Բարի համբավն ու անունը

0
99
Ամենաթանկ արժեքն են և կարևորագույն խթան` հաջողություններն ամրապնդելու ճանապարհին…

Վարկանիշ

  -<<Նորակ>> ՍՊԸ-ն,- ասաց ընկերության հիմնադիր Սամվել Անդրասյանը,- ստեղծել ենք 1994 թվականին` որպես շինմոնտաժային կազմակերպություն: Փոքրաթիվ կոլեկտիվով ենք /ընդամենը` 5 անդամ/ սկսել, և այսօր արդեն 30-ից ավելի աշխատող ունենք: Մեր հիմնական գործունեությունը շինարարությունն է, մասնավորապես` էլեկտրամոնտաժային աշխատանքները, որոնք իրականացնում ենք առանձին պատվերներով, մրցույթների միջոցով: Ջանում ենք ամեն ինչ որակով անել, քանի որ մեզ համար առաջնահերթը բարի անուն ու համբավ վաստակելն է, մեր վարկանիշը մշտապես բարձր պահելը: Ունենք շատ լավ մասնագետներ: Պատահում է, որ աշխատանք քիչ է լինում, բայց անգամ այդ պայմաններում մեր մասնագետները մեզ հետ են: Առհասարակ, աշխատանք միշտ էլ ունենում ենք: Զբաղվում ենք նաև ծառայություններ մատուցելով: Խոսքն արտաքին, փողոցային լուսավորության ոլորտին է վերաբերում: Հիմնականում Արարատի մարզում, Արտաշատ, Մասիս և Վեդի քաղաքներում իրականացնում ենք այդպիսի աշխատանքներ` կառուցում, վերանորոգում, սպասարկում: Մեր հիմնական գործունեության հետ մեկտեղ կատարում ենք նաև տրանսֆորմատորային ենթակայանների տեղադրում, ինչպես և, զուգահեռաբար, մատակարարում, վերանորոգում, սպասարկում: Ընդ որում, ոչ միայն մեր հանրապետությունում, այլև ԼՂՀ արդյունաբերական, արտադրական նշանակության օբյեկտներում: Մեր գործունեության այս` սպասարկման բնույթից ելնելով, նաև մեծածախ առևտրով ենք զբաղվում` էլեկտրական սարքավորումներ, մալուխներ, ավտոմատ ու ռելեային համակարգեր, համապատասխան գործիքներ և այլն: Տվյալ պարագաների կարիքն առավել զգացվում է վթարների դեպքում, երբ մեր մասնագետները, եթե  անհրաժեշտություն առաջանա, պատրաստակամորեն կարող են օգտակար լինել նաև անսարքությունների վերացման գործում: Մի խոսքով, մեր ընկերությունը  բազմաֆունկցիոնալ մասնագիտական կազմակերպություն է…

  Շարունակելով մեր զրույցը պարոն Անդրասյանի հետ, այնուհետև տեղեկացանք, որ <<Նորակի>> պատվիրատուները շատ են` <<Հայկական երկաթուղի>>, Դրմբոնի հանքավայր /ԼՂՀ/, <<Հայաստանի էլեկտրացանցեր>>, <<Սևան-Հրազդան կասկադ>> միջազգային էներգակորպորացիա և այլն: Ներկայումս, կապված  էլեկտրասարքավորումների  հետ կապված աշխատանքներով, համագործակցում են <<Կորսան>> ճանապարհաշինական կազմակերպության հետ: 
   Հաճելի էր տեղեկանալ, որ այս ընկերությունում, աշխատանքին զուգընթաց,  մեծապես կարևորում են նաև բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովումը, մարդկային ջերմ փոխհարաբերությունների պահպանումը, ընկերականությունը: Աշխատակիցների համար ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները` ճաշարան, բաղնիք, հանգստի սենյակ, անվճար սնունդ է հատկացվում աշխատողներին: Ձևավորվել են լավ ավանդույթներ, ինչն էլ իր հերթին նպաստում է աշխատանքային հաջողությունների ամրապնդմանը և նոր, առավել բարձր ցուցանիշներ արձանագրելուն: Աշխատողների համար հավասար պայմաններ են ստեղծված, հաղթահարված են բոլոր բարդ հոգեբանական իրավիճակները, ժամանակի կորուստը նվազագույնի է հասցված: Այնպես, որ մարդը տրամադրվի աշխատելուն, ձգտի իր գործը հաջողությամբ, ժամանակին կատարել…
   <<Նորակ>> ընկերությունը վերջին 10 տարում ստանձնել է նաև մարզերի քաղաքների տոնական ձևավորումների, զարդարումների իրականացումն ու սպասարկումը: Այդ գործն, ինչ խոսք, իր  յուրահատկություններն ունի, ինչ-որ առումով` ժամանակակից արվեստին, դիզայներական ճյուղին է մոտենում: Նաև անվտանգությունն են ապահովում, զարդատեսակների  անխափան աշխատանքը: Այս գործը, պարոն Անդրասյանի խոսքերով, բիզնեսի տեսակետից շահութաբեր չէ, ավելի շուտ` հաճելի զբաղմունք է: Ստեղծագործական մոտեցում է պահանջում, ամեն տարի պետք է թարմացվի և ակնահաճո լինի բնակիչների համար. <<Բոլոր զարդերը ինքներս ենք պատրաստում: Ինժեներական կազմը գտնում է զարդի նմուշները, որոշում դրանց քաշը /բնականաբար, որքան թեթև` այնքան լավ/, ջանում, որ ցածր ինքնարժեք ունենան, հզորությունները փոքր լինեն և այլն: Շատ բաղադրիչներ կան, որոնք պետք է պահպանվեն: Գունային էֆեկտները պետք է համապատասխան լինեն: Ողջ տարվա ընթացքում նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի, ասենք, Ամանորի 10-օրյա տոնական զարդարանքն ապահովենք…>>:   
    Ընկերության գործունեության բնույթն այնպիսին է, որ պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել աշխատողի անվտանգության պահպանմանը, ինչի համար կոլեկտիվում աշխատանքային կարգապահության ապահովումը պարտադիր պայմաններից մեկն Է: Բոլորն են դա գիտակցում, սրբորեն պահպանում ընդունված կարգ ու կանոնը, ահա թե ինչու մինչև օրս, բարեբախտաբար, դժբախտ դեպքեր կամ արտակարգ պատահարներ աշխատանքի ընթացքում չեն գրանցվել: Ինչպես ընկերության հիմնադիրը նշեց, որքան աշխատողների հոգսերը թեթևացնում են, այնքան ավելի խստապանջ են դառնում տեխնիկական անվտանգության կանոնների պարտադիր պահպանման խնդրում: Գործիքները, համազգեստը և մնացած ամեն ինչ պետք է համապատասխանեն տվյալ աշխատանքին: 
   Այդ ամենով հանդերձ, կոլեկտիվում շփումները բարեկամական ու ընկերական են: Միջոցառումներին, տոներին միասին են: Միասին նստել-վեր կենալն այստեղ շատ են կարևորում: Բավական է նշել, որ աշխատանքի անցնելով այս կոլեկտիվում, մարդն ավելի մարդկային ու բարի է դառնում: Այնպիսի դրվածք կա, որ կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ իրեն պիտանի է զգում բոլոր առումներով, արվածը գնահատվում է: Բնականաբար, նման մթնոլորտը մարդուն պատրաստակամորեն տրամադրում է նվիրված աշխատանքի: Երբ զգում ես, որ պահանջված ես, դրան համեմատ էլ մեծանում է դերակատարումդ, բարձրանում արժանապատվությունդ, ինչից և բխում է պատասխանատվությունը:  
  -Աշխատում ենք միայն բարի գործեր անել,- շարունակեց պարոն Անդրասյանը:- Այնպիսի կարգ ու կանոն ենք արմատավորել, որ հանկարծ չվնասվեն այսքան տարիների մեր բարի համբավն ու անունը: Ընկերության տարածքում միշտ մի բան կառուցվում է. ծառատունկ է կազմակերպվում, բարեկարգում ենք, բարելավում պայմանները, նոր շինություններ կանգնեցնում և այլն: Մշտապես ձգտում ենք  մեքենասարքավորումները նորացնել: Մեր առջև խնդիր ենք դրել ինքներս լուծել մեզ անհրաժեշտ մասնագետների պատրաստման հարցը: Նորեկը, ընդունվելով մեզ մոտ աշխատանքի, այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում մասնագիտություն է ձեռք բերում, վարպետների հսկողության տակ հմտանում: Պատասխանատվության առումով մեծ ու փոքր աշխատանքներ չկան, բոլորն էլ հավասարապես արվում են` ոչ մի տարբերություն: Ամենակարևորը` որակով են արվում: Անգամ աշխատանքի ավարտից հետո մեկ անգամ ևս աչք ենք գցում արվածին, ստուգում, որպեսզի բացթողումներ չլինեն: Այսինքն, հետևողական ենք, ինչը երբևէ չի վնասել գործին, ընդհակառակը` ավելի բարձր որակ ենք ապահովել: Եղածով չենք բավարարվում, անընդհատ որոնումների, պրպտումների մեջ ենք, որպեսզի հանկարծ հետ չմնանք ժամանակի պահանջներից: Ունենք և՛ պոտենցիալ, և՛ աշխատանքային երկարատև փորձառություն, ինչն էլ ներկայիս մրցակցությանը դիմակայելու լուրջ երաշխիք է…
   Ընկերությունը երբեք չպետք է խառնել բիզնեսի հետ. սա է Սամվել Անդրասյանի հաստատուն տեսակետը: Եթե այդ երկուսը խառնվեցին իրար, ապա նման պարագայում մեկը հաստատ կտուժի: Ահա այս մոտեցումով էլ առաջնորդվում է: Ընկերները, այսպես ասած, իր բիզնեսից հեռու են: Կամ կարող են հատվել անուղղակի, ինչի դեպքում մեկը մյուսին նեղացնելու առիթ չեն տալիս: Ամեն ինչ արվում է, որպեսզի ընկերությունը չտուժի: Չպետք է ի հաշիվ ընկերության որևէ անընդունելի քայլ կատարել: Դա խաթարելու է մաքրությունը: Ըստ նրա, յուրաքանչյուրն իր մտահորիզոնին, ճաշակին, հայացքներին համապատասխան ընկեր պիտի ունենա: Ասում են` լավագույն ընկերոջ հետ կարող ես նաև լռել: Քաղաքականությունն ընկերության մեջ տեղ չպետք է ունենա: 
  Նշենք, որ Սամվել Անդրասյանի հետ ծանոթությունը տեղի է ունեցել Հովտաշատի համայնքապետ Հովիկ Թադևոսյանի միջոցով: Ահա, այդ նկատի առնելով, նա ասաց, որ Հովիկի եղբոր` Ռոլանդի հետ է մտերիմ եղել, ինչն էլ առիթ է դարձել նոր ծանոթության ու ընկերության. <<Մեր շրջապատում ընկերության առումով Հովիկը մեր իդեալներին կամ, ինչպես ասում են, չափանիշներին համապատասխանող անձնավորություն է: Ակտիվ է, անմիջական, շփվող, հասնող: Մեկս մյուսի հաջողություններով ուրախանում ենք, խորհրդակցում միմյանց հետ: Մեծ հաճույքով ենք ընկերություն անում: Նրա մասին միայն լավը կարող եմ ասել: Տարբեր կարգավիճակներում եմ նրան հանդիպել, հիմա արդեն, որպես համայնքապետ, էլ առավել է իրեն դրսևորում: Գյուղի մաքրությունից սկսած` բոլոր խնդիրները, հաջողությամբ, տեղը տեղին իրականացնում է: Եկել է բիզնեսի ոլորտից, ինչն էլ մեծապես օգնում է նրան այս նոր գործում: Տիրոջ սրտացավությամբ է մոտենում ամեն խնդրի կատարմանը: Բնականաբար, դրանով նաև օրինակ է ծառայում իր շրջապատի համար: Մեզ` ընկերներիս էլ ծառայեցնում է համայնքին օգտակար լինելու գործին: Օգտագործում է ընկերների ներուժը, որպեսզի գյուղի համար լավ լինի… Ընկերներ, իհարկե, շատ ունեմ` Սահակը, Արսենը, Գեղամը, Արմենը, Տիգրանը, Սարգիսը, Արտակը, ովքեր մեծ մարդիկ են և մեծ էլ նշանակություն ունեն ինձ համար: Երկար ճանապարհ ենք անցել, որքան էլ զբաղված լինենք, միևնույն է, ժամանակ գտնում ենք իրար հանդիպելու: Ընկերոջդ պիտի օգտակար լինես, լինես հենարան, խորհրդատու: Փոխադարձություն պետք է լինի ամեն ինչում: Բարին արարելու, լույս սփռելու ունակություն պետք է ունենալ և ստեղծածովդ օրինակ ծառայել հասարակության համար…>>:  
SHARE