Բարեփոխումներն անհրաժեշտ են

0
10

Համբերատար

Եվ դրա համար բավարար ժամանակ է հարկավոր

Նախորդ տարվա աշնանը կայացած ՏԻՄ ընտրությանը Սերոբ Հակոբյանն ընտրվեց Բարձրաշեն համայնքի ղեկավար: Անգամ այս կարճ ժամանակաընթացքում հասցրել է հաջողությամբ որոշակի աշխատանքներ ձեռնարկել:

Պարոն Հակոբյանի ներկայացմամբ, գերեզմանատան ճանապարհն են կառուցել, լուսավորություն անցկացրել, ինչն առաջիկայում կշարունակվի: Համայնքում խնդիրները շատ են: Դպրոցը վատ վիճակում է, իսկ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները կիսատ են մնացել: Համենայնդեպս, նախատեսել են ավարտի հասցնել կիսատը և առաջիկա ամիսներին տոնել նրա վերաբացումը: Ոռոգման ջրի բարելավման ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, քանի որ 1300 բնակչությամբ Բարձրաշենը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, և դժվար չէ պատկերացնել, որ առանց դրա հնարավոր չէ լուծել կերի խնդիրը:

Համայնքապետին առավել շատ մտահոգում է դպրոցի անմխիթար վիճակը: Մի կերպ են դաս անցկացնում, շատ տխուր պայմաններում: Խնդրի լուծումը համայնքի ուժերից վեր է, պետական միջամտություն է հարկավոր: Դիմել են, ահազանգել և հասնելու են այն բանին, որ կրթօջախը հիմնանորոգվի և ժամանակակից պայմաններով ապահովվի: Անհանգստացնող է նաև մշակույթի տան վիճակը` գրեթե անգործության է մատնված: Նման պայմանները մարդկանց հիասթափեցնում են և ստիպում հեռանալ ծննդավայրից:

Գյուղապետի խոսքով, դրսում ընկերներ ունեն, համագյուղացիներ, որ օգնում են և պատրաստ են ֆինանսավորելու որոշակի ծրագրեր: Այնուհանդերձ, դա էլ վիճակի արմատական բարելավման, համայնքի բարեկեցությունն ապահովելու ճանապարհ չի կարող լինել: Խորքային հարցերում պետք է միջամտի պետությունը, իսկ կառավարությունը գործուն աջակցություն ցուցաբերի: Իսկ դա, համոզված է, հնարավոր ու շոշափելի կդառնա միայն այն դեպքում, երբ ինքդ քո բաժին մասնակցությունն ապահովում ես, քո գործն անում և քո բաժին պատասխանատվությունն ստանձնում:

Սերոբ Հակոբյանի համար առանց ընկերության ամեն ինչ… ոչինչ է: Եթե չկա ընկերություն, ապա դժվար է մտածել մաքրության, մարդկայնության մասին: Ընկեր բառի մեջ ամեն ինչ ամփոփված է, ամեն լավ բան էլ կա: Նա ընկերության մեջ գնահատում է մարդ տեսակը: Ընկերություն և՛ ձեռքբերելն է դժվար, և՛ պահպանելը, և՛ կորցնելը: Ժամանակն ընկերության համար ամենալավ փորձաքարն է: Շատ խոր զգացում է, հենց այնպես չի ստեղծվում և բազում փորձությունների միջով պիտի անցնի: Չի հանդուրժի դավաճանությունը: Մարդը, ընկերը կարող է սխալվել, պիտի ջանալ հասկանալ, սխալն ուղղելու հնարավորություն տալ. <<Լավ ու վատ ընկեր չկա: Կա՛մ ընկեր է, կա՛մ ընկեր չէ: Ընկերներս ինձ աջակից ու օգնական են իմ գործում, պատրաստ են համայնքին ինչ-որ կերպ օգտակար լինել…>>: Մասնավորապես, ընկերների աջակցությամբ մշակույթի տան որոշ հատված վերանորոգել են, նոր պատուհաններ տեղադրել, որտեղ ցանկանում են զբաղմունքի, ժամանցի անկյուն ստեղծել:

Նորընտիր համայնքապետն ամեն ինչ անելու է, որպեսզի գյուղում դրական փոփոխություններ լինեն: Դրա համար ամեն մեկն իր տեղում պետք է լինի, իր գործը ճիշտ կատարի: Ամենակարևորն աշխատասիրությունն է, ինչի շնորհիվ կարելի է հաջողության հասնել: Կարևոր են աշխատանքները ճիշտ կազմակերպելը, հետևողական ու համբերատար լինելը: Շատ մեծ նպատակ ունի, որ համայնքն, իրոք, բարեփոխվի, իսկ դրա համար, բնականաբար, ժամանակ է հարկավոր:

SHARE