Բերք ու բարիքի տոն

0
3

Խորհրդանշում

Ավանդական դարձած Մաճառի տոնը Մրգաշատում տոնվում է արդեն 14-րդ անգամ: Համայնքի բնակիչները մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ մասնակից են դառնում այս գեղեցիկ, այս հրաշալի միջոցառմանը: Այս անգամ էլ տոնական առատ սեղաններով էին հանդիսությանը ներկայացել գյուղի երկու դպրոցը, բուժամբուլատորիան, մանկապարտեզը, կերպարվեստի դպրոցը, ինչպես նաև ֆուտբոլային թիմերը և այլք:

Յուրահատուկ այս տոնի նախաձեռնողը համայնքապետ Գևորգ Դանիելյանն է: Տոն, որ խորհրդանշում է գյուղատնտեսական աշխատանքների բարեհաջող ավարտը, հողի աշխատավորի տքնանքն ու արարումը, բերք ու բարիքը: Այն ուղեկցվում է շռայլ հյուրասիրությամբ, որին լիասիրտ միախառնվում են երգն ու պարը, խինդն ու ծիծաղը…

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մոտենում էր գյուղի կենտրոնում  բացված սեղաններին, համտեսում մրգաշատցու արարած բարիքներից ու բարեմաղթանքի խոսքեր հղում սեղանակիցներին: Ականջալուր էր լինում նաև մարդկանց կարծիքներին ու ցանկություններին, բարձրացված հարցերին ու խնդիրներին:

Տոնն, անշուշտ, նաև համախմբում է մարդկանց, հաճելի առիթ դառնում հյուրեր ընդունելու, նրանց հյուրասիրելու և պատվով ճանապարհելու համար: Համայնքապետարանի կողմից ամեն տարի տոնի առիթով պատրաստվում է խորհրդանշական` 7 կաթսա հարիսա և բաժանվում հանդիսության մասնակիցներին: Նրանք, ի դեպ, իրենց գոհունակությունն արտահայտելով համայնքապետի հասցեին` այս հրաշալի նախաձեռնության առիթով, միաժամանակ սիրով մատնանշեցին նրա ունեցած հսկայական ներդրումը համայնքի ընդհանուր զարգացման գործում:

Մասնավորապես, նրա և բարերարների համատեղ ջանքերով վերանորոգվել է եկեղեցին: Բացի այդ, ճանապարհաշինություն է կատարվել, ասֆալտապատվել է գերեզմանատուն տանող ճանապարհը: Վերանորոգման աշխատանքները հաջողությամբ ավարտվել են երկու մանկապարտեզում: Գույքով են ապահովվել դպրոցները: Դրամական օժանդակություն է ցուցաբերվում երիտասարդ ընտանիքներին` երեխայի ծննդյան առիթով: Համայնքապետարանի միջոցներով գործում է անվճար ուսանողական ավտոբուս: Դրամական օգնություն է հատկացվում նաև դժբախտ դեպքերի առիթով, սոցիալապես անապահով ընտանիքներին ու բուժման կարիք ունեցողներին:

Ինչպես արդարացիորեն նշեցին մրգաշատցիները, Գևորգ Դանիելյանի կատարած բոլոր գործերը թվարկելն անհնար է: Այսօր էլ շարունակում է նույն եռանդով իրենց կողքին մնալ…

SHARE