Արտագաղթ

0
19

Երկիր հնամյա, երկիր պանդուխտի…
     Հայաստանում օր օրի ավելանում են արտագաղթի ծավալները, ինչը հիմնականում պայմանավորված է այն իրավիճակով, այն մթնոլորտով, որը  տիրում ու թագավորում է երկրում: Եթե փորձենք մեկ բառով կամ բնորոշմամբ դա արտահայտել, ապա ամենահարմար ձևակերպումը, թերևս, հետևյալը կլինի` անպատասխանատվություն, ամենաթողություն…
   Մեր հայրենակիցները երկրում ստեղծված իրավիճակի նկատմամբ իրենց վերաբերմունքն ունեն, ինչը և յուրովի են արտահայտում: Չնայած համընդհանուր անտարբերությանն ու պասիվ կեցվածքին, այնուհանդերձ, բավական է մարդկանց սրտները բաց անելու առիթ տաս… Մարդիկ կան, որ սովոր են պատերի տակ փնթփնթալուն, կան, որ այս կամ այն հասարակական ակցիայի մասնակից են դառնում` այդ կերպ մխիթարական ելք գտնելով իրենց համար, իսկ կան այնպիսիք, ովքեր գլուխները կախ կամ համակերպվում են, կամ թողնում` հեռանում: Բնականաբար, հարց կառաջանա` ո՞վ է այս կործանարար իրավիճակի պատասխանատուն…
     Պարզ է, որ ամենագլխավոր մեղավորը երկրի բարձրագույն ղեկավարությունն է, իշխանությունը` նախագահից սկսած և վերջացրած գյուղապետով: Տպավորությունն այնպիսին է, որ երկրի նախագահը բարի ու անկեղծ է և շատ է ցանկանում, որ իր ժողովուրդը լավ ապրի: Ուզում է, բայց դե` ի զորու չէ… Ոչ պակաս բարի է նաև գործադիր իշխանության ղեկավարը` վարչապետը, որ լայնառատ ժպիտով ու կիրթ վարվելակերպով շատ հաճախ տարակուսանք է առաջացնում: Թվում է, իհարկե` նրա տեսանկյունից, գործերը լավ են, մտահոգող ոչինչ չկա, ամեն ինչ բարեհաջող է, բայց դե…

      Հարկային, մաքսային ծառայությունների աշխատակիցների թուրն աջուձախ կտրում է, բայց ուժները միայն փոքրերի ու անպաշտպանների վրա է պատում: Մեծ ձկների /իմա` օլիգարխների/ բախտն է էլի բերում, նրանց հնարավորություններն ու կարողությունները գնալով մեծանում են` ի հաշիվ իրենց ապրուստը մի կերպ հոգացող մանր-մունրների: Հանկարծ փորձի մեկը արդարացի բողոքի կամ դժգոհության ծպտուն իսկ հանել, նրան այն օրը կգցեն, որ խեղճը ուժ չի ունենա անգամ ձեռքները գլխին տալու… 
      Օրինապահ կոչվածների դաշտում վիճակն էլ առավել խայտառակ ու զարհուրելի է: Նրանց դեմ էլ խաղ չկա` ճիշտ լինես, ազնիվ կամ արդար, միևնույն է, մտքներին դրեցին` թուղթ ու թանաքով հանցագործ կդառնաս ու կհայտնվես ճաղերի հետևում: Պիտի կարողանաս հետները լեզու գտնել, <<նայել>> նրանց, այլապես, աստված չանի, տեսադաշտում որ հայտնվեցիր` բանդ բուրդ է: Էլ չենք խոսում դատական իշխանության մասին, որ բառիս բուն իմաստով բռնաբարում է արդարադատությունը…
     Ահա, այս ամենը բավարար է, որ մարդն իր հարազատ երկրում իրեն անպաշտպան ու վիրավորված զգա և, անիծելով բախտը, ձեռքն առնի պանդխտության ցուպը: Ապրում ենք մի երկրում, որն առայժմ հեռու է առողջ տրամաբանության ընդունված չափորոշիչներից և որտեղ միայն լավ ստացվում են զանազան շոուները:
SHARE