Բժիշկը միայնակ անզոր է

0
85
Անհրաժեշտ է հասարակական առաջնային կանխարգելում, որպեսզի սեռավարակները գլուխ չբարձրացնեն և տեղի տան…

Օրախնդիր

<<Ընկեր>>-ի հարցազրույցը ՀՀ ԱՆ <<Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ>> ՓԲԸ տնօրեն, ՀՀ գլխավոր մաշկավեներաբան, պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
 -Յուրաքանչյուր տարի,- մեր զրույցն սկսելով ասաց պարոն Բաբայանը,- ի մի ենք բերում ողջ հանրապետության տվյալները: Բոլոր սեռավարակների ընդհանուր թիվը հարյուր հազար բնակչի հաշվով կազմում է 1480: Եթե համեմատենք հինգ տարվա կտրվածքով, ապա չնչին աճ է գրանցվել, 4-5 տոկոս, ինչն այնքան էլ անհանգստացնող չէ: Եթե դինամիկայով նայելու լինենք, ապա գրեթե կայուն վիճակ է: Անգամ որոշ սեռավարակների առումով նվազում է նկատվում: Մեզ համար լուրջ  սեռավարակներից է սիֆիլիսը, որը մոտ 3 անգամ նվազել է: Հարյուր հազար բնակչի հաշվով ցուցանիշը 2009 թ. 4,3 էր, 2014-ին 1,7 է: Գոնոռեան նույնպես նվազում է` 18-ի փոխարեն ներկայումս 12 է: Նույն տենդենցն է նաև տրիխոմոնիազի պարագայում: Այս ցուցանիշը տարված կանխարգելիչ լուրջ աշխատանքների արդյունք է: Հատուկ վիճակագրական ռեեստր կա, համաձայն որի սիֆիլիսի, գոնոռեայի, տրիխոմոնիազի, քլամիդիոզի դեպքերում մաշկավեներակաբաններս պետք է հայտնենք: Իսկ եթե պարտադիր պետք է հայտնենք, ուրեմն դրանք ամենակարևորն են համաճարակաբանական տեսակետից, ինչը և ենթադրում է լուրջ պայքարի իրականացման անհրաժեշտություն: Ինչպես հիմա սկսել ենք հետազոտել սեռավարակ ունեցող անձանց ՄԻԱՎ-վարակի նկատմամբ, այնպես էլ եթե ինչ-որ փոփոխություն է նկատվում այս ուղղությամբ տղամարդու կամ կնոջ մոտ, ապա հետազոտություն անպայման կատարվում է: Ապագա սերնդի առողջությունն ապահովելու նպատակով սեռավարակների նկատմամբ պարտադիր հետազոտվում են հղիները: Այս ամենի արդյունքում է, որ վերջին 10 տարում Հայաստանում բնածին սիֆիլիսի դեպք չի գրանցվել: Դա մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն եմ համարում: Աշխարհում գոյություն ունեցող 22 սեռավարակից մեր երկրում հանդիպում է 10-ը, որոնցից վերջին շրջանում, չնայած մեր կողմից տարվող հսկայական աշխատանքներին, ամենաշատ հանդիպում է քլամիդիոզը: Այս հիվանդությունը, պիտի ասեմ, ամբողջ աշխարհում է տարածված: Այսպիսով, որոշ հիվանդությունների գծով նվազում է նկատվել, որոշների առումով էլ, մասնավորապես` ուրեապլազմոզի, սեռական հերպեսի, սեռական գորտնուկների, ինչպես արդեն նշեցի` նաև քլամիդիոզի, աճ կա: Նախ նշեմ, որ այս հիվանդությունների համար չկա մշակված ռազմավարություն: Ժամանակակից, նորագույն լաբորատոր կարողությունների շնորհիվ քլամիդիոզը սկսել է ավելի շատ հայտնաբերվել, ինչը նախկինում այնքան էլ հնարավոր չէր: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ այս հիվանդության տոկոսը գնալով մեծանում է, ինչը պայմանավորված է դրա համաճարակաբանական ու կլինիկական առանձնահատկություններով: Հիվանդը շատ հաճախ չի զգում դրա առկայությունն իր օրգանիզմում: Այն հազվադեպ է հայտնաբերվում: Շատ հաճախ հայտնաբերվում է հանկարծակի, որովհետև վարակվածության դեպքում գանգատ կամ փոփոխություն չի նկատվում, թաքնված է ընթանում: Քլամիդիոզը այն հիվանդությունն է, որով վարակվելու դեպքում կինը, եթե իհարկե չբուժվի, ծննդաբերելու որևէ շանս չի կարող ունենալ` վիժումներ, չբերություն և այլն: Հատկապես այս տեսանկյունից տվյալ հիվանդությունն ավելի  մեծ ուշադրության պետք է արժանանա` չնայած դժվար, բարդ ու թանկ լինելու հանգամանքին : Ահա թե ինչու մենք վերջին տարիներին սկսել ենք առավել լրջորեն վերաբերվել դրան և եթե դեռևս ի վիճակի չենք համապատասխան հետազոտություններում ընդգրկելու ողջ բնակչությանը, ապա գոնե պետք է ուշադրության կենտրոնում պահենք այն անձանց, ովքեր ավելի շատ են տարածում այդ և մյուս բոլոր սեռավարակները: Խոսքը վտանգավոր վարգաքիծ ունեցող անձանցª մարմնավաճառների, միգրանտների մասին է: Վերջին երկու տարում սկսել ենք լուրջ ուշադրություն դարձնել նաև համասեռականներին, ովքեր նույնպես, ինչպես մարմնավաճառները, կարող են տարածել սեռավարակիչ հիվանդությունները: Այդ տղաներին սկսել ենք շատ հետևողական և մանրազնին  հետազոտել: Ի դեպ, այս թեմայով Ձեզ ենք առաջին հարցազրույցը տալիս:  
  -Ինչպիսի՞ն են սեռավարակները մարմնավաճառների կամ, ինչպես այժմ ընդունված է ասել` կոմերցիոն սեքսի աշխատակիցների, և տղամարդ համասեռականների շրջանում:

   -Վերջին հինգ տարիներին հետազոտված մարմնավաճառների կեսից ավելին հիվանդ է այս կամ այն սեռավարակով: Համասեռականների շրջանում պատկերը հետևյալն է. 2012-ին` մոտ 27, իսկ 2013-ին` 25 տոկոս, այսինքն` ամեն չորրորդը սեռավարակի կրող է: Դա բավականին բարձր տոկոս է, և այդ կողմնորոշմամբ տղաների մոտ բոլոր սեռավարակներն էլ հանդիպում են: Հետազոտված թե՛ մարմնավաճառների, թե՛ համասեռականների մոտ արձանագրվել է նաև ՄԻԱՎ-վարակ, ինչն, իհարկե, մեզ մտահոգվելու լուրջ առիթ է տալիս: Երբ համեմատում ենք այլ երկրների հետ, ապա մեզանում այդ ցուցանիշը, ցավոք, ավելի բարձր է: Ինչպես արտերկրում են ռիսկային խմբերի հետ տարվում համապատասխան ծրագրային աշխատանքներ, այնպես էլ` մեզ մոտ: Համատեղ աշխատանք է տարվում ՀՀ ԱՆ, միջազգային, հասարակական  կազմակերպությունների հետ, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում /տվյալ խմբերին պահպանակների բաժանում, բուկլետների հրատարակում, սեմինարների անցկացում և այլն/, սակայն, դժվարությամբ ենք  կարողանում փոխել այդ անձանց հոգեբանությունը: Արտասահմանում մարմնավաճառներն առանց պահպանակ օգտագործելու պրակտիկորեն աշխատում են սեռական կապեր չունենալ: Այստեղ, որքան էլ բաժանես, այդուհանդերձ, միշտ չէ, որ մարմնավաճառները պահպանակ են օգտագործում: Իրենց խոսքով, անծանոթի հետ օգտագործում են, ծանոթի հետ` ոչ: Հետաքրքիր է, որտեղի՞ց գիտեն, թե ծանոթը սեռավարակ չունի… Ահա, այս հոգեբանությունն առայժմ չենք կարողանում կոտրել: Նրանց մոտ տարեսկզբին, ասենք, արձանագրվում է մի սեռավարակ, որից բուժվում են, իսկ մի քանի ամիս անց գալիս են մի այլ սեռավարակով: Սա խոսում է այն մասին, որ մեզ լսելով հանդերձ, այնուամենայնիվ, պահպանակ չեն օգտագործում: Կանխարգելիչ աշխատանք թեպետ տարվում է, սակայն 100 տոկոս արդյունք չկա: Առիթն օգտագործելով, ուզում եմ խոսել մեկ այլ մտահոգիչ խնդրի մասին: Խոսքն արտագնա աշխատանքի մեկնող հայ տղամարդկանց մասին է: Նրանցից ոմանք, վերադառնալով այս կամ այն սեռավարակով, կամա թե ակամա վարակում են իրենց կանանց: Չեմ հիշում այնպիսի դեպք, երբ այդ կանանցից որևէ մեկը փորձի հասկանալ` ամուսինը վարակվա՞ծ է, թե՞ ոչ: Տղամարդն էլ, կինն էլ զուգընկերոջ հետ կապ ունենալուց պետք է վստահ լինեն տվյալ հարցում: Սա լավ պիտի գիտակցեն հատկապես այդպիսի ռիսկ պարունակող մարդիկ: Պետք է իրազեկված, տեղեկացված լինել, որպեսզի գիտակցությունը, ինչու չէ` նաև պատասխանատվությունը, անհրաժեշտ բարձրության վրա լինեն: Մեր` բժիշկներիս գործը թեև բուժելն է, բայց մենք չենք զլանում նաև բացատրական աշխատանք տանել, զգուշացնել, ինչի արդյունքում պետք է ցուցանիշներն ավելի գոհացուցիչ լինեին, սակայն, ցավոք, առայժմ այդպես չէ: Իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Չնայած հասել ենք այն բանին, որ որոշակի հաջողություններ կան այս ոլորտում, մասնավորապես` բնածին սիֆիլիս, բլենոգոնոռեա չկա, առողջապահությունում դրվածքը, առհասարակ, լավ է, բայց հասարակական առաջնային կանխարգելման անհրաժեշտություն է զգացվում: Դպրոցից սկսած պիտի տալ անհրաժեշտ գիտելիքներ, ԶԼՄ-ների հնարավորություններն օգտագործել, որպեսզի բարձրացվի մարդկանց գիտակցական մակարդակը: Այս առումով դեռևս անելիքներ ունենք: Տասնամյակներ ի վեր բարձրաձայնում եմ, որ դպրոցներում պետք է պարտադիր սեռական առողջության դասեր անցկացվեն, ինչը միայն հատուկ մասնագետների պիտի վստահվի: Այդ նպատակով մանկավարժական համալսարանում հարկ է ամբիոն ստեղծել` համապատասխան մասնագետներ պատրաստելու համար: Այսօր այդ դասերը լիարժեք չեն անցկացվում, դասավանդում են ոչ մասնագետները: Միայն մեզանով չէ, պետք է բոլոր շահագրգիռ կառույցները գործեն, որպեսզի ցանկալի արդյունք ունենանք:

   -Ըստ Ձեզ, տեղին չի՞ լինի, արդյոք, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև առողջ սերունդ ունենալու նպատակով ամուսնանալ պատրաստվող զույգերի շրջանում պարտադիր բժշկական հետազոտություն իրականացնել:
-Շատ լավ հարց եք բարձրացնում: Տարիներ առաջ, երբ խորհրդային բոլոր պետություններում սիֆիլիսով հիվանդացության ինտենսիվ ցուցանիշը մոտ 10-15 անգամ բարձրացավ, և դրանով պայմանավորված` ծնվում էին հիվանդ երեխաներ, ես հենց այդ հարցադրումն առաջ քաշելով` դիմեցի պատկան մարմիններին: Հիմնական շեշտադրումն այն էր, որ ծնվեն առողջ երեխաներ: Ի՞նչն էր խանգարում, որ մինչև ամուսնանալը զույգերը համապատասխան բուժզննման ենթարկվեին, հետազոտվեին, ինչը շատ առումներով միմիայն դրականորեն կանդրադառնար  տվյալ ընտանիքի ամրապնդման վրա: Սակայն հարցն անտեսվեց, ոչինչ չարվեց: Այստեղ վատն այն է, որ հղի կինը գալիս է սեռավարակով, նրան տալիս են մեծ քանակի հակաբիոտիկներ, այլ դեղորայք, ինչն ազդում է պտղի վրա: Ահա հենց թեկուզ այս նկատառումով բարձրացված հարցը շատ տեղին ու արդարացված է: Դրա համար օրենք պետք չէ, ամեն մեկն իր մեջ պետք է ուժ գտնի ճիշտ վարվելու: Եթե խոսքը հետազոտվելու մասին է, ապա դա որևէ խնդիր չպետք է հարուցի, չէ՞ որ դա անձնական հիգիենայի մի մասն է, պարտադիր պայման: Դա, անշուշտ, ստիպողաբար չպետք է արվի, չնայած սխալ չէր լինի նաև պարտադրելը, գոնե` սկզբնական շրջանում:
  -Սեռավարակների շրջանում, արդյոք, երիտասարդացում նկատվո՞ւմ է. խոսքը թե՛ մարմնավաճառների, թե՛ տղամարդ համասեռականների մասին է: Եթե` այո, ապա ո՞րն է դրա պատճառը,– այս հարցն ուղղեցինք մեր զրույցին ներկա Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության, սեռավարակաբանության ամբիոնի ասիստենտ, մաշկաբան, սեռավարակաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ:
   -Այո՛,- պատասխանեց նա,- երիտասարդացում նկատվում է: Վարակված մարդկանց տարիքային խումբը հիմնականում 30-ի մոտակայքում էր միշտ տատանվում,հիվանդների գրեթե 60 տոկոսը 25-30 տարեկաններն էին: Այժմ հիվանդների մեծ մասը 20-25 տարեկան են: Դա, իհարկե, սեռաակտիվ տարիք է, երբ այնքան էլ գիտելիքների չեն տիրապետում և վտանգավոր վարքագիծ են դրսևորում: Աշխատում ենք մարմնավաճառների ու համասեռականների հետ, այս սեկտորում ենք անգամ երիտասարդացում տեսնում: Համասեռականների մեծ մասը երիտասարդներ են, անչափահաս հիվանդներ էլ ենք ունենում…
  Խոսքն ընդհատելով, պարոն Բաբայանը նկատեց, որ դա պատճառների փաթեթ է, առաջնահերթ սոցիալականն է. <<Առավելագույնը հինգ տոկոսը կարող է ասել, որ հաճույքի համար է նման քայլի դիմում: Դա փող արժի: <<Փող աշխատելու>>, առաջին հայացքից, ամենահեշտ ձևն են գտել: Երկրորդը` մեր երիտասարդների աչքերը <<բացվել>> են: Դրան նպաստել է ինչ ասես, այդ թվում` համացանցը: Նկատելի է, որ մարմնավաճառությամբ զբաղվում են 14 տարեկան մանկահասակ աղջիկներ: Կան անգամ 16-17 տարեկան տղաներ: Սա շատ լուրջ խնդիր է: Այդ մարդիկ իրենց կյանքում դեռ ոչինչ չեն տեսել, որևէ պաշտպանական ռեֆլեքս չունենալով` կյանքները վտանգի են ենթարկում` սեռավարակ <<շալակելով>>: Երևույթը վտանգավոր է նաև բարոյական տեսակետից: Չկա դեպք, երբ աղջիկը հետ կանգնի այդ քայլից կամ բուժվելուց հետո նման քայլի չգնա: Նրանց գերակշիռ մասն, իհարկե, սոցիալապես անապահով, ոչ լիարժեք ընտանիքներից են: Խնդիրը սոցիալական է, առավել քան լուրջ: Որքան երիտասարդ է օրգանիզմը, այնքան ավելի ընկալունակ սեռավարակի նկատմամբ: Մենք մեր պայքարը տանում ենք դրա դեմ, բացատրական աշխատանք իրականացնում: Ցավոք, ինչ-որ առումով վտանգվում է նաև մեր գենոֆոնդը: Նորից եմ ասում, որ խնդիրը սոցիալական է, և պետությունը պետք է այդ բեռը վերցնի իր վրա և կարգավորման հստակ ուղիներ մատնանշի: Համալիր մոտեցում է անհրաժեշտ, բոլոր օղակները պետք է համատեղ աշխատեն: Կանխարգելումն ավելի թանկ արժի, քան բուժումը: Ահռելի գումարներ են անհրաժեշտ…>>:
  – Իսկ ի՞նչ կասեք համասեռականների մասին:
 – Մեկ տարի է, որ մենք նրանց հետ լրջորեն աշխատում ենք, շատ ինֆորմացիա չունենք: Հետազոտվածները քիչ չեն: Դեռ նոր ենք հասկանում այդ խնդիրը: Որքան որ հասկանում ենք, այնքան էլ անհասկանալի բաներ դեռ մնում են: Մանավանդ, երբ մեզ են դիմում երիտասարդ տղաներ, որ լավ ընտանիքից են, բավականին ապահովված: Ինչպե՞ս հասկանալ սա, ի՞նչ բացատրություն տալ: Հասկանալի չէ, թե ի՞նչն է դրդում 16-17 տարեկան ապահովված տղային դիմելու նման քայլի…
  -Պարոն Բաբայան, խոսենք նաև այն մասին, որ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն պատժելի արարք է: Ինչպե՞ս հասկանալ:
   -Եթե տղամարդը մարմնավաճառի կամ համասեռականի հետ սեռական հարաբերություն է ունեցել, ապա ինչու ենք ողջ մեղքը բարդում մարմնավաճառի կամ համասեռականի վրա: Տղամարդն, արդյոք, մեղավոր չէ՞ այդ հարցում: Հատկապես` անչափահասի դեպքում: Բայց դա ինչպես կապացուցես, ով կգա` կասի, որ իր հետ է եղել: Շատերը չգիտեն դա, չեն ճանաչում, թե ում հետ են եղել: Փողոցից տանում, ապա բերում նույն տեղն իջեցնում, գնում են: Բացահայտել չես կարող: Մեզ հետաքրքիր չէ, թե ով է նա կամ ում հետ է եղել. հիվանդ է` պետք է բուժել, որպեսզի վարակը չտարածվի: Համասեռականների շրջանում նույն սեռավարակներն են հանդիպում: Հայ կանանց շրջանում զարմանալի մտածելակերպ կա: Ընդունվում է, երբ ամուսինը տղամարդու հետ է սեռական կապի մեջ` թող տղամարդու հետ լինի, բայց ոչ` կնոջ: Քանի դեպք ունենք, երբ ընտանիքում երիտասարդ ամուսինների հետ տղա է ապրում: Նա ամուսնու մյուս զուգընկերն է… Դժբախտաբար, շատ արտառոց դեպքերի ենք ականատես լինում: Ամուսինը տանը նստած` կինը մարմնավաճառությամբ է զբաղվում, տունը պահում: Կամ` անչափահաս աղջկան բուժում ենք, մայրը գալիս, հորդորում է, որ <<դուրս գրենք>>` գնա փող աշխատի… Տիղմը, նստվածքը շատ է, արտաքին երեսը շատ հաճախ այնքա՜ն խաբուսիկ է: Պետության խնդիրն է, պետական համակարգված մոտեցում է անհրաժեշտ: Իզուր չէր, որ կանխարգելման վերաբերյալ խոսելիս ակնարկեցի ահռելի ֆինանսների ներդրման մասին: Սոցիալական ծառայությունները հսկայական գործ ունեն այստեղ անելու: Պետք է աշխատանքն սկսել ընտանիքից, դպրոցից: Մամուլը պետք է ակտիվորեն ներգրավվի այդ գործում: Մի խոսքով, հասարակական, ընդհանուրիս վերաբերող ցավոտ խնդրի հետ գործ ունենք, ինչն անտեսել կամ անտարբերության մատնել չենք կարող: Անտարբերությունը նոր չարիք կարող է ծնել` առավել վատթար ու առավել անհանդուրժելի… 
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE