Բարի, գեղեցիկ, առաքինի

0
64
Անսահման նվիրում ու սեր ազգային մշակույթի նկատմամբ, մարդկային ջերմ ու սրտագին մոտեցում մերձավորի, հայրենակցի հանդեպ…

Նկարագիր

<<Ընկերը>> նախորդ համարում ներկայացրել էր մոսկվաբնակ մեր հայրենակցուհուն` Շուշանիկ Սարգսյանին, և նրա խոհերն ու մտորումներն ազգային մշակույթի, մասնավորապես` երգարվեստի, այսօրվա վիճակի և դրան առնչվող խնդիրների շուրջ: Կրկին առիթ ունեցանք զրուցելու մեծապատիվ տիկնոջ հետ, ինչը մեկ անգամ ևս եկավ վկայելու, որ գործ ունենք մի անձնավորության հետ, ով ճակատագրի բերումով ապրելով արտերկրում, մնացել է իսկական հայ: Հայի մտածելակերպ ու հայեցի ապրելակերպ ունենալով` հայ կնոջը բնորոշ վեհաշուք հատկանիշներով իր օգնության բարի ձեռքն է մեկնում մեր ազգային մեծարժեք մշակույթին և այդ  մշակույթը պահպանող ու սերունդներին փոխանցող այն անհատներին, ովքեր առանց ջանք ու եռանդ խնայելու, անշահախնդրորեն լծված են այդ շնորհակալ գործին: Մենք աշխարհին ներկայանում ենք ազգային մշակույթով, իսկ տիկին Շուշանիկի նման ցանկացած բարերար, ով իր վերաբերմունքով գնահատում է մեր  մշակույթի գործունեությամբ թաթախված մարդկանց անձնվիրումը, ապա իր լուման է բերում ազգապահպանությանն ու հայրենի երկրի զարգացմանը:
  -Տիկին Շուշանիկ, Դուք սիրով ձեռնամուխ եք եղել Մոսկվայի Կրեմլի դահլիճում <<Սայաթ-Նովա>> աշուղական անսամբլի ելույթ-համերգն ամեն տարի իրականացնելու անչափ առաքինի ու շնորհակալ գործի կազմակերպմանը: Ի՞նչն է Ձեզ համար նման որոշման դրդապատճառ դարձել և որտեղի՞ց են գալիս աշուղական արվեստի նկատմամբ Ձեր ունեցած սերն ու նվիրումը:
  -Սերը գալիս է պապերիցս: Պապս հեքիաթներ պատմելու հետ երգում էր, ավելի շուտ` հեքիաթը երգով էր պատմում: Առհասարակ, այն ամենը, ինչը չեն կարողացել արտահայտել խոսքի միջոցով, արել են երգի օգնությամբ: Երգի միջոցով արտահայտված հայկական իսկական խոսքն ու մեղեդին ավելի են հիշվում ու տպավորվում: Խոսքինը գալիս ու գնում է, չի հիշվում այնպես, ինչպես երգի պարագայում է: Մեր զինվորների հաղթանակների 80 տոկոսը երգինն ու պարինն են: Պապերս Էրզրումից ու Սարիղամիշից են եկել, բնակվել Ախալցխայի շրջանի Օրալ գյուղում, որտեղից էլ մենք սկիզբ ենք առել: Շատ հայասեր էին, և մենք միշտ զգացել ենք նրանց առանձնահատուկ հակումը դեպի հայրենիքը, ազգային ավանդույթների ու ծեսերի պահպանումը, հայ մշակույթն ու երգարվեստը: Տանը մեծ Ավետարան ենք ունեցել: Մայրս սեղան պատրաստելն անպայման <<Առավոտ լուսո>>-ով էր սկսում: Այդ երգի տակ էինք արթնանում: Նույն բանը ես տեսա այստեղ. Թովմաս Պողոսյանը փորձերն սկսելուց առաջ <<Հայր մերն>> է երգում անսամբլով, տերունական աղոթքով է սկսում, ինչը շատ ազդեցիկ է, ես կասեի` շատ հայկական: Ինչպես կարող ես չկանգնել նման մարդու կողքին, ով 20 տարի շարունակ անշահախնդիր նվիրումով հայրենանվեր մեծ գործ է անում: Թող բացվեն այն կույր աչքերը և լսեն այն խուլ ականջները, որ իրենց հեռու են պահում այս ամենից, և, ի վերջո, հասկանան, որ այսպիսի երգարվեստը կարող էր կորսվել, եթե Պողոսյանը իրար գլխի չհավաքեր այս խալխին ու հայկական երգ-երաժշտությունը, մեծ աշուղների երգերը չմատուցեր այնպես, ինչպիսին որ եղել են, կան:   

  -Թեպետ դաստիարակվել եք այդ մշակույթով, այն Ձեր արյան ու գեների մեջ է եղել, այնուհանդերձ, ինչպե՞ս եք կարողացել պահպանել այդ ամենն օտարության մեջ և անգամ ավելին` զարգացնել ու կատարելագործել այն:
  -18 տարի է` Մոսկվայում ենք: Ընտանիքում միշտ հայերեն է խոսվել, բացառվում է այլ լեզվով հաղորդակցվելը: Ունեմ 3 երեխա, ավագս 42 տարեկան է, կրտսերս` 30: Թոռներիս թիվը 7 է: Դստերս որդիները սովորում են Լոնդոնում, բայց, միևնույն է, մեր խոսակցության լեզուն էլի հայերենն է: Միջնեկ որդիս, որ շուտով 40 տարեկան կդառնա, 2 երեխա ունի, որ հաճախում են հայկական կիրակնօրյա դպրոց: Ավագ թոռներս, անգամ հարսներս էլ կիրակնօրյա դպրոց են հաճախել: Ուրախ եմ, որ շրջապատված եմ երեխաներովս ու թոռներովս: Ավագի իմ խոսքը միշտ էլ հարգի է ու ընդունված ընտանիքում, փոխադարձ հարգանք ու ակնածանք կա, մեծը` մեծ, փոքրը` փոքր, ինչն էլի գալիս է մեր հայկական արմատներից: Ոչ թե խոսում են կամ անում, որ ինձ գոհացնեն, այլ իրենք հոգով կողմնակից են այդպես` հայեցի ապրելուն: Օտար ափերում լինելով, ավելի ես սիրում ու ձգտում դեպի քո հայրենիքը: Որպես մայր, զավակներիս պատգամել եմ լինել ազնիվ, սիրել հայ ազգին, երբեք չգերադասել իրենց մյուսներից: Այս անցավոր աշխարհը գալիս-գնում է, մենք ժամանակի մեջ ընդամենը մի ակնթարթ ենք ապրում, և ոչ ոք իր հետ ոչինչ չի տարել` թողնելով միայն բարի կամ չար անուն: Մենք ընտրել ենք բարու ճանապարհը, որով և անվարան ընթանում ենք: Այսպես ապրելով, ավելի կհարգվես: Հարգիր, որ հարգվես…
  -Ընկերություն անելիս այդ բարին պիտի ունենաս քո մեջ: Հայ տիկնոջ համար ի՞նչ է ընկերությունը: Ի՞նչ ընկերություն են ժառանգել Ձեր երեխաները:
 -Մոր ցանկությունն է, որ իր երեխաներն ունենան լավ ընկերներ, ավելի խելացի, ավելի բարեհոգի ու ազնիվ: Եթե նման մարդկանց ընկեր դառնան, ուրեմն իրենք էլ կնմանվեն նրանց: Իսկ որպես հայ, որտեղ էլ լինեն, անպայման պետք է ուրիշ ազգին էլ գնահատեն, ուրիշին չմոռանան, իրենց ուրիշներից չգերադասեն, լինեն պարկեշտ ու անկեղծ, այդպես ավելի առաջ կգնան: Երեխաներս մեծ են, բայց վերջին որոշումն ու եզրակացությունը ես պիտի տամ, ինչի հետ իրենք համաձայնում են: Ոչ թե խիստ եմ` դրա համար, այլ այն բանի համար, որ եկել հասել ենք Մոսկվա և մի կտոր հացի տեր դարձել, այսօր կարողանում ենք օգնել մեր հարազատներին, մեր մշակույթին և այդ ճանապարհին սխալ չի թույլ տրվել մեր կողմից, ուստի երեխաներս էլ գտնում են, որ պիտի լսել ծնողին: Ես էլ իրենց կլսեմ, կընդունեմ իրենց ասածը, չէ՞ որ իրենք էլ կարող են ճիշտ լինել, ուրեմն համատեղ խորհրդակցելու արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի: Այդպես է մեր ընտանիքի դրվածքը:
  -Գեղեցիկ ընտանիք ունեք, որն, ինչ խոսք, օրինակ կարող է դառնալ շատերի համար: Այստեղ, կարծում եմ, շատ մեծ է հոր դերակատարումը: Ձեր ամուսինը Ձեզ համար նաև ընկեր է կյանքում, այո՞:
  -Ամուսինս` Հարություն Սարգսյանը, մեծ թիկունք է ինձ կյանքում: Մենք իրարից, ընդհանրապես, անբաժան ենք: Մեր ընտանեկան բիզնեսը մի քիչ կանացի գործ է: Խմորի հետ գործ ունենք: Այս գործն առաջարկել եմ, կանգնել է կողքիս, ասել է` եթե պետք է, ուրեմն կանենք: Թե ոնց եմ ձեռնարկել, համաձայնել է, դեմ չի եղել: Ցանկացած իմ նախաձեռնություն ողջունում է, ընդառաջում ինձ: Երբ առաջարկեցի <<Սայաթ-Նովա>> անսամբլը բերել Մոսկվա` Կրեմլում ելույթ ունենալու նպատակով, մեկ րոպե անգամ չմտածեց, համաձայնեց: Միասին որոշեցինք ու արեցինք դա: Հակադարձել կամ հակաճառել երբևիցե չի լինում: Ամուսինս ինձ շատ մեծ ուժ է տալիս, կողքիս կանգնած է, երեխաներս` նույնպես: 
  -Մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացնեք Ձեր բիզնես գործունեությունը:
  -Ողջ ընտանիքով ենք աշխատում մեր սեփական ընկերությունում, որը կոչվում է <<Ռոյալ Բեքեր>>: Այս անվանումն առաջ է եկել մի միջազգային մրցույթի ժամանակ, երբ, գնահատելով իմ արտադրանքը, ինձ կոչեցին Ռոյալ բեքեր: Այդ ժամանակ ես գրեթե 10 տարի աշխատում էի այլ ընկերությունում` ստեղծող տեխնոլոգ: Այդ կոչումն ստանալուց հետո աշխատանքի հրավերներ էի ստանում շատ ձեռնարկություններից` բավականին բարձր աշխատավարձով /մինչև 5 հազար դոլար/: Չընդունեցի այդ հրավերները և որոշեցի մերը հիմնել` ընկերությունը կոչելով <<Ռոյալ Բեքեր>>: Այն զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ: Տորթեր և կարկանդակներ ենք պատրաստում: Տեխնոլոգը ես եմ: Ամբողջը, կարելի է ասել, իմ նախանշածով է արվում, իմ ստեղծագործությունն է: Ավագ որդիս` Էդուարդը, ընկերության առևտրային տնօրենն է և բրենդ դիզայները: Դուստրս` Գայանեն, գլխավոր տնօրենն է: Ամուսինս զբաղվում է լոգիստիկայով, ապրանքի առաքման գործի պատասխանատուն է: Կրտսեր որդիս` Ավետիքը, ընկերության բրենդ մենեջերն է, ինքն է բացում մեր ֆիրմային խանութները: Մոսկվայում արդեն այդպիսի 25-30 խանութ ունենք: Ամեն ինչ դասավորված է, և աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում շատ մեծ հաջողությունների ենք հասել այս 8 տարվա ընթացքում: Աշխարհում, կարող եմ ասել, առաջնակարգ դիրքեր ենք զբաղեցնում թե՛ որակի, թե՛ տեսքի, թե՛ համի առումով: Մասնակցել ենք միջազգային շատ մրցույթների, արժանացել բարձր պարգևների: Վերջին մրցանակը` <<Լեգենդա միրա>>, ստացել ենք Փարիզում: Պատվերներ ենք ստանում և մեր արտադրանքն առաքում ենք նաև արտասահման:  
  -Ո՞րն է բարձր որակի ու համի գաղտնիքը:
  -Բարձր որակը գալիս է այն բանից, որ անմիջապես ամեն օր գործի մեջ եմ և շրջապատված եմ հարազատ մարդկանցով: Հավատացել ու վստահել եմ եղբորս դստերը` Կարինեին, ով շատ խնամքով է աշխատել: Տարբեր երկրներ գնալուց հույսս միշտ իր վրա եմ դրել, վերադարձիս բծախնդրորեն ստուգել եմ ու ոչինչ սխալ չեմ գտել: Կարինեն ստուգող տեխնոլոգն է, վերահսկում է տեխնոլոգիայի ճիշտ պահպանմանը, նոր տորթերի ստեղծումն էլ նրա հետ միասին է արվում: Շարքային տորթերի ստուգողն է, ստուգում և ուղարկում ենք առևտրի ցանց, ինչպես նաև մեր ֆիրմային խանութներ: Պատվերով` հատուկ տորթերը Կարինեի քրոջ` Մարինայի պատասխանատվության տակ են, ինքն է զարդարում: Նման տորթերի /հարսանյաց, ծննդյան տոների և այլն/ պատվերներ շատ ենք ունենում, անգամ մինչև 130 կգ-անոց տորթեր են պատվիրում: Արտաքին տեսքն, ինչ խոսք, պետք է գրավի մարդկանց, լինի գեղեցիկ, բայց արտաքին տեսքի հետ այն պիտի նաև համեղ ու սննդարար լինի: Մեր սպառողներն այդ առումով մեզանից հիասթափվելու առիթ չեն ունենում: Որպես գնահատական, միշտ շնորհակալական խոսքեր ենք ստանում, ջերմ վերաբերմունքի արժանանում: Մեր գործն առաջ է գնում, նշանակում է` ասածն ու արածը տեղ են հասնում, լսվում ու կատարվում են 8 տարի շարունակ: Հաջողությունն առաջին հերթին այն բանում է, որ հսկողությունն ամենօրյա է, խիստ: Յուրաքանչյուր գործողություն հսկվելուց հետո է իրականացվում հաջորդ քայլը: Եթե ուզում ես շուկան գրավել, ապա պետք է պահպանես հատկապես որակը և հսկողությունդ անպայման ամենօրյա լինի: Չպետք է բավարարվել ձեռք բերվածով, հաջողությունների հասնելով, պետք է միշտ նոր բարձունքների ձգտել: Պետք է ամեն օր աշխատել, և այդ առումով իմ աշխատանքը գնալով ավելանում է: Ծրագիր ունեմ մեր բիզնեսը նաև Հայաստանում հիմնել` համոզված լինելով, որ այստեղ էլ ավելի որակով ու համեղ տորթեր կարտադրվեն, քանի որ հայրենիքում օդը մաքուր է, ապրանքները /թթվասեր, կաթ և այլն/ ավելի լավն են ու որակյալ: Հայաստանի գործը վստահելու եմ Կարինեին: Նա իմ վստահությունը մշտապես արդարացրել է: Առհասարակ, ես միշտ վստահել եմ մարդկանց և չեմ սխալվել: Իմ ճանապարհին վատ մարդ չի հանդիպել: Իսկապես, ես չգիտեմ` ինչ ասել է վատ մարդ: Ամուսինս ասում է, որ Շուշանիկի համար վատ մարդ չկա: Իրոք, այդպես է: Կարող է հանդիպեն` մի քիչ շատ սիրով կամ քիչ սիրով: Այդ քիչն էլ այնպես ենք անում, որ շատանում է սերը դեպի մարդկությունը, դեպի մեզ: Վստահում ես մարդուն` դրանով պարտավորեցնում ես դիմացինին էլ ավելին անելու…
   Փորձեցինք պատեհ առիթն օգտագործել և տիկին Շուշանիկի մասին կարծիքներ լսել հենց իր հարազատներից: Կարինեն, չկարողանալով թաքցնել իր հիացմունքը, ասաց. <<Փոքրուց իր հետ եմ եղել: Ինձ համար մեծ քույր է եղել, իսկ հիմա ծնող է, ծնողի դեր է տանում: Իր մասին միայն լավը կարող եմ ասել: Առանց Շուշանիկի կյանքը տխուր է: Իր կողքին շատ ավելի լավ ես զգում քեզ: Չկա բան, որ չիմանա, պարտադիր պետք է իմանա: Երբ իր կողքին ես, թեկուզ ոչինչ էլ չիմանաս, ապա անկախ քեզանից` կստացվի: Իր հոգուց է, որ ազդում է կողքինին: Իրեն շատ ենք սիրում, հարգում ու մեծարում, նախ` որպես մարդու, ապա` հարազատի: Շուշանիկը վստահում է բոլորին, և բոլորն էլ նույն կերպ են վերաբերվում ու ջանում արժանիորեն փոխհատուցել նրան: Իր պահանջները շատ բարձր են, և բոլորս ձգտում ենք նմանվել նրան, անել այնպես, որ իր սրտով լինի: Մեծ հոգու տեր անձնավորություն է: Մասնագիտականը ևս նրա մոտ շատ բարձր է: Շուշանիկի նման մարդիկ, ցավոք, քիչ են: Եթե շատ լինեն, ապա մենք շատ հարուստ կլինենք այդպիսի մարդկանցով: Ինքն անտարբեր չի կարող լինել կողքինի հանդեպ, կհասկանա ու անպայման ուշադրություն կդարձնի: Ահա թե ինչու Աստված միշտ իր կողքին է: Շատ բարի է ու կամեցող: Իր շուրջը հավաքելով հարազատներին, դարձել է նրանց հենարան և հացի տեր է դարձրել: Բոլորիս համար մեծատառով մարդ է: Կին լինելով` տղամարդու գործ է անում: Երբ Շուշանիկը մեր կողքին է, կյանքը լուսավոր է դառնում, միջավայրը ջերմ ու սրտամոտ է…>>:
   <<Ամեն ինչ չէ, որ արվում ու գնահատվում է, և եթե գնահատվում է, ուրեմն ինչ-որ բան տեղ է հասել ու ավելի է պարտավորեցնում, որպեսզի շարունակեմ ավելին անել,- ընդհատելով զրույցը, ասաց տիկին Շուշանիկը և հավելեց, որ առողջության ու հաջողության դեպքում հնարավոր կլինի իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք կոչված են մարդկանց ծառայելուն ու օգտակար լինելուն:- Այս տարվա նոյեմբերի 11-ին արդեն իսկ զբաղված է Կրեմլը` <<Սայաթ-Նովա>> անսամբլը պիտի համերգ տա: Հաջորդ տարի նախատեսել ենք կազմակերպել խմբի արտասահմանյան շրջագայությունը: Դրանից բացի, ինչպես արդեն նշեցի, ծրագրում եմ Հայաստանում արտադրություն հիմնել` հրուշակեղենի արտադրամաս: Այդ առումով տարբեր երկրներից եմ առաջարկներ ստացել և մերժել, քանի որ ուզում եմ իմ ժողովրդին օգտակար լինել: Միայն թե խոչընդոտ չլինի: Մոսկվայում որևէ խոչընդոտի չենք հանդիպել, միայն շնորհակալական խոսք ենք լսել: Օտար հողում վատ մարդու չեմ հանդիպել, մեր գործին օգնել ու արժանի գնահատական են տվել…>>: 
   Ասում են` գեղեցկությունը կփրկի աշխարհը, իսկ ես ավելի շատ հակված եմ ասելու, որ բարին կփրկի աշխարհը, մանավանդ եթե նկատի ունենանք, որ բարին ինքնին գեղեցիկն է: Տիկին Շուշանիկը` առաքինի ու վսեմաշուք այս հայուհին, բարության իսկական մարմնացում է: Բարությունն այս չքնաղագեղ տիկնոջ վրայից  թափվում է ինչպես մանանա, ինչպես մեղրածոր ու երկնառաք պարգև: Նրա հաջողության  գրավականն իր բարությունն ու կամեցողությունն են, բարին արարելու, մարդկանց օգտակար լինելու, բարձրացնելու առաքելությունը: Դիմացինին բարձրացնելով, գնահատելով ու մեծարելով, ինքն իր մեծությունն ու բարձրությունն ավելին է դարձնում… Նրա խորհուրդն է բոլոր նրանց, ովքեր գործ ձեռնարկելու մտադրություն ունեն` տվյալ գործը լավ իմանալ, վստահելի մարդկանց հետ գործ ունենալ և վստահելի ընթացքով առաջ գնալ. <<Ոչ միայն աշխատասիրություն ունենալ, այլև հալալ, ազնիվ լինել: Հալալությունը մեծ հարստություն է: Հարամությունը` հարամություն կտա, հալալությունը` հալալ կմնա: Քամու բերածը քամին կտանի: Շատ լավ թերթ եք ընտրել` բարի, լավ, աշխատող ընկերներին ներկայացնելով: Միգուցե, շատացնեք նրանց թիվը, համոզված եմ` կշատացնեք: Կարդալով, լսելով` շատերը կբարիանան: Ոչ ոք իր հետ ոչինչ չի տարել ու չի տանի, ժամանակը կանցնի, մարդկությունը կմնա: Թող մարդ դառնան, բարություն, ազնվություն ունենան, գնահատեն ու գնահատելի լինեն: Գնահատվի արված գործը, և ամեն մարդ իր հնարավորությունները ներդնի մեր ազգության համար…>>:
SHARE