Բացառիկ ու կարևոր գործունեություն

0
18

Որն ընդլայնվելու մեծ ներուժ ու հնարավորություններ ունի

Այծաբուծություն

<<Գոլդեն գոաթ>> ընկերությունն զբաղվում է այծաբուծությամբ և միաժամանակ կաթի վերամշակման գործունեություն է ծավալում: Այծի կաթի հետ մեկտեղ ընդունում են նաև կովի կաթ և պանիր արտադրում: 11 տեսակի պանիր, որի 90 տոկոսից ավելին արտահանվում է Ռուսաստան:

-Ընդ որում,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց ընկերության հիմնադիր Խաչիկ Մարտիրոսյանը,- <<Ալպիական>> տեսակի պանիրը Հայաստանում միայն մենք են արտադրում: Այն ձեթի մեջ պահվող պանիր է, որն օգտագործվում է սալաթների պատրաստման մեջ: Արտադրում ենք նաև ֆրանսիական տեխնոլոգիայով պանիր, որը կոչվում է <<Տոմմի>>` սպիտակ բորբոսով պանիր է: Երկու տարի անընդմեջ Ֆրանսիայից ընդունել ենք մասնագետի, ով տեղում սովորեցրել է դրա պատրաստման եղանակը: Մերոնք արդեն վարժ տիրապետում են այս պանրատեսակի տեխնոլոգիային: Սկսել ենք 500 կգ-ից և, պահանջարկից ելնելով, աստիճանաբար ավելացրել արտադրության ծավալները` հասցնելով տասնյակ տոննաների: Իսկ այս տարի Հոլանդիայից մասնագետների ենք հրավիրել` արտադրելու <<Գաուդա>> և <<Էմենտալ>> տեսակի պանիրներ: Մեր յուրահատուկ արտադրանքներից է կճուճներով հորած այծի պանիրը` <<Եղեգնաձոր>>: Հենց ավանդական պանրատեսակներից է, որը նույնպես միայն մենք ենք արտադրում: Իհարկե, <<Լոռի>> և <<Չանախ>> տեսականի էլ ենք արտադրում, ինչն արդեն կովի կաթից է: Ընդ որում, այծի և կովի կաթի խառնուրդով պանիր էլ ենք արտադրում` <<Գլաձոր>>, շատ յուրահատուկ պանիր է` երեք տեսակի համեմունքով: Այո, և՛ մեր արտադրական գործունեությունն է յուրահատուկ, և՛ արտադրատեսականին: Չնայած այծի պանրի պահանջարկը մեծ է, այդուհանդերձ, եղածը շարունակ զարգացնում ենք, որպեսզի ի վիճակի լինենք դիմակայելու շուկայական մրցակցությանը: Առայժմ բավարարում է նաև ռուսաստանյան շուկան, չնայած չէր խանգարի պարսկաստանյան շուկայում ևս տեղ ունենալ: Վարչապետ Կարեն Կարապետյանն այս հարցում խոստացել է օգնել մեզ: Առհասարակ, նախկին վարչապետները ևս շատ դրական են վերաբերվել մեր գործունեությանը: Տիգրան Սարգսյանն ահագին օգնել է, ներդրում արել, ինչի արդյունքում բավականին զարգացում ենք ապրել: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, բայց չհասցրեց: Հիմա շատ լավ ծրագիր ենք ներկայացրել կառավարություն` սպասելով դրա հաստատմանը: Նպատակն արտադրական ծավալների առավելագույն ընդլայնումն է, տեսականու ավելացումը և շարունակական կատարելագործման ապահովումը:

Պարոն Մարտիրոսյանն ուրախությամբ նշեց, որ վարչապետը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցելության ընթացքում տեղեկացրել է, որ իրենց ծագիրը հաստատվել է, այնպես որ մնում է սպասել դրա իրագործմանը: Հնարավորություն կստեղծվի 18-25 նոր աշխատատեղ ստեղծել: Մարզպետ Հարություն Սարգսյանն առանձնապես շահագրգռված է տվյալ խնդրի լուծմամբ և շատ է ցանկանում, որ ընկերությունը լիարժեք գործելու հնարավորություն ստանա:

-Սկզբնական շրջանում,- մանրամասնեց ընկերության ղեկավարը,- այծերի քանակն ենք ավելացնելու, ինչի պարագայում արտադրության հզորացման երաշխիք է ստեղծվում: Ծրագրով 500 գլուխ այծ ենք գնելու` ընդհանուր քանակը հասցնելով 800-ի: Այս դեպքում արտադրության ծավալը կկրկնապատկվի: Գլխաքանակի ավելացումը հնարավորություն կտա նաև զբաղվելու այծի մսի վերամշակմամբ /երշիկ, բաստուրմա և այլն/, ինչը ևս մեր հանրապետությունում առայսօր գոյություն չունի…

Ընկերությունը որոշ համայնքներում կաթի ընդունման կետեր է հիմնել, իսկ կան համայնքներ, որտեղից գյուղացին ինքն է կաթը բերում` հանձնում: Այծի կաթի 1 լ մթերում են 230, իսկ կովինը` 140 դրամով: Այծի կաթն, առհասարակ, շատ բարձր որակներ ունի` բացարձակապես զուրկ է խոլեստերինից: Սպիտակուցներն էլ շատ բարձր չեն: Փոխարինում է մայրական կաթին: Օգտակար է և՛ երեխաների, և՛ հիվանդների համար, ահա թե ինչու մեծ պահանջարկ է վայելում: <<Գաղտնիքը>>, պարոն Մարտիրոսյանի տեղեկացմամբ, այն է, որ այծը ամենալավ սնունդն է վերցնում բնությունից` հիմնականում ծաղիկներ:

Ինչպես այնուհետև տեղեկացանք, ընկերությունը մասնակցում է նաև բարեգործական ձեռնարկումների, մասնավորապես` <<Ամքոր>> կազմակերպության հետ համատեղ գործընկերությամբ: Մանկատներին ու ծերանոցներին ուղղված այդ օգնությունը նրա կողմից տարեկան կազմում է 3 մլն դրամ: Առանձին մարդկանց էլ են օգնում` ընկերաբար, մարդասիրական ազնիվ մղումներով:

Այո՛, ընկերության զգացումն ընկած է մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում, բոլոր լավ, բարի ու արժանի գործերում: Խաչիկ Մարտիրոսյանն ինքը, ինչպես խոստովանեց, մեծացել է ընկերության մեջ, ընկերների հետ: Ամեն ինչով ընդառաջել է ընկերներին: Լավ ընկերներով է շրջապատված: Իսկական ընկերությունը, նրա համոզմամբ, ընտանիքի հետ գրեթե նույն բարձրության վրա է: Մաքրություն, ազնվություն, անկեղծություն… և ընկերությունը կպահպանվի: Ընկերոջ հաջողությամբ պետք է ուրախանալ. չէ՞ որ դա նաև քո հաջողությունն է: Ունեցածդ վերջին գումարը կիսեցիր ընկերոջդ հետ, ուրեմն ընկե՛ր ես: Ընկերոջդ կողքին պետք է լինես…

Խաչիկ Մարտիրոսյանը ցավոտ մի խնդրի անդրադարձավ: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ այսօր գյուղում մարդիկ չեն ուզում զբաղվել անասնապահությամբ, հողի, անասունի հետ գործ ունենալ, չեն ուզում, պարզապես, աշխատել: Անասնապահի, կթվորի դժվարությամբ են գտնում, այն դեպքում, երբ բավարար վարձատրություն են տալիս, անգամ կանխավճարով ապահովում: Մարդիկ նախընտրում են նպաստ ստանալ, քան օրինական աշխատանքային զբաղվածություն ունենալ: Առավել դժվար է մասնագետների` պանրագործի, անասնաբույժի հարցը: Իրենց անասնաբույժը, որ ամբողջ մարզում միակն է, 74 տարեկան է, փոխարինող չունի: Այս խնդիրը բարձրացրել են նաև երկրի վարչապետի առաջ: Ինչ-որ քայլեր անպայման պետք է ձեռնարկվեն, այլապես շատ շուտով կարող ենք հայտնվել կոտրած տաշտակի առջև:

SHARE