Բարեկարգ ու համերաշխ Ոստան

0
32

Գնահատում

Որը լավ օրինակ կարող է լինել շատ համայնքների համար

Արարատի մարզի Ոստան համայնքը Հակոբ Խաչատրյանը ղեկավարում է 2002 թվականից: Արդեն իսկ 5-րդ անգամ է վերընտրվել: Վերջին երեք ընտրությանը մրցակից չի ունեցել: Դա, պարոն Խաչատրյանի խոսքերով, առաջին հերթին պայմանավորված է իր կատարած աշխատանքի արդյունքով, ինչն էլ հաշվի է առնում ժողովուրդը:

-Եթե, ասենք, դժգոհություն կամ բողոք,- ասաց նա,- աշխատանքի առումով թերացումներ լինեն, ապա ժողովուրդն անպայման նոր համայնքապետի պահանջ կառաջադրի, այդ պաշտոնի թեկնածուներ ի հայտ կգան: Մարդիկ, ինչ խոսք, գոհ են, բավարարված իմ աշխատանքից, գնահատում են իմ ջանքերը: Գյուղացիներն իրենք կվկայեն այդ մասին: Մեր փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են, քանզի այն ամենը, ինչ պահանջվում է տեղի իշխանությունից, պարտաճանաչ ու բարեխիղճ կատարվում է: Գյուղացու կողքին կանգնած եմ` անգամ անձնական խնդիրներ առաջանալու դեպքում: Էլ չեմ ասում արված հսկայական գործերի մասին: 2002-ին համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնել եմ` ամեն ինչ, կարելի է ասել, սկսելով զրոյից: Գյուղում խմելու ջրի ընդամենը 2-3 ծորակ կար, ոռոգման համակարգն այն չէր, հողը չէր մշակվում և այլն: Իմ պաշտոնավարման շրջանում խորքային 3 հոր ենք կառուցել: Հողատարածքների մեծ մասը ոռոգվում է խորքային 6 հորով: Ժամանակին կատարել ենք ճանապարհների խճապատման, փողոցների լուսավորման, բարեկարգման և մյուս աշխատանքները: Գյուղապետարանի շենքն ենք վերանորոգել, վերջերս նրա դիմացի տարածքը բարեկարգել, կանաչապատել, ծառեր տնկել, նստարաններ տեղադրել` ստեղծելով հանգստի գոտի: Շենքի մի հատված մեր կողմից անվճար հատկացվել է մարզական միջոցառումների, պարապմունքների անցկացման համար: Մարզադահլիճն ենք վերանորոգել, մնացած պայմաններն ապահովել: Բոլորովին վերջերս Հայաստանի սամբոյի 7-17 տարիքային խմբի մարզիկները մեզ մոտ մրցումներ անցկացրեցին: Պատանի երկրապահներից 40 սան, ինչպես նաև հարևան գյուղերից երեխաներ են այստեղ պարապում: Նաև բարեկարգ դպրոց ունենք: Մանկապարտեզում 2 խումբ է գործում: Առհասարակ, գյուղը բարեկարգ վիճակի է բերվել…

Թեև խմելու ջրի խնդիրներ չունեն, այնուամենայնիվ, որոշել են նոր թաղամասերում ևս հուսալի ջրագծեր անցկացնել, ինչը ներառված է համայնքի զարգացման հնգամյա պլանում: Գյուղի գլխավոր փողոցի ձախակողմյան մայթը վերակառուցել են, առաջիկայում նույնն աջակողմյան մայթում կանեն: Տրանսպորտի խնդիր չունեն, մնում է կանգառների տեղադրումը: Շիրակի փողոցի սկզբնամասում գազաֆիկացման ենթակա որոշ հատված ունեն, որը ևս առաջիկայում պետք է արվի: Վերանորոգման ենթակա է սելավատարի կամուրջը: Կառավարության ծրագրում է ընդգրկված մշակույթի տան վերակառուցումը, սպասում են աշխատանքների մեկնարկին: Ցանկալի է նաև, որ ջրի կորուստների նվազեցման նպատակով ոռոգման համակարգում կիսախողովակներ անցկացվեն, ինչը ևս համայնքի ուժերից ու հնարավորություններից վեր է:

Անզեն աչքով էլ նկատելի է, որ Հակոբ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում գյուղի պատկերը հիմնիվեր փոխվել է: Իրեն շոյված է զգում, որ Ոստանի օրինակը հաճախ են, լավ առումով, բերում, նրա փողոցները համեմատում Արտաշատ քաղաքի փողոցների հետ: Համայնքապետի համար բոլորն էլ իրեն հարազատ ու ընկեր են, տարբերություն չի դնում, չի առանձնացնում բնակիչներից որևէ մեկին: Ոստանում համերաշխ ու բարեկամական մթնոլորտ է տիրում: Ապրում են` միմյանց հարգելով ու գնահատելով:

3425 բնակչով գյուղը, ինչպես նախկինում, այսօր էլ հիմնականում զբաղվում է հողագործությամբ, ինչի եկամտաբերությունն այնքան էլ մեծ չէ: Նախկին գործարաններն այսօր անգործության են մատնված: Վերագործարկվելու դեպքում մարդկանց վիճակն էապես կբարելավվի, ստիպված չեն լինի արտագնա աշխատանքի մեկնելու: Վարկեր վերցնելն այսօր իրեն չի արդարացնում, մարդիկ, ի վերջո, դժվարին իրավիճակի առջև են հայտնվում: Պետության միջամտությունն այս փուլում շատ կարևոր է, պետք է օգնել գյուղացուն ոտքի կանգնելու, զարգացնելու գյուղատնտեսությունը: Բավարար պայմաններ են պետք, որպեսզի մարդն իր հողի վրա կարողանա արժանապատիվ գոյություն ապահովել: Մարդիկ նպաստ ստանալու փոխարեն գերադասում են աշխատանք ունենալ…

Ի դեպ, համայնքապետ Հակոբ Խաչատրյանի աշխատանքը բարձր է գնահատվել նաև կառավարության կողմից: Արժանացել է բազմաթիվ պարգևների, իսկ տարածքային կառավարման համակարգում բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է <<Անանիա Շիրակացի>> մեդալով:

 

SHARE