Բնական աղետներից ապահովագրված չենք

0
40

Կենսունակություն

Բայց և պիտի շարունակենք մեր բաժին <<ծանր խաչն>> արժանապատվորեն տանել…

Ավագ Միքայելյանն Արմավիրի մարզի Արաքս համայնքը ղեկավարում է 2008 թվականից: Մինչ այդ աշխատել, պաշտոնավարել է իրավապահ մարմիններում:

-20 տարի` ոստիկանությունում, շուրջ 15 տարի` դատախազությունում,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց պարոն Միքայելյանը:- Արդարադատության 1-ին դասի խորհրդական եմ: Աշխատանքային գործունեությանս 35 տարիներն անցել են Էջմիածնում: Շարքային միլիցիոներից` մարզի դատախազի տեղակալ: Երբ թոշակի անցա, Արաքսում ընտրություններ էին: Համագյուղացիներից, ընկերներից դիմեցին ինձ: Բանն այն է, որ Արաքսը, սահմանին մոտիկ գտնվելով, չէր օգտվում սահմանամերձ գյուղի որևէ առավելությունից: Ահա այս և մի շարք այլ հարցերում ակնկալելով իմ օգնությունը, ապավինելով իմ հնարավորություններին` խնդրեցին առաջադրեմ թեկնածությունս: Համաձայնեցի, բայց և պիտի ասեմ, որ ահավոր շատ են դժվարությունները, պրոբլեմներ` որքան ասեք: Այս 8 տարվա ընթացքում առկա խնդիրներից, թերևս, 30 տոկոսն ենք կարողացել լուծել, քանզի տվյալ ժամանակաշրջանը համընկավ համաշխարհային ճգնաժամի հետ` դրան գումարած համազգային մեր խնդիրը և այլն: Պետական օգնությունը հնարավորության սահմաններում ստացել ենք: Պետբյուջեի միջոցներով վերանորոգվել է մշակույթի տան ամբողջությամբ քայքայված տանիքը, իսկ ներքին հարդարման աշխատանքները համայնքի ուժերով ենք արել: Դպրոցի տանիքը, դռներն ու պատուհաններն են փոխվել, սակայն ներսի հարդարման ու գույքի խնդիրները դեռևս չլուծված են մնում: Մանկապարտեզը չի գործում շուրջ 25 տարի, շենքը վթարային է: Մեր ուժերով վերանորոգեցինք նրա մի հատված, փոխեցինք պատուհանները, ներսի հարդարման աշխատանքներ արեցինք, բայց և ֆինանսական անբավարարության պատճառով ստիպված էինք կիսատ թողնել այն: Մեր պատգամավոր Սեդրակ Սարոյանի և մարզպետի միջնորդությամբ կենտրոնական ճանապարհն ենք ասֆալտապատել: Ճանապարհներն, ընդհանուր առմամբ, բարվոք վիճակում են: Ոռոգման խնդիրների լուծման նպատակով արտեզյան հոր ենք հորատել, ջրհան կայան կառուցել: Համայնքի վարելահողերի շուրջ 80 տոկոսը, 570 հեկտար տարածք, սահմանային գոտում է: Դրա, ինչպես նաև ջրի պատճառով միայն 40 հեկտարն է օգտագործվում, այն էլ` առվույտի մշակության համար: Բնակչության հիմնական զբաղմունքը տնամերձ հողամասերում հարմարեցված ջերմատնային տնտեսություններում է: Դա էլ, ցավոք, բնակլիմայական անմխիթար վիճակով պայմանավորված, ցանկալի արդյունք չի ապահովում: Այսօրվա դրությամբ բնակիչներն ահավոր ծանր ֆինանսական վիճակում են: Տարբեր բանկերից վարկեր են վերցնում: Մի բանկից վերցնում` մյուսի տոկոսներն են փակում: Ճիշտ է, բերքն այս տարի նորմալ է, իրացումը` նույնպես, սակայն գյուղացին աշնանը նորից կոտրած տաշտակի առաջ է հայտնվելու, քանզի հազիվ հասցնում է այդ տոկոսները մարել: Բանկերի վարկերից կախվածությունը մնալու է… Ոմանք էլ, հնարավորություն չունենալով բանկի պարտավորությունը կատարելու, արդեն զրկվել են տներից: Բացի այդ, մոտ 25 դատարկ տուն ունենք. տերերն արտագնա աշխատանքի են մեկնել, ուզում են վաճառել, բայց գնող չկա: Ահա նման ցավալի իրավիճակ… Եթե բնական աղետները չլինեն, ապա գյուղացու վիճակը համեմատաբար տանելի կլինի: Դիմել ենք վնասի փոխհատուցման խնդրանքով, տեսնենք…

Մարդիկ այսօր դեռևս անպատրաստ են բնական արհավիրքներին դիմագրավելու, ինչից էլ առաջ են գալիս հիասթափությունն ու անօգնականությունը: Պարզ է, որ նման պայմաններում բնակչության բնականոն կենսագործունեությունը խաթարվում է` արդարացի դժգոհության տեղիք տալով: Համենայնդեպս, մարդիկ հասկացել են, որ իրենց հարկային պարտավորությունները բարեխիղճ կատարելու հանգամանքով է պայմանավորված համայնքի զարգացումը:

-Անկախ դժվարություններից ու բազում խնդիրներից,- շարունակեց համայնքապետը,- մենք մեր խնդիրները, թեկուզ և` դանդաղ կամ ուշացումով, լուծելու հարցում հաստատակամ ու վճռական ենք: Ընթացիկ տարում արդեն 5-6 մլն դրամի շինարարական աշխատանք ենք կատարել: Հանդիսությունների սրահ ենք կառուցում` վերանորոգելով խորհրդային տարիներից մնացած պահեստային շինությունը: Սա կարևոր անհրաժեշտություն է գյուղի համար, պարզապես, մեր ֆինանսական հնարավորություններն այն չեն: Շուրջ 250 հեկտար պահուստային հողեր ունենք: Այս 8 տարվա մեջ միայն այս տարի է 1160 քմ հողամաս հատկացվել և ևս 160 ու 8200 քմ` տարբեր մարդկանց : Եթե նման դեպքերը հաճախակի լինեն, ապա ի վիճակի կլինենք որոշակիորեն համալրել համայնքի բյուջեն և ինչպես հանդիսությունների սրահի նորոգումն ավարտի հասցնել, այնպես էլ մեր ընթացիկ խնդիրները ժամանակին լուծել: Առաջիկայում պիտի լուծենք նաև ենթակայանի տեղադրման հարցը, ինչի դեպքում կկարողանանք ոռոգելի դարձնել մոտ 200 հեկտար հողատարածք ևս: Խնդիրներն, առհասարակ, շատ են համայնքում, և մենք մեր հնարավորությունների սահմաններում ջանում ենք գոնե առաջնային հարցերին աստիճանաբար լուծում տալ: Գյուղապետարանը մշակույթի տանն է տեղավորվել, որտեղ նաև բուժկետն է…

Պարոն Միքայելյանի հավաստմամբ, շատ հարցեր ու խնդիրներ էլ լուծվում են զուտ մարդկային գործոնի շնորհիվ, մասնավորապես` ընկերական շրջապատի միջոցով ու օգնությամբ: Ընդունված է մեզանում ասել, որ այն, ինչ չի արվում պետականորեն, արվում է ընկերական հարաբերություններով. <<Ընդհանրապես, մենք բոլորս էլ ընկերական սերուցքի մի մասնիկ ենք: Հարցնում են` եղբայրդ ո՞նց տղա է, ասում է` չգիտեմ, հետը ընկերություն չեմ արել: Բնական է, որ երկար ու ձիգ տարիներ տարբեր մարդկանց հետ շփվելով ու աշխատելով, տարբեր տեղեր ուսանելով, ամեն տեղ էլ, կարելի է ասել, ընկերական շրջապատ եմ ձեռք բերել ու ունեմ, ինչով և հպարտանում եմ: Ասենք, մի հարց կամ խնդիր է ծագում, և անսպասելի` ընկերդ է հայտնվում դիմացդ… Բոլոր հարցերում էլ, ուզենք թե չուզենք, ընկերության, ընկերոջ <<մատը խառն է>>: Ընկերության շնորհիվ գլխացավանք, քաշքշուկ և այլ անցանկալի երևույթներ հազվադեպ են պատահում, գործն արագ ու անարգել է ընթանում, հաջողությունն ապահովագրված է: Եթե ես իմ կապերով ու հնարավորություններով այսքան դժվարությունների եմ հանդիպում, ապա դժվար չէ պատկերացնել երիտասարդ, անփորձ համայնքապետերի վիճակը: Մարդը միայնակ չի կարող գոյատևել: Գյուղիս բնակիչներից շատերին ինձ մտերիմ ընկեր եմ համարում: Այսքան տարի ղեկավարում եմ, դժվար թե ասեն` մեկին նեղացրել եմ կամ ինձ դիմել են` չեմ օգնել: Անգամ այն մարդուն, ով սխալ է իրեն պահել, չեմ կշտամբել կամ վիրավորել: Համայնքապետի հնարավորություններով այդքան չեմ կարող մարդկանց օգտակար լինել, որքան դրսի իմ կապերով, ընկերական շրջապատով կամ թեկուզ մեկ հեռախոսազանգով: Ողջ կյանքումս եմ այդպես եղել: Մանկավարժի ընտանիքի ժառանգ եմ: Հայրս դեռ ոստիկանությունում աշխատելուս առաջին օրվանից ասել է` տղա՛ս, ոչ մեկի վնաս չտաս, ոչ մեկի երեխու հացը ձեռքից չխլես… Հորս խորհրդով էլ առաջնորդվել եմ, որքան հնարավորությունս ներել է, լավություն եմ արել մարդկանց: Լավ եմ զգում ինձ, երբ մեկի համար լավ բան եմ անում: Նվեր տալ սիրում եմ, ստանալ` ոչ: Զարմանում եմ` ո՜նց եմ այդքան տարի իրավապահ մարմիններում աշխատել… Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը դուստրս է` Ամերիկյան համալսարանում է սովորում, կրթական շատ բարձր մակարդակ ունի…>>:

Ընկերության մեջ Ավագ Միքայելյանը կարևորում է ազնվությունն ու նվիրվածությունը: Ինչպես ինքն է, այնպես էլ ընկերը պիտի լինի: Ընկերները լավ գիտեն, որ իրենց համար պատրաստ կանգնած է, և դա փոխադարձ է: Լավատես պիտի լինենք, կամեցող, միմյանց հարգենք ու իրար բարին մաղթենք: Ա. Միքայելյանի համար շատ ծանր էր մանկական ընկերոջ, ով իր տեղակալն էր, կորուստը: Այդ ծանր դեպքից հետո կյանքն, ասես, միանգամից փոխվեց նրա աչքին, կորուստը մեծ հարված էր…

SHARE