Բանաստեղծ, մարտիկ, նվիրյալ,

0
104

որ անսահման սիրում էր կյանքը և գեղեցիկ մահ էր … երազում

Տարելից

      Մոտենում է ազատամարտիկ, տաղանդավոր բանաստեղծ Աղվան Մինասյանի մահվան տարելիցը: Սրտի կսկիծով ենք հիշատակում այդ օրը` 30 օգոստոսի /1993 թ./, քանզի ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլև հայրենիքը կորցրեցին քաջարի զինվորի, նվիրյալ զավակի, հերոս քաջորդու, ում համար հայրենի եզերքը, որ սկսվում է հեռավոր լեռների ծերպերում ծվարած ծննդավայր Լծենով, թանկ էր կյանքից առավել: 
    Կորցրեցի՛նք բանաստեղծի, ում պակասն այսօր շատ է զգացվում: Կորցրեցինք մեր ժամանակների Մեծարենցին, Դուրյանին… Բանաստեղծ, ով անսահման սիրում էր կյանքը և գեղեցիկ մահ էր … երազում: 23-ը դեռ չբոլորած այս խիզախ պատանին բոլորին ցնցեց ու հուզեց իր հերոս նահատակությամբ: Կարճ, բայց գունագեղ կյանք ապրեց` հեղինակելով սքանչելի ստեղծագորություններ, որոնք հետագայում ամփոփվեցին <<Սեր և Խաչ>>, <<Տապանագիր>> ժողովածուներում: Գրքեր, որոնք դարձան Աղվանի ոգեղեն տապանը` նրա պայծառ հիշատակի անմար լույսով սրբագործված: Հայաստանի գրողների միությունը նրան հետմահու միության անդամի պատվավոր կոչում շնորհեց, Եղիշե Չարենցի անվան մրցանակ: Իսկ մարտական սխրագործությունները նշանավորվել են ՀՀ <<Արիության>>, ԼՂՀ <<Արիության>>, <<Մայրական երախտագիտության>> մեդալներով…
     <<Ընկեր>> թերթի այս համարը ամբողջությամբ, բացառիկ թողարկմամբ  նվիրելով Աղվան Մինասյանին, մենք մեր հարգանքի ու երախտագիտության խոսքն ենք բերում քաջարի ու ազնվազարմ հայորդուն: Առհասարակ` բոլոր Աղվաններին, քանզի նրանք են, աստվածաշնչյան խոսքով ասած, երկրի աղը, նրանք և նրա նմաններն են երկրի վրա մեր բոլորիս, մա՛րդ արարածի ապրելու իմաստն ու արդարացումը: 
***

     1990-ական թթ. Արցախի ազատագրության համար մղվող պատերազմում Սիսիանի շրջանից կամավորագրված մարտիկների հրամանատար Աշոտ Երկաթի կրտսեր եղբայրը` Աղվան Մինասյանը, մանուկ հասակից էր ըմբոստ, համառ ու պայքարող: Պատահական չէր, որ հայրենիքի համար այդ ճակատագրական պահին նա ևս զինվորագրվեց հայրենի հողի պաշտպանությանը: Մի ձեռքում` զենք, մյուսում` գրիչ.

Տունը հայրենիք չէ՛,
Հայրենիք չէ՛ վանքը,
Հայրենիքն է հողը`
Հոր արյան հետ խառնած…

     Աղվանի էությունը բարձրության ձգտումն էր: Շուտ բռնկվող էր, ինքնասածի, ներել չգիտեր, չէր խնայի ոչ ոքի` ամեն ինչ երեսին կասեր: Եթե մի բան որոշեր, ապա անպայման կաներ, ուզածին կհասներ: Ոչնչի առջև կանգ չէր առնի: Նրան համոզելը շատ դժվար էր: Անողոք էր թե՛ հարազատների, թե՛, առավել ևս, իր  նկատմամբ` մարտի դաշտում բացճակատ մահվանը դեմ-հանդիման գնալով: Այդ իրավունքը նա, թերևս, վաստակել էր, քանզի երիտասարդ տարիքում արդեն Մինասյան տոհմի նահապետի համարում ուներ: Այնպես, որ տոհմի ապրող ավագ Պարգև պապին` այդ անդրդվելի ժայռին, կարողանում էր խոնարհեցնել և նահանջել տալ: Խոսքի ուժով… Այս առումով, դիմելով թոռանը, Պարգև պապը խոստովանել է. <<Աղվան, սիրելիս, մեր գերդաստանի նահապետը տարիքով ես եմ, բայց խելքի ու խոսքի ուժով` դու…>>: Տոհմապետի իրավունքով ու պահանջկոտությամբ էր վերաբերվում նաև հորը` Հրանտ Մինասյանին, ինչպես նաև հրամանատար եղբորը: Այստեղ ցավով պետք է նշել, որ վերջինս ի վիճակի չեղավ կատարելու երջանկահիշատակ մոր նվիրական պատգամը` պահպանելու Աղվանին: Պատերազմ էր…

Տխուր են գույները այս աշնան,
Եվ սիրտս ինչ-որ բան է գուժում,
Մի սպասիր էլ ինձ, հայրենական իմ տուն,
Եթե գալու չեղա, էլ չեմ գալու,
Մորս հայացքն իմ դեմ` ես գնում եմ հեռու,
Հայրենիքիս պարտքը արյամբ տալու:

      Աղվանի բանաստեղծություններում բառերը ցավ են պատճառում, իրար դեմ կանգնած են կյանքն ու մահը, իրար կողքի` երկու եղբայր, կորսված մայրական սեր… <<Ինչ էլ լինի, մայր իմ, որտեղ էլ լինեմ, գերեզմանիդ աղոթելու կգամ>>, և այդ աղոթքի ճանապարհը Աղվանի համար անցավ անդրաշխարհից աշխարհ.

Մայրիկ, այսօր ծնունդն է քո, ես ո՞ւմ ասեմ` բարև,
Ինչպե՞ս բերեմ քեզ ծաղիկներ` հողը չունի արև:
Դեպի ո՞ր կողմ քայլս փոխեմ, երբ ոչ մի տեղ չկաս,
Սրտիս խորքում կա ինչ-որ բան, ինչ-որ անհաս երազ,
Ես ծաղիկներ էլ չեմ դնի սառը հողիդ վրա,
Սրտիս մեջ եմ ծաղիկ ցանել քո դագաղի վրա:

       Աղվանի համար մայրը հայրենիքի խտացումն է: Իր մահով մայրը աստվածացավ, իսկ Աստծուն ձգտում են բոլորը: Ձգտեց և իր մահով հասավ մայր Աստծուն` մեղմացնելու մայրական կորստի ցավը, որն անբուժելի վերքի պես մխում էր պատանու սրտում: Կարոտի մղումն էլ զավակին ստիպեց հասնելու մորը… Մանկուց մայրական որբությունը տեսած Աղվանի հոգում ու բանաստեղծություններում բնավորված են նրբասիրությունն ու նրբասրտությունը:
    Բոլոր սկսնակների նման գրում էր թաքուն, բոլորի նման երազում էր մի օր տպագրված տեսնել սրտի բանաստեղծական թրթիռները: Չգիտեր, թերևս, որ իր օժտվածությունը քչերին է տրված: Գրում էր նաև մարտի դաշտում, կռվի կարճ դադարներին` ևս մի խոհ, նվիրական ցանկություն կամ երազանք հանձնելով թղթին… Գիտեր, որ զոհվելու է, հոգեպես պատրաստ էր դրան: Զոհվեց` չգիտակցելով, թերևս, միայն այն, որ իր կորուստը սովորական անհատի չէ, այլ ապագայի մեծ բանաստեղծի… Ի՞նչ էր մնում Աղվանի եղբորը` <<Սիսական>> ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթին… Ի թիվս այլ ձեռնարկումների, ավելի շատ` բարոյահոգեբանական, նաև հրատարակելու եղբոր բանաստեղծությունները: Բացի այդ, անհնարինը հնարավոր դարձնելով, նախաձեռնեց Աղվանի հիշատակին նվիրված ֆիլմի նկարահանում: Ֆիլմ, որ խորիմաստ անվանում ունի` <<Չկրակված փամփուշտներ>>: Այն միայն եղբոր մասին չէ, այլև բոլոր այն հերոս քաջորդիների, ովքեր նահատակվեցին: Այո, չկրակված փամփուշտներ, քանի որ պատերազմը դեռևս ավարտված չէ…
Աշոտը մշտապես, ավագի իրավունքով, եղբորը հորդորել է տանը մնալ, օգնել հայրիկին, զբաղվել տան գործերով և, ի վերջո, գրել ու գրել: Աղվանն էլ, ինչպես միշտ, ընդդիմացել է. <<Աշոտ, բոլորդ այստեղ եք, ես ինչ սրտով տանը մնամ: Մենք իրարով ենք ուժեղ, հրամանատար, ես քո թիկունքին եմ, դու` իմ…>>: Աշոտին այլ բան չէր մնում. <<Դե որ այստեղ ես, ընդունիր այն օրենքները, որոնք պատերազմի դաշտի համար են գրված: Զենքը դառնալու է քո մի մասնիկը, ձուլվելու է քեզ: Եթե մի օր ատրճանակը վրաս չի լինում, ես ինձ զինվոր չեմ զգում: Բայց սա միակ զենքը չէ` հզոր զենքը մեր հայրենիքն է: Մենք կռվում ենք մեր հողի համար, ունենք մի մեծ բարեկամ, որի անունն է Արդարություն… Պիտի տականքին վռնդենք մեր տանից` ձեռք չտալով երեխաներին ու կանանց…>>: Այս ասելով, միաժամանակ քաջալերում էր եղբորը, որ անպայման շարունակի գրել` համոզված լինելով, որ Աղվանի պոեզիան նոր շունչ ու թափ է իր հետ բերում, որ ազգին ու պետությանը մտավորականություն է պետք: Ավագ եղբորը նվիրված բանաստեղծության մեջ այսպիսի տողեր կան.
Երեսուն ես արդեն, բայց չես գտել ճամփադ,
Համոզմունքներ ունես անզոր արմատներով,
Դեռ ուզում ես դառնալ Արդարության պահակ,
Արդարությունը, տես, կապկպել ես թելով…
   Անժխտելի է, անշուշտ, այն, որ Արցախի պատերազմում մեր հաղթանակը համախմբվածության ու միասնության արգասիք էր և բոլորիս միավորում էր հայրենիքի նկատմամբ մեծ սերն ու նվիրումը: Միանշանակ է նաև այն, որ ամենանվիրականը մարտական, ռազմաճակատի ընկերներն են: Ահա, այս առավելությունների և կարևոր գործոնների հանրագումարը հաղթանակն է դառնում, ընդհանուր հաջողությունը: Աշխարհում ամենաուժեղ զենքը ընկերությունն է, ընկերը: Եթե ընկերությունը հաստատուն եղավ, արդար եղավ, ապա ոչ ոք և ոչինչ չի կարող դիմակայել ընկերության` այդ ամենաուժեղ ու զորեղ զենքին: Այն տարիներին, ինչպես գիտենք, մեր մարտական ջոկատներում հիմնականում ընկերներ էին, ում համախմբողը միևնույն գաղափարախոսությունն էր: Ռազմաճակատի ամենաուժեղ զենքն ընկերությունն է: Մարդը պետք է պատասխանատու լինի թե՛ իր, թե՛ ընկերների և թե՛ սեփական ժողովրդի ու հայրենիքի հանդեպ: Ընկերական շրջապատը հզոր զենք է, որը որևէ տեղ չի <<արտադրվում>>: Զենք, որը և՛ պաշտպանող է, և՛ կործանարար: 
Մարտական ընկերներով, ինչպիսին Աղվանն է, ինչպիսին շատ-շատերն են, պարծենալ է պետք: Մարտի դաշտում թրծված ընկերությունն է ամենաամուրն ու մտերիմը: Դժվարություններն ու փորձություններն իրենց հերթին ավելի են ամրացնում ընկերությունը: Միայն մարտադաշտում, թերևս, ընկերն ընկերոջ համար կյանք կտա: Առհասարակ, նեղ պայմաններ ու դառնություններ <<տեսած>>, հաղթահարած ընկերությունն արդեն իսկ մեկ հզոր գաղափար է, ուժ և ամրություն: Ամեն ինչի հիմքն ամուր ընկերությունն է: Ընկերը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի կանգնելու ընկերոջ կողքին: Ընկերության մեջ գնահատելին հավատարմությունն է, փոխվստահությունը: Որտեղ ընկերություն` այնտեղ հաղթանակ…
   Պատերազմական գործողություններում որոշիչ ու կարգավորող դեր ունեն հրամանատարական անձնակազմի ցուցումները, բայց ոչ պակաս կարևոր գործոն է նաև ընկերական հավատարմությունը, ինչի դեպքում հաղթանակի երաշխիքը լիարժեք ու վերջնական է: Ընկերական այդ հավատարմությամբ ու հաղթանակի բաղձանքով մարտի ելան <<Սիսական>> գումարտակի ազատամարտիկները` Աշոտ Երկաթի հրամանատարությամբ: Հավատը մեծ էր թե՛ իրենց ուժի, թե՛ հրամանատարի նկատմամբ: Վերջինիս պատգամը կարճ ու խորիմաստ էր` միասին ընկերություն անել և ավելի հզորանալ: Հրամանատար, ով միշտ գնում է իր զինվորների առջևից, ինչը վայել է միմիայն իսկական առաջնորդին: Հրամանատար, ում համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանք: Հրամանատար, ում հաղթանակները նվաճվում էին առանց զոհերի… Պարզ է, որ նման հրամանատարի եղբայրը չէր կարող այլ կերպ` քաջարի ու անձնազոհ չլինել: 
   Չենք կարող այստեղ, բնականաբար, համառոտակի չանդրադառնալ նաև <<Սիսական>> գումարտակին, նրա անցած մարտական փառավոր ուղուն: Ուղի, որ, ցավոք, նաև կորուստներով ուղեկցվեց: Կորուստներ` ցավալի, ողբերգական… Բայց նրանք` բոլոր այդ զինակից ընկերները, թեկուզ և` նահատակված, շարունակում են շարքում մնալ, շարունակվում են գումարտակի տարեգրությունում: Աշոտն իրականացրեց եղբոր բաղձալի երազանքը` Արմաղանում կառուցեց հուշաղբյուր, որտեղ ամեն տարի Աղվանի ծննդյան և զոհվելու տարելիցներին մեկ մարդու պես հավաքվում են մարտական ընկերները… <<Այցի>> են գնում նաև այն ընկուզենուն, որի շվաքին մշտապես նստել է Աղվանը: Վերհուշերով ապրում ու կրկին <<ապրեցնում>> են իրենց հերոս ընկերոջ հիշատակը: Աղվանն ապրում է, կա…
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE