Բացառիկ անհատ

0
28
Բացառիկ մարդկային շնորհներով ու զարմանահրաշ նվիրումով…

Նկարագիր

   Բանասիրական գիտությունների թեկնածու Ալվարդ Ղազիյանը Թովմաս Պողոսյանին ճանաչում է 1970-ական թվականների վերջից. <<Թովմասն իմ որդու տարեկիցն է: Երևի մեր հետաքրքրությունները համընկել էին, դրա համար էլ մի օր եկավ մեր տուն: Շատ համակրելի երիտասարդ` հայկական արտաքինով և հայկական ավանդական պատկերացումներով հայ ժողովրդական բանահյուսության, երգարվեստի և, ընդհանրապես, գրականության նկատմամբ: Եվ այդ օրվանից մենք բարեկամացել ենք, ընկերացել: 
   Հայ իրականությունը, կարծես, լավ չի ընդունում, երբ տարբեր սեռերի ներկայացուցիչներ ընկերներ են, բայց դա ինձ համար նշանակություն չունի, մանավանդ այս տարիքում արդեն սեռն ու տարիքն արժեք չունեն: Թովմասի հետ ընկերներ ենք ընտանիքներով: Ես ճանաչել եմ նրա հորն ու մորը: Թովմասի հետ անկեղծ ընկերներ ենք եղել բոլոր հարցերում` և՛ ընտանեկան, և՛ գիտական, և՛ գրական: Շատ դեպքերում արտասահմանյան ելույթներ ունենալուց առաջ խորհրդակցում էր ինձ հետ: Իմ ամենակարևոր խորհուրդն այն էր, որ դու երգիչ ես, երգում ես հայ ժողովրդի համար և չպիտի խառնվես այլ գործերի: Արվեստագետը պետք է անկախ լինի` ունենալով, իհարկե, իր համոզմունքը: Շտապեմ ասել, որ Թովմասը, իբրև հայ մարդ, անթերի է այդ առումով: Շատ լավ որդի է: Նրա մի հոբելյանական ներկայացմանն եմ ներկա եղել` ականատեսը լինելով մի բանի, ինչը շատ քիչ է պատահում: 83 տարեկան եմ և իմ կյանքում քիչ եմ հանդիպել, երբ դերասանը կամ երգիչը բեմից բարձրաձայնի. <<Ես պարտական եմ իմ մորը, իմ ծնողներին>>, և խնդրի, որ մայրը դահլիճում վեր կենա` արժանանալով հանդիսականի ծափահարություններին: Առհասարակ, կա մի զգացում, որը բարձրացնում է մարդուն. դա երախտագիտությունն է, ում նկատմամբ ուզում է լինի, մարդը պիտի ունենա այդ զգացումը: Դա մարդկային զգացումներից ամենավսեմն է: Թովմասն օժտված է այդ հատկանիշով` լիուլի, բոլոր արժանավորների հանդեպ: Երախտագիտությամբ պետք է վերաբերվել նաև հայրենիքին, դա հավատարմության ու արժանապատվության խառը մի զգացում է, որ մարդն անպայման պիտի ունենա հոգում: Արդարամտության զգացումը նույնպես կա Թովմասի մեջ: 

    Նրան, ցավոք, այնպես չեն գնահատում, ինչպես հարկն է. հայ երգարվեստի ասպարեզում Թովմասի գործը շատ ընդգրկուն է և շատ նկատելի: Վաղարշակ Սահակյանից, Ալթունյանի մահից հետո եղավ մի բաց շրջան, դատարկ շրջան, և Թովմասն այդ ժամանակ սկսեց երգել: Հետո եղավ <<Գանձասար>> համույթը: Արցախյան պատերազմի վերջանալուց մեկ ամիս անց <<Գանձասարի>> հետ մեկնեց Ղարաբաղ: Ես դեմ էի դրան, բայց նրան հետ կանգնեցնել չէր լինի: Պրոֆեսիոնալ տեսակետից, մյուս խմբերի հետ համեմատած <<Գանձասարը>>, թեև ինքնագործ կարգավիճակին, ամենաբարձրն էր: Ապա եկավ <<Սայաթ-Նովա>> աշուղական անսամբլը, այնուհետև` Ջիվանու դպրոցը և այլն: Այնքա՜ն բան նա փորփրեց ու հանեց… 
   Թովմասը նաև շատ լավ հայր է, չափից ավելի քնքուշ հայր: Ընտանեկան ավանդույթների հանդեպ բոլորովին այլ,  առանձնահատուկ վերաբերմունք ունի: Նրանց ընտանիքում երգել են տատիկը, հորեղբայրը: Թովմասը ոչ միայն երգել է, այլև հավաքել երգերը, և այս հողի վրա մենք բավականին մտերմացանք: Որոշ բաներ հավաքում` ինձ էր տալիս: Հայդուկային երգերի ժողովածուիս մեջ իր հավաքած, գրի առած երգերից եմ նաև մտցրել: Ե՛վ մոր, և՛ հոր նկատմամբ պաշտամունք ուներ: Երբևէ չեմ լսել, որ դժգոհի ինչ-որ բանից` ընտանիքի հետ կապված, այն դեպքում, երբ գործ ունի բազմանդամ ընտանիքի հետ: Շատ հետաքրքիր է նրա վերաբերմունքը մեր միջնադարյան աշուղների նկատմամբ, ինչի առթիվ հոբելյանական համերգով է հանդես եկել: Աշուղ Նաղաշի երգերի մեղեդիները փորփրեց ու գտավ` շրջելով մարզերում, ինչը մեծ գործ եմ համարում: Դրա համար նաև ճաշակ պիտի ունենալ, քթածակ, ինչպես ընդունված է ասել: Այս գործը, որ անում է հիմա Թովմասը, այդ նույնը ժամանակին արել է Թումանյանը Սայաթ-Նովայի համար: Այն ժամանակ երգեր եղել են, բայց նոտագրություն չի եղել, իսկ դրանից մեղեդի գտնելն այդքան էլ հեշտ չէ: Ջիվանու արխիվի վրա 10 տարի աշխատեց` մինչև 400 կորսված երգերի ժողովածուն պատրաստեց: Ջիվանին մեծ մտածող է, սովորական աշուղ չէ, ուստի արժեր, որ սա աներ Թովմասը և հրատարակեր այն: 
   Մի կարևոր բան կա Թովմասի մեջ` նրա երգը հայեցի է, ոչ մի ավելորդ բան չի մտնում այդ երգի մեջ: Թե՛ ինքը, թե՛ իր երեխաները և թե՛ իր անսամբլի երգիչները երգում են հայեցի, հայերեն են երգում, կլկլոցներ չկան: Աշուղ բառը նշանակում է սիրահար: Մեզանում վատ վերաբերմունք կա աշուղ տերմինի նկատմամբ, վերապահություն կա, ոմանք աշուղն ու գուսանը, որ տարբեր են, շփոթում են: Գուսանն էլի երգել է հայերեն, հայկական չափով, հայկական թեմայի շուրջ, բայց աշուղականն արևելյան է: Թովմասն ասում է բոլորին, որ աշուղը ոչ մի բացասական բան չունի իր մեջ, արդեն տերմիններ կան, որ մերն են և որ հնարավոր չէ թարգմանել:
  Թովմասը 3 ծավալուն գիրք ունի, բազմաթիվ հոդվածներ է տպագրել զանազան ամսագրերում: Այդ ամենին ես լավ տեղյակ եմ, միասին ենք կարդացել, նա միշտ հաշվի է առել իմ կարծիքը: Ինքն այդ երախտագիտությունը պահում է միշտ: Ինձ համար շատ լավ, շատ հավատարիմ ընկեր է: Վերջին գրքում շեշտվել է այդ հանգամանքը, որ Ջիվանու հավատարմությունն, ասես, փոխանցվել է Թովմասին: Մեր բանաստեղծներից քչերը ընկերությանը նվիրված ստեղծագործություններ ունեն, և Ջիվանու <<Բարի, գեղեցիկ, առաքինի…>> բանաստեղծությունը, որ բնավ պատահական չի ծնվել, իրոք, կոթողային կարելի է համարել: Թովմասը շատ հավատարիմ է կնոջ, ընկերոջ նկատմամբ, նույնը կարող ենք ասել նաև հայրենիքին նվիրվածության առումով: Նրանց ընտանիքը Թիֆլիսից է եկել: Թովմասն արտակարգ վերաբերմունք ունի Ջավախքի հանդեպ: Այդ տեսակետից Թովմասի նման անհատականությունները քիչ են լինում, այսինքն, որ ստեղծագործական, գաղափարական հայացքներն ու անձնական կյանքը համընկնեն: 
   Առողջություն և ստեղծագործական հաջողություններ եմ ցանկանում և մաղթում, որ իր գաղափարներով, կազմակերպչական ունակություններով շարունակի ծառայել իր ժողովրդին ու հայրենիքին: Թող նրա միջոցով, նրա դաստիարակած սերունդների միջոցով հայ աշուղական երգը, որ մեր հոգևոր մշակույթի անբաժանելի մասն է, շարունակի գոյատևել ու զարգանալ: Անձնական կյանքում թող ոչ միայն իր կենսաբանական, այլև հոգևոր զավակներից բավականություն ստանա: Երախտագիտության խոսք լսի: Իբրև անհատականություն թող մնա այնպիսին, ինչպիսին ես իրեն ճանաչել եմ: Նա կատարյալ է բոլոր տեսակետներից: Այն բացառիկ անհատներից է, ով անձնական, հասարակական, ստեղծագործական  կյանքում որևէ շեղում թույլ չի տա և երբեք իր խղճին դեմ չի գնա, ոչ մեկի չի վատաբանի և ոչ էլ առանց հիմքի կգովաբանի: Անկաշառ անձնավորություն է…>>:
   Տիկին Ղազիյանը մեր զրույցի ավարտին հավելեց, որ մարդկային առաքինություններից մեկն էլ ընկերությունն է: Երախտագիտությունն ու ընկերությունն, ասես, միախառնված լինեն: Երախտագետ մարդը չի կարող, պարզապես, վատ ընկեր լինել: Այդպիսի ընկեր է, նրա համոզմամբ, Թովմաս Պողոսյանը… Ընկերությունը մարդուն ազնվություն է հաղորդում, բարոյականություն: Ընկերը երբեք ընկերոջ կնոջ կամ սիրած աղջկա վրա աչք չի ունենա: Դա ընդունված չէ: Ընտանիքը, սիրած էակը սրբություններ են: Մարդը կարիք ունի հաղորդակցվելու, դրա համար էլ ձգտում է ընկերության: Մարդը ծնվելու օրվանից կարիք ունի սիրելու, սիրվելու, ընկերություն անելու, արտահայտվելու և այլն: Եթե այդ զգացմունքները նրա միջից հանենք, ապա կմնա մի գազան…  
SHARE