Արվել և արվում է հնարավորը

0
72

Համայնք

watermarked_Vayoc dzor Getap Gagik Aloyan-Այս տարի գլոբալ ծրագրեր ենք իրականացրել համայնքում,- ասաց Վայոց ձորի մարզի Գետափի գյուղապետ Գագիկ Ալոյանը:- Միայն 90 մլն դրամ արժողության ծրագիր ենք կյանքի կոչել գազաֆիկացման ոլորտում, ինչի արդյունքում բնական գազով ապահովվածությունը հասել է 100 տոկոսի: Սա արվել է գյուղական համայնքների զարգացման ծրագրով, որտեղ մեր ներդրումը կազմել է 8 մլն դրամ: Լուսավորվել է Եղեգնաձորյան խճուղի փողոցը /1350 մ, 5,7 մլն դրամ/: Ընդհանուր լուսավորված է 4 կմ ճանապարհահատված: Շուտով կսկսենք ոռոգման ցանցի 2,4 կմ հատվածի վերակառուցումը մետաղական խողովակներով, նախագծերն արվել են, 4,8 մլն դրամ ներդրվել: Մայր առվի մոտ 800 մ հատվածն էլ կիսախողովակներով է փոխարինվելու: Վերանորոգում է կատարվել մանկապարտեզում. մարզպետարանն է 20 մլն դրամ հատկացրել, համայնքն իր ներդրումն արել: Մնում է, որ դրսի էլեկտրականությունն անցկացվի, հիմա գույքի հարցն ենք լուծում: Մարտի 1-ից գործելու է, առայժմ` 60 երեխայի համար: Փողոցներն ենք խճապատել, բարեկարգել /մոտ 5 մլն դրամ/, կառուցել 2  ավտոկանգառ: Մոտ 3 կմ երկարության խմելու ջրի ջրագիծ ենք անցկացրել նոր թաղամասում: Միակ գլոբալ խնդիրը, թերևս, մնացել է կենտրոնական փողոցի ասֆալտապատումը: Վարչապետը, լինելով մեր համայնքում, խոստացել է մեզ աջակցել այդ հարցում: Նախահաշիվը պատրաստ է /150 մլն դրամ/, 20 մլն դրամ հատկացվել է փոսերը լցնելուն, գարնանը կսկսենք հիմնական աշխատանքները /մոտ 1400 մ/: Աշխատանք ենք տանում երրորդ գերեզմանատան համար. տեղն արդեն հատկացված է, մնում է ճանապարհի հարցը լուծենք: Շատ ենք օգնում մեր բնակիչներին, հատկապես` կարիքավոր ընտանիքներին:

Խոսելով առաջիկա հանրաքվեի մասին, պարոն Ալոյանը նշեց, որ ժողովրդի շրջանում բացատրական աշխատանք են տանում: Մարդկանց գրեթե 90 տոկոսը չի կարդում, չգիտի, թե իրականում ինչի մասին է խոսքը. <<Բացատրում ենք, պարզ, հասկանալի լեզվով ասում, որ սահմանադրական փոփոխությունները կառավարման համակարգի բարեփոխմանն են կոչված, մեր երկրի, պետության զարգացման համար են: Խորհրդարանական կառավարումը մեզ հնարավորություն կընձեռի արագացնել առաջընթացի քայլերը, միանձնյա որոշումներ չեն լինելու, պետության համար կարևորագույն հարցերը վճռվելու են կոլեգիալ սկզբունքով` խորհրդարանում: Մի խոսքով, հնարավոր, ընդունելի բոլոր միջոցներով քարոզարշավը տանում ենք մեր համայնքում: Համոզված եմ, որ վերջնարդյունքում մեր բնակիչները ճիշտ են կողմնորոշվելու և <<Այո>> են ասելու…>>:

Ամփոփելով խոսքը, համայնքապետը նշեց, որ իր ղեկավարման 7 տարիներին Գետափում 1 մլրդ դրամի ներդրում է արվել: Մշակութային կյանքն է գնալով աշխուժանում: Մշակույթի տանը գործում են տարբեր խմբակներ, որտեղ հաճախող երեխաների թիվն անցնում է 160-ից: