Բնության հետ ներդաշնակ սիրով

0
34

Այդ սերը մարդուն ուժ ու զորություն է հաղորդում, բարի ու մեծահոգի դարձնում…

Միասնություն

    Սիրեկան Բաբայանը Եղեգնաձոր համայնքը ղեկավարում է 1999-ից: Սեպտեմբերի 23-ին այստեղ կայանալիք ՏԻՄ ընտրություններին ցանկություն ունի կրկին առաջադրելու իր թեկնածությունը: Այս տարիների ընթացքում ինչպիսի՞ աշխատանքներ է իրականացրել և, արդյոք, կիսատ մնացած ո՞ր գործերն է մտադիր ավարտի հասցնել, որ վերընտրվելու պահանջ է առաջացել: Ահա այս հարցադրումով սկսեցինք մեր զրույցը նրա հետ:
      -Բոլոր հիմնախնդիրները,-ասաց պարոն Բաբայանը,-որոնք կային մեր քաղաքում, տարիների ընթացքում ստացել են իրենց լուծումը: Եթե քաղաքը տեսնեիք 12 տարի առաջ և տեսնեք հիմա, ապա տարբերությունն ակնհայտ կդառնա: Շատ մեծ խնդիրներ ունեինք խմելու ջրի, ինչպես նաև` ոռոգման ցանցի, փողոցների և այլնի հետ կապված: Այդ բոլորը հիմնականում լուծում ստացավ: Այսօր Եղեգնաձորն ունի 12-ժամյա ջրամատակարարում, ոռոգման խնդիր չկա ոչ միայն քաղաքում, այլև այն հողատարածքներում, որոնք նրա վարչական տարածքում են: Կատարվել է մեծաքանակ շինարարական աշխատանք, ինչը շարունակական բնույթ է կրում: Կառուցվել է ոռոգման ցանց, փոխվել է խմելու ջրի ներքին ցանցը, նոր ջրագծեր են անցկացվել: Մեր քաղաքը հանրապետության կանաչապատ բնակավայրերից մեկն է: Զարմանալի թող չթվա, բայց ծառ տնկելու տեղ գրեթե չի մնացել: Ասֆալտապատվել են Միկոյան, Նարեկացի, Մոմիկի, Շահումյան փողոցները: Իրականացվել է բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Նորավան թաղամասի գազաֆիկացումը: 4 գազալցակայան է կառուցվել: Վերանորոգվել են 2 մանկապարտեզի և բազմաբնակարան շենքերի տանիքները: Կառուցվել են Մալիշկա-Եղեգնաձոր մայր առուն, Աղասաֆի հանդամասի ինքնահոս ջրագիծը: Մոմիկի փողոցի մայթերն են վերակառուցվել: <<Գյուղի աղբյուրը>> և շրջակա տարածքն են բարեկարգվել, քաղաքի մուտքն է վերակառուցվել: Կենտրոնում կառուցում ենք շատ գեղեցիկ հրապարակ-կասկադ. սա այնպիսի ճարտարապետական, քաղաքաշինական ծրագիր է, որ կոմպլեկտավորում է ամեն ինչ: Հրապարակի 3 բլոկը կառուցման մեջ են, այս տարի կշարունակենք մնացած բլոկների շինարարությունը: Նշեմ, որ ավարտին է հասցված տուրիզմի կենտրոնի, հարկային տեսչության շենքերի կառուցումը: Իմ ղեկավարման շրջանում է կառուցվել <<Գիտելիք>> համալսարանի շենքը, ինչպես նաև նոր լողավազան: Քաղաքի կենտրոնական փողոցները ասֆալտապատ ու բարեկարգ են, բայց անելիքներ այդ առումով դեռևս ունենք: Խմելու և ոռոգման ցանցերի անցկացումից հետո փողոցներում այնպիսի իրավիճակ է տիրում, որ ինչքան էլ փոսային նորոգումներ անենք, միևնույն է, հարցը փակված չես համարի: Հիմնովին ասֆալտապատման անհրաժեշտություն է զգացվում: Մոտ օրերս 2 կմ երկարություն ունեցող Սպանդարյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները կսկսենք: Սա հիմնական խիտ բնակեցված սեփական սեկտորն է:

Այս տարվա ծրագրերում ունենք նաև Կամոյի, Գլաձորյան փողոցների ասֆալտապատումը: Ունենք բարեկարգ մշակույթի տուն: Կառուցել ենք 1500 տեղանոց բացօթյա ամֆիթատրոն: Մեզանում մշակութային, մարզական կյանքը շատ ակտիվ է: Վերակառուցել ենք քաղաքապետարանի նոր շենքը: Եղեռնի զոհերի հիշատակի խաչքար ենք կառուցել: Բարեկարգել ենք Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, վերականգնել ենք կանաչ գոտին, որն այս տարի վերափոխեցինք բաց երկնքի տակ թանգարանի: Տարածքում տանկի հարևանությամբ ավելացրել ենք զենքի նոր տեսակներ, տեղադրել ենք  2 հրանոթ, 2 ականանետ, 2 գնդացիր: Հավաքածուն ժամանակի ընթացքում համալրելու ենք: Շատ այլ նորարարություններ են տեղ գտնելու այնտեղ, այնպես, որ այցելուն լիարժեք պատկերացում կազմի տվյալ ժամանակաշրջանի մասին: Ռազմահայրենասիրական դաստիարակության առումով թանգարանը մեծ դեր է ունենալու: <<Բաց դաս>>-եր են անցկացվելու մեր երեխաների, մատաղ սերնդի համար: Թանգարանն իր տեսակի մեջ եզակի է, ահա թե ինչու իմ կողմից նրան մեծ ուշադրություն է հատկացվում: Այն պետք է դառնա սիրված վայր բոլորի համար, առավել ևս` զբոսաշրջիկների…

   -Դառնանք մարդկանց զբաղվածության, աշխատատեղերի խնդրին:
  -Քաղաքում, ինչպես արդեն նշեցի, լուծվել են գլոբալ խնդիրները: Հիմնականում մնացել է գիշերային լուսավորությանը, ասֆալտապատմանը և ընդհանուր բարեկարգմանն առնչվող որոշ խնդիրների լուծումը: Ինչպես մեր երկրում, այնպես էլ Եղեգնաձորում մտահոգող է մնում աշխատատեղերի խնդիրը: Խորհրդային կայսրության փլուզումից հետո մեր քաղաքում գործող ձեռնարկությունները, որոնց թիվը մեծ էր, փակվեցին: Այսօր մասնակիորեն գործում է ռելեի գործարանը /300 աշխատատեղ/: Աշխատանքներ են տարվում տրիկոտաժի ֆաբրիկայի վերագործարկման ուղղությամբ: Մեծ կարևորության խնդիր է պահածոների գործարանի վերագործարկումը, ինչի անհրաժեշտությունը մեծապես զգացվում է: Եթե մթերման տեղ լինի, ապա եղեգնաձորցին նաև մեծ եռանդով գյուղմթերք կարտադրի: 
    -Պարոն Բաբայան, ղեկավարել քաղաքը, նշանակում է ունենալ անուն,  հեղինակություն, ընկերական շրջապատ: Ի՞նչ կասեք այդ մասին:
    -Միանշանակ է, որ միայնակ մարդը չի կարող դիմակայել ժամանակի փորձություններին և երբևէ հաջողության հասնել: Կան լավ ընկերներ, ովքեր կանգնած են կողքիս, ում միջոցով է նաև հնարավոր դառնում գործերի առաջխաղացումը: Ինձ ընկեր կարող է լինել կենսուրախ, չհուսահատվող, մարդկային ու անշահախնդիր անձը: Ամեն փոխհարաբերություն պետք է անշահախնդիր լինի, ինչում և ընկերության ճիշտ ձևն է: Առանց ընկերության հարցերի քննարկում, բանավեճ կամ այլ կարգի մտերմիկ զրույց անհնարին է: Ունեմ շատ մտերիմ ընկերներ` Վարդան Խալաթյանը, Վարդան Աբրահամյանը, Կամո Մելքոնյանը… Ընկերներս այնքան շատ են, որ բոլորին նշել հնարավոր չէ: Մեր ամենասիրած զբաղմունքը բնության գրկում շրջագայելն է, որսորդությամբ, ձկնորսությամբ զբաղվելը: Բնությունը նպաստում է աշխատանքային գործերն ավելի լավ կազմակերպելուն, մարդուն նոր էներգետիկ դաշտով լցնելուն, նեգատիվ երևույթները դուրս մղելուն: Նոր լիցքեր է հաղորդում, նոր ուժ ու եռանդ տալիս…
   -Եղե՞լ են դեպքեր, երբ մարդու հետ երկար տարիներ ընկերություն եք արել, կանգնել եք կողքին, բայց հետո նկատել եք, որ ինքն այն անձը չէ, ում պատկերացրել եք: Ընկերությունն ընդհատելը ծա՞նր չէ:
-Բնականաբար, եղել են այդպիսի դեպքեր: Ցավում եմ, որ իրականում մարդուն չես կարողանում ճանաչել հենց սկզբից, միայն վերջում ես ճանաչում: Բայց և չեմ ափսոսում այն ամենի համար, ինչ արել եմ նրա համար: Լավությունդ արա` ջուրը գցիր, մի օր դեմդ կբերի… Օգնել եմ մարդուն, հասցրել նրան ինչ-որ բանի, ճանապարհի կեսին դավաճանել է: Պարզվել է, շահ է փնտրել: Հիասթափություն եմ ապրել, որովհետև եթե մարդու հետ ճանապարհ ես անցնում` կանգնելով մեջք մեջքի, դավաճանում է, միանշանակ այդ զգացումը պիտի ապրես: Այնպես չէ, որ անցյալի, այն լավ օրերի վրա կարելի է հենց այնպես խաչ քաշել ու վերջակետ դնել, միևնույն է, իր հետքը թողնում է: Չնայած իմ մեջ ոչինչ չի փոխվել, ես մնացել եմ նույնը: Ուղղակի, պետք է զգույշ լինել, որպեսզի չկորցնես ընկերներիդ: Յուրաքանչյուր ընկերոջ կորուստը ցավ է: Պետք է դողալ, այնպես անել, որ չկորցնես այդ ընկերոջը: Իսկ դրա համար ուշադրություն ու ճիշտ վերաբերմունք է անհրաժեշտ: Միանշանակ, քեզանից շատ բան է կախված, դու պետք է ձգտես, որ պահպանվի այդ ընկերությունը: Բայց դա միակողմանի չի լինում: Եթե չես ուզում կորցնել, ապա ներում էլ ես, հանդուրժում էլ ես: Եթե մտքիդ կա կորցնելու, ամեն ինչի էլ կգնաս: Ցանկալի է, մարդիկ խաղաղ ապրեն, լավ ապրեն, սիրեն իրար, իրար նկատմամբ ուշադիր լինեն: Ամենակարևորը` ընկերությունը լինի անշահախնդիր: Իմ կյանքի ձեռքբերումը ժողովրդիս  կողքին, քաղաքիս հետ լինելն է, մարդկանց օգտակար լինելը: Քաղաքապետը պետք է ժողովրդական լինի, մարդու հոգսի տակ մտնի, ճիշտ խորհուրդներ ու ուղղություն ցույց տա…
      Հոդվածն ավարտուն չէր լինի, եթե զրույցը չհամեմվեր ընկերների խոսք ու զրույցով, ընկերական հյուրասիրությամբ: Վարդան Աբրահամյանի խոսքերով, իր ընկերը` Սիրեկան Բաբայանը, առաջնահերթ շատ լավ մարդ է, ընկերասեր, իր աշխատանքում գիտակ, բնությանը սիրահար, պրոֆեսիոնալ որսորդ: Շատերը երանի կտան Սիրեկանի պես ընկեր ունենալու համար: Ընկերոջը հասնող է, ինչ էլ լինի: Հպարտ է նրա պես ընկեր ունենալու համար: Նրանց ընկերությունը 30 տարիներ է ձգվում. <<Մեր ծնողներն էլ են մտերիմ եղել, սանիկ-քավորությունն է կապել: Այսօր էլ մեր երեխաներն են շարունակում մեր ստեղծածը: Բավական է շփվես Սիրեկանի հետ` միանգամից կհասկանաս, կմտերմանաս: Ընկերությունը պիտի բարուրի երեխայի պես փայփայես ու պահպանես: Սխալ մի վերաբերմուքը կարող է ճակատագրական լինել: Ամեն ինչ կարող է հարթ չընթանալ, վեճ էլ կարող է լինել, բայց եթե դա ճիշտ հողի վրա է, ապա ամեն ինչ ավելի քաղցրանում է: Բնությունը սիրող մարդը վատը չի կարող լինել: Շատ համբերատար է, հանդուրժող ու վեհանձն: Ընկերության հնարավորություններն օգտագործում է ի շահ քաղաքի: Վստահելի ընկեր է, կիսվող, ընկերոջ, դիմացինի կարծիքը հաշվի առնող: Լավ հասկանում է, որ ընկերությունն այն ուժն է, որի միջոցով կարող ես անգամ սարեր շուռ տալ…>>: 
    Վարդան Խալաթյանի հետ մանկությունից են ընկերություն արել` դպրոցական տարիքից սկսած: Ամեն տեսակ փորձությունների միջով անցել են. <<Հայրս Սիրակի հայրիկի հետ է ընկերություն արել, իսկ մայրս նրա մոր հետ աշխատել: Մեծ բարեկամություն է ստեղծված: Սիրակը թեև 2 տարով ինձանից փոքր է, բայց հայրս իրեն շատ էր վստահում: Եթե Սիրակի հետ էի, ապա իրեն ապահով էր զգում, անգամ մեքենա էր վստահում: Ընկերս հորը շատ շուտ կորցրեց, և դա էլ, միգուցե, նրան ավելի շուտ հասունացրեց: Իր հետ ես շատ լավ եմ զգում ինձ: Սիրակի հետ լավ ու վատ օրեր ենք անցկացրել, Ղարաբաղում անցել ենք շատ փորձությունների միջով: Ունեմ գինու գործարան, որի ստեղծման ու կառուցման գործում շատ մեծ լումա ունի Սիրակը: Եթե ինքն ինձ հետ չլիներ, միայնակ չէի կարող այդ ամենին հասնել: Հպարտ եմ նրանով: Ընկերոջս առավելությունն այն է, որ շատ բարի է: Անարժանին անգամ չի զլանա ձեռք մեկնել… Որպես քաղաքապետ, նա անհնարինը հնարավոր դարձրեց: Ավագանու անդամ եմ, քաղաքի բյուջեից, նրա հնարավորություններից տեղյակ եմ: Քաղաքն այսօր ծաղկում է: Ունի լավ ընտանիք, լավ մայր: Մայրը վաստակավոր ուսուցչուհի է: Սիրեկանը պատմաբան է, գիտի բոլոր ամրոցներն ու պատմական կոթողները: Կենդանական, բուսական աշխարհի պաշտպան ու մեծ սիրահար է: Տարիների հետ մեր ընկերությունն առավել սերտ ու իմաստալից է դառնում…>>

         Սիրեկան Բաբայանն, իրոք, հրաշալի ընկեր է, բարի կամեցողության տեր անձնավորություն, ճանապարհի վստահելի ընկեր: Խոսք ու զրույցն այնքան հանգիստ ու խաղաղ կանցկացնի, որ հոգուդ մեղմություն կիջնի: Նուրբ վերաբերմունք ունի, որ մարդուն առաջին իսկ հայացքից գրավում է: Նրա հետ շփվելով, չես կարող չվարակվել բնության հանդեպ մեծ սիրով, չբարիանալ ու չանկեղծանալ: Ահա այս ամեն լավն է իր շրջապատում առատորեն սփռում Սիրեկան Բաբայանը, ապրում այդ ամեն գեղեցիկով, հարազատ քաղաքի առօրյայով, ընկերների սիրով ու ջերմությամբ…

SHARE