Բաց նամակ

0
27

Առաջարկ

ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Ձեզ եմ դիմում` առաջին հերթին որպես կնոջ, ապա և` նախարարի: Բոլորս էլ լավ գիտենք, որ մեր երկրի շուրջ այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ ցանկացած պահի կարող ենք հայտնվել պատերազմի մահասարսուռ հորձանուտում: Եթե, Աստված մի արասցե, նման դժբախտություն թակի մեր դուռը, ապա մի պահ փորձենք պատկերացնել այն ընտանիքների վիճակը, որտեղ նրանց ամբողջ հոգսը տղամարդկանց ուսերին է: Պարզ է, որ նրանք մեծագույն ցանկության պարագայում էլ չեն թողնի սեփական երեխաներին բախտի քմահաճույքին և մեկնի հայրենիքը պաշտպանելու, այն դեպքում, երբ նույն այդ հայրենի պետությունն իրենց կանանց պահում է կալանավայրերում…

Ինչո՞ւ եմ Ձեզ դիմում և ո՞րն է նամակիս բուն էությունը: Առաջարկում եմ, ելնելով մեր երկրի շուրջ ստեղծված բախտորոշ իրավիճակից և անկանխատեսելի զարգացումներից, մեծահոգի ու գթասիրտ մոտեցում ցուցաբերել կալանավայրերում գտնվող կանանց /մայրերի/ նկատմամբ: Մասնավորապես, բացառությամբ մարդասպանների ու կրկնակի դատապարտվածների, պետականորեն քրեական ներողամտություն շնորհել և համապատասխան պայմանագրի հիման վրա նրանց ազատ արձակել կալանավայրերից: Ընդ որում, պայմանագրում պարտադիր նշել, որ կալանավայրում չանցկացրած այն ժամանակահատվածը, որի համար ներողամտություն է շնորհվել, անպայման կգումարվի այն դատարանի որոշման ժամկետին, եթե տվյալ անձը վերստին թույլ տա քրեորեն պատժելի արարք:

Հավատացած եմ, հարգարժան նախարար, ազգանպաստ մեծ գործ արած կլինենք, եթե ոչ այնքան ծանր հանցանք, միգուցե` զանցանք կատարած կանանց թույլ տանք ընտանիք վերադառնալ: Ի վերջո, կանանց կալանավայրերում պահելը պետությանն ի՞նչ օգուտ է տալիս` վնասից կամ կորստից բացի: Չէ՞ որ նման կանանց երեխաները մեծանում են մայրական խնամքից զրկված, չէ՞ որ մեծապես տուժում են մեր` հայ ընտանիքները, ինչի վնասն անհամեմատ մեծ ու չափազանց կորստաբեր է:

Նման մարդասիրական քայլով, համոզված եմ, հրաշալի նախադեպ կստեղծենք աշխարհում` լավ օրինակ ծառայելով շատ երկրների ու ժողովուրդների համար: Քայլ, որից կշահեն թե՛ պետությունը, թե՛ կալանավորված կանանց ընտանիքները: Ելնելով առաջին հերթին, անշուշտ, այն կարևոր հանգամանքից, որ կնոջ, մոր դերը շատ մեծ է ընտանիքում, երեխաների կրթման ու դաստիարակման ազգանպաստ գործում:

Մեկ անգամ ևս դիմելով Ձեզ` թե՛ որպես կին և թե՛ որպես արդարադատության նախարար, լիահույս եմ, որ պետական լուրջ մոտեցում կցուցաբերեք տվյալ խնդրին և Ձեր հնարավորությունների սահմաններում կաջակցեք, որպեսզի այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչվի:

Կանխահայտ շնորհակալությամբ`

Էֆրիկ Ավետիսյան

Իրավաբան

SHARE