Բնականոն, ընդունելի գործընթաց

0
41

Համոզմունք

ԱՐՄԻՆԵ ՇԵԳՈՒՆՑ (Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն)

  Որպես դպրոցի տնօրեն, պատմության ուսուցչուհի և քաղաքացի, Սահմանադրության այս նոր նախագծում տեսնում եմ այնպիսի կետեր, դրույթներ, որոնք շահեկանորեն այն դարձնում են նախընտրելի, ինչն էլ կանխորոշել է <<Այո>>-ի ճամբարում գտնվելու իմ ընտրությունը: Այն ինձ նախ հիշեցնում է Շահամիր Շահամիրյանի <<Որոգայթ փառացը>>: Պարզապես, մենք 1770-ական թվականներին չունեինք պետականություն, ուստի և հնարավոր չեղավ Սահմանադրության այդ մոդելը իրականություն դարձնել:

  Ասեմ, որ սա ոչ թե անձի ընտրություն է (լավն է, վատն է այդ անձը, ինչոgoris4՞ւ ընտրենք տվյալ անձին), այլ պարզապես պետության անձնագիրն է: Երբեմն ասում են` սոցիալական խնդիր չի լուծում, բայց երբ մարդը գնում է անձնագիր ստանալու, նրա սոցիալական խնդիրն առաջ չի քաշվում: Սահմանադրությունը պետության անձնագիրն է, և աշխարհը մեզ ընդհանրապես չի հասկանա, թե ինչու ենք <<Ոչ>> ասում մեր անձնագրին` երկրի մայր օրենքին: <<Այո>> ասելու հենց առաջին նախապայմանն այստեղ եմ տեսնում:

  Հաջորդ կարևոր հանգամանքը` սա ոչ թե անձի, այլ գաղափարի ընտրություն է: Այսինքն, մենք գաղափարի համար ենք քարոզ տանում: Ավելի շուտ և ավելի շատ այն մարդկանց շրջանում, ովքեր կամ կասկածում, տատանվում են, կամ ընդհանրապես անտարբեր են, դժգոհ ամեն ինչից: Քարոզարշավի ընթացքում շեշտը դնում ենք մի քանի հանգամանքի վրա: Այսպես, նախագահական բոլոր ընտրություններն ավարտվել են հանրային առճակատմամբ, քաղաքացիական լուրջ անհնազանդությամբ, ինչը բերել է նաև անցանկալի բախումների: Խորհրդարանական կառավարման դեպքում մենք, թերևս, նման խնդիր չենք ունենա:

  Հաջորդը` ընտանիքի դրույթը: Գործողի մեջ գրված է` ընտանիքը հայոց երկրում կոչվում է տղամարդկանց և կանանց միությունը: Նախագծում հետևյալն է` տղամարդը և կինը: Վենետիկի հանձնաժողովն այստեղ որոշակի անհամաձայնություն գտավ` թող լինի տղամարդկանց և կանանց: Բայց մենք շատ լավ գիտենք, որ դա տանում է դեպի միասեռականություն: Ահա թե ինչու` տղամարդը և կինը, ինչի պարագայում արդեն ավանդական ընտանիքը պաշտպանվում է:

  Մյուս կարևոր հարցը. քաղաքական փոքրամասնության խնդիրը անընդհատ, 20 տարիների ընթացքում չարչրկվել է: Հայտարարում են, որ իրենց տրված չեն արտոնություններ, չեն կարողանում օրենսդրական նախագծերն անցկացնել:  Խնդրեմ, Սահմանադրության նախագծով 50 հազար քաղաքացի ունենում է օրենսդրական նախագիծ, ազատ կարող է այն պառլամենտում անցկացնել: 200 հազարի դեպքում արդեն հանրաքվեի անցկացման հնարավորություն է ունենում: Սրանից լավ արտոնություն կամ հնարավորություն…

  Մեր ոլորտի` կրթության առումով: Նախագծով լրացվում է այն, ինչը մենք, կարելի է ասել, ժամանակին օրենքի խախտումով ենք արել: Խոսքը իրականացվող կրթական  բարեփոխումների մասին է: Շատ մեծ ազատություն է տրված երեխաներին, անչափահասներին, նրանց իրավունքներին 37-րդ հոդվածով: Նաև` պարտականություններին: Քաղաքացիական անձեռնմխելիությունը. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանվում է իր երկրում, անձեռնմխելի է:

  Մի խոսքով, էլի շատ դրույթներ կան, որոնք նախագիծը դարձնում են առաջադիմական: Իրոք, գործ ունենք ժողովրդավարական, մեր երկրի, պետության առաջընթացը երաշխավորող փաստաթղթի հետ: Պարզապես, այս ամենի պարագայում տարակուսանք է առաջացնում այն, երբ հանդիպում ենք <<Ոչ>>-ի կողմնակիցների: Մեր հիմնական խնդիրն ենք համարում դեռևս չկողմնորոշված մարդկանց բացատրել, ճիշտ ուղղություն ցույց տալ, որպեսզի սխալվելու վտանգից հեռու մնան, զանազանեն իրենց լավն ու վատը:

  Անկախ այդ մասնակի դեպքերից, սյունեցին պետականամետ է, երկիր պահող ու երկիր շենացնող, ուստի, անկասկած, <<Այո>> է ասելու սահմանադրական փոփոխություններին: Բնական է, որ մարդուն առաջին հերթին մտահոգում է իր ապրելակերպի պայմանների բարելավման խնդիրը, ինչը, պիտի ասել, անուղղակի կապ ունի տվյալ գործընթացի իրականացման հետ: Կառավարման համակարգի բարեփոխման դեպքում միայն մենք շատ հարցերի լուծման հնարավորություն կունենանք:

  Իսկ թե ինչու են հենց իշխանությունները նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ապա այլ կերպ չէր էլ կարող լինել. ով, եթե ոչ գործող իշխանությունը: Սա բնական, ընդունելի գործընթաց է, որտեղ արտասովոր կամ կասկածելի միտումներ փնտրելն ուղղակիորեն անօգուտ զբաղմունք է:

  -Հայտնի է, որ բոլոր համապետական ընտրություններում Սյունիքում ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել: Սովորաբար, ասում են, որ տվյալ տարածքի, մարզի ղեկավարի դիմագծով պայմանավորված են մարդիկ իրենց ձայները տալիս: Այս դեպքում խոսքը վերաբերում է մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով նաև <<Այո>>-ի քարոզարշավի մարզային շտաբի ղեկավարն է: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

  -Մարզպետ պարոն Խաչատրյանը մեր դպրոցների լավագույն բարեկամն է ու աջակիցը: Չի եղել խնդիր մեր ոլորտին, ուսուցիչներին ու աշակերտներին վերաբերող, որ անտեսվի նրա կողմից, բավարար լուծում չստանա: Աշխատում ենք միասին երկար տարիներ, հարգարժան մարզպետի փորձառությունը բավականին մեծ է, տեսել ենք նրա ջանքերն ու ազգանվեր գործունեությունը: Բոլոր հարցերում է ուշադիր ու հոգատար, խրախուսում է հնարավորությունների չափով, ոգևորում լավ գործերի ու նախաձեռնությունների դեպքում: Շատ մարզեր, հավատացած եմ, կերազեին ունենալ դպրոցներին այդքան մոտիկ կանգնած մարդու, ղեկավարի: Նրա համար դպրոցը եկեղեցուց մեկ քայլ առաջ է…

SHARE