Բոլորի հետ, բոլորի համար…

0
11
    Դե, իհարկե, ԱՄՆ   « Լոռի » հիմնադրամի նախագահ Ժիրայր  Էքմեքչյանը, գտնվելով Հայաստանում, չէր կարող իր մասնակցությունը չունենալ ևս մեկ մարզական մրցաշարի և հանդես չգալ խրախուսական հուշանվերներով: Խոսքը Երևանում բռնցքամարտիկ Վաչիկ Մկրտչյանի անվան միջազգային հուշամրցաշարի անցկացման մասին է, որը կազմակերպել էին Վաչիկի ընկերները: Իսկ այն միջոցառումներին, որոնք ընկերների աջակցությամբ ու նախաձեռնությամբ են կազմակերպվում, անպայմանորեն  « Ընկեր »-ը պիտի մասնակցի` հանդիպելով ու զրուցելով դրա կազմակերպիչների, աջակիցների ու նախաձեռնողների, մի խոսքով` ընկերների հետ:  « Դինամո » մարզադահլիճը լեփ-լեցուն էր ընկերներով, ինչը հիացմունք էր առաջացնում: Թեկուզ և այն առումով, որ այդքան ընկեր կարող են հավաքվել մի հարկի տակ և կյանքի կոչել հրաշալի գաղափար` ընկերությանը նվիրված: 


 Այստեղ են ասել` ընկերների միասնությունը կարող է սարեր շուռ տալ և բարի նպատակի իրագործման համար կանգ չառնել ոչնչի առջև: Զրուցեցինք նաև մարզաշխարհի այն մարդկանց հետ, ովքեր ինչ-որ առիթով առնչվել են ՙԼոռի՚ հիմնադրամի հետ, ընկերություն արել /և անում են/ նրա նախագահի` Ժիրայր Էքմեքչյանի հետ: Խոստովանենք, նման մարդիկ դահլիճում շատ էին: Նրանցից առաջինը, ում հետ զրույցի բռնվեցինք, Սամվել Հարությունյանն էր` ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտվարչության մարզական համալիր ծրագրերի վերլուծության և իրագործման բաժնի պետ: Պարոն Հարությունյանը, մասնավորապես, ասաց. «Բռնցքամարտիկ Վաչիկ Մկրտչյանը առաջին իսկ օրվանից կռվել է Ղարաբաղի ազատագրական պայքարում, վիրավորվել մարտի ժամանակ: Արդեն 5 տարի է, շատ բարձր մակարդակով նրա հուշամրցաշարն է անցկացվում բռնցքամարտի ֆեդերացիայի և հատկապես ընկերների նախաձեռնությամբ: Նման առաջնությունները հիմնականում փորձի ձեռք բերման համար են, ինչպես նաև` պատրաստ են, արդյոք, մարզիկները եկող տարվա ուսումնամարզական աշխատանքները սկսելուն: Հիմնականում`  2011 թ. մրցաշրջանին նախապատրաստվելը: Այս մրցաշարի առանձնահատկությունն այն է, որ ընկերների նախաձեռնությամբ է կազմակերպվում: Մարդը, ընդհանուր առմամբ, կյանքում ինչ ձեռքբերումներ ունենում է` ընկերների, նրանց ներդրման շնորհիվ է: Այն տիտղոսները, որ ունեմ, ընկերության արդյունք է: Աշխարհում ընկերոջից  լավ բան չկա: Մարդու համար կարևոր են հարազատությունը, ընտանիքը, ընկերները: Ընկերը պատրաստ է ընկերոջ համար ամեն լավ բանն անելու, անհրաժեշտության դեպքում լինելու նրա կողքին: Ասածիս վառ օրինակը մեր ընկեր Ժիրայր Էքմեքչյանն է, որ այսօր այստեղ է: Նա բոլոր կարգի միջոցառումներում կա, հատկապես` կազմկոմիտեի մեջ: Աջակցում է հնարավոր ամեն ինչով: Եղել եմ ԱՄՆ-ում, ընդունել է, օգնել ու տեղավորել: Պատրաստակամ է բոլոր հարցերում կողքիդ լինելու: Նման մարդիկ Հայաստանին շատ հարկավոր են: Ժիրայրը ընկեր է բոլորի հետ, ուստի նրա ընկերներն այդքան շատ են: Շատ մաքուր, ազնիվ, չափից ավելի պատրաստակամ ու ճիշտ մարդ է: Բոլորս էլ լավ գիտենք` առանց ընկերության ոչնչի չես հասնի: Որևէ տեղ որևէ հարց լուծելու համար Ժիրայրի նման ընկեր պիտի կողքիդ ունենաս: Մեզ`բոլորիս  առաջնակարգ ընկերություն և ուժեղ պետություն է հարկավոր…»:
SHARE