Բարի հետք թողնել, արժանի ժառանգություն

0
19
Սա է Եղեգնաձորի քաղաքապետ  Դավիթ Հարությունյանի ամենամեծ ցանկությունը

Հավատարմություն

Մեր զրույցը Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի հետ է, ով քաղաքային այս համայնքը ղեկավարում է 2012 թվականից: Ծնվել, մեծացել է այստեղ և իր հայրենի ծննդավայրը շատ է սիրում: Համաքաղաքացիների կողմից ընդունված ու հարգված անձնավորություն է: Մինչև ընտրվելն էլ ժողովրդի սերն ու վստահությունն ուներ և ԲՀԿ տվյալ տարածքի ղեկավարը լինելով, արժանի համբավ ու հեղինակություն էր վայելում: 
Մինչև քաղաքի ղեկավարին հանդիպելը տեղում զրուցեցինք մեզ պատահած եղեգնաձորցիների հետ: Մանվելն, օրինակ, ասաց. <<Հարությունյանը ժողովրդական և իր խոսքի տեր մարդ է: Քաղաքապետը եթե խոստացավ ինչ-որ բան անել, ապա անպայման կկատարի: Առհասարակ, <<ոչ>> բառը չի ասի: Եթե մեր մյուս ղեկավարներն էլ նրա պես ժողովրդական լինեն, ապա երկիրն ընդհանուր առմամբ զարգացում կապրի: Նրա ասածն արած է: Ընտրվելուց հետո արած գործերն ակնհայտ են` քաղաքի մաքրություն, լուսավորություն, ծաղկապատում ու կանաչապատում: Ամենակարևորը` հետևողական է, որպեսզի ամեն ինչ ժամանակին ու ճիշտ կատարվի: Քաղաքը զարթոնք է ապրում…>>: Բնակիչներից Էմման էլ իր հերթին նշեց. <<Արտակարգ քաղաքապետ է: Մեծ ուշադրություն է դարձնում մաքրությանը: Քաղաքը շատ է փոխվել: Փոխվել է բոլոր առումներով: Ակնկալում ենք ավելին…>>:

-Խնդիրներ միշտ էլ բոլոր համայնքներում կան,- մեր զրույցի սկզբում ասաց պարոն Հարությունյանը,- և այնպես չէ, որ ամեն ինչի կարող ես միանգամից լուծում տալ: Քաղաքի լուսավորության խնդիրը գրեթե լուծված է: Ասֆալտապատում իրականացվում է, իհարկե` պետբյուջեի միջոցներով: Խնդիրներին աստիճանաբար լուծում ենք տալիս: Առաջնահերթ աղբահանության խնդիրն ենք լուծել` գրեթե ամեն օր փողոցները լվացվում են: Ճանապարհների վիճակն է շատ վատ, այս հարցը հրատապ լուծում է պահանջում: 
Քաղաքի ղեկավարի խոսքով, խնդիրներն անպակաս են, և հարկ է ամենօրյա հետևողական աշխատանք կատարել: Դրա հետ մեկտեղ, ավելի կարևոր է բնակիչների հետ ճիշտ հարաբերվելը: Բնակիչների հետ հանդիպումը հաճախակի է, ավելի շատ` դրսում, բակային հանդիպումների կամ այլնի ժամանակ: Նման հանդիպումներն ավելի են սերտացնում փոխադարձ կապը, առավել ամրապնդում վստահությունը միմյանց նկատմամբ: Մարդիկ դիմում են ամենատարբեր, անգամ` անձնական խնդիրներով: Այս ամենի համար մեծ ջանքեր են անհրաժեշտ, նաև ընկեր-բարեկամներն են իրենց աջակցությունը բերում: 
Ինչպես Դավիթ Հարությունյանը խոստովանեց, ընկերովի է ապրում և շատ է սիրում ու հարգում ընկերներին: Ինչի որ հասել է` ընկերների շնորհիվ է: Ընկերություն անելիս մարդը պիտի սկզբունքային լինի: Համոզված է նաև, որ ամենահավատարիմը մանկության ընկերներն են.
-Այսօր էլ մեկս մյուսի հաջողություններով ուրախանալով ընթանում ենք առաջ` օրինակ ծառայելով մյուս սերունդներին: Ընկերությունը բառերով նկարագրելի չէ, ընկերությամբ ապրել եմ, ապրում եմ, կապրեմ: Ինձ համար ընկերությունը մեծ խորհուրդ ունի: Շատ եմ հավատում ընկերությանը: Ընկերության կողմից երբեք չեմ կոտրվել, չեմ փոշմանել արածս ընկերության համար: Ընկերությունը պահպանելու համար պիտի ճիշտ մոտեցում ցուցաբերես ընկերոջդ հանդեպ: Ամենակարևորը` չպետք է խաբել դիմացինին: Սուտասան մարդն ընդունելի չէ: Մարդը պիտի լավատես լինի, չընկրկի դժվարությունների առաջ… Ժողովուրդը գիտի իմ ընկերներին: Եթե այսօր ժողովրդի վստահությանն եմ արժանացել, ապա պարզ է, թե ինչ ընկերություն ենք արել: Համայնքի ղեկավարը պիտի ընկերական լինի, որպեսզի վստահությունը չկորցնի: Բոլորին էլ ընկերաբար եմ վերաբերվում: Անմիջական եմ և շուտ եմ մերվում մարդկանց հետ: Այդ անմիջականությունը բերում է նրան, որ բնակիչներն էլ են ներգրավվում տարվող աշխատանքներում: Մեզ շատ է օգնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա հովանավորությամբ մանկապարտեզի տանիքն է ամբողջությամբ փոխվել: Այդ և մի այլ մանկապարտեզ գազաֆիկացվել է…
Դ. Հարությունյանի համար ընտանիքն է առաջնահերթ կյանքում: Երեխաները, ամենակարևորը, կրթություն ստանան, հասարակության համար պիտանի մարդ դառնան: Ամենամեծ ցանկությունը` բարի հետք թողնել, արժանի ժառանգություն…  
SHARE