Բարի, առողջ մթնոլորտ

0
60

Համայնքի համար դա է առաջնահերթ կարևորը

Ծննդավայր

Զարզանդ Սահակյան` Շիրակի մարզի Ձորակապ համայնքը ղեկավարում է 1996 թվականից: Կրկին առաջադրել է թեկնածությունն առաջիկա ընտրությանը, ՀՀԿ-ի կողմից: Պաշտոնավարման տարիներին իրականացրել է բազմաթիվ աշխատանքներ:

Գյուղն ամբողջովին գազաֆիկացված է: Խմելու ջրի 24-ժամյա մատակարարում ունեն: Ճանապարհների որոշակի հատված աստիճանաբար ասֆալտապատվում է: Նախանցած տարի մի փոքր հատված արվեց, իսկ հիմա գերեզմանատան ճանապարհն են սկսել ասֆալտապատել: Համայնքի բյուջեով 12 մլն դրամի ճանապարհ են կառուցելու: Գյուղն ամբողջովին լուսավորված է` 150 էլեկտրասյուն է տեղադրված:Հիմնախնդիրներից մեկը դպրոցում դահլիճի բացակայությունն է: Հաջորդը` մանկապարտեզ չունենալն է: Այս խնդիրները գյուղապետարանի ուժերով անհնարին է լուծել, ուստի հարկ է ապավինել պետական բյուջեից, ինչպես նաև այլ աղբյուրներից համապատասխան հատկացումներ կատարելուն:

Ձորակապը 1210 բնակիչ ունի: Զբաղվում են հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ: Այլ աշխատանք գյուղում չկա: Ինչպես նշեց գործող համայնքապետը, վերընտրվելուց հետո առաջնահերթ քայլեր է ձեռնարկելու լուծելու դպրոցի դահլիճի հարցը: Բնակիչներն օգտվում են հարևանությամբ գտնվող` Մարալիկի մանկապարտեզից, մինչև կարողանան սեփական մանկապարտեզն ունենալ: Այս հարցով բազմիցս դիմել են մարզպետարան, իրավասու այլ մարմինների, բայց առայժմ որոշակի ոչինչ չկա: Չնայած դրան, շարունակելու են ջանքերը, որպեսզի համայնքի համար այդ անչափ կարևոր, լուրջ խնդիրը լուծվի:

Ինչպես տեղեկացանք, ընտրությանը պարոն Սահակյանն ունի մեկ մրցակից: Համայնքում մթնոլորտը նորմալ է, միշտ էլ մրցակիցներ եղել են: Անկախ ընտրության արդյունքներից, մարդկային փոխհարաբերությունները պետք է պահպանել, ինքն է առաջինը մրցակցի ձեռքը սեղմել: Բնակիչներն այս անգամ էլ, ինչ խոսք, արդեն կողմնորոշված են, և գործող համայնքապետից մնում է նորմալ մթնոլորտ ապահովել համայնքում, ստեղծել բարենպաստ պայմաններ:

-Մթնոլորտը նորմալ պահելով եմ կարողացել այսքան տարի պաշտոնավարել,- ընդգծեց նա:- Ինձ համար հավասար են ինձ ընտրողն էլ, չընտրողն էլ: Ես պարտավոր եմ լինելու բոլորի գյուղապետը: Բոլորի նկատմամբ վերաբերմունքը նույնն է: Շատ եմ սիրում մեր գյուղը: Մշտապես կանգնած եմ գյուղացու կողքին, հարգում ու սիրում եմ համագյուղացիներիս: Նրանք բոլորն էլ լավն են: Ձորակապցին, առհասարակ, լավ ժողովուրդ է: Առանձնահատուկ է իր լավ բնավորությամբ, համախմբվածությամբ, յուրահատուկ սովորություններով: Իմ մրցակցի նկատմամբ դրական կարծիքի եմ, մեր համայնքի բնակիչ է, ուստի և այլ կերպ չէր էլ կարող լինել: Ընդհանուր փոխհարաբերությունները լավ են, միմյանց նկատմամբ հարգանք, վստահություն կա: Հավատացած եմ` գյուղում չկա մարդ, որ ինձնից դժգոհ լինի: Գլուխ չեմ գովում, մեծամիտ չեմ, պարզապես, իրավիճակն եմ ներկայացնում: Առաջին հերթին, այո, պիտի մարդ լինել: Սովորական, հասարակ մահկանացու եմ, գյուղի բնակիչներից մեկը, բոլորին հավասար: Համայնքի բոլոր բնակիչներն ինձ ընկեր ու հարազատ են: Ընկերություն եմ անում հիմնականում նախկին Անիի շրջանի համայնքների ղեկավարների հետ: Ընկերությունն, առհասարակ, առաջնահերթ է իմ կյանքում: Ընկերությունը մեծ արժեք է, առանց ընկերության ոչ մի լավ բան չի կարող լինել; Ցանկացած պահի ընկերներով իրար կողքի կանգնած ենք: Ընտրությունն էլ, համոզված եմ, կանցնի այնպես, ինչպես մեր ժողովուրդն է ցանկանում…

<<Քսան տարի միասին աշխատում ենք,- ասաց համայնքապետարանի հաշվապահ Վարդիթեր Փիլոյանը:– Սահակյանը բարի, ժողովրդին կամեցող լավ անձնավորություն է, ղեկավար: Ժողովուրդը նրան սիրում է, մեծ հարգանքով վերաբերվում…>>: Նշենք, որ նույն կարծիքն ու ցանկությունը լսեցինք շատ ձորակապցիներից…

SHARE