Բարձրակարգ աշխատանքի հետ մեկտեղ

0
18

Մարդկային ճիշտ մոտեցում, ջերմ ու հարգալից վերաբերմունք

Պատվախնդրությունv

<<Կրա Դան>> ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2005 թ., ծալքավոր ստվարաթղթե տուփերի և արկղերի մասնագիտացված արտադրությամբ է զբաղվում: Արտադրությունը հագեցած է ժամանակակից տեխնիկայով: Այստեղ տուփերի արտադրության  ամբողջական գործընթաց է մշակված, ինչը պատվիրատուին հնարավորություն է տալիս բավարարել անգամ ամենաբարձր պահանջները:

-Մեր կազմակերպությունն ավելի քան 10 տարվա պատմություն ունի,- ասաց ընկերության հիմնադիր Դանիել Կրակոզը:- Հիմնական արտադրությունը ծալքավոր ստվարաթղթով գինու, կոնյակի համար տուփեր և արկղեր պատրաստելն է: Որքան այս արտադրատեսակների արտահանումն ավելանա, այնքան կմեծանա նման փաթեթավորման, նման պարագաների պահանջարկը: Աշխատում ենք <<Արարատ>> կոնյակի, Ավշարի, Պռոշյանի, ՄԱՊ և այլ գործարանների, ընկերությունների հետ: Պատվիրատուներ շատ ունենք, որոնք մեր պատրաստած տուփերով ու արկղերով իրենց արտադրանքն արտահանում են ՌԴ, ԱՄՆ, Եվրոպա: Մեր աշխատանքում առաջնահերթ կարևորում ենք որակը, ապա պատվերների արագ, ժամանակին կատարումը: Ոչ պակաս կարևորում ենք նաև մարդկային մոտեցումը. առհասարակ, մարդկային գործոնն ամեն տեղ իր դերն ու նշանակությունն ունի: Պատահական չէ, որ մրցակցության առումով էլ առանձնակի խնդիրներ չունենք, բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ենք պահպանում: Եթե անգամ փոքր քանակի պատվերներ են լինում, ապա էլի չենք մերժում` ջանալով մեզ դիմած մարդկանց երբևէ չհիասթափեցնել: Իսկ եթե դա իր մեջ ազգային առանձնահատկություններ ունի, այսպես ասած` հայրենասիրական մղումներով ու միտումներով է, ապա ավելի պարտավորված ու պատրաստակամ ենք ընդառաջում` մի կողմ դնելով բիզնեսի զուտ շահն ու հետաքրքրությունները: Մի խոսքով, աջակցում ենք մեզ դիմած յուրաքանչյուր պատվիրատուի և մեր գործը խղճով, բարձր վարպետությամբ անում…v2

Պետք է ասել, որ սա արտադրության այն ոլորտն է, որը պահանջում է ժամանակին համընթաց քայլել և մշտապես կատարելագործվել: Ահա թե ինչու, այս առաջնահերթությունից ելնելով, մասնակցում են միջազգային ցուցահանդեսների, ծանոթանում ոլորտի նորություններին, որպեսզի նորարարական շունչ հաղորդեն պատվիրվող տեսականու պատրաստմանն ու թողարկմանը: Այո, պատվիրատուին մշտապես պիտի գոհացնել, ինչ-որ առումով նաև` նպաստել նրա արտադրանքն առավել ճանաչելի դարձնելուն, արտադրական հաջողությունների ամրապնդմանը և այլն:

Նկատենք, որ <<Կրա Դան>>-ի գործունեության հիմքում բիզնեսին հավասար մարդկային մոտեցումն ու վերաբերմունքն է, ինչը նախ գալիս է նրա հիմնադրի մարդկային էությունից ու նկարագրից: Դանիել Կրակոզը սիրում է մարդկանց օգնել, օգտակար լինել, ինչը, խոստովանենք, վեհ հատկանիշ է: Ընկերությունում աշխատում են նաև Սիրիայից եկած մեր հայրենակիցներ, ում նկատմամբ նա ավելի ուշադիր ու հոգատար է: Որպես ղեկավար, շատ ընկերական է իր աշխատողների հետ. <<Մեզ մոտ լրիվ ընկերային մթնոլորտ է, ընդգծված չէ` ես ղեկավար եմ, դու աշխատող: Բոլորս էլ միևնույն մարդկային էակներն ենք: Ինձ համար տարբերություն չկա: Նրանց հետ հավասար կիսում եմ թե՛ ուրախությունները, թե՛ տխրությունները…>>:v1!

Դանիել Կրակոզի համոզմամբ, ընկեր բառը շատ մեծ իմաստ է պարունակում: Սիրիայի Հալեպ քաղաքում է ծնվել, այնտեղ շատ լավ ընկերներ ունի: Գալով Հայաստան, այստեղ էլ ընկերական շրջապատ է ստեղծել, քանի որ ընկերասեր է, և, նրա հավաստիացմամբ, մարդ ուր էլ գնա, առանց ընկերոջ չի կարող: Ինչպես ինքն ասաց, ընկերությունը պիտի պահպանել կարողանալ, ինչի համար առաջին հերթին հավատարիմ պիտի լինել: Ընկերասիրությունը հայրիկից է ժառանգել: Պապու խոսքերն է հիշում. <<Մեկ ընկերը քիչ է, երկուսը` շատ>>: Մարդը պետք է ընտրի լավ ընկեր, ում հետ լինի մինչև կյանքի վերջը: Այո, քիչ, բայց որակով ընկերություն…

Դանիելն իր տեսակով, կարելի է ասել, գործարարի, մարդու լավ օրինակ է: Դրանում մենք համոզվեցինք` զրուցելով նաև ընկերության արտադրության պետ Հայկ Գևորգյանի հետ: <<Դանիել Կրակոզն, իրոք, առաջին հերթին իր մարդկային որակներով է առանձնանում,- ասաց նա:- Լավ մարդ է, այն քչերից մեկը, ում հանդիպել եմ կյանքում: Մեծատառով մարդ է, ընկեր: Լավ գիտի իր գործը, ղեկավարին վայել պահվածք, դիրք ունի և, դրա հետ մեկտեղ, մարդկային է, ընկերասեր ու բարի: Մարդկային մոտեցում ու հարգանք ունի յուրաքանչյուր աշխատողի հանդեպ: Սիրալիր է, պատրաստակամ` օգնելու, հասկանալու դիմացինին: Իր պարզությունն իմաստուն խորք ու խորհուրդ է պարունակում: Ահա այս ամենը մեծապես նպաստում են, որպեսզի մեր յուրաքանչյուր աշխատող իրեն պարտավորված զգա` լավ աշխատելու, բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարելու հանձնարարված ցանկացած գործ: Ձգտում ենք ամեն ինչ լիարժեք, պատվախնդրորեն կատարել, մեր պատվիրատուներին լավագույնս գոհացնել: Հաջողությունը բոլորինս է, անհաջողությունը` նույնպես: <<Կրա Դանը>> մեր երկրորդ տունն է, վերաբերվում ենք` ինչպես հարազատ տան, օջախի: Կոլեկտիվն էլ` ինչպես ընտանիքը, ինչպես ընտանեկան ջերմ միջավայրը: Այս ամենն, անշուշտ, գալիս է Դանիելից, նրա ճիշտ մոտեցումից ու վերաբերմունքից: Նա բոլոր առումներով է լավ օրինակ իր շրջապատի, իր աշխատողների համար: Նման ղեկավար, նման ընկեր ունենալն, իրոք, բախտավորություն է, պարգև…>>:

Հայկ Գևորգյանը հավելեց նաև, որ Դանիելը հրաշալի ընտանիք ունի, հրաշալի  դաստիարակված երեխաներ: Կինը` Ռուզաննա Հարությունյանը, հրաշալի մարդ է, բարի ու մեծահոգի անձնավորություն:

SHARE