Բարություն սերմանենք մեր շրջապատում

0
52

Վատն ու արատավորն առանց այդ էլ շատ են և գնալով, ցավոք, ավելանում են…
   Կոտայքի մարզի Զովունի համայնքում այս օրերին առաջին աչքի զարնողը դպրոցում և մանկապարտեզում լայնածավալ աշխատանքների իրականացումն է: Այդ ամենին մոտիկից ծանոթանալու նպատակով հանդիպեցինք համայնքի Ռոբերտ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդան Ղազարյանի հետ: Նրա տեղեկացմամբ, բավականին երկար ժամանակահատված այստեղ նման ծավալի, ավելի շուտ` հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Համայնքի ղեկավար Սերժիկ Ավետիսյանի եռանդուն ջանքերով, մարզպետի գործուն միջամտությամբ, հնարավոր դարձավ այդ կարևոր խնդիրը կյանքի կոչել: 
  Աշխատանքները 2 փուլով են ընթացել: 2008-ին փոխվել է տանիքը, հիմքի ամրացում կատարվել: Նախորդ տարվա հոկտեմբերից մեկնարկել է ծրագրի 2-րդ փուլը: Այս ընթացքում հսկայածավալ աշխատանք է կատարվել և շարունակվում է: Գյուղապետի անմիջական հսկողությունն ակնհայտ զգացնել է տալիս: Նույնը` մանկապարտեզի առումով, որտեղ ևս հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում: Մանկապարտեզի մի մասնաշենքը վերակառուցվում է, որտեղ նախատեսված է հանդիսությունների սրահ հիմնադրել: 
  – Մեր համայնքի ղեկավարը,-նշեց պարոն Ղազարյանը,-լավ մարդ ու լավ ղեկավար է: Նախանձելի է այն դրվածքը, որ նրա շնորհիվ է ստեղծվել, էլ չեմ խոսում արածի ու ներդրածի մասին, որ մեծ դրվատանքի է արժանի: Ուշադիր ու հոգատար է բնակիչների նկատմամբ: Առավել ուշադիր` դպրոցի, մանկավարժների ու աշակերտների հանդեպ: Ինչ-որ առումով կիսում է ծնողների հոգսը, միջոցառումների ժամանակ նրա ներդրումն անպայման զգացվում է: Անշահախնդիր ընկեր է: Նրա պես մարդիկ քիչ են հանդիպում: Բարեսիրտ է, կամեցող, մեծահոգի ու ներողամիտ: Ապրում է համայնքի բոլոր մեծ ու փոքր խնդիրներով, ուշադրությունից ոչինչ չի վրիպում: Շրջում է գյուղի փողոցներով, անձամբ հետաքրքրվում մարդկանց նիստ ու կացով: Հետևողական է բոլոր հարցերում: 21 տարի դպրոցում է աշխատել` փոխտնօրեն: Միաժամանակ, խիստ ու պահանջկոտ ղեկավար է…

    Բնական է, ցանկություն առաջացավ հանդիպելու նաև համայնքի ղեկավարի հետ: Նշենք, որ Սերժիկ Ավետիսյանը համայնքը ղեկավարում է 1997 թվականից: Որպես մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանին հարևան բնակավայր, այստեղ պահանջները, բնականաբար, խիստ են` թե արտաքին տեսքի, թե սանիտարական վիճակի և թե մնացած բոլոր առումներով: 
  -Համայնքի` Երևանին կից լինելը,-ասաց պարոն Ավետիսյանը,-մի կողմից լավ է` աշխատատեղերի կարիք այնքան էլ չի զգացվում, բայց մյուս կողմից` գյուղական բնակավայր լինելով հանդերձ, քաղաքից չպիտի շատ տարբերվի: Այս պարագայում բյուջեի, ֆինանսական մեծ խնդիր է առաջանում, ինչի լուծումն, ինչպես դժվար չէ հասկանալ, բավականին բարդ է, մեր ուժերից վեր: Մայրաքաղաքի կողքին խեղճ ու կրակ մնալ էլ միաժամանակ չենք կարող: Ձգտում ենք հասնել օրինակելի համայնք կոչվելու պատվին: Եթե այլ համայնքներում բնակչության թիվը գնալով նվազում է, ապա մեզ մոտ հակառակն է, ինչն իր հետ նոր խնդիրներ է առաջ բերում: Գրանցված է 5700, բայց փաստացի մոտ 8000 բնակիչ է ապրում: Համայնքը նորածին երեխայի նման է, այնպես չէ, որ պլանավորես ինչ-որ բան և կարողանաս այն իրագործել: Ամեն անգամ մի անակնկալ պատահում է, գործ ես ունենում սկսած ամենափոքր խնդրից առաջ եկող մանրուքի հետ` վերջացրած ամենաբարձր ատյանները տանող գլոբալ հիմնախնդիրներով: Համայնքի համերաշխ մթնոլորտը պիտի կարողանաս պահպանել: Ինձ համար առաջնային են կարգ ու կանոնը, պատշաճությունն ու բարենորոգությունը: Մեզանում ակտիվ է մարզամշակութային կյանքը: 18 մեդալակիր, ընդ որում` աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի չեմպիոն մարզիկներ ունենք: Բռնցքամարտի 2 խումբ է գործում, այս մարզաձևից աշխարհի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը մեր համագյուղացի է: Հիմնանորոգված մշակույթի տանը երեկոյան աշխույժ եռուզեռ է: Այստեղ գործում են երաժշտական, թատերական տարբեր խմբեր: <<Ակունք>> ազգագրական խումբը Բուլղարիայում <<Գրան պրի>> է շահել: Իմ ուշադրության կենտրոնում զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքներն են, շնորհալի երեխաներն ու ուսանողները: Մեծապես կարևորում եմ համայնքում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայությունը: Բարության, հանդուրժողականության լիցքեր են պետք: Ավելի շատ բացասական, մերժելի երևույթների ենք ականատես այսօր մեր շրջապատում: Անընդունելի է այն <<քարոզչությունը>>, որ հեռուստատեսությունը սերմանում է  մատաղ հոգիներում: Միշտ` վատը, եղկելին ու անբարոն, եկեք լավին էլ տեղ տանք…Շնորհաշատ, արվեստասեր երեխաներ ունենք, որոնց խրախուսելու տարբեր եղանակներ ու միջոցներ եմ փնտրում: Ունենք հպարտության արժանի մեծահամբավ համագյուղացիներ: Նրանցից առաջին հերթին նշեմ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին:  Վերջերս մեր Նունե Աբրահամյանը Իտալիայում թավջութակի աշխարհի առաջնությունում առաջին տեղ գրավեց: Հիշեմ ՌԴ-ում մեծ ճանաչում ունեցող իրավաբան, դասախոս Դավիթ Ավետիսյանին, գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արամ Հովհաննիսյանին, իրավագիտության դոկտոր Վահրամ Ավետիսյանին…Լավն ու արժանավորը պիտի խրախուսվեն, մեծարվեն, որպեսզի օրինակ դառնան հասարակության, հատկապես` մատաղ սերնդի  համար: Այսօր բոլորիս պարտքը պետք է լինի բարություն սերմանել մեր շրջապատում: 
   Չենք կարող, անշուշտ, չհամաձայնել համայնքի ղեկավարի հետ և չկիսել նրա արտահայտած մտահոգությունները: Նշենք, որ պարոն Ավետիսյանն իր նվիրյալ աշխատանքով հարգանք ու վստահություն է վայելում ոչ միայն համայնքում, այլև մարզում և ողջ հանրապետությունում: Պահպանելով օրենքի պահանջները, հավատարիմ մնալով ղեկավարման ընդունված չափանիշներին ու սկզբունքներին, նաև մարդկային ու ընկերական լավագույն հատկանիշներով է առանձնանում: Այո, լավ ղեկավար, լավ մարդ լինելու հետ մեկտեղ նաև լավ ընկեր է:
 – Ընկերությունը և դժվարություն է, և հաճույք,-շեշտեց Սերժիկ Ավետիսյանը:- Եթե ընկերդ, ասենք, նեղության մեջ է և ապավինում է քո օգնությանը, բայց դու չես կարողանում ձեռք մեկնել, ապա դրանից ծանր ու դժվար վիճակ չի կարող լինել ընկերոջ համար: Ես միշտ ընկերներիս կողքին եմ և օգնում եմ այն ամենով, ինչով կարող եմ: Ընկերական շրջապատս շատ մեծ է: Մեր համայնքում եզդի բնակչություն ունենք, նրանց հետ հաշտ ու համերաշխ ապրում ենք: Փոխհարաբերությունները ընկերական են և երբևէ խնդիրներ չեն առաջանում: Եզդի ընկերներ ևս ունեմ: Նշեմ /նրանց թվում`մանկության/  ընկերներիս` Հովհաննես Թովմասյանին, Ազիզ Ավդալյանին, Խդր Ջալիլյանին,Սերյոժա Զոհրաբյանին, Հրաչ Հակոբյանին, Գագիկ Հարությունյանին, Համազասպ Ջաղալյանին, Վարդան Ղազարյանին, Քերոբ Սիմոնյանին, Սամվել Գալստյանին, Աբգար Հովհաննիսյանին… Ընկերներս այնքան շատ են, կուզեի բոլորին այստեղ հիշել, որպեսզի ոչ ոք չնեղանար, բայց հնարավոր չէ 100-ից ավելի մարդու անուն-ազգանուն մեջբերել: ՀՀԿ անդամ լինելուց բացի, նաև <<Նիգ-Ապարան>> հայրենակցական միության վարչության անդամ եմ: Մտերիմ ընկերներիցս են Վրեժ Մարկոսյանը, Լյովա Խաչատրյանը, Ռուբիկ Հովսեփյանը, Գագիկ Արշակյանը, Օֆելյա Պետրոսյանը և այլք: Ջերմ ու ընկերական փոխհարաբերություններ են ստեղծված նաև մեր մարզի համայնքապետերից շատերի հետ: Նշեմ Քանաքեռավանի Ջիվանին, Մրգաշենի Արամայիսին, Եղվարդի Նորիկին… Համայնքների ղեկավարներով թև ու թիկունք ենք միմյանց, իրար աջակից, միասնական ու համախմբված: Կին համայնքապետերից մեր ընկերն է Նոր Երզնկայի Ալինան, ով միշտ շահեկան վիճակում է, քանի որ բոլոր հարցերում նրան ենք առաջ գցում` աջակցելով հնարավոր ամեն ինչով: Ընկերն ազնիվ ու պարկեշտ պետք է լինի, սուտ չխոսի, ընկերոջից ոչինչ չթաքցնի…Մեր ընտանիքում 8 երեխա ենք եղել, դժվարին մանկություն տեսել: Բոլորս էլ բարձրագույն կրթություն ստանալով, գտել ենք մեր տեղը կյանքում: Ընտանիքն ինձ համար շատ մեծ կարևորություն ունի: Երկու որդիներիս դաստիարակել եմ իմ դավանած սկզբունքներով, արդեն թոռնիկ ունեմ, որն իմ ամենամեծ ուրախությունն է: Արմատներով ապարանցի եմ և, առիթից օգտվելով, չեմ կարող չխոսել ինչպես ինձ, այնպես էլ մյուս բոլոր համագյուղացիներիս մտատանջող մի խնդրի մասին…
  Ի՞նչ խնդրի մասին է խոսք գնում: Կրկին մեջբերենք համայնքի ղեկավարի խոսքը.
 -1991 թ. սեփականաշնորհման գործընթացի ժամանակ 76 հեկտար հողատարածք, օրինական հիմունքներով, բաժանվեց գյուղացիներին, իսկ մի մասն էլ, որպես համայնքային սեփականություն, պետք է պետական գրանցում ստանար: Այդ թվում` նաև այն հողերը, որոնցից հրաժարվեցին գյուղացիները, ինչն ամրագրված է համապատասխան օրենքով: Ի՞նչ հողատարածքների մասին է խոսքը… Այն տարածքների, որոնք գտնվում են Ապարանի տարածաշրջանում: 1828 թվականից մարդիկ ապրել են այնտեղ: Ժամանակին գյուղը տեղահանվեց, և սակավահող լինելու պատճառով Զովունու 2-րդ հատվածը, որը գտնվում է նախկին Ապարանի շրջանի տարածքում, եղել է մերը, որտեղ և մեր գյուղացիները հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց անասնապահական տնտեսությունները: Ընդ որում, այդ տարածքը տվյալ ոլորտի զարգացման առումով տարածաշրջանում լավագույնն է եղել: Սակայն այսօր 200 տնտեսություն հանիրավի զրկվել է իր հողերից, անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից: Բացի այդ ամենից, չէ՞ որ այն նաև ծննդավայր է մեզ համար, այնտեղ են մեր պապերի գերեզմանները: Էլի թող միանար ուրիշ համայնքի, բայց գոնե պապենական մեր հողերը, որտեղ, կրկնում եմ, մեր նախնիների սրբազան մասունքներն են, մնային որպես Զովունիի սեփականություն, այլ ոչ թե այնպիսի իրավիճակ ստեղծվեր, որ ցանկության դեպքում ստիպված լինենք դրանք վարձակալելու Եղիպատրուշ համայնքից: Կադաստրի պետական կոմիտեի /Ֆելիքս Բաշոյան/ <<թեթև ձեռքով>>, նոր քարտեզագրման արդյունքում մարդիկ զրկվեցին այդ հողերի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից` դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ: Խնդրի վերաբերյալ հանդիպել և հանգամանալից զրուցել եմ ՀՀ   փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ, ով, կարելի է ասել, ճիշտ ընկալեց մեր կողմից արված հարցադրումներն ու նկատառումները: Դիմել ենք դատական ատյանների, որտեղից պատասխանել են, որ տվյալ խնդիրն ավելի շատ պետական կառավարման իրավասության շրջանակներում է: Շատ այլ մարմինների և պաշտոնատար անձանց ենք ահազանգել, սակայն, ի վերջո, ամեն ինչ գալիս և <<հանգրվանում>> է այդ չարաբաստիկ քարտեզագրման շուրջ: Մեր բնակիչները համբերատար սպասում են կառավարության պատասխանին, որը, ըստ հավաստիացումների, կբավարարի մեր արդարացի պահանջը: Հակառակ դեպքում ստիպված կլինենք դիմել երկրի նախագահի միջամտությանը, չեն բացառվում նաև ծայրահեղ քայլերը…
   Առաջ անցնելով ասենք, որ հսկայական է այն աշխատանքը, որ Սերժիկ Ավետիսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարվել է Զովունիում: Համեմատելու դեպքում տարբերությունն ակնհայտ ու տեսանելի կդառնա: Համայնքը վերջին 15 տարիներին զարգացում ու առաջընթաց է ապրել, անճանաչելիորեն փոխվել ու բարետես դարձել: Ունեն բուժամբուլատորիա, որին կնախանձեր ցանկացած համայնք ու բնակավայր: Առայժմ ցավոտ է մնում ոռոգման և խմելու ջրի համակարգերում տիրող ոչ այնքան բարվոք վիճակը: Այս ոլորտում լուրջ անելիքներ կան, հատկապես` ցանցի վերակառուցման առումով: Զովունիում հավատացած են, որ ժամանակի ընթացքում այս խնդիրները ևս իրենց լուծումը կգտնեն, և համայնքն, իրոք, բոլոր առումներով արժանի կդառնա օրինակելի կոչվելուն…
SHARE