Բարի երթ, կանաչ ճանապարհ…

0
72

watermarked_Ashot Ghazaryan  Թերթին ծանոթացել եմ ընկերոջս մոտ և շատ սիրեցի ու հավանեցի նրան: Այնտեղ, որտեղ ընկեր անունը կա, ընկերական ինչ-որ բան է շոշափվում, ես ինքնաբերաբար ամենալավ ընկերներիս եմ պատկերացնում և ուրախանում եմ: Ընկերը լավ բան է: Այսպիսի անեկդոտանման պատմություն կա. հարցնում են` եղբայրդ լա՞վ տղա է, պատասխանում է` չգիտեմ, հետը ընկերություն չեմ արել… Ընկերոջ լավ ու վատ չկա. եթե ընկեր է, ուրեմն լավն է:

  Ուրախ եմ <<Ընկեր>>-ի համար, շնորհավորում եմ նրա հինգ տարին: Անկեղծ սրտով ցանկանում եմ, որ 105-ամյակն էլ նշվի: Կանաչ ու  բարի ճանապարհ եմ մաղթում, և թող ձեզանից շատ-շատ լավ ընկերներն անպակաս ու անբաժան լինեն: Թերթն առանձնահատուկ է` շատ մաքուր է, անկեղծ, ազնիվ, պարզ, իսկ ամենակարևորը` քաղաքականությունից հեռու է, ինչն էլ շատ է գրավում մարդկանց: Յուրահատուկ է նաև այն բանով, որ արժանի մարդկանց է ներկայացնում իր էջերում, ազգային մշակույթն է մեծապես արժևորում:

  Ինչպես նշեցի, ընկերոջս մոտ եմ բախտ ունեցել ծանոթանալու թերթին: Խոսքն իմ ամենալավ ընկերներից մեկի` Կառլեն Լևոնիչի մասին է: Եթե, առհասարակ, ընկերության մասին է խոսվում, ապա ինքնաբերաբար բոլորիս պատկերացումներում առաջին հերթին նա է` որպես ընկերության էտալոն, ընկերության նվիրյալ: Նա ընկերության համար կանի ամեն ինչ, այնքան ազնիվ է, այնքան մաքուր, այնքան ուշադիր ու կամեցող: Ահա, նրա հյուրընկալ օջախում, հարկի տակ եմ ծանոթացել թերթին, ինչը խորհրդանշական ու ոչ պատահական եմ համարում:

Բարի երթ, մեր <<Ընկեր>>…

Աշոտ Ղազարյան

Դերասան

***

   Հանրահայտ դերասանի կյանքի ընկերը` տիկին Մելանյան, ներկա լինելով մեր խոսակցությանը, չդիմացավ, այսպես ասած, ընկերության շուրջ ծավալված զրույցի գայթակղությանը և իր հերթին նշեց, որ <<Ընկեր>>-ը բոլորի ընկերն է: Նրա համոզմամբ, եթե մարդ կարողանում է ընկերություն անել, ընկեր լինել, ապա նա իսկապես մարդ է: Ինչ վերաբերում է թերթին, ապա այն բազմաբովանդակ, շատ հարուստ ու հագեցած է. <<Շնորհավորում եմ: Հարատև ընթացք եմ ցանկանում: Ուսուցողական, դաստիարակչական լավ դեր է տանում, մարդկային ճիշտ հարաբերությունների, ընկերության դասագիրք-ուղեցույց լինի, ասես: Սրտանց ուրախ եմ <<Ընկեր>>-ի համար: Հինգ տարին, ճիշտ է, կարճ ժամանակահատված է թերթի համար, բայց <<Ընկեր>>-ի պարագայում կայացածության ակնհայտ նշաններ ու լավ դրսևորումներ կան, ինչը, լիահույս եմ, ժամանակի ընթացքում կզարգանա ու կկատարելագործվի…>>:

SHARE