Բարեգործական ակցիաները` ընտրակաշա՞ռք

0
13

    Անհեթեթություն չէ՞, արդյոք, երբ հենց իշխանությունն է նախընտրական շրջանում բարեգործական զանազան ակցիաներ ձեռնարկում և այդ ամենը լայնորեն գովազդում լրատվամիջոցներում: Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է այն միջոցառումներին, որոնք այդ իշխանությունը, այսպես թե այնպես, ի պաշտոնե պարտավոր է իրականացնել…
      Ընդ որում, կաշառքների աղբյուրները բավականին բազմազան են: Նախ, բարեգործական շատ ակցիաներ անցկացվում են այն միջոցներով, որոնք բարեգործ ու բարերար ներկայացողները կուտակել են պետությանը չվճարած հարկերից: Ստացվում է, որ նրանք գողանում են պետությունից, որպեսզի հնարավորություն ունենան իրենց հայեցողությամբ տնօրինելու պետական գանձարանին չվճարած գումարները: Եթե նրանք պետությանը վճարեին այդ գումարները, ապա դրանց միջոցով, թերևս, հնարավոր կլիներ բարձրացնել կենսաթոշակը, կրթաթոշակը, և, հետևաբար, թոշակառուներն ու ուսանողներն ավելի քիչ պատճառներ կունենային որևէ մեկի  <<ողորմածությանը>> մնալու: Շատ ցավալի է տեսնել, թե ինչպես մտավորականությունը, ավելին` լուրջ, ալեհեր գիտնականները գլուխ են խոնարհում բարեգործական կոչված այդ ակցիաների ժամանակ: Ուղղակի` ստորացուցիչ է…

   Վստահության  <<դեֆիցիտի>> այսօրվա պայմաններում այդպես դատելու բազում պատճառներ կան: Այսպես, քանի որ կուսակցական բյուջեների ձևավորման գործընթացը մեր երկրում թափանցիկ չէ, ապա չի կարող վստահություն լինել, որ այդ նպատակով ծախսվող գումարները, իրոք, կուսակցական փողեր են և գողացված չեն նույն այդ պետական բյուջեից: Գաղտնիք չէ, որ բյուջեն ձևավորում է զանազան հիմնադրամներ, որոնք վերահսկվում են իշխող կուսակցությունների կառույցների կողմից: Եվ այդ փողերը, որոնք հատկացնում է բյուջեն, տվյալ պարագայում  սկսում են ծառայել ոչ թե քաղաքացիների որոշակի շերտերի, այլ այն կուսակցությունների շահերին, որոնք այդ շերտերին ներգրավում են իրենց քաղաքական ծրագրերում: Ապա, պետբյուջեն արհեստականորեն ծանրաբեռնում են ծախսերով, որոնք վերջին հաշվով քաղաքական շահաբաժիններ են բերում իշխող կուսակցությանը և շահագրգիռ ուժերին:
  Վերն ասվածի վկայություն կարելի է համարել կառավարության վերջին նախաձեռնություններից  մեկը` չեղյալ հայտարարել հողի ու գույքի համար հարկերի գծով քաղաքացիների պարտքերը:  Թվում է, որ այն կարելի էր միայն ողջունել, բայց… Եթե ժամանակին ճիշտ ու արդարացի քաղաքականություն իրականացվեր, ապա շատ հնարավոր է, որ մեր քաղաքացիներն այդքան մեծ գումարներ պարտք չմնային պետությանը: Չէ որ հենց նման մոտեցումն է քաղաքացուն դաստիարակում: Պետությունն է պարտավոր օգնել իր քաղաքացուն, այլ ոչ թե ոմն բարեգործ:  Քաղաքացին էլ իր հերթին պետք է պետության հանդեպ իր պարտականությունները կատարի: Ահա հենց այսպես են ձևավորվում պետություն-քաղաքացի բնականոն հարաբերությունները, հետևաբար և` քաղաքացիական հասարակությունը: Մինչդեռ, տպավորությունն այնպիսին է, որ գործող իշխանությունները նախընտրում են ունենալ ոչ թե այդպիսի հասարակություն, ոչ թե արժանապատիվ քաղաքացիներ, այլ ուղղակի բնակչություն, որն անընդհատ ողորմությունների հույսին է: Ողորմությունները տալիս են, և այդ ժամանակ էլ հենց հարց է ծագում` ինչու հիմա, ընտրությունների շեմին…
SHARE