխան ծրագրում. 2008-ից խոստանում են, որ այդ ծրագիրը կգործի, բայց մինչև օրս որոշակի ոչինչ չկա: Պետք է ոռոգման ջրի նոր համակարգ ստեղծվի: Ծրագիրը կա, ֆինանսավորումը կա, բայց աշխատանքներն այդպես էլ չեն սկսվում: Սարերի ջուրը պետք է գյուղ հասցվի: Տնամերձ հողամասերը գրեթե չեն ոռոգվում, գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, նաև աշխատում են հարևան ամառանոցներում: Պետք է մշակույթի տունը հիմնանորոգել, կարգավորել ոռոգման ջրի խնդիրը, խմելու ջրի ջրագծերի խողովակների մնացած 50 տոկոսը ևս փոխել: Երկու փողոց ասֆալտապատման կարիք ունի: Խնդիրները, մի խոսքով, շատ են, սպասում ենք, որ երկրի ընդհանուր վիճակը լավանա, որպեսզի պետական հատկացումների ծավալը փոքրիշատե ավելանա և ի վիճակի լինենք առկա խնդիրները բարեհաջող լուծել:

    Պարոն Սարգսյանն այնուհետև նշեց, որ աշխատանքներ իրականացնելուն զուգահեռ կարևոր է համագյուղացիների կողքին լինելը, նրանց բոլոր առումներով նեցուկ կանգնելը: Ինչ հարցով դիմել են` անձնական կամ այլ, առանց բացառության բոլորի կողքին կանգնած է եղել: Օգնել են կարիքավոր ընտանիքներին: Եթե գյուղացուն չօգնես, նրա հոգսը չհոգաս, ապա կզրկվես նրա վստահությունից և ընտրությանն, անշուշտ, հաջողություն չես ունենա: Այսքան տարի համայնքը ղեկավարելը գալիս է վկայելու, որ Շավարշ Սարգսյանը մշտապես կիսել է բնակչի հոգսերը, եղել է նրա կողքին: Համայնքի բյուջեի միջոցներից հատկացումներ են արել  սոցանապահովներին նաև բուժծառայության և այլ հրատապ խնդիրներ լուծելու համար: Շատ կարևոր է, այո՛, որ ժողովրդի կողմից ընդունված ու հարգված լինես, որպեսզի վստահաբար նրա քվեին արժանանաս: Համայնքի ավագանին ակտիվ է, ցանկացած հարց նրա հետ համատեղ է լուծվում: 
    -Մրցակից չունեմ,- մեր զրույցի վերջում ասաց համայնքապետը:- Եթե ժողովուրդն զգար, որ այս տարիների ընթացքում չեմ աշխատել և չեմ արդարացրել նրա վստահությունը, ապա մրցակից, հաստատ, կունենայի: Համոզված եմ, որ նորմալ աշխատում եմ, դրա համար էլ այսօր հակառակորդ չունեմ: Հավելեմ, որ բոլոր ընտրություններն էլ մեզ մոտ բնականոն հունով են ընթանում, առանց խոչընդոտների, և համոզված եմ, որ այս անգամ էլ նույն կերպ կլինի, և ժողովուրդն իր ակտիվ մասնակցությունը կունենա այս կարևոր գործընթացին…
SHARE