Բարձր արդյունքը երաշխավորված է,

0
31

երբ մարդն իր տեղում է և իր էությանը հոգեհարազատ միջավայրում…
    Հաճելի է, անշուշտ, հանդիպել մարդու, ով հոգով ու սրտով կապված է հայրենի եզերքի, նրա հող ու ջրի, իր շրջապատի մարդկանց հետ, ապրում է նրանց հոգսերով ու ուրախություններով և գործ ունի արտադրության, ստեղծագործ աշխատանքի ու արարման հետ: Խոսքն այս դեպքում Շիրակի մարզի արտադրության երախտավոր, Արթիկի <<Ստեկլոմաշ>> ԲԲԸ գլխավոր տնօրեն Վառլամ Մկրտչյանի մասին է: Նրա աշխատանքային կենսագրությունը շուրջ կես դարի է հասնում, որի 46 տարիներին նա տնօրենի, արտադրության ղեկավարի պաշտոններ է զբաղեցրել: Վ. Մկրտչյանի ղեկավարած արտադրական ձեռնարկությունները հաստատուն ու առաջատար տեղ են գրավել հանրապետության տնտեսության ոլորտում: Բանիմաց է, փորձառու մասնագետ, գիտակ տնտեսվար, պատասխանատվության մեծ զգացումով և մարդկանց հետ աշխատելու, կազմակերպելու հրաշալի ունակություններով օժտված: Կարողանում է ցանկացած պարագայում համախմբել մարդկանց,  ցանկացած ձեռնարկում հաջողությամբ պսակել և աշխատանքի բարձր  արդյունավետություն ապահովել: Ահա, թերևս, այն հիմնական գաղտնիքը, ինչով էլ պայմանավորված են նրա աշխատանքային գործունեության ակնառու  ու տպավորիչ հաջողությունները…

    Դեռևս վաղ պատանեկան տարիներին են դրսևորվել Վառլամի կազմակերպչական ունակությունները, շրջապատին իր շուրջը համախմբելու կարողությունն ու մյուս շնորհները: Այս ամենն արդեն հետագա տարիներին իրենց զարգացումն ունեցան, կատարելագործվեցին և, լիովին ձևավորվելով, հաստատուն բնավորություն դարձան ուսումնառության տարիներին, իսկ հետագայում` բուն արտադրական գործընթացներում: Կյանքի հասունության ճանապարհին մեծ փորձ ու գիտելիքներ ձեռ բերելով, նա աստիճանաբար դարձավ արտադրության հմուտ ու գիտակ մասնագետ, իր գործի իսկական վարպետը: Ավարտել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, ստացել ինժեներ-էլեկտրամեխանիկի մասնագիտական որակավորում: Աշխատանքի է անցել Մանթաշի արտադրական կոմբինատում` գլխավոր ինժեներ: Այս պարզ ու շիտակ մարդու, նախաձեռնողի ու կազմակերպչի ղեկավարությամբ սկսվեցին արտադրամասերի շինարարական-վերանորոգման աշխատանքները, ապա ստեղծվեց մոնտաժման բրիգադ, տեղադրվեցին մեքենասարքավորումները, որից հետո թողարկվեց առաջին արտադրանքը` բնական կաուչուկից /լատեքս/ փուչիկներ երեխաների համար: 
     Այդ ժամանակից սկսած ամրապնդվեց նրա վստահությունը սեփական ուժերի հանդեպ, հավատ ներշնչեց, որ ի զորու է հավուր պատշաճի կազմակերպելու այդ դժվարին աշխատանքը: Այդ հաջողության համար էլ առաջին անգամ պարգևատրվում է <<Աշխատանքային արիության համար>> մեդալով: 27 տարեկան էր, երբ նրան վստահեցին կոմբինատի ղեկավարումը: Այդ մեծ վստահությունն նրան առավել է պարտավորեցնում և մղում առավել բարձր արժանապատվությամբ շարունակելու նվիրյալ գործունեությունը: Մեկ տարի անց ձեռնարկության աշխատողների թիվը հասնում է 400-ի, իսկ արտադրական ցուցանիշները կրկնապատկվում են: Բացվում են կարի, փայտամշակման, մետաղամշակման, բամբակի մանման, լվացող նյութերի և ռետինե ձեռնոցների արտադրամասերը: Աշխատանքի արդյունավետության բարձրացման և արտադրական ծավալների ընդլայնման համար պարգևատրվում է <<Բարեխիղճ աշխատանքի համար>> Լենինի 100-ամյակի հոբելյանական մեդալով: Կոմբինատը ղեկավարում է մինչև 1975 թվականը: Ապա նրան վստահում են Արթիկի ավտոտրանսպորտային ձեռնարկության տնօրենի պաշտոնը: Պատահական չէր նման ընտրությունը, քանզի այն հայտնվել էր ծանր իրավիճակում, ինչը շտկելու հույսն անմիջականորեն կապում էին Վառլամ Մկրտչյանի հետ: Սկսվում են պարկի տեխնիկական վերազինման աշխատանքները, տեղադրվում են ավտոմեքենաների զննման, լվացման հոսքային գծեր, բարեկարգվում են արտադրամասերը: Մեկուկես տարի հետո արդեն ձեռնարկությունը ճանաչվում է ցուցադրական: 
   1978-ին Վ. Մկրտչյանին նշանակում են միութենական ենթակայության Արթիկի վակուումային էլեկտրավառարանների գործարանի տնօրեն: Նրան այստեղ ևս հաջողվում է կարճ ժամանակամիջոցում բարձրացնել թողարկվող արտադրանքի որակը և տեխնիկական վերազինում իրականացնել: Մեկ տարի հետո գործարանն արդեն առաջավորների շարքում էր: Արտադրվող ունիկալ վառարաններն սկսեցին թողարկվել որակի նշաններով, արտահանվել մի շարք սոցիալիստական և կապիտալիստական երկրներ, ինչի վերջնարդյունքում բարձրացվեցին նաև  աշխատակիցներին տրվող հավելավճարների չափերը: Գործարանի հեղինակության բարձրացման արդյունքում  նրան հնարավորություն է ընձեռվում վերազինվելու և նոր տեսականու արտադրություն պլանավորելու: 
   1987 թ. արտադրության ճանաչված ու հեղինակավոր կազմակերպիչն արդեն Արթիկի <<Ստեկլոմաշ>> գործարանում էր` տնօրեն: Գործարանը, որպես միութենական եզակի ձեռնարկություն, անցել էր որակի կառավարման համակարգով աշխատաձևի: Այստեղ թողարկվում էին հիմնականում ապակե տարաների /10 գրամից մինչև 3 լ տարողության/  թուջից կաղապարներ, 15 անվանատեսակ ունեցող հոսքագծեր և այլ սարքավորումներ, որոնք առաքվում էին ԽՍՀՄ շուրջ 500 ձեռնարկություններ: Նորանշանակ տնօրենին հաջողվում է 6 ամսվա ընթացքում, արտադրության վերազինման և կադրային բարեփոխումների արդյունքում, զգալի ձեռքբերումներ արձանագրել: Արցախյան պատերազմը, շրջափակումը թեև բացասականորեն ազդեցին գործարանի արտադրանքի իրացման վրա, այդուհանդերձ, նրա աշխատանքային ռիթմը չխաթարեց, արտադրանքի տեղափոխումը կազմակերպվեց բեռնատար ինքնաթիռների միջոցով: 
    Ժամանակները փոխվում էին, և հարկ էր ժամանակի ոգուն համարժեք քայլեր ձեռնարկել, նոր մոտեցումներ որդեգրել և նոր ծրագրեր կազմել: 1990 թ. Վ. Մկրտչյանը Բուդապեշտում մասնակցում է ակադեմիային կից մենեջերական դպրոցի դասընթացների` ստանալով մենեջերի որակավորում: 1995-ին մասնավորեցումից հետո գործարանն սկսում է աշխատել նորովի` ձեռք բերելով նորանոր շուկաներ և պահպանելով արտադրական ծավալները: Միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը հնարավորություն է տալիս արտադրանքն առաքելու ԱՊՀ և արտասահմանյան շատ երկրներ:
  – Իմանալով շուկայի պահանջները,-ասաց պարոն Մկրտչյանը,-տարեցտարի փոխում էինք արտադրանքի տեսականին և արագ կողմնորոշման շնորհիվ նոր գործընկերներ ձեռք բերում: Դեռևս 2 տարի առաջ երկաթգծին մետաղյա ներդիրների մեծ քանակ ապահովեցինք: Ցեմենտի գործարաններին ապահովում ենք մանրացնող գնդիկներով: Մեր աշխատաոճին ու սկզբունքներին համապատասխան կազմակերպությունների հետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնելու դեպքում, սերտորեն համագործակցում ենք: Արդեն 4 տարի աշխատում ենք Կապանի և Ախթալայի պղնձամոլիբդենային կոմբինատների հետ, ընդ որում` առանց խոչընդոտների ու ընդմիջումների: Նրանց մատակարարում ենք պողպատյա լեգիրացված գնդիկներ: Ձեռնարկության հիմնական արտադրանքը ապակե տարաների կաղապարների արտադրությունն է: Կատարում ենք  ապակե տարաներ արտադրող մեր երկրի ձեռնարկությունների պատվերները: Միայն այս ուղղություններով չենք սահմանափակվում: Շարունակ որոնումների, պրպտումների մեջ ենք: Ուզում ենք մետաղական լարեր արտադրել`հոսքագծերն արդեն պատրաստ են: Սիրիայից համապատասխան մասնագետների ենք հրավիրել, որպեսզի սկսենք գործարկման նախապատրաստումը: Հույս ունենք մեկ ամսից սկսել արտադրությունը… Ես, առհասարակ, այս ամենով եմ ապրում: Որտեղ էլ աշխատել եմ, լավ ժառանգություն եմ թողել: Նախկինում աշխատածս երկու ձեռնարկություն ներկայումս քանդված վիճակում է: Հոգիս ցավում է, երբ դրանց կողքով եմ անցնում: Շատ կարևոր ձեռնարկություններ կան, որ այսօր ցավալիորեն անգործության են մատնված: Պետության միջամտությունն այս հարցում անհրաժեշտ ու հրամայական է: Կառավարությունը պետք է իր ձեռքը վերցնի այդ ձեռնարկությունների հետագա կառավարումը: Հնարավոր է ինչ-որ ուղիներ գտնել և սայլը տեղից շարժել: Արդյունաբերական ձեռնարկությունները մեր երկրի հարստությունն են: Եթե արդյունաբերություն չկա, ապա չի կարող լինել նաև զարգացում և ապագա: Որպես արտադրության մարդ, իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ մեզանում բարձրակարգ մասնագետ կադրեր աճեցվեն: Մտահոգող է, ինչ խոսք, արտագաղթը, արտահոսքը մեր երկրից: Եթե տնտեսությունը կարողանա շտկել մեջքը, ապա բավարար  աշխատատեղեր կլինեն, մարդիկ չեն հեռանա հայրենի երկրից: Իմ նպատակը երկրիս ու ժողովրդիս ծառայելն է: Առաջարկներ, ընդ որում` շատ, ունեցել եմ արտերկրում աշխատելու և ապրելու: Միանշանակ` մերժել եմ: Հոգուս պարտքն եմ համարել հայրենակցներիս օգնելը, ինչից էլ մեծ բավականություն եմ ստացել: Արցախյան պատերազմի տարիներին մեր հնարավորությունների չափով օգնել ենք մարտադաշտում կռվող ազատամարտիկներին, այսօր էլ շարունակում ենք օգնել ինչպես պատերազմի վետերաններին ու սոցիալապես անապահով ընտանիքներին, այնպես էլ մեր  շնորհալի երեխաներին: Ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում շատ ու շատ ընկերներ եմ ձեռք բերել: Կյանքը միայն նյութականով չէ: Առաջնահերթ` մարդ պիտի լինես ու մնաս: Շատ ընկերներ ունեմ, ում հետ շփվելն առանձնահատուկ վայելք է ինձ համար: Արդյունաբերության ոլորտի ընկերներս են շատ: Հոգով ավելի մոտիկ ենք իրար: Նրանք բոլորն էլ գործի նվիրյալներ են, կարծես` բոլորս էլ նույն ճակատագիրն ունենք: Մեր այս ընկերախումբը 20 անդամ ունի: Ժորա Նանյանի հետ 50 տարվա ընկերներ ենք: Նշեմ նաև Վիլիկ Դոլուխանյանին /<<Հայհաստոց>>/, Անդրանիկ Սարգսյանին /Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարան/, Հայկ Հակոբյանին, Համլետ  Դանիելյանին, ով մեր ընկերախմբի, այսպես ասած, համակարգողն է: Ռուսաստանում, Ուկրաինայում ընկերներ ունեմ: Ընկերությունը կյանքը հետաքրքիր է դարձնում: Ընտանիքից հետո ամենաթանկը ընկերությունն է: Ընկերներով միմյանց փոխադարձաբար օգնում ենք, քանի որ այսօր արտադրություն ղեկավարելն անչափ բարդ ու ծանր գործ է: Ինձ ընկեր էր նաև կինս, ում հետ 3 զավակների ենք դաստիարակել: Նրանք բոլորն էլ բարձրագույն կրթություն ունեն, մեր հասարակությանը պիտանի մարդիկ են… Իրականացրել եմ կյանքիս նվիրական երազանքներից մեկը` այցելել եմ պապերիս երկիր, պատմական մեր գյուղ, որ Էրզրումում է, կոչվում է Կան: Տեսել եմ նրանց կառուցած աղբյուրը, խմել այդ աղբյուրի ջրից: Այդպիսի աղբյուր գաղթելուց հետո այստեղ` Արթիկում են կառուցել…
   Հերոսություն կարելի է, անշուշտ, համարել այսօրվա պայմաններում արտադրություն պահելն ու պահպանելը, արտադրության նվիրյալները նորօրյա իսկական հերոսներ են: Վառլամ Մկրտչյանի աշխատանքն արժանիորեն գնահատվել ու գնահատվում է նաև այսօր: Նշենք, որ նրան պատիվ է վիճակվել ժամանակին Շիրակի հոգևոր թեմի կողմից առաջադրվել  ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր և մասնակցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ի և Գարեգին Բ-ի ընտրություններին: Նա Արթիկի պատվավոր քաղաքացի է: Արտասահմանյան պարգևների ու մրցանակների է արժանացել`արտադրության ոլորտում բարձր արդյունքների հասնելու, մասնագիտական որակների համար: Իսպանիայից` բաձր որակի ոսկե նշան, Ֆրանսիայից` ոսկե մեդալ, Նապոլեոնի մեդալ: Ճանաչվել է <<Մերկուրի>> մրցանակաբաշխության հաղթող, ՀԱՄԿ-ի ոսկե մեդալ ստացել: Արժանացել է ՀՀ ՊՆ <<Ադմիրալ Իսակով>> մեդալի: Բազում պարգևների մեջ նրա համար ամենաթանկն ու ամենաբարձրն, ինչ խոսք, արդյունաբերության ոլորտում ունեցած ներդրումների և ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՀ նախագավի շնորհած <<Անանիա Շիրակացի>> մեդալն է: 
      Վառլամ Մկրտչյանը գոհ է իր բախտից և հպարտ` ապրած բեղուն ու արգասավոր կյանքի ճանապարհով: Տեղին է հիշատակել Վահրամ Փափազյանի խոսքերը. <<Եթե մարդը պատասխանատու չէ իր կյանքի սկզբի համար, ապա վերջավորության համար պատասխանատու է անպայման, որովհետև այդ վերջավորությունն իր ապրած օրերի, հետևաբար և ապրած բարոյական արդյունքի հաշվեկշիռն է…>>:
SHARE