Բանիմաց, աշխատասեր ու հետևողական

0
97

Գնահատում

Այսպես են բնութագրում իրենց քաղաքապետին բյուրեղավանցիները

-Մեր քաղաքապետը` Հակոբ Բալասյանը,- <<Ընկեր>>-ին ասաց Բյուրեղավան համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանը,– 2008 թվականից է պաշտոնավարում: Շատ լավ տիրապետում է իր գործին, այսպես ասած` իր տեղում է, ինչն, անշուշտ, ամենակարևորն է: Համայնքի բախտը նրա պարագայում, իրոք, բերել է: Գրագետ ու համեստ անձնավորություն է: Նախկինում աշխատել է Կոտայքի մարզպետարանում` աշխատակազմի քարտուղար, բոլոր աշխատանքներին քաջատեղյակ է, այնպես որ ղեկավարելու և շատ այլ առումներով որևէ խնդիր չունի: Նրա ղեկավարման տարիներին քաղաքում շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, փոփոխություններ, որոնց արդյունքում Բյուրեղավանն, իրոք, քաղաքային բնակավայրի տեսք ու դիմագիծ ստացավ: Արտաքին լուսավորություն անցկացվեց, առայժմ մի քանի բակային տարածք լուսավորված չէ: Մանկապարտեզը հիմնանորոգվեց: Ճիշտ է, կառավարությունն էլ օգնեց այդ հարցում, սակայն հիմնական ֆինանսավորումը կատարվեց քաղաքի բյուջեից: Հիմա վերանորոգվում է մշակույթի տունը, կրկին` համայնքի բյուջեի միջոցներով: Այս տարի գրեթե կավարտենք, կմնա գույքի ձեռքբերումը: Պարզ է, թե որքանով դա կանդրադառնա բնակչության մշակութային հետաքրքրությունների բավարարման վրա: Այո՛, շատ լավ գործեր են արվել, ինչը հօգուտ քաղաքի ու նրա բնակչի է եղել: Մեր միջոցներով գազաֆիկացվեց փախստականների թաղամասը: Աշխատանքներն առանց դադարի շարունակվում են, և մեր բնակիչները գոհ են իրենց ղեկավարից: Մշտապես դիմում են մեզ, ապավինում մեր օգնությանը, և մենք ջանում ենք առավելագույնն անել նրանց համար: Չկա բնակիչ, որ դիմի քաղաքապետին և անարդյունք կամ չբավարարված հեռանա: Մարդիկ շատ են դիմում հատկապես աշխատանքի տեղավորման խնդրանքով: Պարոն Բալասյանն, անշուշտ, անում է ամեն հնարավորը, ընկերական շրջապատի օգնությամբ և ունեցած կապերն օգտագործելով կարողանում է փոքրիշատե օգտակար լինել, սակայն, այնուհանդերձ, տվյալ խնդիրը մնում է դեռևս ամենացավոտը: Բնակիչները ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում, որպեսզի հոգան ապրուստի խնդիրները…

Պարոն Եղիազարյանի տեղեկացմամբ, բոլոր տոնական միջոցառումներն ու հանդիսությունները քաղաքում անխտիր կատարվում են: Երաժշտական դպրոց ունեն, որը բարձր արդյունքներ է արձանագրել հանրապետական փառատոներում: Ցավոք, դպրոցն առայժմ շենքային անբավարար պայմաններում է գործում, ուստի և ջանում են որքան հնարավոր է` շուտ ավարտել մշակույթի տան հիմնանորոգումը, որպեսզի կրթօջախը տեղափոխվի այնտեղ:

2014 թ. 50 տոկոսով վերակառուցվեցին խմելու ջրի ջրագծերը: Դիմել են <<Երևան ջուր>> ընկերություն, որպեսզի վերջինս ստանձնի մյուս կեսի վերակառուցումը: Առհասարակ, համայնքի ղեկավարը շատ նախաձեռնող է, հանգիստ չի մնա, մինչև առաջացած խնդիրների լուծման որևէ ելք կամ ուղի չգտնի: Բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի, իրավասու և պատկան մարմիններին կդիմի, ընդ որում` հետևողական ու հիմնավոր, ինչն իր արդյունքը տալիս է: Ինչպես մեր շատ քաղաքային բնակավայրերում, այնպես էլ Բյուրեղավանում բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիր կա, որը տեղական բյուջեի միջոցներով անհնար է լուծել: Ընթացիկ նորոգումներ, ինչ խոսք, արվում են, բայց հիմնականում ցավոտ վիճակը պահպանվում է: Այստեղ արդեն կառավարության միջամտությունն է անհրաժեշտ, քանզի խոսքը ֆինանսական մեծ ներդրումների մասին է: Քաղաքի ճանապարհներն ասֆալտապատ ու բարեկարգ են: Ամեն տարի ընթացիկ նորոգումներ կատարվում են: Այդ նպատակով համայնքի բյուջեից համապատասխան հատկացումներ են արվում:

Ինչպես այնուհետև ասաց քաղաքապետի տեղակալը, Հակոբ Բալասյանի պահանջները խիստ են, աշխատանքային կարգապահությունը պատշաճ բարձրության վրա է: Այդուհանդերձ, նրա հետ աշխատելը շատ հեշտ է. <<Երբ ղեկավարը հասկանում է իր աշխատանքը, լավ գիտի իր իրավունքներն ու պարտականությունները, ապա բարդություններ չեն առաջանում: Բանիմաց ու կոմպետենտ ղեկավարի հետ աշխատելը լավ է բոլոր առումներով: Միաժամանակ, Բալասյանը շատ լավ ընկեր է բոլոր միջավայրերում: Բնակիչների հետ էլ հարաբերություններն ընկերական են, մտերմիկ: Չնայած ծանրաբեռնվածությանը, ժամանակ անպայման գտնում է ընկերների հետ հանդիպումների, հավաքույթների համար: Ընկերները շատ հարցերում են նրան սատար կանգնում, հատկապես` քաղաքի առաջընթացին վերաբերող ձեռնարկումներում: Մասնավորապես, նրանց բարերարությամբ եկեղեցի է կառուցվում…>>:

Հարկ է ընդգծել, որ բնակիչներն էլ իրենց հերթին են աջակից քաղաքի բարեկարգմանն ու զարգացմանը: Մասնակցում են տարվող աշխատանքներին, իրենք հանդես գալիս զանազան առաջարկներով, նախաձեռնություն ցուցաբերում: Ամենակարևորը` համախմբվածություն կա, փոխըմբռնում ու հարգանք, որն ի շահ քաղաքի է, ի շահ ընդհանուրի…

 

SHARE