Արվում է ամեն հնարավորը

0
19

Որպեսզի գյուղացին փոքրիշատե թեթևացնի առօրյա դժվարությունների բեռը

Բնակավայր

Ինչպես <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց Արծրուն Սանթրոսյանը, նա Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքը ղեկավարում է 1996 թվականից: Առաջիկա ընտրությանը ևս առաջադրել է թեկնածությունը: ՀՀԿ անդամ է, և կուսակցությունը պաշտպանում է նրա թեկնածությունը:

-Աշխատում եմ,- նշեց պարոն Սանթրոսյանը,- որքան հնարավոր է լավ բաներ անել գյուղի համար: Ներքևի թաղամասում, որտեղ ջուր չկա, ջրագիծ անցկացնելու քայլեր ենք ձեռնարկում: 4 մլն 200 հազար դրամի տենդեր ենք հայտարարել այդ աշխատանքները կատարելու համար: Ծրագրով 2 մլն ներդրում ենք արել դաշտերում, երեք հանդամասում, անասունների համար խմոցներ կառուցելու նպատակով: Շինարարությունն արդեն սկսված է, և համապատասխան աշխատանքներ տարվում են: Դա կնպաստի, որ որոշակիորեն բարձրանա անասունների կաթնատվությունը: Ճանապարհների հարթեցման և սելավատարի մաքրման ընթացիկ աշխատանքներ ենք իրականացրել: Հատկապես տեղատարափ անձրևներից հետո փոսային նորոգումներ կատարելու անհրաժեշտությունը մեծանում է: Դպրոցի երեխաներին ենք հնարավորինս օգտակար լինում` տոնական առիթների դեպքում մեր նվերներն ու հաճելի անակնկալները նրանց մատուցելով: Մանկապարտեզը գործում է /գյուղապետարանը նրա պահպանման նպատակով 5 մլն դրամ է հատկացնում/, 30 երեխա է հաճախում: Համայնքապետարանի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են կատարվել, մասնավորապես` փոխվել են մանկապարտեզի շենքի /որտեղ տեղավորված է նաև գյուղապետարանը/ դռները: Ծրագիր ենք ներկայացրել ՀՀ քաղաքաշինության նախարարություն, որպեսզի դպրոցի տարրական դասարանների համար նոր մասնաշենք կառուցվի: 158 երեխա է այսօր հաճախում, սակայն այն նախատեսված է 92 աշակերտի համար: Գյուղն ունի և՛ խմելու, և՛ ոռոգման ջրի խնդիր, աշխատում ենք ներգրավվել տարբեր ծրագրերում` տվյալ խնդիրները փոքրիշատե մեղմելու նպատակով: Գյուղ մտնող ճանապարհի վիճակը շատ վատ է, դիմել ենք կառավարություն` խնդրելով աջակցել մեզ լուծելու այդ հարցը: Գյուղապետարանից կախված հնարավոր ամեն ինչ անում ենք մեր ժողովրդի համար` լուծելու առկա խնդիրները…

Նախկինում, ինչպես այնուհետև նշեց գործող համայնքապետը, ոռոգման ջուր ունեցել են, 114 հեկտար ոռոգելի հողատարածքներ են օգտագործել, սակայն երկրաշարժից հետո ոռոգման համակարգը քանդվել է: Այդ համակարգի վերականգնումն այսօր առաջնահերթ խնդիրների շարքում է: Այսօր միայն որոշ հողատարածքներ են մշակվում: Աղբյուրներից եկող խմելու ջուրը պակաս է, մի հատվածին չի հասնում: Դիմել են <<Հայջրմուղին>>, որպեսզի խմելու ջրի համակարգն իրենց հանձնեն, իրենք կատարեն ներդրման ու սպասարկման աշխատանքները: Այս դեպքում արդեն խմելու ջրի խնդիր չեն ունենա:

Գյուղացի-գյուղապետ փոխհարաբերությունները շատ նորմալ են. եթե այդպես չլիներ, ապա նույն այդ գյուղացին այսքան տարի իրեն վստահության քվե չէր տա: Այս անգամ թեև մեկ մրցակից ունի, սակայն հուսով է, որ ինքը դարձյալ կվերընտրվի: Կանգնած է դժվարությունների մեջ գտնվող իր գյուղացու կողքին: 1427 բնակիչ ունեն, 350 տղամարդ արտագնա աշխատանքի է: Միայն  հողագործությամբ ու անասնապահությամբ հնարավոր չէ ապրել, դրսից անպայման օգնություն է պետք:

Ցավոք, 1000 հեկտար հողատարածքից Ծաղկաբերում այսօր մշակվում է միայն 300 հեկտարը: Պատճառը հիմնականում ջրի բացակայությունն է: Առավել մտահոգող է ճանապարհի խնդիրը, որն առաջնահերթ լուծելու է վերընտրվելուց հետո: Պարոն Սանթրոսյանի համոզմամբ, վատ ճանապարհների պատճառով են մարդիկ շատ հաճախ լքում գյուղը: Ժամանակի ընթացքում արդեն, հաջորդաբար, իրենց լուծումը կգտնեն մյուս կարևոր խնդիրները` խմելու և ոռոգման ջրի: Ապա ձեռնամուխ կլինեն համայնքային կենտրոնի կառուցմանը:

Գլոբալ այս խնդիրների լուծումն, ինչ խոսք, հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, ինչը համայնքի հնարավորություններից վեր է: Ահա թե ինչու պետական աջակցություն է անհրաժեշտ, կառավարությունն անպայման պետք է իր ակտիվ ու գործուն մասնակցությունն ունենա տվյալ խնդիրների լուծման գործում…

SHARE