Բիզնես լինելուց զատ

0
236
Նաև յուրատեսակ առաքելություն, որն աշխարհին առավել ճանաչելի է դարձնում Հայաստանը…

Չափանիշ

  Մեր զրույցը Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիր Էդուարդ Չոբանյանի հետ է, ով հենց սկզբում նշեց, որ ձեռնարկությունը ընկերոջ` Արմեն Գասպարյանի հետ են գործարկել: Ավելի շուտ, թերևս, 1996-ին նրան երկրորդ կյանք են պարգևել` սկզբնավորելով գործարանի վերածնունդը… 
  <<Սկզբում շատ դժվար էր,- ասաց նա,- սակայն, փառք Աստծո, այդ դժվարություններն արդեն անցյալում են: Գործարանը հիմնովին վերափոխել ենք: Հոսքագծերն Իտալիայից ենք ներմուծել և, առհասարակ, բոլոր սարքավորումներն իտալական են: Մեր արտադրանքով դուրս ենք եկել միջազգային շուկա` Չինաստան, ԱՄՆ, Կանադա, Իսրայել, ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Հունաստան, Կիպրոս, Լեհաստան, Գերմանիա և այլ երկրներ: Հիմա Ճապոնիա և Վիետնամ ենք ուզում արտահանել: Վերջերս մեր ներկայացուցիչները` մեր երեխաները Տոկիոյում անցկացվող միջազգային ցուցահանդեսի են մասնակցել: Տարբեր անվանումներով կոնյակներ ենք արտադրում` <<Մանե>>, <<Չարենց>>, <<Շիրազ>>, <<Շերամ>>, <<Խենթ>> և այլն: Ունենք 3-30 տարվա հնեցման կոնյակներ…>>:
-Ինչո՞ւ որոշեցիք, պարոն Չոբանյան, Ձեր արտադրանքը մեր մեծերի անուններով կոչել:
-Ճիշտն ասած, դրանով շուկայում տեղ գրավելու, ճանաչվելու նպատակ ենք հետապնդել: Ինչու չէ, նաև աշխարհին ճանաչելի դարձնել մեր ազգի մեծություններին: Մեզ այսօր լավ ենք զգում, որ մեր հերթին, մեր չափով նպաստել ենք, որպեսզի դրսում լավագույնս ճանաչեն հայ ազգին, իմանան նրա վառ անհատականությունների մասին: Դա, թերևս, բիզնես լինելուց բացի, նաև յուրատեսակ առաքելություն կարելի է համարել: 
-Ո՞ր տեսակն է ավելի շատ սպառվում դրսում:

-Մեր բոլոր կոնյակներն էլ շատ լավ են սպառվում դրսի շուկայում, բայց կառանձնացնեի հատկապես <<Մանեն>>, <<Չարենցը>>, <<Խենթը>>…
-Ո՞րն եք համարում այդ հաջողության գրավականը, հատկապես` դրսում:
-Մեր արտադրանքն արտահանելիս, առաջին հերթին հաշվի ենք առնում տվյալ երկրում ընդունված պահանջներն ու չափանիշները: Անպայման պետք է համապատասխանի դրանց: Օրինակ, Հայաստանից Գերմանիա միայն մեր կոնյակն է հասնում, այնտեղ ուրիշ հայկական կոնյակ չկա:
-Մրցակցությունն այսօր, ինչ խոսք, մեծ է, ուստի որքանո՞վ եք կարողնում դիմակայել դրան:
-Իհարկե, դիմանում ու դիմակայում ենք, քանի որ արտադրանքի բարձր որակ ենք ապահովում, ինչպես նաև ճիշտ կազմակերպված գովազդային արշավ ենք ծավալում: Ակցիաներ ենք կազմակերպում: Որակի հետ մեկտեղ շատ կարևոր են շշերի ձևն ու ապրանքի տեսքը: Ունենք դիզայներական բյուրո, որը համագործակցում է արտասահմանյան մասնագետների հետ, մասնավորապես` շվեյցարական հայտնի դիզայներական ֆիրմայի հետ: Շուկայում արժանի տեղ գրավելու համար չպետք է երբևէ անտեսել այդ կարևոր հանգամանքը, որովհետև ապրանքի լավ որակը լավ էլ տեսք, փաթեթավորում պիտի ունենա: Այս գործում ընկերոջս` Արմենի հետ, իրոք, սիրտ ու հոգի ենք դրել, ինչով և հիմնականում պայմանավորում եմ մեր ընդհանուր հաջողությունն ու ակնառու ձեռքբերումները: Մեր մասնագետ-գինեգործը` Արուսյակ Ղարիբյանը, շատ լավ մասնագետ է, արտասահմանում է ուսանել: Շուտով նրա պատվին` նրա անունով կոնյակ ենք թողարկելու: Այսօր, առհասարակ, լավ գինեգործի պակաս է զգացվում: Համտեսի հանձնաժողովի կողմից գինեգործի առաջարկած խմիչքի տեսակի` հավանության արժանացնելուց հետո սկսում ենք դրա մասսայական արտադրությունը:
-Ձեր արտադրության մեջ ինչպիսի՞ նորամուծություններ եք մտցրել:
-Կոնյակի արտադրությունն իրականացվում է մեր` հայկական ավանդական եղանակով: Մթերված խաղողից գինի ենք պատրաստում, գինուց` սպիրտ, ապա այն լցնում հատուկ տակառները և հնեցնում: Այստեղ նոր բան հնարելու խնդիր չկա: Նորությունը ժամանակակից հոսքագծերն են, խաղողի մթերման ու թորման նորագույն սարքավորումները, որոնք էլ մենք ունենք: 
-Հումքի մթերման հետ կապված ի՞նչ կասեք:
-Խաղող մթերում ենք Հայաստանի բոլոր մարզերից: Գործարաններ ունենք Արմավիրում, Արտաշատում, որտեղ մթերում են խաղողը, գինի պատրաստում, թորելուց հետո այն լցնում են տակառները, բայց շշալցումն իրականացվում է Պռոշյանի կոնյակի գլխավոր գործարանում, որտեղ հիմնական հոսքագծերն են: Ողջ տարվա ընթացքում մթերում ենք իրականացնում: Այս փետրվարին էլ ենք խաղող մթերել. սառնարաններում պահվածն են հանձնում, ոչ ոք չի գնում, միայն մենք ենք գնում:
-Խաղողի որակը բավարարո՞ւմ է ձեր պահանջները:
-Գյուղացին իր ձևով է մշակում, և դա, թերևս, այդպես էլ պետք է լինի: Բայց պիտի ասեմ, որ մեր գյուղացին շատ է հետ մնացել, քանի որ կան մշակության նոր տեխնոլոգիաներ, նոր սորտեր, որոնք մեզանում դեռևս չեն կիրառվում: Ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով գյուղացին չի կարողանում բարձրորակ խաղող մշակել: Լավ խաղող, կարելի է ասել, չունենք: Հիմա մենք խաղողի այգի ենք հիմնում և կունենանք շատ լավ, բարձրորակ խաղող: Մեր դուռը միշտ բաց է խաղողագործների առջև: Ընդ որում, միայն խաղող չէ, որ մթերում ենք: Ընդունում ենք նաև հոն, ծիրան, թութ, մոշ, խնձոր, նուռ, սերկևիլ: Մրգային` սերկևիլի, ծիրանի, նռան գինիներ ենք արտադրում: Նռան գինին առաջինը մենք ենք արտադրել Հայաստանում: Ծիրանի, հոնի, խնձորի, թթի, նռան օղիներ ենք արտադրում: Մեր մրգային օղիների օրինակով շատերն սկսեցին Հայաստանում նման խմիչքներ արտադրել: 
-Տեղի շուկայում ամենից շատ ո՞ր գինին է սպառվում և, առհասարակ, ո՞ր խմիչքի օգտագործումն է ցանկալի ու օգտակար:
-Նռան և <<Պռոշյան>> խաղողի դառը գինիներն են ամենաշատ սպառվում: Ժողովուրդը սիրել է այս գինիները: Այսօր մեզանում ավելի շատ օղի են օգտագործում, բայց իմ խորհուրդն է, որ նախապատվությունը տան գինուն, ինչպես նաև, իհարկե, կոնյակին: Մեր պապերը միշտ գինի են խմել, և պետք է այդ ավանդույթը վերականգնենք: Գինին  նաև առողջարար է: Քաղաքակիրթ աշխարհը գինի է խմում: Իտալացին, ֆրանսիացին օղի չի խմում: Եթե մենք ձգտում ենք հասնել նրանց, ուրեմն սա էլ պիտի անպայման հաշվի առնենք: Վրացին միայն գինի է խմում, օղի քիչ է օգտագործում: Ճաշի սեղանին մեկ բաժակ կարմիր դառը գինին ցանկալի է: Նռան գինին է սրտի համար շատ օգտակար: Մեր նռան գինու մասին <<Նյու Յորք Թայմսը>> գրել է, ներկայացրել որպես լավ գինի:
-Նման գործարան ունենալն, անշուշտ, ենթադրում է նաև ընկերական մեծ շրջապատ, այդպես չէ՞:
-Առանց ընկերական շրջապատի հնարավոր չէ անել այս ամենը: Ողջ աշխարհով մեկ ընկերներ ունեմ, Չինաստանից մինչև ԱՄՆ: Բոլոր այն երկրներում, որտեղ կա մեր խմիչքը, այնտեղ նաև ընկերներ ունեմ: Բոլոր գործընկերներս իմ ընկերներն են: Եթե ընկերություն չպետք է անենք, ապա գործընկերներ էլ չենք կարող լինել, իրար հետ չենք կարող աշխատել: Այսքան մեծ շրջապատ ունենալն, ինչ խոսք, դժվար է, քանի որ ընկերությունը պահպանելու համար շատ մեծ ուշադրություն է պահանջվում: Ընկեր ընտրելիս հետևում եմ հետևյալ ասույթի խորհրդին. <<Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու>>: Ամեն մարդու հետ ընկերություն չես կարող անել: Հետաքրքրությունների շրջանակը, բնավորության գծերը, ընտանեկան դրությունը պետք է ընդհանուր բաներ ունենան: Բոլոր ընկերների հետ ընտանիքներով ենք մտերմություն անում: Մեր երեխաները մեզանից սովորելու շատ բան ունեն, մեզանից ժառանգում են լավն ու բարին: Դու ինքդ առաջին հերթին պիտի լավը լինես, որպեսզի ընկերներդ քեզ հարգեն ու սիրեն: Փոխադարձ պիտի լինի ամեն ինչ: Ամեն առումով ընկերներիս կողքին եմ, նույնը ընկերներիս կողմից է: Ցանկացած խնդրի դեպքում օգնում ենք միմյանց: Տարբեր ազգությունների` հրեա, վրացի, թուրք, չինացի, կորեացի և այլն, ընկերներ ունեմ: Ազգությամբ թուրք ընկերոջս հետ Թբիլիսիի նույն փողոցում ենք հասակ առել: Նա հիմա Բաքվում է ապրում, և մեր հանդիպումները Թբիլիսիում են տեղի ունենում: Միմյանց հետ հայերեն ենք շփվում: Նա ինձ մի շատ կարևոր հարցում ձեռք մեկնեց: Ադրբեջանի Թովուզի գինու գործարանում մեր գործարանի պիտակով նռան գինի էին շշալցում և ուղարկում Մերձբալթիկա: Այդ ընկերոջս միջամտությամբ կեղծարարությունը կանխվեց: Ճիշտ է, մեր երկրները հիմա գրեթե պատերազմական վիճակում են, բայց մարդկային պարզ ընկերությունը` հայի ու ադրբեջանցու միջև, կարող է շատ բան փոխել այդ հարաբերությունների կարգավորման խնդրում: Ընկեր չունեցող մարդը չի կարող լավ մարդ լինել: Ընկերություն անելու համար նաև վաստակ պիտի ունենաս: Ընկերության մեջ խաբել չպետք է լինի: Պարզ ու անկեղծ պիտի լինել: Սուտը ծնում է հաջորդ սուտը: Անընդունելի է խաբելը… Ընկերության մեջ ազնվություն, նվիրվածություն պետք է լինի:
-Հետաքրքիր ու յուրատեսակ նախասիրություն ունեք, որի մասին Ձեր ընկերներից տեղեկացա: Չե՞ք մանրամասնի:
-Այո: Ունեմ խմիչքների 1200 փոքր, չկրկնվող տեսակների հավաքածու: Մի մասը ես եմ գնել, մի մասն ընկերներս են նվիրել: Բոլորն էլ գիտեն, որ հավաքածու ունեմ, ուստի հավաքում` ուղարկում են: Հետաքրքրվում են, հարցնում, թե որից չունեմ, ուղարկում են: Կայքէջ եմ պատրաստում, որտեղ պիտի տեղադրեմ այդ հավաքածուի յուրաքանչյուր անվանման տվյալները, ասենք` ով որ երկրից է բերել և այլն: Հարազատներս, ընկերներս, ընտանիքիս անդամները <<վարակվել>> են իմ այդ նախասիրությամբ և որ երկիր գնան, այդ մինի շշերից իրենց հետ բերում են: Հետևում եմ, որ եթե նոր տեսակ է թողարկվում, ապա անպայման ուզում եմ ունենալ իմ հավաքածուում: Ասես, ազարտի մեջ ես ընկնում: Ամեն օր հավաքածուն աչքիս առաջ է: Հանգստանում եմ հոգեպես` այն տեսնելով, շշերը շոշափելով, դրանցով հմայվելով: 
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
<<Ընկեր>>-ական հավելում.- Այն սերը կամ սիրահարվածությունը, որ ունի Էդուարդ Չոբանյանը նախընտրած գործի նկատմամբ, ինչ-որ առումով հասնում է պաշտամունքի աստիճանի: Դա, անշուշտ, գալիս է վկայելու մարդկային նրա տեսակի, կենսասիրության ու ստեղծարար ոգու, ի վերջո, նաև ընկերասիրության մասին: Մարդ, որ նպատակասլաց է իր ձգտումներում և իր անսահման հավատով մեծապես արժևորում է այն գործը, որին նվիրված է ամբողջ հոգով ու էությամբ…
SHARE