Բոլոր խնդիրները լուծելի են

0
54

Միայն թե խաղաղություն լինի մեր հայրենիքի սահմաններին…

Համայնք

Արարատի մարզի Մրգանուշ համայնքը Մանվել Սարգսյանը ղեկավարում է 1998 թվականից: Այդ տարիների ընթացքում, անշուշտ, իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ: Ամենակարևոր ձեռքբերումը, ըստ պարոն Սարգսյանի, խմելու և ոռոգման ջրի առումով կատարվածն է: Այս համակարգերում նախկինում եղած խնդիրները կարգավորվել են, և իրավիճակն անհամեմատ բարելավվել է:

Բացի այդ, գյուղում ասֆալտապատում է կատարվել, մշակույթի տունն է ամբողջությամբ վերանորոգվել, իսկ գյուղապետարանը` մասնակի: Համայնքը գազաֆիկացվել է: Բոլոր ոլորտներում էլ, առհասարակ, աշխատանքներ կատարվել են, որոնք, համայնքի ղեկավարի համոզմամբ, ձեռքբերումներ են: Անկախ այդ ամենից, նա ամենամեծ ձեռքբերումը համարում է համայնքում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը. հաշտ ու համերաշխ ապրում են` առանց խնդիրներ հարուցելու: Մրգանուշը համախմբված գյուղ է` մեկը մյուսի կողքին կանգնած ցանկացած իրավիճակում:

Մրգանուշը ևս իր մասնակցությունն է ունեցել և այսօր էլ ունի Հայոց բանակի համար կազմակերպված օգնության հավաքագրման գործին: Բացի դրամականից, նաև սննդամթերք են ուղարկել պաշտպանական դիրքեր: Համայնքի 20 զինծառայողի ընտանիքի գյուղապետարանը ֆինանսական օգնություն է ցուցաբերում: Այսօր էլ մրգանուշցիները շարունակում են օգնության հավաքագրման գործընթացը` թե՛ գումարի, թե՛ բնամթերքի տեսքով: Բոլորն էլ լավ հասկանում են, որ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորին պետք է թև ու թիկունք լինել, աջակցել հնարավոր ամեն ինչով…

Համայնքի ղեկավարի համոզմամբ, այդ ամենը մեր զինվորի համար է, և առաջին հերթին պիտի կանգնել զինվորի կողքին: Գյուղի երիտասարդությունը պատրաստակամ է զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, և անհրաժեշտության դեպքում շատ կամավորներ կգնան սահմանագոտի: <<Ընկերություն սիրող գյուղ է Մրգանուշը,- ընդգծում է պարոն Սարգսյանը,- ուտող-խմող, հյուրասեր, համերաշխ: Վիճաբանություններ հազվադեպ կարող են լինել, նման անցանկալի իրավիճակներ գրեթե չենք ունենում…>>:

Մրգանուշցին զբաղվում է գյուղատնտեսությամբ: Ինչպես բնակավայրի անունն է հուշում, անուշ միրգ ու պտուղ ունեն: Համայնքապետը գյուղացու համար ամենամեծ խնդիրը համարում է իրացումը: Մշակումն ու բերք արարելն ավելի հեշտ են, քան այն իրացնելը: Ճիշտ է, պետությունը մի շարք հարցերում կանգնում է գյուղացու կողքին, բայց տվյալ հարցում դեռևս հուսադրող ոչինչ չկա: Նախորդ տարվա խաղողի մթերման հետ կապված իրավիճակը ցավալիորեն վկայում է այդ մասին:

Մանվել Սարգսյանը, այսքան տարի ղեկավարելով գյուղը, այն հաստատ համոզմանն է, որ համայնքի ղեկավարի ամենակարևոր, առաջնահերթ խնդիրն իր գյուղացու կողքին կանգնելն ու նրա հոգսը հնարավորինս թեթևացնելը պիտի լինի: Պարզ է, որ գյուղացին այսօր ավելի շատ դրամական աջակցության կարիք ունի, ինչի համար էլ դիմում է համայնքապետարան: Օգնում են, որքան իրենց հնարավորությունն է թույլ տալիս: Առաջին հերթին` դժբախտ դեպքերում, սոցիալապես վատ պայմաններ ունեցող ընտանիքներին:

Այսօր հոգսերն ու խնդիրները, բոլորս էլ լավ գիտենք, շատ են: Մրգանուշի համար հիմնականը ճանապարհների բարեկարգումն է: Խմելու ջրի ցանցը վերանորոգելու արդյունքում, ի դեպ, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, գյուղամիջյան ճանապարհներն անմխիթար վիճակում են հայտնվել: Խճապատումով հարցը չի լուծվի, ասֆալտապատման անհրաժեշտություն կա: Հույս կա, որ առաջիկայում նման հնարավորություն կստեղծվի:

Բոլոր այդ խնդիրները վաղ թե ուշ կգտնեն իրենց լուծումը, կարևորն այն է, ինչպես նշեց Մրգանուշի համայնքապետը, որ մեր հայրենիքի սահմանները խաղաղ ու ապահով լինեն, որ ոչ մի ընտանիք զավակ չկորցնի…

SHARE