Բացառիկ մարդ, բացառիկ երևույթ,

0
41
ում ստեղծած օջախը սրբություն-հավաքատեղի է ընկերների, բոլոր լավ մարդկանց համար…
  Հանրաճանաչ ֆուտբոլիստ ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ հարցազրույցի առիթը ընկերոջ` Կառլեն Կարապետյանի 60-ամյակն էր: Առիթ, որ սրտաբուխ բավականություն պարգևեց ընկերոջը` խոսելու ամենամտերիմ ընկերոջ, երկար տարիներ ձգվող և մեծ ճանապարհ անցած իրենց ընկերության մասին: Այնքան է թրծվել այդ ընկերությունը, որ անգամ արտասահման գնալիս միասին են: Վերջերս, օրինակ, ընկերներով ԱՄՆ-ում էին` ներկա լինելու Վիկ Դարչինյանի մրցամարտին և քաջալերելու նրան: Իսկական ընկերն հենց այսպես է լինում` աշխարհի թեկուզ մյուս ծայրը գնալ և ընկերոջ կողքին լինել, իսկ ընկերոջ ոգեշնչության պարագայում հաղթանակը դառնում է  անխուսափելի…
 -Կառլեն Լևոնիչի հետ,- ասաց Խորեն Հովհաննիսյանը,- ինձ ծանոթացրել է մեր վաղամեռիկ լավ ընկեր Վահագնը, Վլադիմիր Մովսիսյանի որդին, որ հրաշալի ընկեր էր, մարդ: Դա 1994-95 թվականներին էր, Ղարաբաղի պատերազմի, մութ ու ցուրտ տարիներին, երբ երկրի վիճակը ծանր էր: Մինչև հիմա էլ այդ  ընկերությունը շարունակվում է, քանի որ Լևոնիչն այն մարդկանցից մեկն է իմ կյանքում, որ բացառիկ է ու անկրկնելի: Ես էլ ընկերություն շատ եմ սիրում, և երբ տեսա, թե ինքը ինչ տեսակ ընկերություն է անում, կարող եմ վստահ ասել, որ այս երկրի վրա շատ-շատ քիչ մարդիկ կան էլի, որ կարողանան այդպիսի  ընկերություն անել: Ոչ միայն, իհարկե, իմ հանդեպ, այլև բոլորի: Ես նման մարդու դեռ չեմ հանդիպել: Կյանքում խնդիրներ միշտ էլ լինում են, բայց ինքն այնպես հանգիստ կհարթեցնի ցանկացած խնդիր, կկարգավորի, մոտեցում կցուցաբերի, որ զարմանք ես ապրում: Աստված տա, որ նման մարդիկ մեր երկրում մի քիչ լինեն, շատ եմ ուզում, որովհետև անհնարին է դա, և ամեն մարդու բան չէ լինել Լևոնիչի նման: Հոյակապ մարդ է: Եթե լավ մարդ չլիներ, ապա նման ընկերություն չէր կարող անել: Այսօր շատ է շահարկվում ու չարչրկվում ընկեր բառը, բայց, ցավոք, այդ հասկացողությունը շատ մարդիկ այդպես էլ իր բուն էությամբ չեն հասկանում: Գնալով ընկերության գաղափարը  իմաստազրկվում է, ընկեր ասածը դառնում սովորական ու շատ հաճախ ձևական, ինչն անձամբ ես չեմ ողջունում: Շատ արժեքների պես ընկերությունն էլ ժամանակի ընթացքում կորցնում է իմաստն ու բովանդակությունը, այս դարի, ժամանակների ընկերների փոխհարաբերություններում կեղծն ու ցուցադրականը, սարքովին շատ ավելին են: Կյանքը բավականին փոխվել է, փոխվել են նաև ընկերության հանդեպ վերաբերմունքն ու մոտեցումը: Այն իսկական, իրական ընկերությունը, որ մենք ժամանակին տեսել ենք, այսօր, դժբախտաբար, չկա, ուստի, իմ համոզմամբ, պիտի պայքարել այն վերականգնելու, ընկերության վարկն ու հեղինակությունը բարձրացնելու համար: Չպետք է երբևէ մոռանալ կամ անտեսել, որ ընկերությունը սրբություն է: Այո, սրբություն, ինչը լիուլի կա ու պահպանվում է Կառլեն Լևոնիչի մեջ: Նրա հետ վստահաբար կարելի է ամեն տեղ էլ գնալ, ինչպես, ասենք, պատերազմի ժամանակ առանց հետախուզության գրոհի կամ հարձակման գնաս… Ճանապարհի լավ ընկեր է: Ամեն մարդ էլ ինչ-որ թերություն ունենում է, բայց ես նրա մոտ, որքան էլ զարմանալի թվա, թերություն գրեթե չեմ նկատել: Եթե կա էլ, ապա այնքան աննշան է, որ առհասարակ չի երևում կամ չի զգացվում: Դա շատ կարևոր է, և Լևոնիչի նման մարդիկ մեր երկրին, ժողովրդին շատ են պետք: Չէ՞ որ բոլոր լավ ու առաքինի հատկանիշները նման մարդկանց մեջ են պահպանված: Այդպիսի մարդկանց հետ շփվելով կարող ես մաքրվել: Իրական մաքրություն տեսնելու համար կարելի է Լևոնիչի օջախ գալ, մարդկանց հանդիպել, ում միավորողն ու համախմբողը նրա ստեղծած Վերնատան անկեղծության, պարզության ու մաքրության ջերմ, անկաշկանդ մթնոլորտն է: Հոգեպես նեղված, ընկճված մարդն այստեղ այնպիսի լիցքեր է ստանում, որ դուրս գալուց թեթևացած ու մաքրված է զգում իրեն: Զարմանալիորեն կարողանում է բոլոր տեսակի մարդկանց հետ <<լեզու գտնել>>, ամենատարբեր մարդկանց հետ ընկերություն անել: Անում է լավատեսորեն, հավատով, ինչն ամեն մարդու տրված չէ… Ընկերս արդեն 60 տարեկան է: Աստված մի 60 տարվա կյանք էլ տա ընկերոջս: Ընկերներով որոշել ենք բոլորս էլ <<Ֆեդոտովի ակումբի>> անդամ դառնալ, այսինքն` 100 տարին լրացնել: Ես ժամանակին խփածս գոլերի քանակով այդ ակումբի անդամ էի, մնում է նաև այդքան տարվա սահմանագիծն էլ հատեմ, ինչը բոլոր ընկերներիս եմ ցանկանում: Հավատացած եմ, որ ընկերոջս 100-ամյակն էլ ենք միասին նշելու: Կառլեն Լևոնիչը մաքուր անձնավորություն է, ինչը գալիս է ծնողներից: Նրանց շատ լավ եմ ճանաչում: Հաճախ ենք Թբիլիսի` ծնողներին այցելության գնում: Հոյակապ ծնողներ ունի, Աստված նրանց առողջություն տա: Եղբոր` Հարութի վաղաժամ կորուստը ծանր հետք թողեց նրա հոգում, այլևս ծննդյան տարեդարձները նշելու, այսպես ասեմ, սիրտ չունի: Ընկերներով մտադիր ենք իր 60-ամյա հոբելյանի շեմն անցնելուց հետո այնպես անել, որպեսզի նորից շարունակի նշել ծննդյան օրերը, վերագտնել ուրախություններ ապրելու ավանդույթը, չէ՞ որ, ինչ էլ լինի, կյանքը շարունակվում է: Հոյակապ ընտանիք ունի, հոյակապ զավակներ ու սիրասուն թոռներ: Կրտսեր Կառլենը 10 տարեկան է, բայց, ասես, մեծ մարդ լինի, շատ խելացի է, ճարպիկ: Հրաշալի բալիկ է… Լևոնիչն իր ծնողներին է նման, նրա հայրական տանն այնքան ազատ ես քեզ զգում, այնքան մեծ ձգողական ուժ ունի: Որդու ընկերների հանդեպ առանձնահատուկ ջերմ վերաբերմունք կա: Ամեն ծնող չէ, որ այդպես է, ամեն տուն չէ, որ կարող ես ազատ ու հանգիստ մտնել: Թբիլիսիում նրանց ընտանիքի մասին միայն լավ բաներ եմ լսել: Պապերից է գալիս, ծնողներից է ժառանգել ամեն լավն ու դրվատելին…

-Նշեցիք քանիցս, որ քիչ հնարավոր է նրա նման մեկ ուրիշը լինի: Ի՞նչը, մասնավորապես, նկատի ունեք, ո՞ր հատկանիշի մասին է խոսքը: 

-Ուշադրությունը մարդկանց նկատմամբ, ինչն ամեն մարդու խելքի բանը չէ: Ամեն մանրուք նրա կողմից ուշադրության է արժանանում: Երբեմն մենք մոռանում ենք ինչ-ինչ բաներ: Բայց նա տանից դուրս գալիս արդեն գծագրած ունի, թե այդ օրը ում պետք է զանգի, շնորհավորի, եթե տխուր առիթ է` մասնակցի, և այլն: Ամեն տեղ կա, մասնակից է` ինչ իր շրջապատին է առնչվում: Իր ժամանակի մեծ մասը նվիրում է ընկերներին, ոչ մի առիթ բաց չի թողնում, ոչ մեկ նրա ուշադրությունից դուրս չի մնում: Դա, խոստովանենք, հազվագյուտ երևույթ է: Մարդկային իր տեսակով առաջինն է ընկերական շրջապատում: Ինչքան էլ ընկերներ ունենաս, միևնույն է, նա առանձնանալու է բոլորից: Լևոնիչի նման ընկեր ունենալը բոլորովին ուրիշ է:
-Պարոն Հովհաննիսյան, կյանքի բավականին փորձ ունեք, աշխարհ տեսած մարդ եք, հանրահայտ` թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես անհատ, ուստի,  բնականաբար, լավ գիտեք ընկերության գինը, արժեքը, և Ձեզ զարմացնելը շատ առումներով այնքան էլ հեշտ չէ: Այնպես որ, եթե նման գնահատական եք տալիս Ձեր ընկերոջը, ուրեմն խոսքն, իրոք, բացառիկ երևույթի, մարդու մասին է, և Ձեր ասածն առավել քան արժանահավատ ու տեղին է …     
-Ճիշտ եք, այո, նկատել և տեղին է Ձեր ասածը: Թե՛ միայնակ և թե՛ ընկերոջս հետ աշխարհը շրջել ենք, ամեն տեղ եղել ենք և ամեն տեսակ մարդու հանդիպել: Ինչպես ասում են, կյանքի ակադեմիան անցել ենք, ակադեմիա, որը ոչ մի օրենքով ամրագրված չէ: Բաներ կան, որ օրենքով գրված չեն և ավելի շուտ մարդուց են գալիս: Այդպիսի մարդկանցից է Կառլեն Լևոնիչը, որ կյանքի ակադեմիան անցել, ավարտել է, կյանքից վերցրել է ամեն լավը, ինչով և ապրում է, ինչը և փոխանցում է շրջապատի մարդկանց: Փոխանցելով` շատ հաճախ նաև պարտադրում է, որ մարդիկ այդպիսին լինեն, այսինքն` լավ, բարի, հասնող, օգտակար… Եթե իր հետ ընկերություն ես անում, ապա, կամա թե ակամա, ինքդ էլ փոխվում, ուրիշ ես դառնում` ընկերոջիցդ վերցնելով ամեն լավը: 
-Ձեր ընկերը 60 տարեկան է: Գրեթե 20 տարի ընկերություն եք արել նրա հետ: Ի՞նչ զգացողություն ունեք այսօրվա 60-ամյա և երկու տասնամյակ առաջ եղած ընկերոջ հանդեպ, ասենք, որևէ փոփոխություն տեսնո՞ւմ եք:
-Ինչպես 20 տարի առաջ էր, այնպես էլ հիմա է: Ընկերս մնացել է նույնը: Ինչպես տեսել եմ, ինչպես եղել է, այդպես էլ այսօր կա, պահպանվում է: Անընդհատ իրար հետ ենք և չեմ էլ զգում, որ 60 տարեկան է: Ճիշտն ասած, չենք էլ զգում առաջացած տարիքը, չենք զգում, թե քանի տարեկան ենք: Հետ ես նայում` չպատկերացնելով, որ արդեն 60-ի շեմին ես: Կյանքն ի՜նչ արագ է ընթանում… Դրա համար մարդն իր կյանքում իր լավը պիտի թողնի, որ իր մասին լավ բաներ խոսեն: Լևոնիչն այդպես է ապրում: Ես հպարտ եմ նրանով, ամեն տեղ էլ կարող եմ նրանով հպարտանալ, քանի որ արժանի է դրան, լիարժեք արժանի: Նա միայն իր համար չի ապրում, ապրում է հարազատների, ընտանիքի, ընկերների համար: Հպարտ է ցանկացած մարդ, երբ ասում է, որ Լևոնիչի ընկերն է: Նա ընկերոջ բեռը` լավ թե վատ, կամավոր կվերցնի իր ուսերին, իրենից կկտրի` ընկերոջը բաժին կհանի: Ամեն ինչ կանի հանուն ընկերության… <<Ընկեր>> անունը Ձեր թերթի համար շատ ճիշտ եք ընտրել, անունը շատ լուրջ է և թերթն էլ շատ լուրջ պետք է լինի, ուստի շատ կուզենամ, որ թերթի այդ անունն ու պատիվը բարձր պահեք: Շատ կարևոր աշխատանք եք կատարում, գովելի աշխատանք: Ձեր թերթը շատ մարդիկ պիտի կարդան…
-Մեր ասելիքի նպատակը նաև այն է, որ իրական ընկերություն անենք: Ձևական, շահադիտական, պահի թելադրանքով առաջացած ընկերությունը ընկերություն չէ: Իրական ընկերությունը բոլորովին այլ է, և, ասենք, Խորեն Հովհաննիսյանի, Կառլեն Կարապետյանի նման մարդկանց ընկերություն-մտերմությունը ներկայացնելով` փորձում ենք լավ, բարի օրինակները վկայակոչել…
-Ամենակարևորը` մեր երիտասարդներն իմանան, երբևէ շահի ընկեր չլինեն: Եթե ընկերություն եք անում, ապա շահի մասին չմտածեք: Կանխամտածված ընկերութուն չանեք: Լուրջ ընկերություն անելու համար պիտի շատ ճիշտ վերաբերվել դրան, ձևական կողմից ձերբազատվել: Ընկերոջը չշահագործել, չօգտագործել սեփական  շահի համար: Դա դավաճանությունից վատթար է…
-Դուք խորհրդային տարիների դաստիարակությամբ եք սերված, երբ ընկերությունը վեհ գաղափար էր, իրական արժեք ու հպարտություն…
-Այո, ճիշտ եք, ընկերությունը գաղափար էր: Եթե ասում էիր` ընկեր, ապա դրանից այն կողմ թեման վերջանում էր, և իրական ընկերություն էր ձևավորվում` առանց որևէ վերապահումների…
-Ինչո՞ւ է մարդը ձգտում ընկերության: 
-Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև ենթատեքստում այնքան բաներ կան: Եթե մարդ ընկեր չունեցավ, ապա ո՞ւմ է պետք նա: Օդից ընկած բառ չէ ընկերը, որ ոնց ուզենաս` օգտագործես…
-Ո՞վ կարող է Խորեն Հովհաննիսյանի ընկերը լինել, ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի:
-Առաջին հերթին պետք է ազնիվ լինի: Դա շատ եմ կարևորում, որովհետև ազնվությունն ինձ համար սահման չունի: Պետք է նվիրված լինի ընկերությանը: Սկզբունքային լինի, իհարկե, լավ գործերի համար, այլ ոչ թե… Մաքուր ու արդար մարդ լինի: Ես շատ շուտ հիասթափվող եմ: Ամեն ինչ անում եմ, որ ինքս առաջին հերթին բարձր պահեմ ընկերոջ անունն ու պատիվը: Եթե չպահեցիր, ապա չես էլ կարող ընկերություն անել, ընկերոջիցդ էլ չես կարող պահանջել: Առաջին հերթին դու պետք է ճիշտ ընկեր լինես, հետո միայն այդ բառը օգտագործես…
-Ասում են, սպորտի բնագավառի մարդիկ ավելի հավատարիմ ու լավ ընկեր են լինում, այդպե՞ս է: 
-Ոչ միայն սպորտի… Ընդհանրապես, սպորտն էլ է կոփում: Առողջ մարմնի մեջ առողջ հոգի կա: Այլ բնագավառներում էլ մարդիկ կան, որ կարող են շատ լավ ընկերություն անել: Բայց սպորտում, հաշվի առնելով, որ փոքր հասակից են շփվում իրար, ընկերություն ավելի շուտ է ստեղծվում, շատ հաճախ քո կամքից անկախ է այն գալիս: Սպորտն ավելի է մտերմացնում: Ըմբիշներն, օրինակ, առանձնանում են մյուս մարզաձևերի ներկայացուցիչներից: Ասում են, տվյալ մարզաձևն այնպիսին է, որ մրցակցիդ գետնին գցելիս պիտի գրկես, ստացվում է, որ շատ մոտիկից, թեկուզ` ֆիզիկապես, շփվում ես դիմացինիդ հետ, ինչը և մտերմության է բերում: Դա, իրոք, այդպես է: Ըմբիշ ընկերներ ունենք, ում հետ մտերմությունն ավելի սերտ է: Սպորտի մարդիկ իրենց քրտինքով են հասնում նպատակի, մարզական բարձունքների:
-Սպորտի ճանապարհը, եկեք մի փոքր անկեղծանանք, դժվարին է, չէ՞:
-Ահավոր, չեք պատկերացնի: Իմ օրինակով կարող եմ ասել, որ շատ դժվար տարիներ ենք անցկացնում: Արդեն 15 տարեկանից տանը գրեթե չէի լինում: Բանակը երկու տարի է, մերը` անվերջ, տասնամյակներ: Մանավանդ, երբ ընդգրկվեցի 16 տարեկանների հավաքականի կազմում, ապա շատ չանցած հրավիրվեցի <<Արարատ>>: Առավոտից իրիկուն մարզաբազայում էինք, հագեցած, լարված մարզումներ: Իսկ խաղերի շրջանում` հավաքներ և այլն,  ընդհանրապես տանը չէինք լինում: Շատերը նայում են մրցումը, խաղը` չպատկերացնելով, թե մինչ այդ ինչպիսի ճանապարհ են անցել մարզիկները, ինչպիսի դժվարություններ հաղթահարել: Ճիշտ է, այսօր ֆուտբոլիստներին մեծ գումարներ են վճարում, խոսքը, իհարկե, պրոֆեսիոնալների մասին է, ամեն ֆուտբոլիստ իր գինն ունի, ինչը նշանակում է, որ գնահատման կոնկրետ չափ, թիվ կա: Ահա թե ինչու ցանկալի է, որ լավ, բարձրակարգ մարզիկներ ավելի շատ լինեն: Մեր երկրում աստիճանաբար վերականգնվում են նախկին մարզական ավանդույթները, տեղաշարժ զգացվում է: Մի պահ անմխիթար վիճակ էր: Ոչ միայն ֆուտբոլի առոմով: Արդեն առաջադիմություն կա, վերջին 5-6 տարիներին չեմպիոններ ունեցանք, հաջողություններ: Վստահ եմ, որ հայրենական սպորտը զարգանալու է, ինչի համար միայն ուրախ կլինեմ: Ինչպես չուրախանալ կամ չհպարտանալ, երբ հայրենի երկրիդ եռագույն դրոշն է բարձրացվում…
-Երբևէ մտածե՞լ եք, որ հայտնի մարզիկ եք դառնալու: Ինքս, որքան էլ հեռու լինեմ ֆուտբոլից, հիշում եմ Ձեր խաղերը, խփած գոլերը: Հիմա լավ առիթ է ներկայացել հարցնելու, թե ինչպե՞ս էիք կարողանում խաղային նման բարձր տեխնիկա ցուցադրել:
-14 տարեկան էի, երբ բակային մեր թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն: Դա իմ, այսպես ասած, առաջին մեծ առաջնությունն էր, առաջին մեծ հաջողությունը, 1969 թ., <<Անի>> թիմի կազմում: Այդ տարիքից էլ սկսվել են հաջողություններս: Մարզիչները, տեսնելով իմ հնարավորությունները, պոտենցիալը, ինձ ամեն կերպ առաջ էին մղում: Հիշում եմ, մինչև 5-րդ դասարան լավ էի սովորում, բայց երբ խորացա ֆուտբոլի մեջ, առավոտից երեկո գլխումս միայն ֆուտբոլն էր, արդեն տանն սկսեցին դժգոհել, որ անտեսում եմ դասերը, գնահատականներս իջել են, և թույլ չէին տալիս շարունակեմ մարզումներս: Մարզիչս ստիպված մեր տուն եկավ, բացատրեց, թե ինչ է ֆուտբոլը և որ երկուսը համատեղելն անչափ դժվար է: Համենայնդեպս, ուսումն էլ իր տեղն ուներ, ահա թե ինչու հետագայում սովորեցի` ավարտելով ֆիզկուլտինստիտուտը: Երկրորդ բարձրագույն կրթությունն էլ ստացա` ժողտնտեսության ինստիտուտ, բայց այդ մասնագիտությամբ այդպես էլ չաշխատեցի: Մարզիչիս շնորհիվ շարունակեցի մարզական կյանքս, մարզական կարիերաս: Ծնողներս էլ մարզիկներ են: Հայրս` ծանրամարտի Հայաստանի վաստակավոր մարզիչ, մայրս` մարմնամարզիկ, եղբայրներիցս մեկը` ֆուտբոլիստ, մյուսը` ծանրամարտիկ, բոլորն էլ` սպորտի վարպետներ: Մի խոսքով` մարզական ընտանիք: Որդիս շարունակում է իմ գործը, ֆուտբոլիստ է, բայց դեռ շատ ճանապարհ ունի անցնելու` հոր փառքին հասնելու համար:
-Ասում են, թիմով խաղալը, թիմային խաղը շատ ավելի դժվար է, այո՞:  
-Ֆուտբոլում կա թիմ հասկացողություն` ի տարբերություն մի շարք այլ մարզաձևերի, որտեղ մարզիկը մենակ է ելնում մրցապայքարի: Ֆուտբոլում 11 հոգի են դաշտում, և ամեն մեկն իր գործն է անում: Ահավոր դժվար է` քո խաղը կախված է թիմի անդամների խաղից: Հաղթանակը միայն քեզանից կախված չէ, չնայած, ճիշտ է, անհատականություն պիտի դրսևորել, բայց եթե խաղընկերներդ սխալվեն, ապա ոչինչ էլ չի ստացվի: Ինքդ քո խաղով կարող ես առանձնանալ, բայց վերջնական արդյունքն այն չի լինի…
-Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը: 
-Կյանքում պիտի մարդ լինել: Դա է մարդու ամենամեծ ձեռքբերումը, ինչին և ձգտել եմ, ինչը ցանկացած պարագայում ջանում եմ պահպանել: 
-Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել:
-Դա ապրածդ կյանքից է գալիս` ընտանիքից, շրջապատից, ընկերներից: Այնպես չէ, որ ուզենաս, մտքովդ անցնի ու լինի: Արհեստականորեն չի ծնվում, քո մեջ դա պիտի լինի: Եթե կա, ապա ժամանակի ընթացքում պիտի ջանաս կատարելագործել այն: Շրջապատ ընկել եմ, այո, բայց այն վատ ազդեցություն չի թողել: Ազդեցությունը միայն մեկն է` մաքրություն, սրբություն պիտի լինի բոլորի մեջ: Դրա համար էլ մարդիկ քեզ գնահատում ու ընդունում են…
-Հասել եք փառքի, և պիտի ասեմ, որ որքան դժվար է դրան հասնելը, նույնքան էլ դժվար ու բարդ` այն պահել-պահպանելը: Այդպես չէ՞:
-Ասեմ Ձեզ, որ դա ամեն մեկի տրված չէ: Աստված տա, մարդիկ իրենց կյանքը ճիշտ պատկերացնեն, ճիշտ ուղղությամբ ընթանան: Այսօր կաս, վաղը` չկաս… Քեզանից հետո վատը չթողնես: Ժառանգներդ երբևէ քո պատճառով վատ զգալու առիթ չունենան: Պիտի կարողանաս հպարտորեն քայլել քո քաղաքով, գլուխդ` բարձր, արժանապատիվ: Առավել ևս, որ ճանաչված, հայտնի ես, ցանկացած քայլդ պիտի չափված, ձևված լինի: Նույնը` ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար…
-Լավ մարդ, լավ մարզիկ լինելու հետ մեկտեղ, նաև լավ ընկերոջ բարի համբավ ունեք: Ինչպե՞ս եք հաջողեցրել համատեղել այդ ամենը, պահպանել ընկերոջ բարձր անունն ու հեղինակությունը:
-Պահպանելու համար պիտի հասկանալ ընկեր բառի իմաստը: Ընկերը սրբություն է: Ճիշտ հասկանալու դեպքում կկարողանաս լուրջ ընկերություն անել` հեռու մնալով ամեն ձևականությունից ու ավելորդություններից: Գիտակցությունդ պիտի բարձր լինի, ամեն տեղ կամ առիթով չօգտագործես ընկեր բառը: Ընկերությունը Աստծո կողմից է շնորհված: Պարզ է, այստեղ էլի պիտի հիշեմ ընկերոջս` Կառլեն Լևոնիչին, որ լիուլի օժտված է այդ աստվածային շնորհով: Ընկերության լավագույն տեսակն է: Աշխարհի բոլոր ծայրերում ընկերներ ունի, ուր էլ գնանք, կգան, կդիմավորեն… Լևոնիչը բոլորի համար կապող օղակ է: Թող չափազանց չթվա, նա համայն աշխարհի ընկերության կամուրջն է: Ինչպես Հովհաննես Թումանյանն է ամենայն հայոց բանաստեղծ, այնպես էլ նա` ամենայն հայոց ընկեր: Հիրավի, բարձր, պատվավոր կոչում, ինչին Լևոնիչը լիովին արժանի է: Կապող օղակ լինելը, կապը պահելն ու պահպանելը գալիս են այն բանից, որ Լևոնիչը շատ կամեցող է: Մեր ազգի համար, թերևս, հազվագյուտ երևույթ: Կամեցողին Աստված լավ աչքով է նայում… Հանուն ընկերության պատրաստ է աշխարհը կտրել` անցնել: Վերջերս Վիկ Դարչինյանի մրցամարտին ներկա գտնվելու համար միասին ԱՄՆ  մեկնեցինք: Ջանում ենք Վիկի բոլոր մարտերին լինել նրա կողքին: Վիկը, հոյակապ մարզիկ լինելով, նաև հոյակապ մարդ է: Աշխարհն է նրան ճանաչում, բայց այնքան համեստ ու մաքուր մարդ է, ընկեր, որ երբեք դա զգացնել չի տա: Խելացի է և, իրոք, արժանի այն լավ վերաբերմունքին, որ ցուցաբերվում է իր հանդեպ: Չենք կարող չգնալ, չսատարել նրան: Նոր ենք սկսել մեր ընկերությունը: Միանգամից չեմ կարող ասել, որ նա իմ ընկերն է, դրա համար բավարար ժամանակ է պետք…
-Սպորտի տիտանների միջև մրցակցություն, կարծում եմ, չի կարող չլինել, ուստի դժվա՞ր չէ, ըստ Ձեզ, իրար հետ հարաբերվելը, շփվելը, ընկերություն անելը:
-Դա մարդու տեսակով է պայմանավորված: Տեսնում ես, ասենք, մի թեթև հաջողություն է ունենում, քիթը վեր ցցած է ման գալիս: Մոռանում են շատ կարևոր մի հանգամանք, որ միայն այդ հաջողությամբ չպիտի պայմանավորել կյանքում ամեն բան: Կյանքը շարունակվելու է, ապրել է պետք, մարդկանց երեսին նայել: Բոլոր հարցերում ճիշտ մոտեցում է պետք: Ճիշտ ապրել է պետք:
-Ասացիք, որ Կառլեն Լևոնիչն ամեն ինչ անում է, որպեսզի ընկերների համար լավ լինի, իսկ, հետաքրքիր է, ընկերները նո՞ւյն կերպ են վերաբերվում իրենց ընկերոջը…
-Լևոնիչն ամեն ինչ անում է, որ ինքը լինի միայն ամեն ինչ անողը: Չի թողնում շրջապատին ոչինչ անելու բոլոր հարցերում: Ջանում է ընկերությանը նեղություն չտալ, ամեն ինչ վերցնում է իր վրա: Կուզենամ, որ 60-ամյակը ընկերներով միասին նշենք, նրան հաճելի անակնկալ անենք: Շատ լավ բան արած կլինենք, եթե կարողանանք նրա հոբելյանն, իրոք, անմոռանալի տոն դարձնել մեր մեծագույն ընկերոջ համար:
-Եթե տարիները հետ դարձնելու հնարավորություն լիներ, ապա Խորեն Հովհաննիսյանը կուզենա՞ր, արդյոք, կյանքի նույն ճանապարհն ընտրել:
-Ուրիշ ճանապարհ չկա, չէր կարող լինել: Էլի սպորտով կզբաղվեի, նույն ֆուտբոլը կլիներ, բայց ավելի կատարելագործված ու ավելի խելացի:
-Ձեր փորձը, վարպետությունը ինչպե՞ս եք ներդնում հայկական ֆուտբոլի զարգացման գործին:
-Երբ անկախացանք, 1992-ին ես Ուկրաինայից վերադարձա Հայաստան, ստեղծեցի <<Հոմենտմեն>> թիմը, որն իմ գլխավորությամբ այն ծանր տարիներին դարձավ անկախ Հայաստանի առաջին չեմպիոնը: Ամեն ինչ թողեցի դրսում, եկա Հայաստան` հիմնելու մերը, աշխատելու հայրենի երկրի համար… Արդեն 5-6 տարի է` հրավիրում են, գնում եմ, դրսում աշխատում, գալիս եմ… Ասում են, որ այսօր, տնտեսական վիճակից ելնելով, սպորտը չի զարգանում, ինչին ես համաձայն չեմ: Ինչպե՜ս է, որ աֆրիկյան հետամնաց երկրներում ֆուտբոլը զարգանում է… Պարզապես, ճիշտ մարդիկ ճիշտ տեղում աշխատում են, իրենց գործին նվիրված, բանիմաց ու գիտակ մարդիկ: Ֆինանսը դեր է խաղում, բայց ոչ պակաս դեր պետք է խաղան նաև խելքը, գիտելիքը, աշխատանքը: Որ բնագավառն ուզում ես վերցրու` այդպես է: Պետք է նվիրված լինես թե՛ գործին, թե՛ ընկերությանը: Իսկ ընկերությունը մանկուց է գալիս` մաքրության, ազնվության հետ միասին: Ընտանիքը, դպրոցը շատ կարևոր դեր ունեն, որպեսզի երեխան մեծանալով, հասկանա, թե ինչ է ընկերությունը: Մեր մանկության տարիներին ընկեր ասածը բոլորովին ուրիշ արժեք էր: Լավը, ավանդականը պիտի վերականգնվի, ճիշտ դաստիարակություն պիտի տարվի: Մանկուց պիտի սկսել, որպեսզի լավ մարդ, լավ ընկեր ձևավորվի: Շատ խաղեր մոռացվում են, երեխաները քիչ են շփվում միմյանց հետ, համակարգիչն, ասես, եկել է փոխարինելու ամեն ինչին: Համակարգչի հետ երկարատև  <<ընկերությունը>> երեխային ռոբոտացնում է: Դրա համար էլ չգիտեն, թե ինչ է ընկերությունը, եթե պատկերացնում էլ են, ապա ամենևին այլ կերպ: Առավոտից իրիկուն համակարգչի առջև երեխայի ուղեղն էլ է բթանում, մենակ է մեծանում, ոչ մեկի հետ չի շփվում, մտածելակերպն էլ արդեն այլ է: Այդ երեխան միայն իր համար է մեծանում, ընկերությունն էլ շահից ելնելով կանի: Ձեր թերթի միջոցով իրական ճիշտ ընկերություն քարոզելով, անընդհատ այդ մասին ասելով, հավատացած եմ, ինչ-որ արդյունքի կհասնեք: Պետք է շատ գրվի, լուսաբանվի: Ձեր գործն ահավոր դժվար է, միայնակ հնարավոր չէ ցանկալի արդյունքի հասնել: Հասարակության լայն շերտեր պետք է շահագրգռություն դրսևորեն…
   Ավարտելով խոսքս, մեծագույն ընկերոջս` Կառլեն Լևոնիչին իր 60-ամյա հոբելյանի առթիվ մեծագույն սիրով կմաղթեմ, որ ամենակարևորը` առողջ լինի, որ կարողանա իր ստեղծած ընկերությունն իր հետ առաջ տանել: Մեկ էլ` վերև Աստված կա, ամեն ինչ տեսնում է, ուստի համոզված եմ` արժանիորեն կհատուցի Կառլեն Լևոնիչին: Աստված թող պահապան լինի ընկերոջս, նրան միշտ ընկերներով շրջապատի, ընկերներից անբաժան ու անպակաս անի…
SHARE