Բարեկարգ ու նորոգ գյուղ

0
1

Սրտացավ ու հոգատար տիրոջ նվիրված աշխատանքի շնորհիվ

Բնակավայր

Գետարգել համայնքի ղեկավար Արսեն Կարապետյանի և հիմնական դպրոցի տնօրեն Արեգնազ Թասալյանի համատեղ ուժերով, քրտնաջան աշխատանքի արդյունքում 2015 թ. հիմնադրվեց նախակրթարան: Կրթօջախը հրաշալի պայմաններ ունի, այն ամենը, ինչ անհրաժեշտ է մանուկների կրթադաստիարակչական աշխատանքի կազմակերպման համար:

<<Ընկեր>>-ը հաճելիորեն զարմացած էր` մասնակից դառնալով այստեղ Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառմանը: Հրաշալի տպավորություն ստացանք, ինչի համար պարտական պիտի լինել նաև դաստիարակ Էլինա Կարապետյանին: Միջոցառմանը, ինչպես միշտ, ներկա էր նաև համայնքապետ Ա. Կարապետյանը: Դպրոցի տնօրենն իր խոսքում նշեց, որ կրթօջախը հիմնադրման /1950 թ./ օրից չի վերանորոգվել. <<Մի կերպ, մեր ուժերով կարողանում ենք պահել: Մեր և համայնքապետի համատեղ ուժերով այս տարի վերջապես առաջին հարկում ջեռուցում ունեցանք: Երկրորդ հարկի ջեռուցման խնդիրը մտադիր ենք հաջորդ տարի լուծել: Դրսի հատվածում բավականին աշխատանք ենք կատարել, բարեկարգել: Էլի` գյուղապետի, ինչպես նաև մեր համագյուղացի Վազգեն Ազիզյանի աջակցությամբ: Դպրոցին հարակից մարզահրապարակը ևս հրաշալի վիճակի է բերվել: Ծառատունկ արեցինք, այլ աշխատանքներ ևս: Վազգեն Ազիզյանը շատ հարցերում է մեզ ձեռք մեկնում, մասնավորապես` արդեն 35 տարի մեր ծախսած էլեկտրաէներգիայի գումարը նա է վճարում: Մեր տնտեսումների հաշվին կարողացանք պատուհանները փոխել: Հրաշալի գյուղապետ ունենք, որ մեր թիկունքին մշտապես կանգնած է: Բոլոր մեծ ու փոքր տոներին հաճելի անակնկալներ, նվերներ է մատուցում, նրա ուշադրությունից ոչ ոք չի վրիպում: Երբևէ նման գյուղապետ չենք ունեցել: Առհասարակ, ողջ գյուղի նկատմամբ այդպիսի ջերմ ու հոգատար վերաբերմունք ունի: Պատահական չէ, որ նրա ղեկավարման օրոք Գետարգելը մեծ առաջընթաց է ապրել: Բոլոր հարցերում է ուշադիր, բոլորի նկատմամբ` սիրալիր ու հարգալից: Մեծ ծավալի ասֆալտապատում է արվել, գիշերային լուսավորություն կա, ճամփեզրի գազոնները խնամված են, ջրի խողովակներ են անցկացվել և այլն: Մի խոսքով, հսկայական աշխատանք է կատարվել, հատկապես` գյուղը բարեկարգ դարձնելու, կարգ ու կանոնը պահպանելու և շատ այլ առումներով…>>:

Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի` Աբովյանի և Նաիրիի տարածաշրջանների պատասխանատու Ջուլիետա Ասատրյանը:

-Առաջին անգամը չէ,- ասաց նա,- որ ներկա եմ գտնվում այստեղ անցկացվող միջոցառմանը: Բոլոր հանդիսություններն էլ հրաշալի են կազմակերպվում, ինքս շատ բավարարված եմ: Ակնհայտ էր, որ շատ մեծ աշխատանք է կատարվել, ներկայացվող թեման խորությամբ ուսումնասիրվել, <<մարսվել>> է: Երեխաները վարժ են ու գիտակ: Այդպես էլ պետք էր սպասել, քանի որ կրթօջախի մանկավարժական կոլեկտիվը հմուտ է ու նվիրված իր գործին: Հրաշալի կոլեկտիվ, որը ղեկավարում է Արեգնազ Թասալյանը, մեր Արեգան: Մարդ, ով սիրում է իր մասնագիտությունը, արդեն բազում տարիներ կապված է այս դպրոցին, որը դարձել է նրա էության անբաժանելի մասը, դարձել է հարազատ ու նվիրական օջախ: Իր զավակներն են այստեղ, իր քույրերն ու եղբայրները: Երբ կա այս հոգևոր մտերմիկ կապը, ուրեմն բարձր մակարդակն էլ ապահովված է: Շատ հաճելի է նաև տեսնել, որ սերտ է համայնքապետարան-դպրոց կապը, ինչը ողջունելի ու անչափ դրվատելի է: Դրանից կշահեն երկու կողմն էլ, իսկ առհասարակ կշահեն ընդհանուր համայնքն ու նրա մարդիկ: Վստահ եմ, որ այս պայմաններում հնարավոր կլինի առաջիկայում լուծել նաև այն խնդիրները, որոնք առաջնահերթ մտահոգում են կրթօջախին…

SHARE